ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

2011 թ. 95 մլն դրամ կհատկացվի թանգարանի հիմնանորոգման համար



14_09-tangaran2009 թ. հունիսի 26-ին Սյունիքում կայացած կառավարության հինգերորդ արտագնա նիստում որոշում ընդունվեց 2011 թ. պետբյուջեից տրամադրել 95 մլն դրամ` Կապանի երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար: Սյունիքի մարզի պատմությունը և մշակույթը ներկայացնող քարեդարյա գործիքներից մինչև մեր ժամանակների վկա 14000 ցուցանմուշ ունեցող թանգարանում կան նաև եզակիներ` պաշտամունքը ներկայացնող, բրոնզեդարյա մշակույթի իրեր, կերամիկա եւ այլն: «Կապանի երկրագիտական թանգարանում վերջին անգամ եղել եմ, երբ իններորդ դասարան էի: Շատ հետաքրքիր իրեր տեսանք, օրինակ` կենդանակերպ անոթներ, բրոնզե ապարանջաններ, սափորներ եւ այլն, շատ բաներ էլ խունացել էին: Ամառային արձակուրդներին ուզում էի նորից այցելել թանգարան, բայց իմացա, որ ցուցադրություններ և այցելուներ չկան, իսկ թանգարանն էլ տեղափոխվել է»,- ասում  է ուսանող Մերին: 14_09-tangaran-1Կապանում 1969 թ.-ին հիմնադրված երկրագիտական թանգարանը սկզբում զբաղեցնում էր ներկայիս մարզային գրադարանի տարածքը, այնուհետև տեղափոխվեց Շահումյան 22 շենքի ներքնահարկ: «Ըստ երևույթին, այն ժամանակ թանգարանին ներքնահարկ տրամադրելը մեծ պատիվ էր: Տարածքը հարմար էր, միայն թե շատ խոնավ էր, և այդ բնակելի շենքի կոյուղին, կեղտաջրերը ապականում էին թանգարանի իրերը»,- պատմում է թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Թանգարանի աշխատակազմի հավաստմամբ` բազմիցս դիմել են իշխանություններին այդ «խավար, մութ ու խոնավ» տարածքից տեղափոխվելու խնդրանքով: Վերջապես 2008 թ. գարնանը թանգարանը տեղափոխվել է Մուշեղ Հարությունյան 3 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը և զբաղեցնում է 565 մ տարածք: 14_09-tangaran-2 Թանգարանում ցուցադրություններ և այցելուներ չկան, բայց պարապ մարդ չես գտնի: Աշխատակիցների մի մասը զբաղվում է Սյունիքի պատմությամբ, մյուսը մասը փորձում է կարգի բերել վնասված ցուցանմուշները: Գրիշա Սմբատյանն ասում է, որ հատկապես վնասվել են փայտե իրերը` ներքնահարկում գտնվելու տարիներին, իսկ այսօրվա տարածքը, բարեբախտաբար, չոր է և ապահով: «Մեծ ցավ ապրեցի, երբ գնացի թանգարանի աշխատակազմին տեսության եւ ականատես եղա, որ ավերակ հիշեցնող այդ տարածքի որոշ սենյակներ անգամ պատուհաններ չունեն, իսկ կահավորված ցուցափեղկերով դահլիճներն ու ցուցասրահներն ուղղակի երազանք են»,- պատմում է կապանցի ուսանողուհին: Չնայած շենքային պայմանների բացակայությանը` թանգարանը մայիսի 16-ին «Թանգարանային գիշեր» կազմակերպեց (Տես նաեւ՝  Ցուցանմուշները` բաց երկնքի տակ), իսկ այսօր շրջիկ ցուցահանդեսներով այցելում է տարբեր գյուղեր, դպրոցներ, կազմակերպում է գիտագործնական կոնֆերանսներ: 14_09-tangaran-3 Գրիշա Սմբատյանի համոզմամբ` թանգարանի զարգացման երկու հնարավորությունները` նվիրատվությունը եւ մասնավորեցումը, այստեղ բացակայում են: «Եթե չլիներ թանգարանի աշխատակիցների նվիրումը պահոցները գյուղերից հավաքած ցուցանմուշներով հարստացնելու գործում, ապա թանգարանը վերջին տարիներին չէր կարող ձեռք բերել որևէ նոր ցուցանմուշ: Օրինակ` վերջին երեք տարվա ընթացքում ձեռք ենք բերել շուրջ 2000 ցուցանմուշ: Ամենակարևորը 20-րդ դարասկզբին Սյունիքում քաղաքական իրավիճակը ներկայացնող փաստաթղթերն են»,- նշում է Գրիշա Սբատյանը: Թանգարանի աշխատակազմը շարունակում է աշխատել և ապագայի ծրագրեր կազմել: Նախատեսել են գիտագործնական կոնֆերանս` նվիրված Սմբատ մելիք Ստեփանյանի 130-ամյակին, տնօրենի խոսքերով` «բոլոր ժամանակների մեծագույն կապանցուն»: Կցուցադրվեն նմուշներ նրա իրերից, կներկայացվի 20-րդ դարասկզբի Սյունիքը, քանի որ Սմբատ մելիք Ստեփանյանը ոչ միայն նվիրվել է հայրենիքի տնտեսության վերականգնմանը, այլև ինքնապաշտպանական կռիվներ է գլխավորել հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, սերտ կապ է ունեցել Անդրանիկի հետ և 1937 թ. քաղաքական բռնությունների զոհ է: 14_09-tangaran-4 Թանգարանն իր հարուստ ցուցանմուշներով կարող է հետաքրքրել ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին: Բայց թանգարանի մասին չգիտեն նաեւ զբոսաշրջային գործակալությունները: «Յոթ օր» տուրիստական գործակալությունից մեզ տեղեկացրին, որ թանգարանը տուրփաթեթներում ընդգրկված չէ, նախ այն պատճառով, որ դեպի Սյունիք այցելությունները քիչ են` պայմանավորված ենթակառուցվածքների բացակայությամբ, եւ հիմնականում սահմանափակվում են Գորիսով: Թանգարանի տնօրենի խոսքերով` չնայած զբոսաշրջիկները Կապան քիչ են գալիս, բայց, այնուամենայնիվ, եկողներն անպայման այցելում են թանգարան: Թանգարանի մշտական այցելուներից էին կապանցի դպրոցականները, ավագ սերնդի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանք, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի հարավային շրջանների պատմությամբ և հնագիտությամբ: Թանգարանի աշխատակազմը հուսով է, որ 2011 թ. թանգարանը կհիմնանորոգվի: Գրիշա Սբատյանի հավաստմամբ` եթե ինչպես հարկն է դա արվի, ապա թանգարանը կդառնա մարզի հպարտությունը: Վերանորոգվելիք թանգարանում նախատեսվում է ունենալ հնագիտության, ազգագրության, «Անվանի կապանցիներ», «Գոյամարտի տարիներ», «Խորհրդային տարիներ», «Մեծ Հայրենական», «Արցախյան գոյամարտ», «Կապանի արդյունաբերությունը» թեմաներով բաժիններ, Գրիշա Սմբատյանն էլ պատրաստում է Կապանի հանրագիտարանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված