Կիրակի, 15 դեկտեմբերի

Դավիթ Շահնազարյան. «Որևէ դրական տարր հայկական կողմի համար 6 կետերում գոյություն չունի»



12_05-d-shahnazaryan«Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ, ավելի քան վտանգավոր է: Որևէ դրական տարր հայկական կողմերի համար 6 կետերում գոյություն չունի: Եվ ոչ միայն վտանգավոր է: Կարելի է ասել` ճակատագրական է, և ավելի վատ ուղղակի դժվար է նույնիսկ պատկերացնել: Զիջումներն այնքան են արվել, որ կարծես թե էլ զիջելու տեղ չկա»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա համոզմամբ` տեղի ունեցող գործընթացները հիշեցնում են քաղաքագիտության և դիվանագիտության մեջ հայտնի դեյտոնյան գործընթաց` կարգավորման պարտադրում աշխարհի ուժեղ տերությունների կողմից: Նրա խոսքերով` Արցախի հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև կա «բավական լուրջ համաձայնություն»` առնվազն լուրջ տեղաշարժ ապահովելու առումով: «Բավական արագ տեմպերով գործընթացը շարժվում է առաջ: Ապացույց` եռանախագահողների կրակովյան հանդիպումը, որտեղ, ըստ իս, արդեն աշխատանք է գնում, այսպես կոչված, մեծ պայմանագրի վրա, ոչ թե Մադրիդյան սկզբունքների: Ես վստահ եմ, որ շրջանակային համաձայնագրի մասը արդեն մնացել է ետևում: Դրա ապացույցը կրակովյան հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարությունն էր, որտեղ շնորհակալություն են հայտնում որոշակի անձանց: Շատ ուշագրավ է, իհարկե, Քոչարյանին և Օսկանյանին հայտնած շնորհակալությունը: Շնորհակալություն են հայտնում այն դեպքում, երբ արդյունք կա: Այդ մակարդակում բանավոր պայմանավորվածությունը և ստորագրությունը նույնիսկ իրավականորեն պրակտիկորեն չեն տարբերվում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Նրա համոզմամբ` հավելյալ ապացույց է Եվրամիության նախագահության հայտարարությունը, որում «ողջունում են Մոսկվայի հանդիպումը և պաշտպանում են այդ պրոցեսը»: Իսկ Եվրահանձնաժողովն էլ հայտարարեց, որ «պատրաստ է այդ պրոցեսին ինտեգրվել, օգնել»: «Այսինքն` այն, որ Մոսկվայի հանդիպումը եղել է շատ լուրջ, և եղել են արդյունքներ, որևէ կասկած գոյություն չունի (թող իշխանությունները պատասխանեն` իրենք որևէ փաստաթուղթ ստորագրել են, թե ընդամենը բանավոր են ասել)»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով` սկսվել է «հասարակությունների նախապատրաստումը կարգավորմանը»: Ըստ նրա` Ադրբեջանում այդ նախապատրաստումը ընթանում է «մենք ստանում ենք այն, ինչ ուզում էինք» կարգախոսով և բերվում են ապացույցներ, իսկ Հայաստանի իշխանությունները երկու փաստարկ են գործածում: Առաջինը` ասում են, թե «փաստաթուղթը շատ լավն է»: «Դրանք լոկ ոչ մի հիմք չունեցող հայտարարություններ են, և որևէ` նույնիսկ մակերեսային փորձագիտական գնահատական չկա: Կա սուտ` այն, ինչ հայտարարում են, շատ պարզ, պրիմիտիվ սուտ: Օրինակ` ասում են. «Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային սահման»: Չկա «ցամաքային սահման», կա «ցամաքային կապ»: Տարբերությունը շատ պարզ է: Ասում են, որ «ինքնորոշման իրավունքը այնտեղ նշված է»: Սուտ: Ոչինչ չկա: Եվ երկրորդը` սպառնում են պատերազմով: Երկրորդ պնդման մեջ, իմ համոզմամբ, ցավոք սրտի, ճշմարտության հատիկներ կան: Այո, ոչ մի դեպքում չբացառենք պատերազմը: Այսինքն` իրենք ասում են. «Կամ կա տարածված «ոչ մի թիզ հող» տեսակետը, կամ` այս կարգավորումը»»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա համոզմամբ` իրականում եղել է երկու քաղաքականություն` խնդրի կարգավորման և չկարգավորման: Չկարգավորման քաղաքականությունը, Դավիթ Շահնազարյանի խոսքերով, տարվել է 98 թ.-ից: «Չկարգավորման քաղաքականությունը բերել է այսօրվա արդյունքին: Այսինքն` ասում են. «Կարգավորումը, որ կա, միայն սա է, որ լինելու է: Եթե սա չլինի, ուրեմն պատերազմ է լինելու»: Ոչ, այդպես չէ: Վերցրեք, օրինակ, 97 թ. տարբերակը, այսօրվանի հետ համեմատեք: Կոնգրեսը նշել է, որ այսօրվա այս կարգավորումում առնվազն 3 կետ անընդունելի է իր համար: Ընդգծեմ` միջանցք կոչվածը պետք է լինի կամ Հայաստանի, կամ Ղարաբաղի վերահսկողության տակ, ոչ թե Ադրբեջանի: Երկրորդ` մեր պահանջն էր, որ այդ հանրաքվեն ավելի հստակորեն նշվի (այս 6 կետերում դա վերացել է): Եվ որ շատ ավելի կարևոր է` ո՞ր միջազգային կազմակերպությունն է անցկացնելու այդ հանրաքվեն: Երրորդ` բուն Լեռնային Ղարաբաղ փախստականների հարցը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա համոզմամբ` Արցախի շուրջ ընթացող ներկայիս գործընթացը կարող է խափանվել չորս դեպքում: Առաջինը` Հայաստանում իշխանափոխություն, խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ տեղի ունենալու դեպքում: «Եթե շատ մոտ ապագայում հաջողվի ձևավորել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, ապա թե ոչ` ամբողջապես հնարավոր կլինի փոխել այս պրոցեսի ամբողջ փիլիսոփայությունը, այլ շատ և շատ կարևորագույն կետերում հնարավոր կլինի էապես բարելավել այն փաստաթուղթը, որը այսօր կա սեղանին, և այն գործընթացը, որը այսօր գնում է»: Երկրորդ` եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի դիրքորոշումը փոխվի: Երրորդ` եթե Ադրբեջանի նախագահը չբավարարվի այն ամենով, ինչը այսօր ստանում է, «որը իսկապես շատ-շատ է, և փորձի ավելի բարձր պահանջներ դնելով` իսկապես գնալ ամեն ինչի ստացման: Թեև, կարծես թե, էլ զիջելու բան չի մնացել»: Եվ չորրորդ` եթե որևէ ֆորսմաժորային գործընթաց լինի` կապված աշխահաքաղաքական կամ տարածաշրջանային ֆորսմաժորային փոփոխությունների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրը և երկրի վիճակը նրան հնարավորություն չեն կարող տալ որևէ կերպ կասեցնել սկսված իրավիճակը: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իշխանությունը և նրան ծառայող վերլուծաբանները ասում են, թե հրապարակված 6 սկզբունքներում կա ԼՂ ինքնորոշման մասին հստակ կետ: «Նման կետ բացարձակապես գոյություն չունի: Ինչ վերաբերում է «պարտադիր կամարտահայտում» կետին, եթե այնտեղ լիներ «ժողովրդի» բառը, ապա խնդիր չէր լինի: Բայց «ժողովուրդ» բառը այնտեղ բացակայում է: «Պարտադիր կամարտահայտությունը» ոչինչ չասող բան է: Սա կարող է լինել, ենթադրենք` ԼՂՀ պառլամենտի որոշում, ԼՂՀ նախագահի, ինչ-որ նախարարի որոշում: Պառլամենտի որոշումը նույնպես «իրավական հետևանք ունեցող» է»,- ասաց նա: Լրագրողներից մեկը նշեց, որ օրեր առաջ «Միացում» նախաձեռնության համակարգող, ազատամարտիկ Ժիրայի Սեֆիլյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ում գերակշռում է «Ոչ մի թիզ հող» տեսակետը և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, ով փոխզիջումների ջատագով է: Ո՞րն է այսօր ՀԱԿ-ում գերիշխղ կարծիքը, և արդյոք ՀԱԿ-ում հակասություններ կա՞ն Արցախի հարցի կարգավորման և Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ում բոլորը միակարծիք են, որ ներկայիս իրավիճակի միակ ելքը երկրում հնարավորինս արագ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելը և ժողովրդի իշխանություն ու ժողովրդի ընդդիմություն ունենալն է: «Կան տարբեր դիրքորոշումներ, թե հետագայում ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը, թե ինչ կարգավորում է ձեռնտու մեր ժողովրդին Արցախում: Այստեղ կան տարբեր մոտեցումներ, և դա ՀԱԿ-ի հզորությունն է, որովհետև մեր հասարակությունը սովոր է, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ է, ապա բոլորը պետք է մի կարծիք ունենան, ինչպես իշխանությունն է: Կան բազմաթիվ տեսակետներ` հետագայի համար` ինչպես պետք է կարգավորվի, որովհետև ՀԱԿ-ն իր ներսում այն կառուցվածքի տարրերն է արդեն դրել, որը ապագայում մեր պետությունը պետք է ունենա: Այո, Հայաստանի ապագա իշխանությունը և Հայաստանի ապագա ընդդիմությունը այսօր գտնվում են ՀԱԿ-ում: Հրատապ հարց է` ինչպես կանգնեցնել այս պրոցնեսները»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով` ՀԱԿ-ում նաև որևէ տարաձայնություն չկա այն հարցում, որ «ԼՂ հարցը ինքնորոշման հարց է», հետևաբար վճռորոշ է հենց ԼՂ դիրքորոշումը, որը դեռևս այն է, որ «Արցախը վստահում է Սերժ Սարգսյանին»: Միաժամանակ ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իր համոզմամբ` հակամարտությունը պետք է լուծվի «արժանապատիվ» փոխզիջումների ճանապարհով: «Բայց այստեղ փոխզիջում չկա: Այստեղ ընդհանրապես միակողմանի զիջում է: Ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Թող իշխանություններն այդ հարցին պատասխանեն: 11 տարի է մենք զիջումների ականատեսն ենք»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա համոզամբ` հակամարտության գոտում պետք է խաղաղապահներ տեղակայվեն: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Հարավսլավիայում տեղակայված հոլանդացի խաղաղապահների զորակազմը ուղղակի թողեց-դուրս եկավ ամենավճռական պահին, և հարցրեց, թե կարելի՞ է վստահ լինել, որ խաղաղապահ ուժը այստեղ խաղաղության երաշխիք կլինի: Դավիթ Շահնազարյանն էլ հավելեց, որ երբ Լաչինը ռուսական հսկողության տակ էր, 1 կգ ալյուր անգամ չի տեղափոխվել Արցախ: «Ես հատուկ նշեցի խաղաղապահների մանդատի հարցը` ի՞նչ լիազորություններ են նրանք ունենալու և որտե՞ղ են տեղակայվելու, և երկրորդը` միջազգային մասնակցությունը: Եվ եթե խաղաղապահները 100 տոկոսանց երաշխիք չեն, ապա դիտորդների մանդատը հետևյալն է լինելու. առաջին կրակոցի դեպքում նրանք անմիջապես պիտի լքեն տարածաշրջանը»,- ասաց նա: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ՀԱԿ-ը անել` Արցախի շուրջ զարգացումների ընթացքը փոխելու համար, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Գործողությունները մշակվում են, և կախված իրավիճակից` մենք դա անելու ենք: Այդ խնդրի լուծմանը հասնելու համար քաղաքական-իրավական բոլոր միջոցները պետք է օգտագործել, որպեսզի կարողանանք դա կանխել: Կոնկրետ քայլերի հերթականությունը մշակվում է: Միակ ուղին դա է, որ եթե ոչ ամբողջապես փրկել, ապա ինչ-որ կերպ լավացնել այն, ինչ այսօր կատարվում է»: Բանախոսն ասաց, որ ներկայումս շատ ուժեր սկսել են խոսել այն մասին, որ «Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ լինի»: Մինչդեռ Արցախը բանակցությունների կողմ չէ դեռ 98 թ.-ից: «Առաջինը մենք ահազանգեցինք, որ կողմ չէ: Բոլոր այդ ուժերը, որոնք այսօր միայն դա են ասում, լուռ համաձայնել էին այդ ամենին, ներառյալ Ղարաբաղի իշխանությունները: Իսկ հիմա, ըստ էության, ինչ նրանք անում են, ընդամենը պատասխանատվությունից խուսափել է: Նրանք ամեն ինչ անում են, որ պատասխանատվությունից խուսափեն` սկսած Վարդան Օսկանյանից` առաջին հերթին, որը այս ամեն ինչի ճարտարապետն է Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Ի միջի այլոց, ձեր միջոցով հրավիրում եմ նրան հրապարակային բանավեճի, որպեսզի ապացուցեմ, որ նրա այդ բոլոր ասածները իրականության հետ որևէ կապ չունեն: Եվ ամենամեծ պատասխանատվությունը Քոչարյանի հետ միասին ինքն է կրում այս ամենի համար»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԼՂ հարցում ՀԱԿ-ը կհամագործակցի՞ ՀՅԴ-ի հետ` Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ՀՅԴ-ն «ընդդիմություն չէ»: Նա նշեց, որ պատասխանատվությունից խուսափելու մասին իր հայտարարությունը «առաջին հերթին հենց վերաբերում է Դաշնակցությունը: Դաշնակցությունը այս ամենի ոչ միայն մասնակիցն է, այլև ակտիվ իրականացնողը այս քաղաքականության, ինչը 11 տարի կատարվել է: Երբ շախմատի պարտիա է գնում, պետք չէ սպասել, որ մատ հայտարարվի, որ կանխորոշես պարտիայի ավարտը. ինչ-որ պահից դառնում է շատ պարզ` ինչպես է ընթանալու: 98 թ.-ից ակնհայտ է, որ գնում է այս ուղղությամբ, երբ անընդհատ ողջունվում էր այն, ինչ կատարվում էր իշխանությունների կողմից: Հիմա, երբ դանակը հասել է ոսկորին, այդ ուժերը փորձում են ոչ թե փրկել իրավիճակը, այլ ընդամենը պատասխանատվությունից խուսափել»: Ասուլիսի ժամանակ հարց եղավ նաև, թե ի՞նչ կարելի է ակնկալել ՄԱԿ-ում սպասվող ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներից: Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` այդ քննարկումները բացասական հետևանքներ են ունենալու հայկական կողմի համար: Նա նշեց, որ մինչ 90-ական թթ. առաջին կեսը Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում բարձրացնում էր ԼՂ քննարկման հարցը, իսկ Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ հարցը օրակարգ չմտնի: «98-ից հետո պատկերը լրիվ փոխվել է: Մայենդորֆյան փաստաթղթում կար մի կետ, որ «կարգավորումը պետք է հիմնվի նաև միջազգային փաստաթղթերի, որոշումների վրա: Սրա մեջ մտնում են բոլոր այն փատաթղթրեը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, ԵԽ-ում: Դրանք բոլորը Ադրբեջանի նախաձեռնությամբ են: Եվ վերջինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցյալ տարվա որոշումն էր»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված