Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Կրթություն և աշխատանք. երեխայի համար մեկն իբրև պարտադիր, մյուսը` խանգարող հանգամանք, ուղիղ կապի մեջ են



«Դպրոց չհաճախողը անհատ աշակերտ է, որը նախապես ընդգրկված է եղել դպրոցում և ընդհատել է ուսումն անորոշ ժամանակով կամ չի ավարտել պահանջված ոսւումնական ծրագրի ցիկլը: Դպրոց չհաճախողների թվում ընդգրկված չեն դպրոցահասակ այն երեխաները, ովքեր երբեք դպրոց չեն հաճախել»:

Այսպես է սահմանվում կրթությունից դուրս մնացած երեխան «Հայաստանում աշակերտների դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական կորուստների վերաբերյալ» ուսումնասիրության մեջ, որն իրականացվել է UNICEF-ի և Unite for children-ի կողմից:

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն` դպրոց չհաճախող երեխաների թիվը զարգացող ու շատ զարգացած երկրների համեմատ ցածր է, սակայն վերջին տարիներին տագնապալի արագությամբ աճել է: Համաձայն վերոնշյալ ուսումնասիրության` եթե նման տեմպերով աճը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ լուրջ խնդիրներ:

Հայ օգնության ֆոնդի Երևանի աջակցության կենտրոն հիմնադրամի սոցիալական աշխատող Ռիմա Հարությունյանը պատմում է դեպքեր տարբեր պատճառներով կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ: «Անցյալ տարվա հոկտեմբերին Շենգավիթի ոստիկանությունից 17-ամյա մի երեխայի բերեցին մեզ մոտ,ով ընդհանրապես դպրոց չէր հաճախել:

Փորձեցինք ընտանիքի հետ կապվել, սակայն երեխայի պատմելով`նա ապրելու տեղ չուներ և ստիպված էր լինում գիշերել «Երրորդ մասի» այգում: Հետո պարզվեց, որ աղջկա մայրը մահացել էր մեկ տարի առաջ` քաղցկեղից, եղբայր ուներ, ով խմիչքից կախվածություն ուներ:

Այդ այգու շատրվանի «լյուկ»-ում էին քույր ու եղբայր մոտ ութ ամիս ապրել: Երեխայի ասելով` մայրը բարձրագույն ավարտած է եղել, ինչը վկայում էր նաև այն մասին, որ երեխան, ճիշտ է, դպրոց չի գնացել, բայց կարևորել է այդ հարցը: Մայրը նրան տառերը սովորեցրել էր, անգամ բանաստեղծների անուններ, երգեր գիտեր: Աղջկա հետ երբ խոսում էի, նա վատ էր զգում այն հանգամանքից, որ 17 տարեկան է ու դպրոց չի գնացել: Ինձ ասաց, որ տառերը գիտի, ես էլ մտածեցի` այդպես է ասում, որպեսզի չամաչի: Երևի հայացքիս մեջ այդ թերահավատությունը զգաց ու ապացուցելու համար կարդաց գրատախտակին գրվածը: Ասաց, որ իրենք նախկինում երեք սենյականոց բնակարան են ունեցել, բայց հետո վեճ է առաջացել մոր ու եղբոր միջև, եղբայրն անընդհատ խմած եկել ու մորից բնակարան է պահանջել: Բնակարանը վաճառել են, գումարից որոշակի մաս տվել եղբորն ու իրենք առանձնացել: Այդ ընթացքում մայրը հիվանդացել է, տեղափոխվել հիվանդանոց, ապա` մահացել, ու  գումարը թաղման համար է ծախսվել: Այսպիսով, աղջիկը մնացել է փողոցում»: Սոցաշխատողի խոսքերով` կրթությունից դուրս մնալու հանգամանքը շատ էր խանգարում աղջկան տեղավորելու հարցում. նա արդեն տարիքով էր, բացի այդ` արտահայտված վարքային խնդիրներ չուներ: «Հանրակրթական դպրոցում 17 տարեկան երեխային չես կարող տեղավորել, խնամքի կենտրոնների համար նա արդեն մեծ է, Վարդաշենի կրթահամալիրը վարքային խնդիրներ ունեցող երեխաների տեղ է և այնտեղ հիմնականում շեշտը դրվում է վարքային դաստիարակության վրա: Այստեղի մանկավարժներն աշխատեցին հետը, ինքն էլ մեծ հաճույքով էր սովորում, այնուհետև տեղավորեցինք նրան Գյումրիի մանկատանը»,- ասում է նա: «Կրթությունից դուրս մնացած երեխա ունեինք, որ հիմա Վարդաշենի կրթահամալիրում է, 17 տարեկան էր ու չուներ ծննդյան վկայական: Երեխային կրկին բերել էին փողոցից, մայր ուներ, ով զբաղվում էր մարմնավաճառությամբ, և նա այդ մասին բացահայտ խոսում էր, չէր թաքցնում: Մեծ դժվարությամբ գտանք մորը, որպեսզի վկայականը գտնենք: Երբ ոստիկանությունը նրան առաջին անգամ բերեց մեզ մոտ, հայտնվեց մի կին, ով ներկայացավ որպես այդ երեխայի մայր, ընդ որում` երեխան էլ նրան «մամա» էր անվանում: Հետո, երբ  երեխան երկրորդ, երրորդ անգամ հայտնվեց փողոցում, մեծ դժվարությամբ իմացանք, որ այս կինն իր կենսաբանական մայրը չի, մոր ընկերուհին էր, որն էլի վարքային խնդիրներ ուներ: Հետագայում տեսանք, որ երեխայի մոտ էլ վարքային շեղումներ կան: Տղան այդ միջավայրում էր մեծացել, ու դա իր համար բնական էր: Կենսաբանական մոր անձնագրի հարցն էլ լուծեցինք: Նա անգամ չգիտեր, թե որտեղ է ծնվել երեխան կամ երբ, տարվա որ եղանակին: Հարցումներ արեցինք տարբեր մարմիններ, ի վերջո պարզվեց, թե երբ և որտեղ է նա ծնվել: Երեխան էլ իր ծննդյան օրը չգիտեր, և երբ նրա ծննդյան վկայականը ստացանք, նրա ծնունդն այստեղ նշեցինք»: Ռ. Հարությունյանի խոսքերով` եթե երեխան ծննդյան վկայական չունի, որևէ դպրոց նրան չի ընդունի: Երբեմն ծնողներն էլ դրան ուշադրություն չեն դարձում, ու երեխան դուրս է մնում կրթությունից: «Արարատի մարզում ուսումնասիրություններ էինք անում, մարզպետարանի երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ այցելում էինք` հետազոտելու ընտանիքն ու պարզելու խնդիրները: Մի ընտանիքի հանդիպեցինք, որն Արտաշատի գյուղերից էր, ապրում էր ամառանոցային տարածքում, որը գյուղից բավականին հեռու էր, բնակարան չունեին: Ընտանիքում կար 11 երեխա, որոնցից ոչ մեկը դպրոց չէր հաճախել, ընդ որում`մեծերն արդեն 18-20 տարեկան էին: Երեխաներից հինգը դպրոցական տարիքի էին, բայց չէին հաճախել դպրոց, որովհետև տարածքը հեռու էր, բացի այդ` ընտանիքը կարծես դուրս մղված լիներ հասարակությունից: Միաժամանակ, պարզվեց, որ նրանք սարերում անասնապահությամբ էին զբաղվում ու կարծես կարևորություն չէին տալիս կրթությանը: Դեպքի մասին մարզպետարանին տեղյակ պահվեց, նրանք որոշեցին ընտանիքը տեղափոխել հին դպրոցի շենք, ու այնտեղ էլ պետք է փորձեին երեխաների կրթությունը կազմակերպել: Եթե այդ ահազանգը չլիներ, փոքրերն էլ դուրս կմնային կրթությունից»: Սոցաշխատողի խոսքերով` լինում է որոշակի ժամանակի բացթողում, երբ ծնողը երեխային վերցնում, տեղից տեղ է տեղափոխում, մշտական բնակության վայր չունի, և երեխան որոշակի ժամանակ կրթությունից դուրս է մնում: «Երբ ծնողների հետ զրուցում ենք, թե ինչու դպրոց  չի գնացել երեխան, տարբեր պատճառաբանություններ են լինում` դպրոցում դասագրքերի գումար են հավաքում, տարբեր կարիքներ և այլն, ու երեխան չի կարողանում գնալ, որովհետև խնդիրներ է ունենում դպրոցում: Կամ` ձմեռը չեն կարողանում ուղարկել, քանի որ հագուստ չի  ունենում, կոշիկ և այլն: Վերջին դեպքը, երբ երկու երեխա էին բերել, որոնք դպրոց չէին գնացել, ծնողը մեզ պատճառաբանում էր, որ չի կարողանում հագուստի խնդիրը լուծել: Հարցնում ենք` դիմե՞լ է քաղաքապետարան կամ մարզպետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին, ո՞ր կազմակերպություններին է դիմել: Նրանք զարմանում են, իրազեկված չեն, որ կան նման բաժիններ, որտեղ կարելի է դիմել: Կան նաև այնպիսիք, որ դիմել են ու տրամադրված գումարը ոչ նպատակային են ծախսել, արդեն երկրորդ անգամ չեն կարող դիմել»,- ասում է Ռ. Հարությունյանը: 2008 թ. հրապարակված «Անչափահասների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում անդրադարձ կա այն երեխաներին, որոնք աշխատանքի պատճառով դուրս են մնացել կրթությունից: Այստեղ ասվում է, որ աշխատող երեխաների 58,7 տոկոսը համատեղում է աշխատանքն ու ուսումը, իսկ 41,4 տոկոսը չի սովորում: Աշխատող երեխաների 2/3-ը պատկանում է 14-17 տարեկանների խմբին, իսկ այս տարիքում ավարտվում է ութամյա կրթություն ստանալու շրջանը, և այն երեխաները, որոնք անապահով ընտանիքներից են կամ ուսման ուղղությամբ առանձնակի ընդունակություններ կամ հակումներ չունեն, ներառվում են աշխատաշուկա: Աշխատող երեխաների 30 տոկոսն արդեն հայտնվել է կրթական համակարգից դուրս, պատճառը դպրոցական ծախսերն են կամ կրթության հանդեպ հետաքրքրության բացակայությունը երեխայի կամ նրա ծնողի մոտ: Աշխատող երեխաներն էլ, որ շարունակում են հաճախել դպրոց, աչքի չեն ընկնում հաճախումների կանոնավորությամբ ու շատ հաճախ տևական բացակայություններ են ունենում դպրոցից: Որոշ երեխաներ նշում են, որ ուսուցիչներն այս հարցին մեղմ են վերաբերվում, քանի որ գիտեն, որ իրենք իրենց աշխատանքով «ընտանիք են պահում»: Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի հավաստմամբ` կրթությունից դուրս մնալը կամ կրթության հարցերում ձախողումները, հետադիմելը սովորելու ընթացքում այն երեխաների համար, ովքեր արդեն կրթական համակարգում են, նախադրյալ են, որ երեխան ընդգրկվի աշխատաշուկա: Իսկ աշխատելու հանգամանքը լուրջ փաստարկ է, որպեսզի երեխան վերջնականորեն դուրս մնա կրթությունից: Որովհետև, երբ երեխան կարողանում է գտնել կանոնավոր աշխատանք, ստանում է գումար, կրթությունը դառնում է ոչ էական նրա կյանքում: «Այսպիսով` կրթություն և աշխատանք, մեկը պարտադիր պայման երեխայի համար, շատ կարևոր իր աճի ու զարգացման համար, մյուսը` որպես խանգարող հանգամանք, ուղիղ կապի մեջ են: Անշուշտ, Հայաստանը Հնդկաստան չի, որ  միլիոնավոր երեխաներ աշխատեն, բայց միևնույն ժամանակ, առավել ևս, որ միլիոնավոր երեխաներ չունենք, պետք է ամեն երեխայի  համար դողանք, քանի որ յուրաքանչյուր երեխա սոցիալական կապիտալ է վաղվա համար, հատկապես, երբ այսօր մենք խոսում ենք ծերացող հասարակության մասին»: Տիկին Անտոնյանի խոսքով` որքան շատ լինեն աշխատող, կրթությունից դուրս մնացող երեխաներ, այդքան շատ դեգրադացված հասարակություն կունենանք: «Այնպես չէ, որ եթե ինձ մոտ, իմ տանն ամեն ինչ լավ է, ուրեմն հասարակության մեջ էլ է ամեն ինչ լավ: Ուզենք թե չուզենք, մի օր բախվելու ենք այդ խնդրին»: Նա նշում է, որ երեխաները հիմնականում  աշխատում են կարիքից դրդված: «Ինչպես ենք մենք օգնում կարիքավոր ընտնաիքներին: Նախ` ընտանեկան նպաստով: Բայց մեր հետազոտությունը ցույց տվեց, որ աշխատող երեխաների մեծ մասն ընտանեկան համակարգից դուրս են, նրանց ընտանիքները ներգրավված չեն անգամ ընտանեկան նպաստի համակարգում, ինչը խոսում է համակարգի անհասցեականության կամ համակարգում ընդգրկվելու գործընթացի բարդության մասին: Հաջորդ տարբերակը սփյուռքի օգնությունն է: Հասկանալի պատճառներով սփյուռքը շատ զգայուն է որբերի հանդեպ, մանկատներում գտնվող երեխաների հանդեպ: Բայց մենք մեղավոր ենք, որ սփյուռքին չենք բացատրում, չենք ներկայացնում, որ այն երեխաները, որոնք գտնվում են մանկատանը, հաճախ որբ երեխաներ չեն, և դա իրենց հիշողության մեջ եղած զգայուն, որբ երեխան չի, որ, օրինակ, եղեռնից հետո մնացել է մազապուրծ, ծնողները չկան և այլն: Այդ երեխաների ծնողները կան, բայց այդ ծնողները շատ աղքատ են:  Միայն սփյուռքը չի, որ չգիտի այդ պրոբլեմը, մերոնք էլ չգիտեն: Մեր ներդրումները սխալ տեղում են, սխալ կենտրոնացում ունեն: Եթե մենք աջակցենք այն ընտանիքներին, որտեղից եկել է մանկատան այդ երեխան, այդ ընտանիքն իր սեփական ռեսուրսներով երեխային կպահի: Մենք դեմքով պետք է կանգնենք դեպի ընտանիքը: Աջակցության ծրագրերը պետք է շեշտադրությունը փոխեն: Ընտանիքներ կան, որոնց ընդամենը մի փոքր օգնություն է պետք, և ինքն իր խնդիրը կլուծի:  Օգնություն ասելով ես ի նկատի չունեմ` եկեք տանենք որոշակի գումար տանք: Միայն նյութական օգնությունը քիչ է, պետք է այդ մարդկանց կողքին կանգնել»,- ասում է նա: Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը, ըստ Միրա Անտոնյանի, փորձում է ապահովել երեխաների վերահսկվող աշխատանքը:

«16 տարեկան տղա ունենք, որին տեղավորեցինք Ավանի քոլեջ: Նա մեքենաներ էր լվանում և այլն, և եթե ոչինչ չանեինք, ամբողջ կյանքում կմնար չորակավորված աշխատուժ և պարզապես ապրելու փող կաշխատեր, առաջ գնալու հեռանկարը շատ փոքր էր: Մենք նայում ենք, թե երեխան ինչ հետաքրքրություններ ունի, միգուցե ցանկանում է վարսավիր դառնալ, հետագայում կարող է թեկուզ ինչ-որ գումար աշխատել դրանով: Պետք է ստեղծես շանսը: Մենք յուրաքանչյուր դեպքում, երբ տեսնում ենք, որ երեխայի համար կրթությունն արդեն այլևս անհնար է, ինքն այնքան է բաց թողել, որ էլ չի կարող վերականգնել, փորձում ենք մասնագիտացման մասին մտածել»:

Տիկին Անտոնյանն ասում է, որ հաճախ դժվար է կրթությունից դուրս մնացած երեխաներին վերադարձնել կրթական համակարգ, քանի որ այդքան բացթողումից հետո իրենք էլ չեն ուզում սովորել, դժվարություններ են ունենում: Շատերը տարիքակիցների հետ նույն ծրագրով չեն կարող սովորել, իսկ ցածր դասարանցիների հետ ամաչում են գնալ դասի: Սա լուրջ խնդիր է, և պետք է հարգել երեխայի ցանկությունը:

«Մենք փորձում ենք այստեղ գոնե ճանաչողական դասընթացներ կազմակերպել: Եթե երեխան նորմալ սովորող է եղել, ուղղակի ընթացքում բաց է թողել, աշխատում ենք բացը լրացնել, որ նա վերադառնա իր հասակակիցներին: Բայց եթե դա լուրջ բացթողում է, մենք փորձում ենք  դպրոցը փոխել, ներառական դպրոցներ տանել: Եթե վարքային դժվարություններ կան, տանում ենք Վարդաշենի դպրոց, որտեղ տարիքային խնդիր չկա, երեխան կարող է ցանկացած դասարանում սովորել: Այլ դեպքում նայում ենք, թե պետությունը ներառական կրթության ինչ ծրագրեր ունի, որ դպրոցն է հարմար երեխային  տարածքային առումով ու փորձում ենք այդ դպրոցներում երեխաներին տեղավորել: Ուղարկում ենք ԿԳ նախարարության կողմից ստեղծված գնահատման կենտրոն, փորձում ենք հասկանալ` որ դասարանի համար է մակարդակը և այլն: Մենք գնում ենք նվազագույն վնասի ճանապարհով: Թող դա չլինի լավագույն լուծումը, բայց նվազագույն վնաս տա»: Մ. Անտոնյանի խոսքով` աշխատանքի հետևանքով կրթությունից դուրս մնացած երեխաների ամենաբարձր տոկոսը Շիրակում է` 15,6: Երևանում ամենափոքրն  է` 3 տոկոս:

Մարզերում միջինը կազմում է 5 տոկոս: World Vision կազմակերպության երեխաների պաշտպանության հարցերով մասնագետ Տիգրան Ճորոխյանն էլ նշում է, որ շատ անգամ երեխաների` կրթությունից դուրս մնալու պատճառները կարող են լինել արժեքային մակարդակում` սոցիալական պայմանները ուղղակի հնարավորություն չտան երեխային թեկուզ կոշիկ ունենալու, որպեսզի հաճախի դպրոց:

Նրա խոսքով` լինում են նաև դեպքեր, երբ ծնողների կրթական մակարդակը թույլ չի տալիս երեխաների հետ անմիջականորեն զբաղվել, նրանք գտնում են, որ անիմաստ է երեխայի դպրոց գնալը, քանի որ միևնույնն է` բան չի սովորելու, որովհետև ծնողն ինքը ի վիճակի չէ հետևելու երեխայի կրթությանը:

«Հայաստանում բավականին մեծ են արտագաղթի տեմպերը, և շատ ընտանիքներ զրկվել են խնամող հոր աջակցությունից, ու ստիպված երեխաներն են աշխատում, փորձում վաստակել գումար: Ամռանը բերքատվության շրջանում անիմաստ է մտածել կրթության մասին, քանի որ ընտանիքն ապրուստի այլ միջոց չունի: Այսինքն` առանց տնտեսական զարգացման ու առանց ընտանիքների ֆիզիկական գոյության ապահովման մենք չենք կարող մտածել կրթության մասին, քանի որ նույն երեխան դուրս է մնացել, որպեսզի իր ֆիզիկական գոյությունը պաշտպանի: Չենք կարող ասել, թե սոցիալական ապահովության համակարգը բարելավելով` կհասնենք դրան, որովհետև մեր պետությունը չունի այն ռեսուրսները, որպեսզի խոցելի ընտանիքներին այնքան գումար հատկացնի, որ բավարարի նրանց նվազագույն կարիքներն ու երեխային թույլ տա հաճախել կրթական հաստատություններ»,- ասում է նա:

Տ. Ճորոխյանի խոսքով` թեև Երևանում համեմատաբար քիչ են աշխատող երեխաները, սակայն, մյուս կողմից, Երևանում շատ կան ընտանիքներ, որոնք կամ չեն կարևորում կրթությունը, կամ ուղղակի չունեն համապատասխան պայմաններ` բնակարանից զուրկ են, ապրում են փողոցում և, բնական է, որ այդ երեխան չի հաճախելու դպրոց:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված