Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի

«Գլոբալ հիմնադրամը» կարեւորել է Արմեն Կարապետյանի գիտելիքները



«Հետքը» այս տարվա փետրվարին հոդվածաշար է հրապարակել միջազգային «Գլոբալ հիմնադրամ»-ի' Հայաստանում իրականացրած ծրագրերի մասին:

«Հայաստանը կորցրել է կես մլն դոլար, եւ մոտ 150 հազար դոլարի դեղորայք ժամկետանց է դարձել» հրապարակման մեջ նշել էինք, որ «Գլոբալ հիմնադրամի» ծրագիրն իրականացվել է բազմաթիվ չարաշահումներով, մասնավորապես' մեկուկես տարի շարունակ ծրագրից աշխատավարձ է ստացել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Արմեն Կարապետյանը:

Այս կապակցությամբ դիմել ենք նաեւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ' պարզաբանելու, թե արդյոք օրինական էր նրա ներգրավվածությունն ու վարձատրությունը այդ ծրագրի շրջանակներում: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հետեւյալ պարզաբանումն է ուղարկել.

«Հրապարակման մեջ ներկայացված սույն հանգամանքի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը համապատասխան հարցում է կատարել Նախարարության աշխատակազմի ղեկավարին: Ի պատասխան' վերջինս 2011 թ. մարտի 25-ին պատասխանել է, որ Նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի եւ հաշվապահական հաշվառման (այժմ' ֆինանսատնտեսական) վարչության պետ Ա. Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի 2009 թ. հուլիսի 15-ի N 1052-Ա հրամանով նշանակվել է «Գլոբալ հիմնադրամի» կողմից Ծրագրերի իրականացման համակարգող խմբի ֆինանսական հարցերով գիտական ղեկավարի պաշտոնում եւ այդ աշխատանքն իրականացրել է իր հիմնական աշխատաժամանակից դուրս, այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. սեպտեմբերի 6-ի հրամանով, անձնական դիմումի համաձայն, ազատվել է նշված պաշտոնից:

Նախարարության աշխատակազմի ղեկավարը նշել է նաեւ, որ հաշվի առնելով Ծրագրերի աշխատանքներում գնման գործընթացի զգալի չափաբաժինը եւ այդ գործընթացի բարդ ընթացակարգերը' «Գլոբալ հիմնադրամը» կարեւորել է Ա. Կարապետյանի գիտելիքները ֆինանսական եւ գնումներին առնչվող գործառույթների ոլորտում, ինչպես նաեւ պետական կառույցներում նրա աշխատանքային բազմամյա փորձը, որը, որպես գիտական ղեկավար, վերջինս կիսել է Ծրագրերի համակարգող խմբի ավելի երիտասարդ անդամների հետ' ֆինանսական հիմնախնդիրների վերլուծությունների եւ դրանցից բխող ֆինանսական պլանավորման, ռազմավարության մշակման աշխատանքները կանոնակարգելու նպատակով:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի գրությանը կից Խորհրդին են ներկայացվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանների պատճենները, որոնց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ա. Կարապետյանն իսկապես 2009 թ. հուլիսի 15-ից մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 6-ը աշխատել է նաեւ նախարարության «Գլոբալ հիմնադրամի» կողմից Ծրագրերի իրականացման համակարգող խմբի ֆինանսական հարցերով գիտական ղեկավարի պաշտոնում, եւ այդ աշխատանքը գիտական բնույթ է կրել:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն' քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Քանի որ Ա. Կարապետյանի կատարած վերոնշյալ աշխատանքը գիտական բնույթ է կրել, հետեւաբար Ա. Կարապետյանի կողմից որպես «Գլոբալ հիմնադրամ»-ի կողմից Ծրագրերի իրականացման համակարգող խմբի ֆինանսական հարցերով գիտական ղեկավար աշխատելու եւ վարձատրություն ստանալու հանգամանքը չի կարող համարվել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանափակման չպահպանում եւ չի կարող Ա. Կարապետյանին Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք հանդիսանալ:

01.04.2011

Հ.Գ. Մեզ մնում է միայն հարցնել' եթե ծրագիրն ունեցել է այդպիսի բարձրակարգ գիտական ղեկավար, ինչո՞ւ է այն ձախողվել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Գլոբալ հիմնադրամի ծրագրերը Հայաստանում» թեմայով
Մեկնաբանություններ (1)
1. marta14:29 - 18 ապրիլի, 2011
Գիտականորեն բացատրել է ինչպես յուրացնել փողերը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված