Կիրակի, 22 սեպտեմբերի

«Ու՞մ են լավություն անում իմ տղայի արյան հաշվին»



Բանակում զոհված զինվորներ Գեղամ Սերգոյանի, Տիգրան Օհնաջանյանի և Արայիկ Ավետիսյանի գործերը տեղից չեն շարժվում: Այսօր Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը այս գործերի վերաբերյալ լրագրողների միջոցով փորձում էր հանրության իրազեկել: Նա այս երեք գործերի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ, նամակներ են գրել դատախազություն և այլ կառույցներ, բայց որևէ արդյունք չեն ստացել: 2001թ-ին հոկտեմբերի 30-ին Վայքի N զորամասում գլխին արձակված կրակոցից սպանվել է զինծառայող Արայիկ Ավետիսյանը:  Մեղադրանք է առաջադրված Կարեն Սարգսյանի նկատմամբ: Սակայն Արայիկի մայրը` Անահիտ Մկրտչյանը պնդում է, որ ունի բոլոր ապացույցները, որ սպանողը եղել է հենց 3-րդ գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը, քանի որ Արայիկին 7-օրյա արձակուրդ ուղարկելու համար պահանջել էր 100 ԱՄՆ դոլար, իսկ Արայիկը նրան չէր տվել այդ գումարը: Դա հաստատել է նաև դեպքի վայրում ներկա գտնվող, վկա Արտյոմ Խաչատրյանը, որը նախաքննության ընթացքում տվել է ցուցմունքներ, իսկ այժմ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: «Ու՞մ են լավություն անում իմ տղայի արյան հաշվին»,-հուզված հարցնում է Արայիկի մայրը` Անահիտ Մկրտչյանը: Տիգրան Օհանջանյանը 2007թ-ին ծառայել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի N զորամասում: 2007թ-ի օգոստոսի 30-ին  նրան հայտնաբերել են մահացած վիճակում: Պաշտոնական վարկածի համաձայն, մահը վրա է հասել էլեկտրահարման հետևանքով: Տիգրանի ծնողները համաձայն չեն այդ վարկածի հետ և գտնում են, որ տեղի է ունեցել սպանություն, իսկ նախաքննությունը տարվել է բազմաթիվ խախտումներով: Փորձաքննությունը հաշվի չի առնվել որդու վրա եղած վնասվածքները, ուռուցքները, բերանում ատամների բացակայությունը և այլն: Գեղամ Սերգոյանը 2007թ-ի ապրիլին ծառայություն է տարել ԼՂՀ Ստեփանակերտի N զորամասում: Ըստ նախաքննական մարմինների` ապրիլի 15-ին նա սպանվել է հերթապահ սպայի կողմից: Մահացածի հայրը` Ռոբերտ Միրզոյանը գտնում է, որ նախաքննական մարմինները թաքցրել են հանցագործության իրական դեպքերը, իսկ դատարանը անաչառ չէ, շարունակում է կոծկել  դատախազության` կեղծ փաստերի հիման վրա սարքած գործը: Ավետիք Իշխանյանի կարծիքով, սպանությունների հետո սկզբնական շրջանում կամ նախաքննությունների ժամանակ, միշտ քննիչների ասածից տպավորությունն այնպիսին է, որ կարծես թե ամեն ինչ լավ է լինելու, հասարակությունը հետաքրքրվում է, սկսում են հրապարակումներ լինել մամուլում, ինչ-որ ժամանակ հետո սկսում են ձգձգել գործերի քննությունը կամ դատավարությունները: «Իմ կարծիքով, դա մարտավարություն է, որ հասարակությունը, հարազատները հոգնեն այդ ամենից և որևէ մեկը պայմանական պատժվի, թե պատիժն ինչ չափի է լինում, դա այլ խնդիր է, բայց ծնողների մոտ միշտ այն տպավորությունն է ստեղծվում, որ իրական մեղավորները չեն պատժվում: Ցանկացած մահ բանակում առաջին հերթին իշխանությունները պետք է ներողություն խնդրեն ծնողներից,  լինի բաց ու օբյեկտիվ քննություն և մեղավորները պատժվեն, որովհետև սա հիմնական այն խնդիրն է, որ բանակի նկատմամբ լինի վստահություն: Հանցագործությունների բացահայտումը ամրապնդում է բանակը»,-վստահ է Ավ. Իշխանյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված