Կիրակի, 15 դեկտեմբերի

Հայաստանը եւ Ֆրանսիան ստորագրել են պայմանագիր



Երեկ Կրթության և գիտության նախարարությունը եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (Centre national des recherches scientifiques-CNRS) Փարիզում ստորագրել են համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության անունից Պայմանագիրը ստորագրել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ֆրանսիական կողմից` Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ տկն. Կատրին Բրեշինյակը եւ գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը։ Պայմանագրի նպատակն է խորացնել երկու երկրների միջև գիտության բնագավառում համագործակցությունը։ Նախատեսված է երկու երկրների գիտաշխատողների փոխանակումներ, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների և սեմինարների կազմակերպում։ Այդ նպատակի համար կօգտագործվեն CNRS-ի միջազգային համագործակցության կառույցները՝ Գիտական համագործակցության միջազգային ծրագրերը, Միացյալ միջազգային լաբորատորիաները և Միջազգային գիտահետազոտական խմբերը։ Ծրագրերը կիրականացվեն համատեղ ֆինանսավորմամբ։ Իբրև երկու կողմերի համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ նշվել են մասնավորապես մոլեկուլյար ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, հումանիտար եւ սոցիալական գիտությունները։ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը գիտահետազոտական պետական հաստատություն է, որը գործում է Ֆրանսիայի Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ։ 2008թ. Կենտրոնի բյուջեն կազմել է 3,277 միլիարդ եվրո։ Կենտրոնի աշխատանքն ընդգրկում է գիտության և տեխնոլոգիաների բոլոր բնագավառները։ Կենտրոնն իր տարբեր լաբորատորիաներում հյուրընկալում է տարեկան 5.000 օտարերկրացի գիտնականի, աշխարհի 60 երկրների հետ ստորագրել է համագործակցության 85 պայմանագիր, որոնց մեջ՝ նախկին խորհրդային երկրներից Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Ռուսաստանից եւ Բելառուսից հետո, երրորդ երկիրն է, որի հետ Հայաստանն ստորագրել է նման պայմանագիր:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված