ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

Տեղեկատվական պատերազմներ. ինչպես ստեղծել անվտանգ տեղեկատվական միջավայր



Արմենպրես լրատվական գործակալության 90-ամյակի առիթով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Արմենպրեսի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ում կազմակերպվել էր միջազգային գիտաժողով "Տեղեկատվական պատերազմներ" թեմայով: Ոլորտի մասնագետները խոսեցին տեղեկատվական, քարոզչական պատերազմների, տարբեր ոլորտներում տեղեկատվական անվտանգության խնդիրների մասին: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը խոսեց ապատեղեկատվության մասին` ընդգծելով, որ դա սուտ տեղեկատվություն է, որը մատուցվում է հակառակորդին մի նպատակով`որ նա կատարի իր համար ցանկալի գործողություններ: Ըստ նրա` ապատեղեկատվություն տարածելիս վերցնում են այնպիսի ինֆորմացիա, որը դժվար է ստուգել, և մարդիկ, որոնք առավել հակված են հավատալու, քան չհավատալու, հավատում են այդ ինֆորմացիային: "Մեդիամաքս" գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը խոսեց տեղեկատվական պատերազմների բաղկացուցիչ մաս կազմող կիբերպատերազմների մասին`նշելով, որ դրանք հիմնականում տեղի են ունենում հակառակորդի ինտերնետային կայքերը կոտրելու, դրանց բովանդակությունը փոխելու և փոխարենը սեփական լոզունգներ տեղադրելու միջոցով: Ըստ նրա` վիրուսների միջոցով կարելի է նաև վերահսկել հակառակորդի համացանցը և ոչնչացնել տեղեկատվական բազաները: Հենց այդ պատճառով էլ, Դավիթ Ալավերդյանի համոզմամբ, շատ կարևոր է ունենալ անվտանգ համակարգեր: Որպես օրինակ նա բերեց մեկ տարի առաջ հայկական պրովայդերներից մեկի սխալի պատճառով ադրբեջանցի 18-ամյա 2 երիտասարդների կողմից միանգամից մոտ 2 տասնյակ հայկական կայքերի ոչնչացումը: "Մեդիամաքսի" գլխավոր խմբագիրը որպես խնդիր առանձնացրեց հակական դոմեյնի չափազանց ազատականացումը, որի պատճառով ".am" հասցեներով կայքեր են բացում ադրբեջանցիները և ապատեղեկատվություն տարածում Հայաստանի մասին: Ըստ Դ. Ալավերդյանի` ամեն ինչ առավել վատ կլինի, երբ ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով խրախուսեն այդ կիբերպատերազմները: Նա մի շարք առաջարկություններ արեց ոլորտի մասնագետներին եւ իշխանություններին` մեծացնել հայաստանյան պրովայդերների անվտանգությունը և պահել նրանց վերահսկողության ներքո` պարտադրելով, որ անվտագության միջոցներ տրամադրեն, խստացնել հայկական դոմեյնային գոտում էջերի գնումը` պահանջելով հավելյալ տեղեկություն դրանց համար դիմողի մասին և ստուգել դրանց իսկությունը, Անվտանգության խորհրդին կից ստեղծել աշխատանքային խումբ, որը կմիավորի տարբեր շահագրգռված գերատեսչությունների ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված