Շաբաթ, 21 սեպտեմբերի

Հովիկ Աբրահամյան. «Մենք թաղելու վարպետ չենք»



Այսօր Ազգային ժողովի նիստին ՀՀԿ-ի «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին խոսեց նաև  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա իր ելույթի սկզբում ասաց, որ իրենք, փաստորեն, գործ ունեն խճճելու մեծ վարպետների հետ, որոնք ճիշտ չեն ներկայացնում հանրապետականների նախաձեռնությունը: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ երբ ոչ իշխանական 4 ուժեր ներկայացրել էին «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, իրենք հայտարարել էին, որ անպայման ստեղծելու են հնարավորություն, որպեսզի քննարկվի այդ հարցը, որը հետաքրքրում է հանրության բոլոր շերտերին` քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին: Հ. Աբրահամյանի խոսքով` իրենք քննարկեցին այդ հարցը, ապա առաջարկեցին Սերժ Սարգսյանին, որպեսզի ստեղծեն նման հանձնաժողով` ավելի լայն հնարավորություններով: «Ուզում եմ՝ լինենք ազնիվ. ինչո՞ւ եք մեզ քննադատում, որ մենք ստիպված ենք կամ ինչ-որ ուզում ենք թաղել, չգիտեմ՝ ում ենք ուզում թաղել… Մենք թաղելու վարպետ չենք, ոչ էլ թաքցնելու վարպետ ենք: Չունենք այդ փորձը»,- նշեց ԱԺ նախագահը, ում ասելով` իրենք հանձնաժողով ստեղծելու հարցը քննարկել էին ՀՀԿ գործադիր նիստին, և Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե կան մարդիկ, որ չարաշահել են իրենց դիրքը և զբաղվել են ապօրինություններով, պատասխան պետք է տան:

«Հիմա ինչի՞ մասին եք դուք խոսում, ի՞նչ եք վարկաբեկում դեռ չծնված հանձնաժողովին»,- ոչ իշխանական ուժերին դիմելով` ասաց Հ. Աբրահամյանը, ապա շեշտելով, որ իրենք համաձայնել են նրանց կողմից առաջարկված կետերին, որոնցից են հանձաժողովի կազմում հավասար անդամներ ունենալը, իրենք նաև ընդառաջ կգնան հանձնաժողովի գործունեության ժամկետի հարցում և համաձայն են, որ դա լինի գարնանային նստաշրջանի ավարտը:

«Ուզում եմ գործընկերներին, պարբերաբար բռնկվող գործընկերներիս ասել, որ հանդարտության գան, հանդարտ լինեն, հանդարտությունը լավ բան է, բոլորս էլ կարող ենք պարբերաբար գոռալ, խոսել, բայց դե բոլորս լավ հասկանում ենք, լավ լսում ենք, և կարելի է ամեն ինչը հանդարտ ասել, և հիշեք, որ հորդառատ անձրևը շուտ է կտրվում»,- ասաց նա, այնուհետ հավելեց, որ իրենք լուրջ են տրամադրվել. այդ հանձնաժողովի տալու է այն հարցերի պատասխանները, որոնք այսօր անհանգստացնում են հանրությանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված