Շաբաթ, 21 սեպտեմբերի

Արծվիկ Մինասյան. «Արդյո՞ք ազնիվ եք ձեր երեխաների առջև»



Մինչ ԱԺ դարպասների մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներից պահանջում էին դեմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մասին օրենքի նախագծին, ԱԺ նիստերի դահլիճում արտահերթ կանոնակարգով քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը: Սա, կարծես, ՀՀԿ որոշ պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն էր առաջացրել, ոմանք հեռախոսային հաղորդագրություններ էին գրում, ոմանք ուղղակի ծուլաբար հորանջում էին: Մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հորդորում էր պատգամավորներին ազնիվ լինել իրենց երեխաների առջև և դեմ քվեարկել այդ համակարգին:

Ա. Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը  համարեց ոտնձգություն քաղաքացիների նկատմամբ: Ըստ պատգամավորի` եթե անգամ ցանկանում են անցնել այդ համակարգին, ապա պետք է սկսել փոքր թվերից:

Հիշեցնեք, որ  2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ որի` 1974թ. հետո ծնվածները պարտադիր կուտակելու են իրենց աշխատավարձերի 5%-ը:

«Ախորժակն, ինչպես ասում են, ուտելուց է բացվում, բայց այս դեպքում, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ այդ մեծ ախորժակը տանելը: Ձեզանից որևէ մեկը, կարծում եմ, չի կասկածում, որ պրոֆեսիոնալ առումով ես չեմ սխալվի իմ գնահատականների մեջ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Ա. Մինասյանի խոսքով` նշյալ համակարգը նվազ եկամուտ  ստացող անձանց չի ապահովում արդար մոտեցում: «Հասկացեք, եթե մարդը ստանում է ընդամենը նվազագույն  կենսաապահովման չափով աշխատավարձ, անմարդկային է այդ մարդուց մի բան էլ պահանջել խնայողություն անել: Միջինից բարձր եկամուտներ ունեցողներին, որպեսզի առաջարկեք, հարկավոր է խրախուսման համակարգը խթանել, ինչը չկա այսօր»,- նկատեց պատգամավորը: Նրա կարծիքով`  պատգամավորներից շատերը շատ լավ գիտեն, որ այսօրվա ֆինանսական շուկայի ենթակառուցվածքները թույլ չեն տալու, որպեսզի  այդ գումարները մուտք գործեն իրական սեկտոր:

«Ինչո՞ւ չենք կարողանում առնվազն մեկ տարով հետաձգել, այս բոլոր հարցերը մանրամասն քննարկել, և վերջում, եթե համոզեք մեզ, մենք էլ ձեզ հետ միասին դուրս գանք քաղաքացիներին համոզեք, որ սա լավ տարբերակ է»,- ասաց Ա. Մինասյանը, այնուհետ ավելացնելով. «Այսպես մերժողական, արհամարհական…Սա մոտեցում չէ: Այս մոտեցումով ի՞նչ ենք ուզում անել: Սա քաղաքական դիմության կամ ընդդիմության պայքար չէ: Սա Հայաստանի քաղաքացու պարզ, տարրական իրավունքների շուրջ բանավեճ է, և եթե մենք չենք կարողանում, ունակ չենք լսելու այդ բանավեճը, անիմաստ է  որևէ հույս կապել: Խնդրում եմ քվեարկության ժամանակ հարց տալ` արդյո՞ք մեր ապագա սերնդի, ձեր երեխաների առջև ազնիվ եք»:

Նշենք նաև, որ ներկայացված հայտարարության նախագծի քվեարկությունը տեղի է ունենալու վաղը:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված