Կիրակի, 15 դեկտեմբերի

Գերմանացի ներդրողները Եվրադատարան են դիմում Գագիկ Ծառուկյանի կոմբինատի դեմ



ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի վճռաբեկ բողոքն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի: Հիշեցնենք, որ «ԻստԻնվեստոր» ընկերությունը կոմբինատում 3.5 տոկոսի բաժնետեր էր և դատարանում վիճարկում էր ընկերությանը բաժնետոմսերի սեփականությունից զրկելու իրավունքը:  

Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է Ստեֆան Լաքսհուբերը:

- Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ձեր հայցը, ի՞նչ եք որոշել անել:

- Դա միայն իմ որոշումը չէ: Ես քննարկել եմ այն մեր ընկերության ներդրողների հետ, ովքեր այնքան էլ ուրախ չէին այն ուղու համար, որով մենք անցանք: Մենք հույս ունեինք, որ որևէ ազդանշան կստանայինք դատարանից, որը կասեր, որ դա շատ անտրամաբանական է, շատ հեռու է Երկիր մոլորակից, «Մուլտիգրուպի» գույքի գնահատման արդյունքներն այլ մոլորակից են: Մենք մի փոքր այլ բան էինք սպասում: Հիմա մենք ստիպված ենք գնալ Եվրադատարան արդար դատաքննության ակնկալիքով: Բնականաբար, դա որոշակի ժամանակ կխլի:

-Դուք որոշակիորեն ծանոթ էիք հայաստանյան իրականությանը: Սպասո՞ւմ էիք, որ կարող է շահեք դատը:

-Ես չէի սպասում իսկապես ամբողջական փոխհատուցում կամ գնահատում: Ոչ, ես երազող չեմ, ես նույնիսկ 50 տոկոսի մասին չէի երազում: Սակայն ես հույս ունեի, որ որևէ ազդանշան կստանամ, որ դատարանն ասեր` սա անհեթեթ գնահատում է: Այլ կերպ ասած` դու գնում ես «Մերսեդես», և «Մուլտիգրուպը» գալիս ու ասում է, որ այն 10 դրամ արժե: Սա այնքան հեռու է իրականությունից: Ես գոնե սպասում էի, որ դատարանն ասեր` «Մերսեդեսն» արժե 100 հազար դրամ կամ իրականությանը մոտ մեկ այլ բան: Բայց ոչ մի ազդանշան: Եվ ծիծաղելին այն է, որ մենք տեղեկություններ ստացանք, որ դատարանի կողմից ընտրված գնահատող կազմակերպությունը ճնշման է ենթարկվել, չնայած դրան, նրանք ասացին, որ գնահատումը ծիծաղելի է:   

-Ի՞նչ եք սպասում Եվրադատարանից:

-Մեր առաջնային նպատակը ողջ գործընթացը չեղյալ համարելն է, որպեսզի մենք վերադարձնենք կոմբինատում մեր ունեցած 3.5 տոկոս բաժնեմասը: Մենք չենք պահանջելու նոր գնահատում, բայց կապացուցենք, որ ողջ գործընթացն իրավունքի խախտումներով է ընթացել:

-Ո՞վ է այս գործը տանելու Եվրադատարան` հա՞յ փաստաբանները, թե՞ այլ մարդիկ էլ կներգրավվեն:

-Արա Զոհրաբյանը, և մենք կվերցնենք նաև մի քանի փորձագետների: Կլինի նաև գերմանացի իրավաբան: Նրանք կհետևեն գործընթացին մեր կողմից: Իհարկե, սա բավականին գումար կարժենա, ավելի շատ, քան կոմբինատի գնահատումն էր, բայց ինչպես ասել եմ մի քանի տարի առաջ՝ սա սկզբունքի հարց է: Կարծում եմ, որ սա լակմուսի թեսթ է: Եվ ես նաև պատասխանատու եմ մեր ներդրողների առջև:

Ես ցավում եմ այս դեպքի համար, որովհետև ես տեսնում եմ, որ Հայաստանը առաջ է գնում: Ես դրական զգացողություններ ունեմ այս երկրի նկատմամբ: Կարծում եմ, որ հիմա Հայաստանը ճիշտ ուղի է բռնել: Եվ շատ ցավալի է, որ մյուս կողմում մենք նման պատմություն ունեցանք, որը ոչ միայն ինձ, նաև մյուս ներդրողների մոտ վատ տպավորություն է թողել:

-Հայաստանում այս տարիների ընթացքում փոփոխություններ նկատե՞լ եք:

-Այո, որոշ փոքր փոփոխություններ կան, որոնք հաճելի են: Օրինակ` ինձ համար շատ կարևոր է հեշտ վիզա ստանալը: Դա հեշտացնում է ճանապարհորդությունը, քանի որ երբ դու գնում ես բիզնես բանակցության, գնում ես ու անմիջապես ստանում ես վիզան: Այլևս փաստաթղթերի հետ կապված ձգձգումներ չեն լինում: Ես նույնիսկ նկատել եմ փոփոխություններ սահմանին, երբ անձնագրային ստուգում ես անցնում, մարդիկ ժպտում են, ասում են` բարի գալուստ Հայաստան: Շատ փոքր փոփոխություններ են, ոչ մի դրամ չարժեն, բայց այդ երկրի մասին տպավորություն են թողնում:

-Որոշակի փոփոխություններ նկատել եմ նաև բիզնես ոլորտում: Տեսնում եմ ակտիվություն երիտասարդ սերնդի մեջ, որոնք նաև քաղաքական ակցիաներ են կազմակերպում: Սա նորմալ գործընթաց է:

-Չեք ուզու՞մ ընդլայնել ձեր ներդրումների շրջանակը Հայաստանում: Ասենք` հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ դա Հայաստանում համարվում է շահութաբեր ոլորտ:

-Ինչպես գիտեք, մենք այստեղ ունենք որոշ ներդրումներ և ավելացնել այս փուլում չէինք ուզենա: Մենք մի փոքր «վառված» ենք այս գործով, և սպասում ենք, թե ինչպես ամեն ինչ կընթանա:

Գիտեմ, որ որոշ ներդրումներ ոսկու հանքարդյունաբերության ոլորտում անում է «Լիդիան ռեսորսիսը»: Ես մեծապես գնահատում եմ դա, շատ լավ է: Բայց այս փուլում մենք դեռ կհետևենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ, և եթե որևէ դրական փոփոխություն լինի, հնարավոր է վերադառնանք և նոր ներդրումներ անենք:  

Մենք սկսել ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում 8-9 տարի առաջ՝ որպես փոքր ներդրողներ: Մենք հասկացանք, որ մի փոքր շուտ էինք մտել դաշտ, և իրավական և փոքրամասնության պաշտպանությունը դեռ պատշաճ չի իրականացվում: Մենք շտապեցինք, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ Հայաստանի նկատմամբ: Ես զգում եմ, որ ժամանակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը, կառավարումը և կարգավորումը՝ ցույց տալու համար, որ իսկապես այդ ուղղությամբ գործընթաց կա, և ոչ թե միայն բառեր են հնչում:

-Գիտե՞ք, որ հայ հասարակության մի հատվածն այնքան էլ ոգևորված չէ «Լիդիանի» ոսկու հանքարդունահանման փաստով: Նրանք հիմնավորում են, որ այդ նախագիծը մեծապես կվնասի բնությանը:

-Իհարկե, դուք պետք է հոգ տանեք, որ գործընթացը նորմալ ընթանա: Այստեղ է, որ կառավարությունը պետք է կարգավորի և ազդեցություն ունենա: Դուք հնարավորություն ունեք ոչ ասել այդ գործընթացին, ասել` այլ ճանապարհով արեք դա: Դա ավելի թանկ կարժենա, բայց ավելի քիչ կվնասի բնությանը: Դա պետք է կարգավորի կառավարությունը, ոչ թե ներդրողը: Ներդրողը և հանքարդյունաբերողը ընտրում է ամենաէժան ճանապարհը, որը նորմալ է: Կառավարությունը պետք է կանգնեցնի նրանց:

-Հայաստանում կատարած ձեր ներդրումային պորտֆելում փոփոխություններ եղե՞լ են այս ընթացքում:

-Մենք դադարեցրել ենք մեր ներդրումը Զարգացման հայկական բանկում: Մենք վաճառել ենք մեր շուրջ 10 տոկոս բաժնետոմսերը՝ այս երկրում մեր ներդրումներին սպառնացող հնարավոր ռիսկից խուսափելու համար, քանի որ չգիտեինք, թե ինչպես կընթանար գործընթացը:   

-Գումարային արտահայտությամբ որքա՞ն ներդրում եք արել Հայաստանում:

-Շուրջ 10 միլիոն դոլար: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Xunsap'ha11:31 - 9 նոյեմբերի, 2013
The matter being taken to the European Court is great news and way overdue. Criminals like Tsarukyan need to be taught that while daylight robbery may be the norm in Armenia, it is not appreciated the world over. The verdict of the European Court will hopefully make the Armenian ruling crooks think twice before they carry on with their usual criminal activities.
2. Haykane14:44 - 1 փետրվարի, 2014
Hargeli toar Carukyan xndrum em inc bnakaran hatkacnek Lchap taxamasum kani vor yes gyumriun chem karox aprel chnayac vor tun ka im anunov ev cnoxners estex en menk ereks el hashmandam enk xndrum em ognek
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված