Կիրակի, 15 դեկտեմբերի

«Չկա ձուկ, չկա պրոբլեմ». փոքր հէկերի ազդեցությունը և բնապահպանական խնդիրները



Փոքր հէկը վերցնում է էկոլոգիական թողքը և ցամաքեցնում գետը: Շահագործողի ագահության և անփութության հետևանքով գետերը ցամաքում են: Ինժեներական խորհրդատվություն տրամադրող «Հիդրոէներգետիկա» ընկերության ներկայացուցիչ Ինեսա Գաբայանն այսօր այս մասին խոսեց «Ցածր ածխածնային զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով վերականգնվող և մաքուր էներգիայի 5-րդ միջազգային համաժողովին:

Ինեսա Գաբայանը ներկայացրեց իրենց ընկերության՝ փոքր հէկերի կայուն զարգացման  ծրագիրը, որն իրականացնում են Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական միջոցներով: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին, կավարտվի մեկ տարուց: Ծրագրի հիմքում բնապահպանական և սոցիալական խնդիրներն են, ուսումնասիրվել են հիդրոէներգետիկայի ոլորտի փաստաթղթերը, վեր հանվել խնդիրները:

Ինեսա Գաբայանը զուգահեռներ տարավ Նորվեգիայի փորձի հետ, որտեղ 30 տարուց ավելի զարգանում է հիդրոէներգետիկայի ոլորտը, տեղի բնակչությունը ներգրավված է փոքր հէկերի շահագործման ոլորտում և որոշակի շահույթ ունի: Նույնը կարելի է անել Հայաստանում: Միևնույն ժամանակ, Ի. Գաբայանը նշեց, որ ծրագրի շրջանակներում աշխատել են տեղական համայնքների հետ, սակայն Նորվեգիայի փորձը տեղայնացնելն այնքան էլ հեշտ չէ:

Այնուամենայնիվ, Ինեսա Գաբայանը կարծում է, որ մեկ-երկու քայլ կարելի է անել համայնքների համար, որպեսզի բնակիչներն օգուտ ունենան: Օրինակ՝ առաջ տանել և խրախուսել այն ծրագրերը, որոնք նպաստում են այդ համայնքների ենթակառուցվածքային զարգացմանը, ասենք՝ ջրագծեր կառուցել, այնուհետև այդ ջրագծի վրա՝ հէկ: Խրախուսել նաև այն ծրագրերը, որոնք թե՛ սոցիալական, թե՛ բնապահպանական տեսանկյունից քիչ վտանգ են ներկայացնում: Կամ՝ այնպես կազմակերպել ոլորտը և օրենսդրական դաշտը, որ գյուղացիներն ավելի էժան էլեկտրաէներգիա ստանան իրենց համայնքներում կառուցված հէկերից: Մինչդեռ Հայաստանում բնակիչները նույնիսկ տեղյակ չեն լինում փոքր հէկերի շինարարության մասին:  

Անդրադառնալով բնապահպանական ազդեցությանը՝ Ի. Գաբայանը նշեց, որ ամենաբարդը էկոլոգիական թողքի խնդիրն է, որն առաջացնում է բնակիչների զայրույթը: Էկոլոգիական թողքի խնդիրը, ըստ ինժեների, կարելի է լուծել՝ տեղադրելով համապատասխան սարքավորումներ, որոնք կիրառվում են Նորվեգիայում:

Կարևոր խնդիր է նաև ձկան պաշարների ատլասի բացակայությունը: Ըստ Ի. Գաբայանի՝ պետք է առաջնային մշակել ատլասը՝ ըստ Հայաստանի գետերի և պարտադիր նշել սահմանափակումները, թե որտեղ չի կարելի հէկ կառուցել: Նորվեգիան, օրինակ, արգելել է սաղմոն տեսակի ձկան «բնակության» գետերի վրա հէկ կառուցել կամ որևէ այլ գործունեություն ծավալել:

Ինեսա Գաբայանը նաև ներկայացրեց իր ամուսնու՝ Գրիգոր Գաբայանի զեկուցումը, որը բացակայում էր Հայաստանից: Ըստ Գրիգոր Գաբայանի պատրաստած ուսումնասիրության՝ Հայաստանում չի գործում գոնե մեկ ձկնուղի, որն ապահովի ձկների միգրացիան ներքևից վերև: Գրիգոր Գաբայանը շուրջ 200 ձկնուղի է ուսումնասիրել հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում և արձանագրել, որ սա լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային մյուս երկրներում: Ձկնուղիների կառուցման նորմատիվային փաստաթղթերը Հայաստանում սովետական ժամանակաշրջանի են: Ռուսաստանը, սակայն, արդեն մի քանի անգամ վերանայել է այդ փաստաթղթերը, իսկ Հայաստանում դեռ գործածության մեջ են հին տարբերակները:

««Չկա ձուկ, չկա պրոբլեմ» սկզբունքով ենք առաջնորդվում»,- նկատեց ներկաներից մեկը:

«Եթե անգամ մարգարիտներով պատենք մետաղը, ձուկն այնտեղով չի անցնում, ձկան համար պետք է բնական պայմաններ ստեղծել, ոչ թե երկաթով կամ բետոնով»,- հավելեց Ինեսա Գաբայանը:

Ըստ Ի.Գաբայանի՝  անհրաժեշտ է նաև հրապարակել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծերը, հաշվետվությունները: Նախագծերը կազմելու համար չկան համապատասխան ուղեցույցներ, ձեռնարկներ, ուսումնասիրություններ, որոնցից նախագծողները կարողանան օգտվել կամ դրանց հիման վրա կազմել նախագծերը:

Չնայած մշտապես նշվում է, որ վերջին տասնամյակում փոքր հէկերի բուռն զարգացում է գրանցվել, սակայն թե ինչ սոցիալ-տնտեսական, բնապահպանական ազդեցություն են ունեցել այդ հէկերը, հայտնի չէ, քանի որ այս ոլորտում նույնպես ուսումնասիրություն չի կատարվել:

«Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել իրավական հիմքերը և կանոնակարգերը: ՇՄԱԳ-ի ընթացակարգը նույնն է, ինչ ատոմակայանինը, օրենքում չկան դասակարգված, ոլորտային մոտեցումներ, որոնք բարդություններ են ստեղծում նախագծման ժամանակ: Օրենքով չի պահանջվում նախնական քննարկում և գնահատում՝ տվյալ տարածքում կարելի՞ է հէկ կառուցել, թե՞ ոչ: Դրա վառ օրինակն էր Թռչկան ջրվեժը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված