Չորեքշաբթի, 24 հուլիսի

Պիտեր Ստանո. «Մենք փորձում ենք գտնել մեր հարաբերությունների համար նոր շրջանակներ»



«Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան»,- BBC-ի «Մեդիահարեւանություն» ծրագրի շրջանակներում Բրյուսելում գտնվող «Հետքի» լրագրողի հարցին ի պատասխան՝ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն պատասխանել է.  «Ինչ տեղի կունենա ապագայում. մենք ոչինչ չենք պարտադրում: Մենք արձագանքում ենք մեր գործընկերների կարիքներին: Եթե որեւէ գործընկեր երկիր ասում է՝ մենք ցանկանում ենք բարձր մակարդակի համագործակցություն եւ ներգրավվածություն, մենք պատրաստ ենք: Եթե ասում է՝ մենք ետքայլ ենք կատարում, շատ լավ: Պրն Ֆյուլեն օրեր առաջ Երեւանում էր՝ ասելու՝ մենք չենք լքում Հայաստանը եւ հայ ժողովրդին, դուք մեր հարեւանն եք, մեր արեւելյան գործընկերը, պատրաստ ենք արձագանքելու երկկողմ հարաբերությունների ձեր ակնկալիքներին: Եկեք այս նոր հանգամանքներում համագործակցենք այն ոլորտներում, որտեղ կարող ենք»:

«Արդյոք Մաքսային միությանը միանալու որոշման մասին պրն Ֆյուլեին Հայաստանում տրված բացատրությունները հասկանալի եւ ընդունելի էին ԵՄ համար»,- հետաքրքրվել է «Հետքը»:

«Մենք հարգում ենք Հայաստանի իշխանությունների որոշումը, մենք չէ, որ պետք է դատենք մեր գործընկերներին: Սակայն մեզ համար կարեւոր է, որ նրանք ազատ կերպով կայացրած լինեն այդ որոշումը: Անընդունելի է մեր գործընկերներին ճնշելը:

Մենք հիմա վերանայման գործընթացի մեջ ենք եւ փորձում ենք գտնել մեր հարաբերությունների համար նոր շրջանակներ՝ օգնելու Հայաստանին իր տրանսֆորմացիան իրականացնելու»:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցում է ավելի քան երեք տարի, որի ընթացքում մոտ 100 մլն եվրո է ծախսվել, «Հետքը» հարցրել է՝ արդյոք ԵՄ-ն իրեն դավաճանված է զգում:

«Մենք չենք վճարում հատուկ գործընթացների համար: Ամեն դեպքում Հայաստանին գումար տրամադրվելու էր երկկողմ համագործակցության շրջանակներում, գումարներ Հայաստանին տրամադրվել են անգամ մինչեւ բանակցությունները սկսելը: Այնպես որ, ուղիղ կապ չկա այդ գումարի եւ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների միջեւ: Կապ, անշուշտ, կա, որովհետեւ որոշ ծրագրեր նպատակուղղված էին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի նախապատրաստմանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանին տրամադրված գումարի նպատակը բոլոր ոլորտներում՝ արդարադատություն, մեդիա միջավայր, քաղաքացիական հասարակություն, օրենքի գերակայություն եւ այլն, Հայաստանի՝  բարեփոխումներ իրականացնելու ջանքերին աջակցելն էր»,- ասել է Պիտեր Ստանոն: 

Լուսանկարը` Սեդա Մուրադյանի, ձախից` Պիտեր Ստանո


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված