Կիրակի, 20 հոկտեմբերի

Արցախում փոքր համայնքներն էլ չեն գազաֆիկացվելու



Երեկ տեղի ունեցավ ԼՂՀ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը: 2012 թվականին կատարված աշխատանքների մասին ծանուցումից հետո Մնացականյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Դաճլիճում ներկա էին նախարարի տեղակալը, նախարարության աշխատակազմի ղեկավարն ու բաժնի պետերը: Լևոն Մնացականյանը 2012-ի սեպտեմբերին է նշանակվել Արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ փոխարինելով Կառլեն Պետրոսյանին:

Հատված Լևոն Մնացականյանի՝ լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանից

Սպասվո՞ւմ է արդյոք ՂՏ բջջային հեռախոսակապի սակագների նվազում:

Բջջային կապի սակագների փոփոխության առաջարկ ներկայացնում է «Ղարաբաղ Տելեկոմը»: Սակագների իջեցումը կախված է շատ հանգամանքներից՝ սպառման ծավալներից, իր կողմից ձեռքբերված կապից և այլն: Սակագները վերջի տարիներին բավականին իջել են, փոփոխություններ կարող ենք ակնկալել, որովհետև, ինչպես տեսնում ենք՝ ունենք սպառման ծավալների աճ, իսկ ինչքան բաժանորդների աճ ունենանք, այնքալ էլ սակագների նվազում ենք ունենալու: Այս տարի, հավանաբար, կսկսի գործել 3G համակարգը, և այն համայնքները, որոնք զրկված էին համանցից, կօգտվեն 3G համակարգից:

Արցախի հեռավոր բնակավայրերում հայկական հեռուստաալիքներ դիտել կարող են միայն արբանյակային ալեհավաքներով: Ե՞րբ է խնդիրը լուծվելու:

Նախատեսում ենք այս տարի գրեթե ամբոջությամբ ավարտել այդ աշխատանքները և Արցախի բնակավայերի 98 տոկոսն ապահովել ռադիոծածկույթով: Արցախում կան մի քանի փոքր համայնքներ, որտեղ ռադիոկապ ապահովելը դժվար է ռելիեֆի պատճառով:

Նախարարն իր զեկույցում նշել էր, որ ջրային համակարգերի ոլորտում 2012 թվականին, ընդհանուր առմամբ, բարելավվել է խմելու և ոռոգման ջրամատակարարումը և ծառայությունների մատուցման որակը:

Ներկայումս արցախցիները 1 խմ ջրի համար մուծում են 100 դրամ: Մնացականյանը ասաց, որ ամեն ինչ անելու են այդ սակագինը պահպանելու համար: Մեկ ամիս առաջ ԼՂՀ կառավարության խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խոսել է ջրի սակագինը չորս անգամ բարձրացնելու մասին՝ ջրամատակարարման ծախսերը վերադարձնելու նպատակով, բայց ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը բացառել է ջրի սակագների վերանայումը:

Ստեփանակերտի բոլոր բնակիչները շուրջօրյա ջրով կապահովվեն հաջորդ տարի: 2011 թվականին ԼՂՀ Արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է «Ջրի ազգային ծրագիրը», ըստ որի՝ բոլոր ջրային ռեսուրսներին պետական կարգավիճակ է տրվում ու նախատեսվում է հանրապետության բոլոր բնակավայրերի ջրային ապահովում:

«Մենք 2012 թվականին իրականացրինք 26 համայնքների ջրային համակարգների լրացուցիչ ուսումնասիրություն և ներկայումս մշակում ենք քառամյա ծրագիր, որով պետք է լուծում տանք այդ համայնքների խնիրներին: Ծրագիրը բխելու է նաև «Ազգային ծրագրից», բայց ունենալու է ավելի կոնկրետ ուղղվածություն՝ թե կոնկրետ որ համայնքներն ինչ ռեսուրներով և ինչ ժամանակաշրջանում պիտի ջրամատակարարմվեն»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Փաստերը ցույց են տալիս, որ շրջաններում ավելի քիչ է գազ օգտագործվում: Մարդկանց ձեռնտու չէ գագ օգտագործել, մանավանդ, երբ սակագները շարունակ բարձրանում են: Որքանո՞վ է արդարացված գյուղերի գազաֆիկացումը:

Ներկայումս գազաֆիկացման ծավալուն աշխատանքներ էլ չեն իրականացվում: Գազաֆիկացումն ունի երկու բաղադրիչ՝ սոցիալական և տնտեսական: Զուտ տնտեսական՝ բիզնես տեսանկյունից, մենք պիտի գազաֆիկացնենք միայն Ստեփանակերտը: Սակայն գազաֆիկացումն իրականացվել է նաև սոցիալական խնդիրները հաշվի առնելով: Մենք ցայսօր նամակներ ենք ստանում տարբեր հեռավոր շրջաններից, ովքեր ցանկանում են գազ ունենալ:

Բայց արդեն փորձում ենք այս հարցին զուտ բիզնես տեսանկյունից նայել, արդեն լայնածավալ գազաֆիկացումը կանգնեցվել է: Որոշ համայքներում ու Ստեփանակերտի որոշ շրջաններում, որտեղ դեռ գազ չկա, փուլ առ փուլ գազաֆիկացում է կատարվում: Բայց փոքր համայնքներն էլ չենք գազաֆիկացնելու:

Էլեկտրոնային հաշվիչների վերաբերյալ կան բողոքներ, որ այն սխալ է գրանցում սպառված էլեկտրոէներգիայի տվյալները: Բաժանորդը ստիպված է լինում վճարել չսպառված էլեկտրաէներգիայի համար:

Եթե հաշվիչի վրա անսարքություն հայտնաբերվի և լաբորատորիան հաստատի, կատարվելու է վերահաշվարկ: Եթե քիչ է վճարել բաժանորդը, պիտի վճարի «Արցախէներգո» ՓԲԸ-ին: Իսկ ի վնաս բաժանորդի գրանցման դեպքում՝ հաջորդ ամիսների ընթացքում վերականգնվում է բաժանորդի վնասները:

2012 թվականին Արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը պետական բյուջեից տարբեր ծրագրերի համար հատկացվել է մոտ 850 միլիոն դրամ, որից 433-ը ուղղվել է էներգետիկայի բնագավառին, 205 միլիոնը՝ ջրային համակարգին, 6 միլիոնը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին, 4,5 միլիոնը՝ տրանսպորտի բնագավառին և մոտ 200 միլիոն՝ կապի բնագավարին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված