Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ինչո՞ւ է սեղմված գազը մոտ երկու անգամ թանկ Արցախում



Արցախցի վարորդները վստահ են, որ տեղական ավտոգազալցակայաններում  սեղմված գազը մոտ երկու անգամ ավելի  թանկ է վաճառվում,  քան Հայաստանում: 

«Ո՞րն է գրեթե երկակի թանկ վաճառելու պատճառը». «Հետքի» հարցին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանը պատասխանեց,  որ, իր անձնական կարծիքով,  դա պայմանավորված է սպառման փոքր ծավալներով. «Հայաստանի մեկ գազալցակայանը սպառում է 10-15 անգամ ավելի շատ գազ, քան տեղական գազալցակայանները: Հավանաբար մեր գազալցակայանները փորձում են այդ մասը հավասարակշռել և իրենց շահույթը պահպանել»:

Նախարարն ասաց, որ հարցը ավելի շատ վերաբերում է արցախցի տնտեսվարողներին, որոնք  մասնավոր ընկերություններ են և ինքնուրույն են սահմանում վաճառքի գինը:  Նա նաև ասաց,  որ Արցախի ու Հայաստանի գազալցակայանները նույն գնով են գազ գնում:

«Շահույթը պահպանելու համար երկո՞ւ անգամ թանկ պիտի վաճառվի». Այս հարցին նախարարը պատասխանեց՝ կրկնելով, որ դա տնտեսվարողի իրավունքն է:

«Իհարկե, մենք վերահսկողության մեխանիզմներ ունենք, ունենք ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով»,- ասաց նախարարը:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ըստ Հանձնաժողովի՝  իրենք իրավասու չեն այս հարցում:

«Այո, իրենք իրավունք չունեն  սեղմված գազի գինը կարգավորել, բայց  շուկան ուսումնասիրվում է,  մենք անցած տարի կատարել ենք ուսումնասիրություն, որտեղ  կան բազմաթիվ խնդիրներ: Մեր գազալցակայաններում ունենք կորուստների մեծ չափ, որոնք նվազացնելու համար պետք է ներդրում կատարել: Հայաստանի գրեթե բոլոր գազալցակայանները դիսպենսերներ են կիրառում, որոնց շնորհիվ կորուստը բավականին նվազում է, ինչը թույլ է տալիս ավելի էժան գնով գազ վաճառել»,- ասաց նախարարը:

Վահան Բադասյանը մի քանի ամիս առաջ «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հանձնաժողովը չի կարողանում միջամտել հատուկ ստրատեգիական նշանակություն ունեցող ապրանքատեսակի մեջ: Նա այս երևույթը մի քանի անձանց կողմից թալան է համարում:

Ապրիլի 15-ի  մամուլի ասուլիսում ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լ.Մնացականյանը մեկ անգամ ևս նշեց, որ  խնդրի հիմնական մասը կապված է սպառման փոքր ծավալների հետ. «Գաղտնիք չէ, որ մենք Լեռնային Ղարաբաղում ունենք սեղմված գազի տասնապատիկ անգամ ու ավելի նվազ  սպառում,  քան Հայաստանում»:  

Ինչ վերաբերում սեղմված գազի որակին,  որի վերաբերյալ էլ են բողոքում վարորդները, նախարարը սուբյեկտիվ մոտեցում է համարում. «Հայաստանից մտնում է նույն գազը, ո՞նց կարող է այստեղ տարբերություն լինի»:

Ըստ նախարարի՝  վարորդները նման բաներ են ասում, որովհետև կարծիք կա, որ Հայաստանում ավելի լավ կամ ավելի շատ են լիցքավորում  «բալոնները». «Ասեմ, որ դա մեկ-մեկ էլ բերում է  պայթյունների: Հայաստանում հաճախ իբր վարորդներին լավություն են անում՝ «բալոններում» ավելի շատ գազ են լիցքավորում, ինչի պատճառով էլ տարին մի քանի անգամ պայթոցներ են արձանագրվում»:

«Գազալցակայանում հնարավոր չէ ինչ-որ նյութ խառնել, դա հնարավոր չէ,- ասաց նախարար Լևոն Մնացականյանը,- չեմ կարող ասել, թե գազալցակայաններում ինչ է կատարվում, բայց գազի որակը համապատասխանում է ստանդատներին և ստուգվում է  լաբորատորիաներում՝  և՛ Հայաստանի  սահմանին, և՛ Հայաստանի ներսում: Ամեն ամիս Լեռնային Ղարաբաղ մտնող գազի որակի համար լաբորատորիայի կողմից տրվում է վավերագիր, որում գրանցված է և՛ գազի կալորիականությունը, և՛ մնացած հատկանիշները»:

Այս կապակցությամբ Վահան Բադասյանը նաև նշել էր, որ Արցախում հաշվիչները  բացարձակ խաբում են. «Յուրաքանչյուր մեքենայից 500-600 դրամ այդպես գողանում են: Ցածրորակ կոմպենսատորներ են օգտագործում»:

Էթնոքաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Սերգեյ Քամալյանը, որը հաճախ է լինում Արցախում, այս իրավիճակն իշխանությունների կողմից հովանավորվող թալան է համարում. «Սա պրոտեկցիոնիզմի վատագույն տարբերակն է, որը կիսաքրեական սլենգով կոչվում է «պրոխոդ տալ»: Շուկայական հարաբերություններ Արցախում չկան, կլինեն այն դեպքում, երբ ցանկացած գործարար կկարողանա գազալցակայան կառուցել»:

Տնտեսագետ Քամալյանը նաև ասաց, որ  թղթի վրա գործարարն այդ հնարավորությունն  ունի, բայց իրականում  նա պիտի ենթարկվի  հովանավորող  իշխանությունների խաղի կանոններին, հակառակ դեպքում՝  կսնանկանա հարկային  և այլ ուժային պատժամիջոցների ճնշման հետևանքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված