ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

«Երեխային հանրակրթության մեջ ներգրավելու առաջին պատասխանատուն ծնողն է»



Հարցազրույց ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հետ

Կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հայտնաբերման եւ հաշվառման ինչպիսի՞ կարգ գոյություն ունի Հայաստանում, եւ որքանո՞վ է դա արդյունավետ:

Այս դաշտը մի քանի օրենքներով է կարգավորվում՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքները: Հիմնական մեխանիզմը հետեւյալն է՝ համայնքի ղեկավարը եւ դպրոցի տնօրենը, որոնք տեղյակ են, որ համայնքում դպրոցահասակ երեխա կա, պետք է նրան անպայման ներգրավեն հանրակրթություն: Բայց խնդիրն այն է, որ հանրակրթություն ներգրավում են միայն ծնողի դիմումի հիման վրա, եւ եթե ծնողը անբարեխիղճ է եւ ցանկություն չունի երեխային դպրոց տանելու, բնականաբար, համայնքի ղեկավարը եւ դպրոցի տնօրենը պետք է համապատասխան աշխատանք տանեն ծնողի հետ, նրան համոզեն, որ նա երեխային զրկում է իր հիմնական իրավունքից՝ կրթություն ստանալու իրավունքից:

Սակայն եթե ծնողը շարունակում է թույլ չտալ, որ երեխան գնա դպրոց, միջամտում է համապատասխան մարզային կառույցը, քանի որ լիազոր մարմին է եւ պատասխանատու է երեխային հաշվառելու եւ հանրակրթություն ներգրավելու համար: Իսկ մարզերում, քանի որ մարզային ենթակայության դպրոցներ են եւ, բնականաբար, լիազոր մարմինը մարզպետարանն է եւ մարզպետը, ապա դա նաեւ մարզպետի իրավասությունների մեջ է մտնում:

Մարզերում կան նաեւ Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովներ, որոնք եւս պետք է ներգավված լինեն այդ աշխատանքում: Կան դեպքեր, երբ նման հանձնաժողովները շատ արդյունավետ են աշխատում, եւ եթե բացահայտվում է, որ համայնքում երեխա կա, որ ծնվել եւ մեծացել է, բայց դպրոց չի գնում, մասնագետներն այցելում են, աշխատում են ծնողների հետ եւ երեխային ներգրավում են հանրակրթություն:

Բայց եթե ծնողը շարունակում է երեխային դպրոց չտանել, օրենքով սահմանված միակ մեխանիզմը դատական կարգով նման ծնողին ծնողական իրավունքից զրկելը եւ երեխային հանրակրթություն ընդգրկելն է, երեխայի իրավունքները վերականգնելը: Պետք է ասեմ, որ Հայաստանում նման դեպք, որքանով որ ես եմ տեղեկացված, որ ծնողին այդ հիմքով զրկեն ծնողական իրավունքից, դեռեւս չի եղել: Բայց դա միակ մեխանիզմն է որպես այդպիսին, որովհետեւ ըստ օրենսդրության՝ երեխային հանրակրթության մեջ ներգրավելու առաջին պատասխանատուն երեխայի ծնողն է:

Մենք ուսումնասիրություններ ենք կատարել եւ պարզել ենք, որ համայնքներում, հիմնականում գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչությունը քիչ է, եւ մարդիկ միմյանց ճանաչում են, կան 14-15 տարեկան երեխաներ, որոնք երբեք դպրոց չեն գնացել: Համայնքապետի անգործության արդյունքում այդ մասին տեղյակ չեն նաեւ վերադաս մարմինները: Ի՞նչ պետք է անել նման պարագայում, եւ ի՞նչ պատասխանատվություն կարող է կրել համայնքապետը կամ դպրոցի տնօրենը, որը նույնպես թաքցրել է փաստը:

Պետք է ասեմ հետեւյալը. ներկա դրությամբ ես տեղյակ եմ, որ քննարկվում է միասնական աջակցման ծառայությունների ստեղծման գաղափարը, որը պետք է զբաղի նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ՝ առողջապահության, սոցիալական, կրթության ոլորտներում: Նոր կառույց են ուզում ստեղծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ, որը պետք է զբաղվի նաեւ այդ հարցերով:

Բայց խնդիրը հետեւյալն է. եթե մարդն անբարեխիղճ է եւ խախտել է օրենքը, բնականաբար, պետք է գործի օրենքի ուժը: Եթե տնօրենը գրանցել է երեխային դպրոցում որպես աշակերտ եւ հրամանագրել է, իսկ հետագայում երեխան չի գնում դպրոց, բայց այն ստանում է համապատասխան ֆինանսավորում, քանի որ մեր երկրում հանրակրթության ֆինանսավորումը երեխայի թվով է, սա նշանակում է ֆինանսական միջոցների յուրացում, պետական բյուջեի փոշիացում եւ, բնականաբար, պատժամիջոցները շատ են՝ նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից հեռացում, քրեական պատասխանատվություն:

Չե՞ք համարում, որ երեխայի թվով ֆինանսավորումը նույնպես շահագրգռող գործոն է, որպեսզի տնօրենները թաքցնեն չհաճախող երեխաների փաստը:

Նման մոտեցումը, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ԱՊՀ երկրներից Հայաստանում առաջինն է ներդրվել երեխա-թվով ֆինանսավորումը, եւ ժամանակին այս ֆինանսավորումը շատ ու շատ խնդիրներ է լուծել հենց դպրոցների համար: Դա ավելի շատ անբարեխիղճ տնօրենների կամ վերահսկողության խնդիր է: Ես հասկանում եմ, թե դուք ինչ եք ասում, դա հնարավորություն է տալիս որոշակի չարաշահումներ իրականացնելու, բայց չկա որեւէ այլ մեխանիզմ, որը հնարավորություն չի տալիս չարաշահումներ անելու:

Խնդիրը հետեւյալն է. չկա օրենք, որ մարդ չմտածի այն շրջանցելու մասին, եթե ինքն անբարեխիղճ է, այսինքն՝ մտածել, որ դա է պատճառը, որ տնօրենները գնում են այդ քայլին, կարծում եմ՝ ճիշտ չէ: Որովհետեւ նույն դեպքում Հայաստանում գործում եմ շատ լավ դպրոցներ եւ ունեն լավ տնօրեններ, որ նման որեւէ քայլի չեն գնում: Խնդիրը նաեւ անհատի մեջ է: Բայց ներկայումս քննարկվում են նաեւ դպրոցների ֆինանսավորման այլ մեխանիզմներ՝ որակի հետ կապված ֆինանսավորում, դասարան-թվով ֆինանսավորում եւ այլն: Քննարկումները շատ-շատ են, բայց կյանքը ցույց է տվել, որ Հայաստանի համար այս համակարգը, որ ներդրվել է ժամանակին, բավականին արդյունավետ է եղել:

Մենք ուսումնասիրություններ էինք կատարում եւ փորձում էինք պարզել 2010-2011 ուսումնական տարում դպրոցից դուրս մնացած կամ ուսումը կիսատ թողած աշակերտների թիվն՝ ըստ մարզերի: Հարցումներ ուղղեցինք տարբեր մարմինների, որոնք հաշվառում են իրականացնում. առաջին հերթին՝ համայնքների ղեկավարներին, մարզպետարաններ, Կրթության եւ գիտության նախարարություն եւ Ազգային վիճակագրության ծառայություն: Տարբեր մարմիններից տարբեր իրարամերժ տվյալներ ստացանք: Համընկնում էին Ազգային վիճակագրության ծառայության եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի համար տվյալները ցույց էին տալիս 106 երեխա, մինչդեռ նույն մարզի համար համայնքերից, մարզի ղեկավարից եւ Կրթության եւ գիտության նախարարից ստացանք 0 տվյալ, այսինքն՝ նման երեխաներ չկան: Այս տարբերությունը ինչպե՞ս կբացատրեք:

Կրթության եւ գիտության նախարարությունը վիճակագրության վարման լիազորությունը հանձնել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին եւ պատահական չէ, որ Ազգային վիճակագրության ծառայության եւ ԿՏԱԿ-ի տվյալները համընկնում են, քանի որ Կառավարության համապատասխան որոշմամբ կրթության առումով վիճակագրությունը վարում ենք հենց մենք: Այսինքն՝ մենք ենք հավաքում տեղեկատվությունը բոլոր դպրոցներից եւ ամփոփելուց հետո փոխանցում Ազգային վիճակագրության ծառայությանը: Բնականաբար, հաստատված ձեւին համապատասխան, որը հաստատում է Ազգային վիճակագրության խորհուրդը եւ նախարարը՝ հրանամով, որը գրանցվում է Արդարադատության նախարարությունում:

Ամեն տարի, տարեկան մեկ անգամ մենք կազմակերպում ենք այդ վիճակագրական տվյալների հավաքագրումը, ամփոփումը եւ տրամադրում ենք Ազգային վիճակագրության ծառայությանը: Ինչ վերաբերում է այլ մարմիններին, որոնք դուք նշեցիք եւ որոնց տրամադրած տվյալները չեն համապատասխանում, կարող եմ ասել, որ կան շատ նրբություններ: Մենք հաշվառում ենք բոլոր այն երեխաներին, որոնք կյանքում գոնե մեկ անգամ մտել են դպրոց, այսինքն՝ հրամանագրվել են որպես աշակերտ եւ հետագայում անավարտ են թողել կրթությունը կամ հեռացել են դպրոցից: Բայց քաջ գիտակցում ենք, որ կան երեխաներ, որոնք ընդհանրապես դպրոց չեն գնացել, այսինքն՝ այդ դեպքում նրանք մեր հաշվառումից ուղղակի դուրս են մնում որպես այդպիսիք:

Մենք վարում ենք վիճակագրություն հանրակրթության ոլորտի ուսումնական հաստատությունների մասով, եւ այն երեխան, ով երբեք չի գրանցվել դպրոցում, մենք նրա մասին տեղեկություն չենք էլ կարող ունենալ: Կան նաեւ որոշակի խնդիրներ վիճակագրական հաշվետվային ձեւի հետ կապված՝ մեթոդաբանության առումով: Մենք այս տարի դա շտկել ենք, այսինքն՝ տնօրենները հաշվետվային ձեւը հասկանալու եւ ճիշտ լրացնելու խնդիր ունեին: Երբ աշակերտը անավարտ է թողնում ուսումը, պետք է նշել պատճառները: Պատճառների թվում նշված է՝ ցանկության բացակայություն, ծնողները թույլ չեն տալիս, սոցիալական վիճակ եւ այլն:

Հետագայում երբ պարզվեց, որ թիվը շատ մեծ է ստացվում, մենք զանգում էինք դպրոցներ եւ տեսնում, որ օրինակ՝ «ցանկության բացակայություն» պատճառը տնօրենը բացատրում է այնպես, որ աշակերտը չի ուզում իր դպրոցում սովորել: Քանի որ մենք տեղեկատվությունը ստանում ենք անմիջապես դպրոցից եւ իրավունք էլ չունենք հետո փոփոխություն անելու, կարող են լինել նաեւ վրիպումներ: Իհարկե, մեր մասնագետները փորձում են միշտ կապ հաստատել, պարզաբանումներ տալ եւ ստուգել, որ առավելապես ճիշտ լրացվի, բայց որոշակի շեղումներ կարող են լինել: Անցյալ տարի մենք համագործակցության փորձ ենք արել մնացած բոլոր կառույցների հետ:

Երբ մենք ամփոփեցինք տվյալները եւ բացահայտեցինք այդ երեխաներին՝ հեռացած կամ ուսումն անավարտ թողած, Կրթության եւ գիտության նախարարությունը միջնորդեց բոլոր կառույցներին, բոլոր այն լիազոր մարմիններին, ում ենթակայության տակ են այդ դպրոցները, քայլեր ձեռնարկել: Երբ մի դպրոց նշել է, որ այսքան երեխա անավարտ է թողել կամ ցանկության բացակայության, հաշմանդամության պատճառով չի հաճախել դպրոց, որտե՞ղ է այդ երեխան, պարզաբանում պահանջել, որպեսզի հետագայում մենք մեր խնդիրը կարողանանք լուծել:

Տեղեկատվության փոխանակման բավականին հետաքրքիր մեխանիզմ է սա, եւ մենք ստացանք շատ մարզերից նաեւ տեղեկատվություն, որտեղ գործադրվել են ջանքեր, ու մի քանի երեխաներ, որոնք ցանկության բացակայության պատճառով կամ սոցիալական խնդիրներից ելնելով չէին գնում դպրոց, հիմա արդեն ներգրավված են դպրոցում: Կարծում եմ՝ այս մեխանիզմը կշարունակենք իրագործել, այս տարի էլ երբ հավաքենք վիճակագրական տվյալները եւ ամփոփենք, եթե այդ թվերը լինեն, դարձյալ կդիմենք համապատասխան նամակով այդ մարմիններին, եւ քայլեր կձեռնարկվեն:

Եթե տնօրենները Ձեզ փոխանցում են այդ տվյալները, ինչու՞ այդ նույն ինֆորմացիային չի տիրապետում մարզպետարանը:

Մարզպետարանն ունի այդ տեղեկատվությունը, վիճակագրության հավաքագրման ընթացքում դպրոցի կողմից տվյալները թղթային տարբերակով լրացվելուց հետո դրա մեկ օրինակը հանձնվում է համապատասխան մարզպետարան: Մենք ստանում ենք էլեկտրոնային տարբերակը, որը հատուկ ծրագրով ենք անում եւ բազա ունենք, հետագայում տվյալները վերլուծվում եւ ամփոփվում են: Մարզպետարանը պետք է ունենա այդ վիճակագրական տվյալները:

Որքանո՞վ է արդյունավետ տնային ուսուցման եւ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպումը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ երեխաների, ովքեր տնային ուսուցման կարիք ունեն, երբեւէ մանկավարժ չի այցելել: Նրանք անգամ տառաճանաչ չեն:

Մենք նորից խոսում ենք անբարեխիղճ մարդկանց մասին: Տնային ուսուցման կազմակերպումը, որպես այդպիսին, կրթության կազմակերպման ընդունված տարբերակ է աշխարհի շատ երկրներում: Երեխան, որը հնարավորություն չունի տնից դուրս գալու, թեկուզ ժամանակավոր, նրա համար պետք է կազմակերպվի տնային ուսուցում, եւ նա, բնականաբար, հաշվառված է դպրոցում: Ուսուցիչը պետք է այցելի երեխային, նա պետք է մնա կրթության մեջ, շարունակի ծրագրով առաջ գնալ: Այն ինչ դուք ասում եք, որ ուսուցիչները չեն այցելում, եւ երեխան տառաճանաչ էլ չի, էլի գործ ունենք անբարեխիղճ մարդկանց հետ, որոնք չեն իրականացնում իրենց գործառույթները:

Ներառական կրթության կամ հատուկ կրթության կազմակերպման մասով պետք է ասեմ, որ երկու մոտեցում կա՝ հատուկ կրթություն եւ ներառական կրթություն, այսինքն՝ ներառական կրթական համակարգ: Հայաստանը անցում է կատարել ներառական համակարգին: Քայլ առ քայլ, ներկա դրությամբ Հայաստանում կա մոտ 97 դպրոց, որոնք ճանաչված են որպես ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, կարծում եմ՝ շուտով, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, կլինի այդ օրենքի նախագծի քննարկումը, Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ անցում կկատարի դեպի ներառական կրթական համակարգին, ինչը ենթադրում է, որ մոտակա հինգ տարիների ընթացքում Հայաստանի յուրաքանչյուր դպրոց պետք է պատրաստ լինի առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխային ընդունել դպրոց եւ կազմակերպել նրա կրթությունը:

Բայց կշարունակենք պահպանել նաեւ հատուկ դպրոցները, քանի որ կլինեն եւ կան նաեւ ծանր դեպքեր, եւ ծնողը կորոշի, թե երեխան որտեղ կրթություն կստանա: Կարծում եմ՝ այդ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն: Ներկայումս մենք փորձարկում ենք նաեւ հեռահար ուսուցման դասընթացների կազմակերպման մեխանիզմները: «Հանրակրթության մասին» օրենքը նաեւ պահանջում է, որպեսզի լինի նման ուսուցման կարգ, այսինքն՝ հեռահար ուսուցում, դա ենթադրում է նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կրթության կազմակերպում:

Ներկա դրությամբ մի քանի դասընթաց արդեն փորձարկվել է՝ որպես, իհարկե, լրացուցիչ կրթություն: Արդյունքների ամփոփումից հետո շատ հնարավոր է, որ Հայաստանում եւս կիրառվի այդ տեխնոլոգիան որպես հիմնական կրթության մեխանիզմ: Այսինքն՝ այն երեխան, որը չի կարող տնից դուրս գալ եւ այցելել դպրոց, կկարողանա նորագույն տեխնոլոգիաների միջոցով ստանալ իր կրթությունը թեկուզ տանը: Բայց դա կվերաբերի միայն այն երեխաներին, որոնք իրոք չեն կարողանում դպրոց գնալ:

Լուսանկարը՝ Արտակ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Տես նաև «Ճամփից դուրս» տեսանյութը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված