Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Արցախում բարեգործական համերգ են կազմակերպել՝ 4-ամյա Էդուարդին օգնելու համար



Ապրիլի երկուսին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ» ուսանողական նախաձեռնության բարեգործական համերգը: Համերգից ստացված հասույթը ամբողջությամբ կփոխանցվի «Արցախբանկում» բացված չորսամյա Էդուարդի անվանական հաշվեհամարին:

Կազմակերպիչները մի քանի օր շարունակ «Ֆեյսբուքի» միջոցով ինֆորմացիա էին տարածում  կայանալիք համերգի մասին, որի մեկ տոմսի արժեքն էր 500 դրամ: Ուսանողների մասնակցությամբ համերգը բազմաժանր էր՝ հիփ-հոփից մինչև գնչուական ու հայակական պարեր, յուրաքանչյուրը ի ցույց էր դրել իր ընդունակությունները:

Համերգի ընթացքում հանդիպեցինք Էդուարդ Արզումանյանի հորը՝  Գուրգեն Արզումանյանին: Նա ասաց, որ չորսամյա երեխան ի ծնե պաթոլոգիա ունի՝ կերակրափողի ատրեզիա, ու արդեն հասցրել է ութ վիրահատություն տանել:

«Այսինքն՝ երեխան ծնվել է առանց կերակրափողի, նրան փրկելու համար հաստ աղիքից մի հատված կտրեցին ու տեղադրեցին կերակրափողի փոխարեն: Սակայն սնունդը դժվար է անցնում կերակրափողով, այն սեղմվում է: Այդ պատճառով էլ ամեն անգամ տանում ենք Երևան վիրահատելու, ու ամեն անգամ նույն պատմությունն է կրկնվում»,- բացատրեց Էդուարդի հայրը:

Այժմ երեխան հատուկ վիրահատության կարիք ունի՝ պետք է կերակրափողի փոխպատվաստում կատարել:

«Ուզում ենք տանել արտերկիր. կա՛մ Իսրայել, կա՛մ էլ Գերմանիա: Արդեն թել-ավիվյան կլինականերից մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, վիրահատության համար մոտավորապես 55-57 հազար դոլար է անհրաժեշտ»,- նշեց հայրը: 

Պիցցերեայի առաքիչի համար դա չափազանց մեծ գումար է, հատկապես, որ նա սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Գուրգենը փախստական է Բաքվից, 23 տարի շարունակ ընտանիքով բնակարան է վարձում: 

«Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդը» ստեղծվել է 2012 թ.-ի դեկտեմբերին՝ Արցախի մի քանի  բուհերի ուսանողության նախաձեռնությամբ, ովքեր կամավոր սկզբունքով երեխայի  օգնության համար տարբեր միջոցառումներ են կազմակերպել:

Գուրգեն Արզումանյանի հավաստիացմամբ՝  դեռ երեխայի համար բացված հաշվեհամարի հաշվեկշիռը զրո է: Նա հույս է պահում, որ լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգը կարող է բարեհաջող մեկնարկ  լինել՝ գումարի հայթայթման համար:  

«Իմ միակ հույսը բարեգործությունն է»,- ասում է Գուրգենը:

Եթե Էդուարդին  այս անգամ էլ կերակրափողի փոխպատվաստում չկատարեն, ապա տարիներ շարունակ կերակրափողի ճնշման պատճառով պիտի նորից ու նորից վիրահատեն:

«Ես իմ փորձից գիտեմ, որ նարկոզը քայքայում է մարդու համակարգը, բայց ի՞նչ ասել չորս տարեկան երեխայի մասին, որը 52 ժամ նարկոզի տակ է գտնվել»,- ասաց երեխայի հայրը: 

Գուրգենը պատերազմի ժամանակ կորցրել է երկվորյակ  եղբորը,  իսկ ինքը պատերազմին մասնակցել է ԼՂՀ ազգային հերոս Աշոտ Ղուլյանի վաշտում: Պատերազմի ժամանակ վաշտի տղաները Գուրգենին տվել են Ճուտո մականունը:

«Արցախբանկում» Գուրգեն Էդուարդի Արզումանյանի անվամբ բացված հաշվեհամարն է 22300810465301:

Գուրգեն Արզումանյանի կոնտակտները

Հեռ. +37497359390  

         +374971701

Էլ. փոստ՝  www.gurgenarzumanyan1972@mail.ru

Լուս.՝ «Ֆեյսբուքից»


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված