ՈՒրբաթ, 19 հուլիսի

Պայքարի նոր փուլ՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության համար



Աշխարհում կանայք ավելի շատ մահանում են բռնությունից, քան քաղցկեղից, ՁԻԱՀ-ից եւ անգամ ռազմական գործողություններից միասին վերցրած: 61 մլն երեխա, որից 55%-ը՝ աղջիկ, չի գնում դպրոց եւ չունի տարրական գրագիտություն: Կանանց իրավունքներն աշխարհում, մասնավորապես՝ ֆրանսախոս տարածաշրջանում, որն ընդգրկում է 77 երկիր (այդ թվում՝ Հայաստանը, որը 2012-ին դարձել է Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ)՝ 220 մլն բնակչությամբ, հետընթաց են ապրել, ուստի պետք է մեկտեղել ուժերը՝ բռնությունները դադարեցնելու, կանանց կրթության իրավունքը, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն ապահովելու, հանդուրժողականությունը համընդհանուր նորմ դարձնելու համար: Այս ահազանգը հնչեցրին աշխարհի հինգ մայրցամաքի երկրներից Փարիզ ժամանած ավելի քան 400 կանայք, որոնք իրենց երկրներում պայքարում են կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության համար:

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օրվա կապակցությամբ, Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի արտգործնախարարության պատվիրակված նախարար, նախկինում՝ գրող, վավերագրող եւ ռեժիսոր Յամինա Բենգիգիի եւ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ Փարիզում կայացավ Կանանց համաշխարհային առաջին ֆորումը, որը Ֆրանսուա Օլանդի կառավարությունը մտադիր է դարձնել ամենամյա: Արտգործնախարարության հրավերով ֆորումը լուսաբանելու էր հրավիրվել նաեւ «Հետքի» թղթակիցը: 

Ֆրանսիայի մտահոգությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային մակարդակով, այլեւ հենց երկրի ներսում կանանց իրավունքների հետընթացով, որտեղ տարեկան 75,000 կին (ասել է թե՝ յուրաքանչյուր 7 րոպեն մեկ) դառնում է բռնության զոհ փողոցում, աշխատավայրում կամ ընտանիքում: Ֆրանսիայում կանայք 22-28%-ով ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ՝ ունենալով նույն կրթությունը եւ փորձառությունը: Եվ ֆինանսական ճգնաժամից առաջինը դարձյալ տուժում են կանայք՝ հայտնվելով կրճատման վտանգի առաջ:

Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կանանց իրավունքների պաշտպանությունը եւ առաջմղումը հռչակել է իբրեւ առաջնահերթություն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ ձեւավորելով պարիտետային կառավարություն՝ կանանց եւ տղամարդկանց 50/50 մասնակցությամբ գործադիր բոլոր մարմիններում: 26 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է Կանանց իրավունքների նախարարությունը, որը ղեկավարում է երիտասարդ մարոկկուհի, կառավարության խոսնակ Նաժատ Վալո-Բելկասեմը: Ինչպես ֆորումի փակման արարողության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը. «Մենք նպատակ ունենք կերտել կանանց իրավունքների երրորդ սերնդի պատմությունը: Քաղաքական իրավունքներից հետո, 1970-ականներին նվաճված սոցիալական իրավունքներից հետո խոսքը կանանց եւ տղամարդկանց միջեւ իրական հավասարության հաստատման մասին է՝ հավասար վարձատրություն, կյանքի ժամանակի հավասար բաշխում, ճակատագրերի հավասարություն»:

Կանանց եւ տղամարդկանց հավասար նեկայացվածություն կա նաեւ Սենատում, բայց ինչպես վկայեցին ֆորումի բանախոսները՝ ներկայացվածությունը, օրենքների ընդունումը որեւէ երկրում բավարար չէ կանանց խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար: Անհրաժեշտ է ապահովել օրենքի կիրարկում, հասարակության մտածելակեպի փոփոխություն եւ կարծրատիպերի հաղթահարում:

Ֆորումի քննարկման թեմաները երեքն էին՝ 1) կանանց պաշտպանությունը. ինչպես դադարեցնել բռնությունները եւ ապահովել նրանց իրավունքները, 2) ապագայի կառուցումը. ինչպես ապահովել աղջիկների եւ կանանց կրթությունը՝ գրագիտությունից մինչեւ բարձրագույն կրթություն, եւ 3) Կանայք՝ որպես զարգացման գործող անձինք:  

Երբ բռնությունը դառնում է սովորական երեւույթ

Բժիշկ գինեկոլոգ Դենիս Մուկվեգը Կոնգոյի դեմոկրատական հանրապետության արեւելյան հատվածում հիվանդանոց ունի: 12 տարվա ընթացքում նա 30 հազար բռնաբարված կնոջ վիրահատություն է իրականացրել, որոնք եղել են 12-45 տարեկան: Վերջին սարսափելի դեպքը, որի մասին նա պատմեց ֆորումի մասնակիցներին, երկու տարեկան աղջնակի բռնաբարությունն էր մի խումբ զինված անձանց կողմից: Բժիշկը վկայում է, որ արդեն տասնութ տարի Կոնգոյի հարեւան երկրների՝ Ռուանդայի եւ Ուգանդայի սանձազերծած ագրեսիայի պատճառով այս երկրում կնոջ մարմինը դարձել է պատերազմի զենք:

Ժյուլեն Լյուսենժը, որը ղեկավարում է կոնգոլացի կանանց հիմնադրամը, վկայում է, որ զինված խմբավորումները զանգվածային բռնությունների են ենթարկում կոնգոլացի կանանց, եւ այն քչերը, ովքեր բողոքում են (մեծ մասը լռում է՝ ընտանիքի «պատվի» նկատառումներով), հետագայում սպանվում են բռնություն գործադրածների կողմից: Ֆորումի ընթացքում ցուցադրված մի վավերագրական ֆիլմի հերոսուհին ասում էր, որ Կոնգոյում կինը կարեւոր անձ չէ հասարակության մեջ, եւ անգամ իր որդին ասում է՝ դու ընդամենը կին ես, ի՞նչ կարող ես ինձ ասել:

Բռնությունների հետ կապված խնդիրներն առավել սրությամբ դրված են աֆրիկյան եւ արաբական երկրներում, որոնց վրա էլ ֆորումի նախաձեռնողները սեւեռել էին ուշադրությունը: Սակայն բանախոսները եւ դահլիճում ներկա աֆրիկացի կանայք իրենց վրդովմունքն էին արտահայտում միջազգային հանրության անտարբերության կապակցությամբ, որը կոնկրետ քայլեր չի անում աֆրիկյան մայրցամաքի այդ հատվածում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Բժիշկ Մուկվեգը հիշում է, որ երբ ինքը վիրահատում էր երեք տղամարդու, որոնց զրկել էին առնանդամից բռնաբարության համար, անգամ «Նյու Յորք թայմսի» թղթակիցն էր եկել Կոնգո ռեպորտաժ պատրաստելու, բայց երբ ամեն օր հազարավոր կանայք են բռնաբարվում, միջազգային հանրությունն ու մամուլը լռում են: Նրանք մեղադրում էին արեւմտյան պետություններին՝ Կոնգոյի «բալկանացման» (բալկանյան սցենարը Կոնգոյում կրկնելու-հեղ.) եւ նրա բնական ռեսուրսներին տիրանալու մտադրության համար:  

Որակյալ կրթություն բոլորի համար

Եթե զարգացող երկրների ներկայացուցիչները ֆորումի ժամանակ առաջադրում էին կանանց եւ աղջիկների համար կրթության մատչելիության հարցը, ապա եվրոպական երկրների ներկայացուցիչները բարձրաձայնում էին կրթության որակի հարցը: Արաբական երկրներում աղջիկները տարբեր պատճառներով՝ հարկադրված վաղ ամուսնություն, աղքատություն, պահպանողական ավանդույթներ եւ այլն, չեն հաճախում դպրոց, հաճախողներից շատերը դպրոցում դառնում են ուսուցիչների ոտնձգությունների զոհը, եւ ծնողները հրաժարվում են այլեւս ուղարկել: Ֆորումին ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խնդրի լուծման միջոց համարեցին՝ Ֆրանկոֆոնիայի անդամ պետություններին պարտադրել ապահովել միջնակարգ կրթություն բոլորի համար՝ անկախ կրոնական, մշակութային եւ այլ առանձնահատկություններից:

Ֆրանսիացիներին մտահոգում է դեռահաս, անգամ մանուկ երեխաների գերսեքսուալացումը: Այնպիսի մի երեւույթ, ինչպիսին է դպրոցական աղջիկների եւ ուսուցիչների, ուսանողուհիների եւ դասախոսների միջեւ սեռական հարաբերությունը գնահատականի համար, ըստ բանախոսների, երեխաների գերսուքսուալության եւ կրթական համակարգում սեռերի մասին կրթության բացակայության արդյունք է: Ֆրանսիայի Սենատի անդամ, Կանանց իրավունքների եւ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասար հնարավորությունների պատվիրակության նախագահ Բրիջիտ Գոնտիե-Մորենը այս ամենի մեջ տեսնում է գեղեցկության մրցույթների եւ նմանատիպ քարոզչության մեղքը, ինչպես նաեւ՝ տղաների դաստիարակության սխալ մոտեցումները:

Ֆորումի երրորդ կլոր սեղանի ժամանակ Թունիսի, Եգիպտոսի, աֆրիկյան տարբեր պետությունների պատվիրակ կանայք ներկայացնում էին պայքարի այն ուղին, որ անցել են հաջողության հասնելու համար:

Ֆորումի ավարտին ներկաները ստորագրեցին «Ֆրանսախոս կանանց կոչը», որը երեկոյան Ելիսեյան պալատում հանձնվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որպեսզի վերջինս, որպես կանանց խոսնակ, իր կոլեգաներին փոխանցի նրանց ուղերձը: Կոչում, այլոց թվում, ֆորումի մասնակիցները պահանջում են.

  • կառավարությունների եւ պետությունների ղեկավարներից՝ վերանայել, բարեփոխել կամ վերացնել այն բոլոր օրենքները, կանոնակարգերը, քաղաքականությունը, պրակտիկան եւ ավանդույթները, որոնք խտրական բնույթ ունեն կանանց համար,
  • կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունները վերաբերում են բոլոր հասարակություններին եւ հիմնական խոչընդոտ են կանանց հիմնարար իրավունքների իրացման ճանապարհին: Այդ բռնությունների դեմ պետք է պայքարել՝ առանց ավանդույթների, սովորույթների կամ կրոնի տարբերակման, եւ դրանք չպետք է մնան անպատիժ,
  • հասարակության մեջ կանանց լիիրավ հավասարությունը պետք է արտահայտվի կրթության հավասար հնարավորությամբ,
  • կանանց դերը երկրների զարգացման գործում պետք է լիիրավորեն ճանաչվի եւ քաջալերվի՝ ապահովելու նրանց ինքնավարությունը եւ նրանց ստեղծարար կարողություններն ի նպաստ դնելու հասարակության առաջխաղացման համար,
  • բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, միայն կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությամբ է պայմանավորված շարունակական զարգացումը, 
  • պահանջում ենք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության անդամ-պետություններից այս թեման կենտրոնական դարձնել 2014-ին Սենեգալի մայրաքաղաք Դաքարում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված