Շաբաթ, 14 դեկտեմբերի

Հաղթական հրաժեշտ Հովսեփյանին. Հայաստան-Լիտվա՝ 4-2



Հայաստանի հավաքականը պատմության մեջ իր 150-րդ խաղն ավարտեց գեղեցիկ հաղթանակով՝ Երեւանում 2 գնդակի առավելությամբ հաղթելով մերձբալթյան երկրի ընտրանուն: Թիմի 150-րդ հոբելյանական հանդիպումը հավաքականի այլեւս նախկին ավագ, 40-ամյակը բոլորած Սարգիս Հովսեփյանի համար 132-րդն էր: Ռեկորդակիր պաշտպանը, որը 1992-ից՝ 20 տարի, խաղում է ազգային ընտրանու կազմում, մասնակից է եղել թիմի բոլոր վայրէջքներին ու վերելքներին, դարձել է նաեւ 2 գոլի հեղինակ, ըստ նախատեսվածի, հանդիպման արդեն 4-րդ (Սարգսի մարզաշապիկի համարն է) րոպեին փոխարինվեց եւ ծափահարությունների ներքո թողեց «Հանրապետական» մարզադաշտը: Ընդմիջման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լեգենդար ավագին նվիրեց «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգեւատրեց ոսկե մեդալով: Ինչպես արդեն նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հովսեփյանը կմնա թիմի կողքին, նրա համար աշխատանք արդեն նախատեսված է:

Բուն խաղի մասին: Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մեր ընտրանու գրոհներով, եւ առաջին լուրջ հարվածը պսակվեց հաջողությամբ. Մխիթարյան-Արաս-Մանուչարյան կոմբինացիան ավարտվեց Էդգարի հարվածով: Գնդակը հայտնվեց ցանցի հեռավոր անկյունում: Դա Մանուչարյանի 7-րդ գոլն էր ազգային թիմում: Քիչ անց Մանուչարյանը վնասեց մկանը ու փոխարինվեց, ինչը եղավ նաեւ կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ: Ռուսաստանի առաջին լիգայում խաղացող այս երկու ֆուտբոլիստների համար դժվար էր այն տեսանկյունից, որ նրանց թիմերը խաղերն անցկացնում են երկուշաբթի օրերին, եւ ֆիզիկական հոգնածությունը մեծապես ազդեց երկուսի վրա էլ:

Մինասյանն այս խաղում շեշտը դրել էր հատկապես եզրային պաշտպանների փորձարկումների վրա, քանի որ աջ պաշտպան Հովսեփյանի հեռանալուց հետո նրան փոխարինելու խնդիր է առաջացել: Տարբերակներ կան, բայց պետք է ընտրել լավագույնը, ինչը փորձում էր անել գլխավոր մարզիչը: Չեխիայի հետ գալիք պաշտոնական խաղին ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը թերեւս պատրաստ լինի, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ էր նաեւ ձախ գծի խաղացողի հարմար տարբերակներ փորձել: Մինասյանը փոխատեղում էր կատարել. Հովսեփյանին աջում փոխարինեց սովորաբար ձախ թեւում հանդես եկող Արտակ Եդիգարյանը, ինչը մի փոքր անակնկալ էր, քանի որ Կամո Հովհաննիսյանը, ում սովոր ենք տեսնել աջ գծում, հանդիպման հենց սկզբից խաղաց ձախ կողմում ու իրեն բավականին հաջող դրսեւորեց: Այսպիսով՝ ձախ պաշտպանի գոտում ունենք Լեւոն Հայրապետյանին, Արտակ Եդիգարյանին, Կամո Հովհաննիսյանին: Սակայն այս ունիվերսալ խաղացողներից Լեւոնը կարող է հանդես գալ նաեւ ձախ կիսապաշտպանի գոտում, ինչը տեսել ենք, Արտակն ու Կամոն երեկ գրագետ խաղ անցկացրին աջ եւ ձախ գոտիներում, աջում տեսանք նաեւ Հովհաննես Համբարձումյանին: Աջ գիծը կենտրոնականներ Մկոյանի ու Արզումանյանի առկայության դեպքում կարող է փակել նաեւ Վալերի Ալեքսանյանը: Մի խոսքով՝ տարբերակները շատ են, Մինասյանին մնում է ընտրել տվյալ պահին լավագույն մարզավիճակում գտնվողներին, չնայած խաղից հետո նշել է, որ խնդիրներ այդ գծում դեռ կան:

Չեխիայի հետ մարտյան հանդիպումը դեղին քարտերի պատճառով բաց կթողնեն Մկոյանը եւ հենակետային կիսապաշտպաններ Կառլեն Մկրտյանն ու Արթուր Եդիգարյանը: Մինասյանը նաեւ այս երկուսին փոխարինող գտնելու խնդիր ունի. տարբերակներ կան՝ Յուսպաշյան, Ոսկանյան, Մանոյան, Մխիթարյան:

Արասի բենեֆիսը

Երեկվա խաղում Կառլենը շատ հաջող գործեց: Նա անընդհատ պայքարի մեջ էր, դաշտի կենտրոնում հսկում էր իրավիճակը, մասնակցում գրոհներին: 48-րդ րոպեին Մխիթարյանի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին ու հետ եկավ, որին տիրեց Մկրտչյանը ու, չնայած նրան հետեւից գցեցին, ոտքի կանգնեց ու գնդակը գլորեց դարպասը: Մխիթարյանի հարվածի պահին Կառլենն ակնհայտ խաղից դուրս վիճակում էր ու արդարության համար ասենք, որ եզրային մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց: Երկրորդ գոլը կարծես ընկճեց մրցակցին, ու հայերի գրոհներն ավելի ակտիվացան: 59-րդ րոպեին Ղազարյան-Մխիթարյան-Արաս-Մխիթարյան դասագրքային գրոհը, որն ավարտվեց գոլով, իսկապես աչք շոյեց: Հենրիխն ազգային թիմում խփեց իր 10-րդ գոլը, եւ Արթուր Պետրոսյանի լավագույն ցուցանիշից նրան բաժանում է մեկ գնդակ: 

Երեկվա խաղում տեսանք, որ Արասն ու Հենոն արդեն լավ հասկանում են իրար, նրանց համատեղ գործողությունների արդյունքում խփվեց երեք գոլ, ընդ որում՝ երկուսը՝ միմյանց հետ պատ խաղարկելուց հետո: «Կուբանի» կազմում մշտապես խաղադաշտ դուրս եկող Օզբիլիզը լավ մարզավիճակում է, ու աջ եզրում անհասանելի էր լիտվացիների համար հատկապես շնորհիվ իր տեխնիկայի ու բաց տարածություն գտնելու ունակության: Արասի ֆոնին փոքր-ինչ խամրած տեսք ուներ նրա թիմակից Մարկոսը, որը վերջերս հիմնականում փոխարինում է հենց Արասին ու մեծ հաշվով խաղալու քիչ ժամանակ է ստանում: Պիզելին մեկ-երկու հնարավորություն ունեցավ հարվածելու կամ ընկերներին հարվածի դուրս բերելու, սակայն հապաղեց ու կորցրեց պահը: Ղազարյանն էլ աչքի չընկավ գոլով, սակայն հատկապես մերոնց չորրորդ գոլից հետո ձգտում էր խփել իր գնդակը ու մի քանի լավ հարված կատարեց՝ լարվածության մեջ պահելով մրցակցին:

3-0 հաշվի ժամանակ մի պահ «հորանջեց» աջ պաշտպան Համբարձումյանը, ու Ռիմկյավիչուսը գեղեցիկ հարվածով սուր անկյունից գնդակը կախեց Բերեզովսկու վրայով՝ 3-1: Ռոմանը փակել էր մոտակա անկյունը, ինչը պարտավոր էր անել, բայց այդպիսի գրագետ հարվածի պարագայում գոլն իրոք անխուսափելի էր: Շատ չանցած՝ Արասը դրսեւորեց իր վարպետությունը, անցավ երկու խաղացողի, պատ խաղարկեց Հենրիխի հետ ու գնդակը կախեց լիտվացիների դարպասի վրա: Ճիշտ է՝ գնդակին դիպավ մրցակցի պաշտպան Ստանկյավիչուսը, բայց դա վաստակած գոլ էր: 1 գոլ, 2 գոլային փոխանցում, գեղեցիկ ու գրագետ խաղ. սա Արասի ցուցադրած ֆուտբոլն էր երեկ, որին նախկինում գոնե ազգային թիմում ականատես չէինք եղել:

Խաղի վերջին 10 րոպեներին մեր թիմը որոշ դրվագներում ավելորդ ինքնավստահություն դրսեւորեց: Մասնավորապես՝ Կառլեն Մկրտչյանը պարզագույն հարվածով գնդակը տուգանայինից հեռացնելու փոխարեն որոշեց անձամբ դուրս գալ այնտեղից ու արդյունքում վայր գցեց վրա հասած մրցակցին, որը դրան էլ ձգտում էր: Ռիմկյավիչուսը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ 4-2: Խաղավերջում հայ ֆուտբոլիստները շարունակ մանր խախտումներ էին թույլ տալիս՝ գցելով տեմպը, զգացվում էր նաեւ հոգնածություն նրանց գործողություններում: Բավական է նշել, որ մեր թիմը հանդիպումն ավարտեց գրեթե երիտասարդական կազմով, ինչն ուրախալի է այն տեսանկյունից, որ պահեստայինների նստարանը կարճ չէ, սակայն որոնումների գործընթացը դեռ չի ավարտվել:      

Լուս. Ավետիս Ղազանչյանի (uefa.com)


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Artak16:30 - 15 նոյեմբերի, 2012
մեր գործակիցը http://www.footballseeding.com/national-ranking-uefa/armenia/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված