Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

Այս քաղաքն ավերվել է մարդու կողմից



Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնագետ Գագիկ Սարգսյանը և ԼՂՀ  զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը պատմեցին մոտ երկու տարի առաջ հայտնաբերված Կարկառ քաղաքի մասին: Հանդիպումը տեղի ունեցավ պեղումնավայրում,  քաղաքի մասին պատմեց Գագիկ Սարգսյանը` ցույց տալով պեղումները:

Կարկառը հնագույն և վաղ միջնադարյան քաղաք է, այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արևելք և Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս:

«Հայտնի էր, որ Ղարաբաղում կար նշանավոր մի քաղաք, որի մասին ավանդված է արաբական, հայկական, պարսկական և վրացական աղբյուրներում: Նրանք նշում են, որ քաղաքը կառուցել է Պարսից թագավոր Խոսրով Անուշիրվան»,- ասում է Կարկառում պեղումներ իրականացնող հնագետ Գագիկ Սարգսյանը:

Ատրուշան: Երկհարկանի համալիրի նկուղային 
հարկն է: Աղյուսը և մայր հողը կավե են, որի 
պատճառով հնագետները մեծ դժվարությամբ 
են իրարից առանձնացրել:

Սակայն Պարսից թագավոր Խոսրով Անուշիրվան ոչ թե կառուցել, այլ վերակառուցել է քաղաքը. «Քանի որ բոլոր պատմիչները թագավորի ներկայացուցիչներն են լինում, ամեն ինչ վերագրում են իրենց թագավորին: Բայց մենք ապացուցեցինք, որ քաղաքը շատ ավելի վաղ է կառուցվել: Խոսրով Անուշիրվան VII-VI դարի գործիչ է, սակայն Կարկարի կիկլոպյան շարվածքը վերաբերում է մ.թ.ա. VII-VI-րդ դարերին, այսինքն` Ուրարտուի ժամանակից: Ճիշտ է՝ զուտ ուրարտական մշակույթ այստեղ չկա, բայց Ուրարտուի ժամանակաշրջանն այստեղ կա: Արդեն մ. թ. ա.  VIII-VI  դարերում այստեղ գոյություն ուներ մի մեծ քաղաք ` հզոր պաշտպանական համակարգով և ոռոգման ցանցով»:

Քաղաքի տարածքը մոտավորապես 35-40 հեկտար էր, դա կարելի է եզրակացնել 1 100 մետրանոց հյուսիսային պարսպից: Հարավից քաղաքը պաշտպանվում էր կիկլոպյան պարսպի շարվածքով, արևելքից քաղաքը եզերվում է Կարկառ գետի անդնդախոր կիրճով, իսկ արևմուտքից` Շուշիի բարձունքից իջնող «Զառուն բաղի ծյոր» ձորակի ժայռերով. «Փաստորեն, քաղաքը մատչելի էր միայն հյուսիսից ու հարավից: Եվ այս քաղաքն ավերվել է մարդու կողմից: Շուշին կառուցելու համար այստեղ քարահանք են սարքել, դրա համար ռելիեֆը փոխվել է»:

Սարգսյանը պատմում է, որ մի քանի օր առաջ հայտնաբերել են  քարե կրակարան (ատրուշան), որի պատերը լրիվ հունահյուս են:

Չնայած պեղումնավայրում ատրուշան կա, բայց Կարկառն ունի Հայաստանի նախնադարյան մշակույթ:

«Մենք սասանյան շրջանի ատրուշան ունենք նաև Դվինում: Դեռ մենք խեցեղեն չունենք, նյութ չունենք, որ ասենք կոնկրետ ինչ ժամանակաշրջանի է քաղաքը: Համ էլ այդ ժամանակաշրջանում ազգ հասկացությունը դեռ հստակ չկար»,- ասում է Սարգսյանը:

Խեցեղեն, աղորիքներ, տրորիչներ, քերիչներ, կոկիչներ, փայլանախշ
խեցեղեն` շատ բնորոշ երկաթե դարին, երկաթե դանակ` 
հայտնաբերված առաջին մետաղյա իրը, 
բրոնզե կոճակ`  երկաթյա դարից
Սա քրիստոնեկան ծեսով կատարված թաղում է: 
Յոթ-ութ տարեկան երեխա էր այստեղ թաղված, 
ինչը եզրակացրինք կմախքից. Գագիկ Սարգսյան
Կիկլոպյան պարիսպ

Ինչ վերաբերում է տուրիստական վայր պատրաստելուն, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության ու շրջակի միջավայրի պահպնաության պետ Սերգեյ Շահվերդյանը գտնում է, որ Կարկառն իր դիրքով ու տեղով շատ գրավիչ է նման նպատակի համար. «Մի քիչ պեղելուց հետո այս տարածքը կմտնի զբոսաշրջային երթուղու մեջ»:

Շահվերդյանը ավելացրեց, որ Տիգրանակերտը և Կարկառը ամեն անգամ ապացուցում են, որ այս տարածքները հայակական մշակույթի մասն են: 

Հետաքրքիր է, որ երկու տարի առաջ քաղաքի հետքերը նկատել է շոշեցի բանվորներից մեկը ու հայտնել հնագետներին:

Առաջին լուսանկարում՝ քաղաքի կենտրոնական թաղամասի կլոր կացարանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված