Կիրակի, 20 հոկտեմբերի

Գազը, բենզինը և Ղարաբաղը



Հայկ Ղազարյան
Էդիկ Բաղդասարյան 

«200 ատմոսֆերա գազ լիցքավորելու համար  3100 դրամից շատ է բռնում, իսկ Հայաստանում` 2500 դրամ: Բայց Ստեփանակերտում լիցքավորված բալոնով 220 կիլոմետր եմ քշում, իսկ Հայաստանում` 324»,- պատմում է ստեփանակերտցի տաքսիստներից մեկը:  

Սեղմված բնական գազի  գնի նման տարբերություն կա Հայաստանում և Արցախում (սեղմված բնական գազը (ՍԳԲ) իրենից ներկայացնում է մինչև 200 ատմոսֆերա սեղմված պրոպան):   

Ղարաբաղում սեղմված գազի գների տարբերությունը զգում են հատկապես այն վարորդները, ովքեր Հայաստանում էլ են ավտոմեքենաներ գազալիցքավորում:  Ու ոչ միայն գազի սակագներից են բողոքում, այլև  որակից:

Տաքսիստը` մեր զրուցակիցը, նաև ասաց, որ իր իմանալով, գազալցակայանների մեծ մասը պատկանում են գործարար Էդուարդ Վերդյանին. «Մեծ մասը` Էդոյին են պատկանում, երկուսը` Վիտալի Բալասանյանին, իսկ մնացածի մասին տեղյակ չեմ: Մի հատ գազալցակայան  էլ  Շուշիիում են սարքում, դա արդեն ուրիշին է պատկանում, անունը չգիտեմ»:

«Նման բան չկա, ո՛չ, ես գազալցակայան չունեմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վ. Բալասանյանը:

Երևանցի  Գագիկ Սարգսյանն ասում է, որ Արցախում սեղմված բնական գազը երկու անգամ թանկ է, քան Երևանում. «Ես  Երևանում 1500 դրամով 250 մթնոլորտ ճնշում (ատմոսֆերա) գազ եմ լիցքավորում, իսկ այստեղ` 3000:  Ու միայն Արցախում է, որ ամեն անգամ տարբեր գին է ֆիքսվում»:  

Ստեփանակերտից դուրս գալու առաջ մենք  ավտոմեքենայի համար լիցքավորեցինք 250 ատմոսֆերայից պակաս գազ (բալոնոում գազ կար), դա արժեցավ 3000 դրամ, իսկ արդեն Ստեփանակերտ մտնելիս 250 ատմոսֆերան նույն գազալցակայանում արժեցավ 2750 դրամ: Ահա նման անհասկանալի բաներ են տեղի ունենում:

Արցախում մյուս վառելիքը` բենզինը, նույնպես երևանյան գներից տարբերվում է: Եթե Երևանում «ռեգուլյար»  բենզինը արժե  500-510 դրամ, ապա Ստեփանակերտում` 530: Երևանում «պրեմիում» տեսակն արժե 520-530, Ստեփանակերտում` 550:  Իսկ Արցախի շրջաններում բենզինը լրիվ այլ գներով են վաճառում. Դրմբոնում (Մարտակերտի շրջան) մենք ավտոմեքենան լիցքավորեցինք լիտրը 600 դրամով («ռեգուլյար» բենզին):

Ո՞ր կառույցն է կարգավորում գազի գինը:

«Այս հարցը մեր իրավասության տակ չէ»,- ասաց ԼՂՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանը:  Հանձնաժողովի մեկ այլ աշխատակից, ով Միքայել Վիրաբյանի հետ նույն սենյակում էր, բացատրեց հետևյալ օրինակով. «Օրինակ մեկ այլ տեղից 10 հոգի կարտոֆիլ են բերում շուկա ու դնում են իրենց ուզած գինը, հիմա մենք ինչպե՞ս կարգավորենք»:

«Ձեր բարձրացված հարցը սրանից 3,5 ամիս առաջ Ազգային  ժողով-ԼՂՀ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջ է քաշել ՀՅԴ խմբակցությունը: Հարց հնչեցնելը վստահվել էր Վահան Բադասյանին, ով այն ժամանակ դեռ մեր խմբակցության անդամն էր»,- ասաց ԼՂՀ ԱԺ-ի արտադրության և արտադրողական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական պատգամավոր Կամո Բարսեղյանն ու ավելացրեց, որ  շատ են մտահոգված ոչ միայն գազի, այլև բենզինի գների նման տարբերությամբ (խմբ.-Հայաստանի համեմատությամբ):

Կ. Բարսեղյանը բացատրեց, որ Ղարաբաղը Հայաստանի հետ գտնվում է նույն տնտեսական դաշտում, ու Ղարաբաղում, լինելով պատերազմական գոտում, ընդհակառակը` նման էներգետիկ ռեսուրսները ավելի էժան պիտի վաճառվեն. «Սակայն հիմա շուկայայական հարաբերություններ են, և բիզնեսում գործող  ամեն մի սուբյեկտ իր գինն է առաջարկում: Այն իր շահույթից տալիս է շահութահարկ, եկամտահարկ և այլ հարկատեսակներ:  Իսկ լրիվ ուրիշ հարց է, որ ներկայացված գները միջին գոյություն ունեցող գներից բարձր են»:

Մենք նաև դիմեցինք  ՀՅԴ-ի խմբակցությունից  հեռացված պատգամավոր Վահան Բադասյանին,  ով 3,5 ամիս առաջ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրել էր սեմված բնական գազի գների վերաբերյալ հարցը:

«Արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը այն ժամանակ պատասխանեց, որ հուրախություն մեր ժողովրդի` արդեն կարողանում ենք  գազաբալոններ տեղադրել: Երկրորդ անգամ նույն հարցը տալուց հետո նա պատասխանեց, որ այդ հարցին չի տիրապետում»,- ասում է Բադասյանը:

Բադասյանը ասաց, որ  Ղարաբաղի  և Հայաստանի լցակայանները նույն գինն են մուծում գազի մատակարարներին` «ՀայՌուսգազարդ» ընկերությանը. «Սակայն Հայաստանում այն վաճառում են ինչ-որ X թվով, իսկ Ղարաբաղում` 2 անգամ X թվով: Երկու անգամ և գինը, և որակը զիջում է: Ղարաբաղում չկան  հաշվիչ սարքավորումներ, որոնք  ինչպես հարկն է հաշվում են: Այստեղ հաշվիչը  բացարձակ խաբում է, իսկ Հայաստանում նման բան չկա. ինչքան գազ լցրեցիր, այնքան էլ վճարում ես: Յուրաքանչյուր մեքենայից 500-600 դրամ այդպես  գողանում են: Ցածրորակ կոմպենսատորներ են  օգտագործում»:

Վահան Բադասյանը նույնն ասաց,  ինչ սովորաբար ասում են արցախցի վարորդները. «Հայաստանում լիցքավորված ավտոմեքենան կքշվի 200 կիլոմետր, իսկ այստեղ` 150 կամ 130 կիլոմետր: Հայտարարության մեջ ես այդպես էլ ասել եմ, որ թալանում եք: Թալանվում են մի շարք օլիգարխների կողմից, երևի թե, եթե այդպես խոսենք… Մեկը Էդոն է` Ստեփանակերտում, Հադրութում Աղաբեկյան Արթուրն է` նորանշանակ փոխվարչապետը, Մարտունիում նախկին դասալիք, հանրությանը ոչ այդքան հայտնի միլիոնատեր մարտունեցի Գաստիկն է: Մեծ մասը Էդոյինն է, բայց Էդոյի հետ բարձրաստիճան մարդիկ էլ կան, որոնց անունները չեմ կարող տալ, որովհետև հաստատ չգիտեմ: Բայց մի օր կասենք անունները, թող մեր ժողովուրդն իմանա, թե ովքեր են իրենց հարստահարում»:

Վահան Բադասյանը, սակայն, վերոնշյալ  մարդկանց շատ չի մեղադրում. «Ամեն ոք էլ կցանկանար իր ապրանքը թանկ վաճառել, բայց ինչպես հացը չեն թողնում թանկանա, այնպես էլ  գազը չպիտի թողնեն, որովհետև առանց գազի մարդիկ իրենց աշխատանքը չեն կարողանա կարգավորել: Առիթից օգտվել ու թանկ վաճառել` հանցագործություն է: Մենք  հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով ունենք, որի ղեկավարն է Ղահրամանյան Հակոբը, նրա ամբողջ վարչակազմը բարձր աշխատավարձ է ստանում, իսկ նա` նախարարից մի քիչ բարձր: Ինչո՞վ են զբաղված նրանք»: 

Երբ ասացինք, որ հանձնաժողովը իրավասու չէ այս հարցում, պարոն Բադասյանը զարմացավ. «Չէ՞ որ դա գերշնորհ է… բա ո՞վ պիտի կարգավորի դրանց գները, բա իրենց պարտականությունն ո՞րն է: Բանջարեղե՞նը պիտի կարգավորեն` գնալով խեղճ գյուղացու գլխին կանգնելով…»:

Ըստ Բադասյանի` հանձնաժողովը «քիթը խոթում» է  ալյուրի, ցորենի ու հացի գների մեջ, որտեղ չի կարելի. «Բայց հանձնաժողովը չի կարողանում «քիթը խոթել» հատուկ ստրատեգիական նշանակություն ունեցող ապրանքատեսակի մեջ:  Ու դա միայն գազով չի ավարտվում. բենզինն ու սոլյարկան Երևանում ու Գորիսում նույն գինն ունեն, բայց Ստեփանակերտում` 30-40 դրամով թանկ են: Ինչու՞ Երևանից 300 կմ հեռավորության վրա 10 դրամի տարբերությամբ են վաճառում, իսկ  360 կիլոմետրի դեպքում` Ստեփանակերտում` արդեն 40 դրամի տարբերությամբ: Սա կարելի է սահմանել որպես  քրեաօլիգարխիկ երևույթ, որովհետև այս ամենը մեր ժողովրդի հանդեպ քրեական հանցակազմ է պարունակում: Ինչու՞ գյուղատնտեսության համար կարևոր բենզինն ու սոլյարկան այս ամիս հանկարծ թանկացան, որն ամռանն այդքան էլ թանկ չէր» :

Բադասյանն ասում է` եթե հանձնաժողովը չի պատասխանում, թող գոնե մեկը պատասխանի` ինչու՞ է գազը այսքան թանկ:

Իրականում դժվար է ասել, թե քանի տնտեսվարող է գազ ներկրում Արցախ: Ըստ ամենայնի, թվարկված անձնավորություններից բացի, ուրիշ մարդիկ էլ կան: 

Սա  մենաշնորհ չէ, այլ ավելի շուտ օլիգոպոլիա, քանի որ գազ ներկրողները չեն մրցակցում իրար հետ, այլ բարձր գին պահպանելու շուրջ պայմանավորվում են:  

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վ. Առաքելյան21:14 - 24 հոկտեմբերի, 2012
Նիկոլա Տեսլան 120 տարի առաջ էլեկտրական էներգիա էր ստանում օդից /եթերից/: Հայտնի է, որ նա 1931 թվականին իր լիմուզինից դուրս էր նետել ներքին այրման շարժիչը և դրա փոխարեն տեղադրելով սովորական էլեկտրաշարժիչ և մի փոքր արկղիկ որից դուրս էին ցցված երկու լար, մեկ շաբաթ անընդհատ երթևեկում էր երբեմն արագությունը գերազանցելով 150 կմ.: Այսօր ինտերնետը հեղեղված է եթերից անվճար էներգիա ստանալու մասին նյութերով, և ով էլեկտրականության մասին գաղափար ունի և չի ալարում կարող է հավաքել մեկ բնակարանի կարիքները լիուլի հոգացող սարք: Եթե մեր կառավարությունն էլ միջոցներ ներդներ եթերից էներգիա ստանալու գիտության զարգացման ասպարեզում ապա այդ դեպքում մենք ոչ միայն կախվածություն չէինք ունենա նավթից ու գազից այլև մոտ ապագայում մեր կյանքը մոտ ապագայում գոյատևումից դեպի բարգավաճում կընթանար:
2. Քոլատակ14:24 - 28 հոկտեմբերի, 2012
Սա ոչ օլիգոպոլիա է, ոչ էլ մոնոպոլիա, սա պարզապես թալան է: Եվ ոչ մի շուկայական համակարգ էլ չկա, պարզապես սա պրոտեկզիոնիզմ է: Շուկայական հարաբերություններ կլինեի այն ժամանակ, երբ ցանկացած բիզնեսմեն կկարողանար գազալցակայան ստեղծել Ղարաբաղում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված