Կիրակի, 20 հոկտեմբերի

«Շուշի Ավան Պլազա» հյուրանոցի տնօրենը հերքում է



Հոկտեմբերի 6-ին գրել էինք, որ «Շուշի Ավան Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց: Հրապարակումից հետո հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանը կապվել է «Հետքի» Ստեփանակերտի թղթակցի հետ ու դժգոհել, որ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ ամենը հյուրանոցի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ ինչ վերաբերում է ախտորոշմանը, ապա նման կարճ ժամանակահատվածում ոչ մի տեղ հնարավոր չէ մարդկանց ախտորոշել: 31-ից 3-ն են վատացել, որոնք մանկական երգչախմբի ծնողներն էին ու վատացել էին համերգից առաջ: Նրանց հիվանդանոցից դուրս են գրել ժամը 21.00-ի կողմերը, դրանից հետո արդեն գիշերել են հյուրանոցում: Իրականում 3 հոգի էին, մնացածը ուղեկցողներ էին: Նրանք 50-ն անց մարդիկ են, որոնք ունեն սրտային անբավարարվածություն, շաքար, ճնշման հետ խնդիրներ և այլն: Բացի այդ՝ Երևանից գիշերվա 4-ին են դուրս եկել: Նման աղմուկի պատճառը նաև այն էր, որ նրանք վատացել են բազմության առջև»,- ավելի վաղ ասել էր Գալստյանը:

Մենք կապվեցինք Ստեփանակերտի «Շտապօգնության» գլխավոր բուժքույր Սվետա Մովսիսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ին Թումանյան 63-ից (Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատ) իրենք 4 կանչ են ընդունել ժամը 16.08-ին, 16.58-ին, 17.38-ին և 18.18-ին:

«Նրանց բոլորին մենք Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց ենք տեղափոխել սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդության կասկածով»,- ասել էր Սվետա Մովսիսյանը:

Նա նաև ասաց, որ իրենք մարդկանց ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու համար հիմնավոր պատճառներ ունեին: Սվետա Մովսիսյանը տեղեկացրեց, որ մեկ հոգու էլ մինչև «Շտապօգնության» գալն են տեղափոխել, իսկ թե ինչ ախտորոշման կասկածով, ասել չկարողացավ:

Հոկտեմբերի 5-ին «Շուշի Ավան Պլազա» հյուրանոցը ուսուցիչների տոնի առթիվ համերգ էր կազմակերպել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Մենք ներողություն ենք խնդրում «Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել հիվանդանոց. ախտորոշել են՝ սուր աղիքային ինֆեկցիա» տեղեկատվությունը գրելու համար: Իրականում «Շտապօգնությունը» կանչ էր ստացել ոչ թե Շուշիից, այլ Ստեփանակերտից:

«Շտապօգնության» գլխավոր բուժքույր Սվետա Մովսիսյանը նաև տեղեկացրել էր, որ նրանցից 3-ին գրանցել են որպես Երևանի բնակիչ. «Հարկ եղած դեպքում կարող եմ բլանկերի համարներն էլ ասել»:

«Բայց ոչ մի տեղ ասված չէ, որ նրանք «Շուշի Ավան Պլազա» հյուրանոցում էին մնում»,- այսօր ասաց Սարգիս Գալստյանը:

«Ինչպես այսօր Karabakah-open.info-ին տեղեկացրեց ԼՂՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, երեկ ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել 7 հոգի, ովքեր մնում են «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցում։ «Նրանց ցուցաբերվել է առաջին օգնությունը, և նույնիսկ չեն մնացել հիվանդանոցում»,- մեզ հետ զրույցում տեղեկացրել է տեսչության պետը, ում խոսքերով, պատճառը ոչ որակյալ սնունդն էր։ Հյուրանոցի տնօրենը սակայն հերքեց այդ փաստը»,- ավելի վաղ գրել էր Karabakah-open.info լրատվական կայքը:

Մենք նաև կապվեցինք ԼՂՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի հետ, ով ասաց, որ խիստ զբաղված է, բայց միաժամանակ ոչինչ և չհերքեց: «Դա հատուկ թեմա է»,- ասաց նա ու հեռախոսն անջատեց: Քիչ անց Օֆելյա Հարությունյանը հեռախոսազանգերին արդեն չէր պատասխանում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված