Կիրակի, 20 հոկտեմբերի

Հայկական ունիոնիզմ



Մոլդովայում ու Ռումինիայում ապրող մարդկանց մեջ ծագում է մի հարց. ինչո՞ւ չեք միանում, չէ՞ որ նույն ժողովուրդ եք, լեզուն նույն է և այլն: Բելառուսի ու Ռուսաստանի միջև այսօր սահմանները բաց են, այս երկու երկրների քաղաքացիները կարող են ազատ ճամփորդել ու աշխատել իրար հետ: Սակայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կատաղի պաշտպանում է իր երկրի ինքնիշխանությունը:

Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինն էլ հիացմունքով չէր ընդունում Ռումինիայի հետ միացման գաղափարը, իսկ այժմյա նախագահ Նիկոլաե Տիմոֆտին ասում է. «Մոլդովայի ժողովուրդը պիտի որոշի միացման գաղափարը»: Ինչո՞ւ է այսպես: Սա բացատրվում է նրանով, որ ոչ Մոլդովայի, ոչ էլ Բելառուսի նախագահները, բնականորեն, ցանկություն չունեն հրաժարվել նախագահի պաշտոնից ու կարգավիճակից և դառնալ, լավագույն դեպքում, մարզպետներ:

Ճիշտ է, կա վարկած, որ միացման դեպքում Մերձդնեստրը լուրջ փաստարկ կունենա Մոլդովայի կազմից դուրս գալու համար: Բայց, այնուամենայնիվ, դժվար թե Լուկաշենկոն կա Տիմոֆտին սեփական կամքով մի օր կասեն՝ ցտեսություն, այսուհետև մենք նախագահներ չենք, սեփական կամքով մենք հրաժարվում ենք նախագահ լինելուց: Դժվար է պատկերացնել, առավելևս, որ նախագահներից բացի՝ երկրի բոլոր նախարարները, մարզպետները, քաղաքապետները, ժպիտները դեմքներին, կասեն՝ ցտեսություն, մենք հրաժարվում եմ մեր պաշտոններից:

Իսկ Մոլդովայի այժմյան նախագահ Տիմոֆտիի՝ «ժողովուրդը պիտի որոշի» դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ տարիների ընթացքում Մոլոդովիայի ժողովրդի մեջ թուլացել է միացման ունիոնիզմի գաղափարը: Ունիոնիզմ բառը ռումիներեն է և պարունակում է «միություն» արմատը: Այս գաղափարը վերելք ապրեց 80-ականների վերջում, ինչպես մեր «միացումը»: 20 տարվա ընթացքում Մոլդովայում ձևավորված քաղաքական և տնտեսական վերնախավը չի ուզում կիսել իշխանությունը ռումինացիների հետ, չնայած տարբեր քաղաքական գործիչներ երբեմն բարձրացնում են այդ հարցը: Ինչևիցե, Մոլդովայում ունիոնիզմի կողմնակիցները ավելի քիչ են, քան Ռումինիայում: Տարիների ընթացքում Մոլդովայում թուլանում է ունիոնիզմի գաղափարը:

Իհարկե, դեռ վաղ է բերված օրինակներով խոսել Ղարաբաղի ու Հայաստանի մասին: Բայց հաշվի առնելով, որ Քաշմիրի հակամարտությունը 64 տարեկան է, իսկ Թայվանինը՝ 63, բնավ չի բացառվում, որ Ղարաբաղը հակամարտությունը նվազագույնը մի այդքան ձգվի: Նշված ժամանակահատվածում կարող են շատ ձևափոխություններ կատարվել: Այսօր էլ Արցախը չի ապրում Հայաստանի քաղաքական կյանքով: Ղարաբաղում իրենց սեփականը չեն համարում ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և նման երևույթները, որովհետև համարում են, որ այդ ամենը կատարվում է հարևան երկրում:

Քսան տարվա ընթացքում Արցախում ձևավորել է Հայաստանից տարբերվող քաղաքական կուլտուրա: Եվ երբ, օրինակ, ԼՂՀ նախագահական ընտրությունները հայաստանցի լրագրողները դիտում են Հայաստանի ընտրությունների «պրիզմայով», տեղի է ունենում թյուրըմբռնում: «ԼՂՀ կուսակցություններից ոչ մեկը չսատարեց Վիտալի Բալասանյանին» միտքը կարելի էր տեսնել տարբեր լրատվամիջոցներում: ԼՂՀ կուսակցություններն ուրիշ երևույթ են, որը չի կարելի «հարթեցնել» Հայաստանի կուսակցությունների հետ: Անկախ նրանից՝ մարդիկ դա ճիշտ են համարում, թե սխալ՝ պետականաշինության հիմնաքարը Ղարաբաղում դրված է:

«Երբ սկսվի Ղարաբաղը ճանաչվել, մեր ժողովուրդը պիտի հանրաքվե անի, միանա, վերամիավորվի Հայաստանի հետ»,- նման միտք էր հայտնում ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Չեմ կարծում, որ Բակո Սահակյանը կամ Արկադի Սողոմոնյանը սրան հակասող միտք հայտնած լինեին: Բայց հարց է ծագում, թե նրանցից ո՞ր մեկը ցանկություն կունենա նախագահ ընտրվելու դեպքում նախարարների ու գյուղապետների հետ պաշտոնը թողնել, չնայած նրան, որ Արցախը Հայաստանից տնտեսական և ռազմական գերկախվածություն ունի: Քանի որ, մեր երկրները այնքան էլ բռնապետություններ չեն (թեև ԶԼՄ-ներում հակառակն է ասվում), ապա վերջնական խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ժողովրդին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:38 - 10 սեպտեմբերի, 2012
Այդ դեպքում Ի՞ՆՉՈՒ եք թողնում,որ ՀՀ-ն ձեր անունից բանակցի ՁԵՐ ապագայի վերաբերյալ: Ո՞Ր իրավաբանական հիմքի վրա: Եվ ի՞նչու ԼՂՀ-ի նախագահը և/կամ ԱԳՆ-ը պաշտոնական բողոք չի ուղղարկում ՀՀ-ին՝ սրա համար: Ես ՁԵՐ Ղարաբաղից,ավելի ճիշտ ԼՂՀ-ից, այլևս ԲԱՆ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ: Նույնիսկ ձեր նախագահը ճամփորդում է ՀՀ-ի անձնագրով,բայց դուք «անկախ» պետություն եք: Գոնե ԴՈՒՔ Արցախում գիտե՞ք, թե ԻՆՉ եք և ԻՆՉ եք ուզում:
2. Հայկ Ղազարյան11:51 - 11 սեպտեմբերի, 2012
Վարազ Սյունի (Ամստերդամ): Ես քաղաքական գործիչ չեմ, սա առաջինը: Իսկ այդ "ինչուներդ" ճիշտ կլինի ուղղել ուրիշ հասցեով: Համ էլ ինչ կապ ունի ՀՀ անձնագրով ճամփորդելը, անձնագրով է միայն որոշվում անկախությունը: Իսկ ով է ասել, որ Արցախը Հայաստանից անկախ է? Արցախում անկախություն ճանաչումից հետո ուզում են միանալ Հայաստանին: Այս պահի դրությամբ այդպես է, իզուր մի բարդացրեք:
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:00 - 11 սեպտեմբերի, 2012
Հայկ Ղազարյան(2) - Ես ոչինչ չեմ բարդացնում և իմ «ինչուները» ուղղված են բոլորին,առավելապես ԼՂՀ- ի «անկախ», «արդյունավետ» ու «ոչ բիզնեսմեն» իշխանություններին:
4. ominac17:33 - 14 հոկտեմբերի, 2012
Ճիշտ այդ պատճառով ալ, ժողովրդավարութիւն պէտք է կառուցել, որ երբ ատենը գայ, եւ ժողովուրդը ուզէ խոխել իր միտքը եւ տարբեր կառոյցներու մէջ ապրիլ, պաշտօնի վրայ եղող մարդիկ չ՛կրնան խափանել գործը․ Որպէսզի այդ վիճակը ստեղծուի նախ ժողովուրդը պէտք է կրնայ ինքնուրոյն մտածել կրնայ, եւ այդ գործին մէջ մեծ է «Հետք»ի դիրքը․ Լաւ կըլլար եթէ ուսումնական բաժին մը նաեւ աւելցնէք ձեր կայքէջի վրայ, օրինակ, քաղաքական սկզբունք մը առնէք եւ կիրառէք մեր առօրեայ վիճակին եւ քննէք որ ինչքան կօգնէ մեր վիճակը աւելի խորը կամ լայն հասկընալուն մէջ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված