Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

Հիմա՞ է հարմար ճանաչել Արցախի անկախությունը, թե՞ ավելի հարմար պահեր կային. կարծիքներ Արցախից



«Տարբեր կողմերից հնչող առաջարկները, որ Հունգարիան կամ ինչ-որ այլ պետություն առաջինը պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, բավականին հետաքրքիր են, սակայն պետք է հստակ հասկանալ այն փաստը, որ Հայաստանը դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչն ինքնին մեծ խոչընդոտ է գործընթացի համար»,- կարծում է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյան: Նա գտնում է, որ պետք է օգտագործել ստեղծված իրավիճակը և սկիզբ դնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը. «Դժվար է անգամ ավելի հարմար պահ երևակայել որոշիչ գործողությունների անցնելու համար, որում, իհարկե, առաջնային դեր պետք է ստանձնի հենց ինքը՝ ՀՀ-ն»:

Տիգրան Գրիգորյանը համարում է, որ առանց այդ էլ ոչ այնքան արդյունավետ բանակցային գործընթացը կարծես թե կորցրել է իր արդիականությունը, և Հայաստանը պետք է գործի ամենահամարձակ կերպով, երբ արդեն Ադրբեջանի իշխանությունները ցուցադրել են իրենց հայատյաց բնույթը:

«Սաֆարովի ներումն ու հերոսացումն Ալիեւյան ռեժիմի կողմից հստակ ագրեսիվ ազդակ է դեպի հայկական երկու պետությունները, և հենց մեր ռեակցիայից է կախված դեպքերի հետագա զարգացումը: Ստեղծված իրավիճակում անթույլատրելի է թուլության և անվճռորոշության որևէ նշույլ ցուցաբերելը: Այստեղ կարելի է հիշել Մաքիավելիի հայտնի խոսքերը՝ պատերազմից չի կարելի խուսափել, այն միայն կարելի է հետաձգել՝ ի շահ հակառակորդի»,- նշում է Գրիգորյանը:

«Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո հարմար պահ է ստեղծվել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման համար: Սակայն ոչ այդ, ոչ էլ 2009 թ. Կոսովոյի նախադեպը չօտգագործվեց: Հարց է ծագում՝ ի՞նչն էր խանգարել դա անել 2008-ին, 2009-ին և հաջորդ տարիներին: Մի՞թե Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից և Ադրբեջանի կողմից ներում շնորհելուց հետո ստեղծվել է ավելի նպաստավոր մթնոլորտ»,- հարցնում է Արցախի պետական համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Դավիթ Կարաբեկյանը: 

Սոցիոլոգը համարում է, որ, ըստ էության, Արցախի ինքնորոշման իրավունքի առաջին նախադեպը ստեղծել էր ԱՄՆ-ն. «1989 և 1991 թվականներին ԱՄՆ բարձրագույն ներկայացուցչական մարմինները սատարել են Հայաստանի ժողովրդին՝ հանուն պետական անկախության, և արցախահայերին՝ հանուն ինքնորոշման իրավունքի: Ըստ ամենայնի՝ արցախյան հիմնախնդիրը դիտելով Հայաստանի անկախացման գործընթացի հետ նույն կոնտեկստում»:

Կարաբեկյանը նաև կարծում է, որ Արցախի անկախությունը չճանաչելը, ինչպես նաև Հայաստանի կողմից Արցախի նկատմամբ պահանջատիրությունից հետ կանգնելը պայմանավորված է միմիայն աշխարհի և ԱՊՀ տարածաշրջանի ազդեցիկ պետությունների վրդովմունքն առաջացնելու մտավախությամբ. «ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ վարչակարգ՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, թե իրավական, թե քաղաքական հիմնավոր փաստարկ չի ներկայացրել Արցախի անկախության ճանաչման գործընթացը կասեցնելու վերաբերյալ»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)04:28 - 8 սեպտեմբերի, 2012
Ես ինքս անձամբ այստեղ մասնակցել եմ Ղարաբաղի վերաբերյալ տարբեր միջազգային և հասարակական քննարկումների,ու դուք չեք պատկերացնի ինչ ԼՂՈԶՎԱԾ ու սխալ կարծիքներ և ելույթներ եմ ես լսել Ղարաբաղի մասին: Այն ԴԵՌ դիտում են հողային ԳԶՎՌՏՈՑ Հայաստանի և Ադրբեջանի միջև: ՈՉ ՄԻ ԽՈՍՔ Արցախի ժողովրդի մասին,ինչ մնաց թե Արցախի ժողովրդի ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ մասին:Հայաստանի/Արցախի դիվանագիտական պրոպագանդան այս հարցում ՈՂՈՐՄԵԼԻ է: ՄԻՇՏ և ԱՄԵՆ առիթով նշել են,որ նույնիսկ Հայաստանը ԼՂՀ-ն չի ճանաչում: Այսինքն՝ այսօր միջազգային հարաբերություններում ՉԿԱ ԼՂՀ-ի հարց,կա միայն Հայաստան-Ադրբեջան հողային վեճ: Մարդիկ հարցնում են.«ի՞նչը չանաչենք»: Ասում են.«թող բանակցեն իրար հետ իրենց գզվռտոցը լուծեն»: Հայաստանում/Արցախում պիտի ՀՍՏԱԿ հասկանան,որ Արցախը սարքել են իրենց ՈՍԿԵ ՁԿՆԻԿԸ,որով ՀՀ-ի օլիգարխային-քաղաքական էլիտան մնում է իշխանության՝ իր «սուս արեք,թե չէ Ադրբեջանը կհարձակվի» ՄՏՐԱԿՈՎ: Բանակցությունները ԵՐԲԵՔ ՉԵՆ տանելու Արցախի միջազգային չանաչման կամ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման:ԵՐԲԵՔ: Սրա համար ՆԱԽ Հայաստանը պիտի ԼՂՀ-ի անկախության չանաչման և/կամ վերամիավորման ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ակտ ընդունի: ԻՍԿ Ե՞ՐԲ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման «հարմար» պահը: Կամ ՈՒ՞Մ համար 'հարմար պահ':ՄԻ՞ԹԵ ազգիդ անվտանգությունը այսպես կոչված «հարմար պահի» հարց է:
2. Ալլեն11:17 - 8 սեպտեմբերի, 2012
Վարազ Սյունի (Ամստերդամ): Առանձին լղոզված կարծիք Ղարաբաղում չկա: Կա ընդհանրապես լղոզված կարծիք և Հայաստանում, և Արցախում: Այսպես ասած, քաղաքագիտկան դիսկուսում խիստ չափազանցվել է, որ Սաֆարովի էքստրադիցիան ու Ադրբեջանի կողմից ներում շնորհվելը քաղաքական պարգև է: Ինչ վերաբերում է պրոպագանդային: Հայտնի անեկդոտ կա. մի օր սեքսոպոտոլոգի մոտ մի տարեց մարդ է գալիս ու ասում. "Հարևանս ասում է, որ իր կնոջ հետ ամեն օր ստացվում է, իսկ ինձ մոտ շաբաթը մի անգամ է ստացվում": Սեքսոպոտոլոգն էլ ասում է. "Քեզ ինչն է խանգարում նույնը ասել": Պրոպագանդայի ամբողջ էությունը սա է: Իրավական ակտերի հետ գործ չունեմ, իրավաբանները թող խոսեն: Փաստն այն է, որ այսօր Արցախը զարգանում է որպես պետություն, էությամբ այդպիսինն է: Արցախը դեռ Հայաստանին չի կարող միանալ, հակառակ դեպքում Հայաստանը կդիտարկվի որպես ագրեսոր:
3. DAVID15:50 - 9 սեպտեմբերի, 2012
Ղարաբաղցին, որ ասում է, ուրեմն...վերջ;Օրենք է;Անհրաժեշտ է ընդունել ԼՂՀ-ի անկախությունը;Չհասկացաք, որ ազգային գլուխը միայն ղարաբաղցու ուսերին է աշխատում;Կառուցել են, շենացրել Ղարաբաղը, մնում է ճանաչումը;ՈՒժեղ են; Տունը վերանորոգելուց հետո են տանիքը նորոգում;Ճանաչեք,բա արդարությունը ղարաբաղցիները չե*ն բերել ՀՀ:Վախենու*մ են;Մի*թե մեծն Սերժ Ղարաբաղցին վախկոտ է;Ընդունեք, խնդրում եմ, դուք արժանի եք, որ ընդունեք;
4. Ալլեն19:50 - 9 սեպտեմբերի, 2012
DAVID. Ձեր քաղաքական գիտելիքները միամիտ են: Քաղաքական գործիչները արդարություն չեն բերում, դա անհնար է: Աշխարհում կա՞ն արդար քաղակամ գործիչներ ու կուսակցություններ: Չկան:
5. Avet-11:39 - 10 սեպտեմբերի, 2012
IM KARTSIKOV CHEN UZUM CHANA4EL LERNAIN KHARABAKH@ VORPES HANRAPETUTYUN NRA HAMAR VOR AYNTEX DER SHAT TARADZKNER AN BNAKELI EN ,AISINGN JAMANA EN DZQUM IBR VERABNAKETSNEN AYT TARADZQNER VORPISI MIJAZGAIN EV MIUS BOLOR PETUTYUNNER@ TESNEN VORPES ANKAKH PETUTYUN, ISK AYN IN4 KATARVUM E AISOR AISINGN HAYASTAN 4I CHANA4UM LERNAIN KHARABAKH PETUTYUN VORPES ANKAKH PETUTYUN , DA E PATJAR@ VOR PETQ E VERABNAKEDZNEL SHAT TARADZQNER APATSUTSELU ASHXARIN VOR IROG AYNTEX BNAKVUM E MI JOXOVURD VOR PAHUM E AYD HOXER ,DA IM KARDZIQN E!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված