Կիրակի, 20 հոկտեմբերի

Բելլա մայրիկը



Պատերազմը դաժան է, այն կույր է և ոչինչ հաշվի չի առնում: Այն նաև հաշվի չի առել, որ տիկին Բելլայի ավագ որդին արդեն զոհվել էր, և ճիշտ կլիներ խնայել կրտսեր որդու կյանքը:

92-ին Սլավան՝ ավագ որդին է զոհվում, մեկ տարի հետո էլ՝ Մեսրոպը:

Սլավան խորհրդային բանակում տանկի մեխանիկ-վարորդ էր, ինքնապաշտպանության ուժերը պատերազմի ժամանակ ռազմական մասնագետների կարիք շատ ունեին:

Մի քանի տարի առաջ «Ակունք» թերթում այս պատմության մասին լույս էր տեսել Արիս Արսենի «Չորսից երկուսը՝ զոհասեղանին» հոդվածը: Տիկին Բելլան ուներ չորս զավակ՝ Սլավա, Սամվել, Սեյրան ու Մեսրոպ Պողոսյանները: Սեյրանը նույնպես պատերազմին մասնակցել է, իսկ հաշմանդամություն ունեցող Սամվելը, ով լուսանկարիչ էր, այդ տարիներին զոհված տղաների լուսանկարներն էր պատրաստում ու անվճար տալիս հարազատներին:

Արդեն չորս ամիս է, ինչ տիկին Բելլան անկողնում է. ոտքն է կոտրել: Դժվար է խոսել նրա հետ այս թեմայից, և կարծես հասկանալով դա՝ առաջինը նա սկսեց. «Սլավիկը ամենաթեժ մարտերից մեկում է զոհվել, նրա տանկն է առաջինը մարտի դաշտ մտել: Հետևից գնացող հրամանատարի տանկի շղթան կտրվում է, նրա հրամանով Սլավիկը իջնում է օգնելու: Այդ ընթացքում հրետանու արկը հասցնում է խլել վեց հոգու կյանք, իսկ Սլավիկն ընդամենը վիրավորվում է, նա սողեսող փորձում է մոտենալ հրամանատարի տանկին, սակայն վերջինս անցնում է նրա վրայով»:

Սլավիկի հրամանատարը փորձել է խուսափել հրետանային ռմբակոծությունից ու չի իմացել, որ իր առջևում կենդանի մարդ է մնացել:

Մեսրոպ Սլավա

Տիկին Բելլան այդ օրերին նոր-նոր էր հասել Երևան, Սլավայի հորդորով նա Մեսրոպին հետ էր ուղարկել Երևան: «Մենք եղբայներով պատերազմի մեջ ենք, դու ինչո՞ւ պիտի կռվես, հետ գնա»,- ասել էր Սլավան կրտսեր եղբորը: Բելլային չհամարձակվեցին ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ասացին՝ Սլավիկը վիրավորվել է: «Եթե Սլավիկը վիրավորվել է, ապա ինչո՞ւ չեն բերում Երևան, չէ՞ որ վիրավորներին բերում են Երևան»,- հարցրել է նա: Իրականության մասին նա իմացել է այն բանից հետո, երբ Մեսրոպը, գլուխը կորցրած, սկսել է ճանապարհային ճամպրուկները շպրտել:

Սլավան տանկային գումարտակում հասցրել էր մասնակցել Ասկերանի ու Մարտակերտի շրջանների բազմաթիվ մարտերին, նրա վերջին մարտը Մարտակերտի Կուսապատ գյուղում էր 1992 թ. հուլիսի 30-ին:

Մայրը չհասցրեց հրաժեշտ տալ որդուն, Սլավային ընդունվածից շուտ հանձնեցին հողին…

Մեսրոպն էլ զոհվեց պապական Խծաբերդ գյուղում: Նա շատ էր ուզում կռվել, դրա համար էլ վերադարձավ հայրենիք ու կամավորագրվեց 53-րդ մոտոհրաձգային գումարտակին: 93-ին թեժ մարտեր էին ընթանում Հադրութի շրջանում, երբ տիկին Բելլայենց տուն վեց կռվող տղա եկան ու ասացին այդ մասին: Սեյրանը պիտի գնար նրանց հետ, սակայն Մեսրոպը համոզեց չգնալ ու նրա տեղ գնաց ինքը:

«Խծաբերդում Մեսրոպի պապը, ում անունն էր նա կրում, հարգված մարդ էր: Ամբողջ գյուղը չկարողացավ համոզել փոքր Մեսրոպին չգնալ կռվի: Ամբողջ գյուղն ասում էր, որ եղբայրդ արդեն զոհվել է, դու ո՞ւր ես գնում: Նա էլ ասաց՝ եթե չգնամ, ապա ինչ կասեն իմ մասին»,- պատմում է տիկին Բելլան: Ականանետի արկակոծությունը միանգամից մի քանի հոգու կյանք խլեց Խծաբերդի դիրքերում, նրանց մեջ էր նաև Մեսրոպը:

Տիկին Բելլային բաժին ընկած կյանքը նրան բնավ չկոտրեց: Սևազգեստ մոր սփոփանքը երկու որդիներն ու չորս որդիների զավակներն են:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված