Շաբաթ, 07 դեկտեմբերի

Համազգային թատրոն, թե հանրային տարածք. մշակույթի գործիչներն ու ճարտարապետները համաձայնության չեն գալիս



Մաշտոցի պուրակում՝ Մանկական երկաթուղու մուտքի հարակից տարածքում նախատեսվում է Համազգային թատրոնի նոր շենք կառուցել: Համազգային թատրոնը մինչ այժմ գործում էր Թատերական ինստիտուտի շենքում: Նոր շենքը նախագծել է ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ հավանություն է տվել: Ճարտարապետների մի մասը, սակայն, ըմբոստանում է՝ վկայակոչելով Ա.Թամանյանի գլխավոր հատակագիծը, որը նման կարգի շինություն չի նախատեսել տվյալ վայրում: Մյուս կողմից՝ բնապահպաններն են ակտիվացել. վայրը՝ հանրային տարածք է:

Համազգային թատրոնի ղեկավար, դերասան Սոս Սարգսյանը, անկախ դրանից, մտադիր չէ հրաժարվել Համազգային թատրոնի նոր շենքը վերոնշյալ տարածքում կառուցելու գաղափարից: «Այդ տեղը տեսե՞լ եք, այնտեղ ոչ մի բան չկա, ծառ չենք կտրում, կանաչ չենք վերացնում, էնտեղ աղբանոց է, մի չգործող շատրվան՝ որ ոչ մեկին պետք չէ: Թատրոնը պետք է կառուցենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Ս. Սարգսյանը:

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը, սակայն, համոզված է՝ եթե Համազգային թատրոնի շենքն այդ վայրում կառուցվի, Երևանը կզրկվի օդից: Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանել է Գ. Մուշեղյանը: 

Որո՞նք են Ձեր  հիմնական փաստարկները, որ Համազգային թատրոնի նոր շենքը չի կարող կառուցվել նշված վայրում:

Յուրաքանչյուր քաղաքաշինական գործունեության սկիզբը քաղաքաշինական փաստաթղթերն են: Եթե խոսքը վերաբերում է քաղաքներին, ապա դա գլխավոր հատակագիծն է: Այսինքն` դա ծրագրային փաստաթուղթ է, որը չի իրականացվում մեկ կամ երկու տարում: Նույնիսկ դրա գոյության ընթացքում չի իրականանում, այլ պլանավորվում է 15-20 տարվա ժամանակահատվածի համար: Առաջին գլխավոր հատակագիծը Թամանյանի գլխավոր հատակագիծն է, որը հաստատվել է 1924թ.-ին:

Յուրաքանչյուր գլխավոր հատակագծի հիմքում դրվում են որոշակի գաղափարներ, թե ինչու պիտի քաղաքն ունենա այդ կառուցվածքը: Երևանը եղել է մայրաքաղաք՝ երկու հիմնական գաղափարներից ելնելով. առաջինը, որ Հրազդանի կիրճի առկայությունն էր, որը ներառվել է որպես հայ բնաշխարհի մասնիկ և ներգրավվել քաղաքի ծավալատարածական ընկալման մեջ:

Երկրորդը` Արարատ լեռն է, որպեսզի քաղաքը դիտվի Արարտյան դաշտի ֆոնի վրա` որպես խորհրդանիշ տեղանքի իմաստով: Այլապես քաղաքն ավելի վերևի նիշերում կլիներ, որտեղ բնակլիմայական պայմաններն ավելի հարմար են, քան այսօրվա քաղաքի բուն տարածքը: Դրա համար Երևանն ընտրվեց այս ամֆիթատրոնային շրջափակող սարերի մեջ, միևնույն ժամանակ գլխավոր գաղափարն այն էր, որ կապվեր բնաշխարհի հետ:

Գլխավոր հատակագծում միշտ լինում են կարևոր առանցքներ, թե ինչի շուրջ է ձևավորվելու քաղաքը, ինչպես, օրինակ, մարդու ողնաշարն է գլխավոր ֆունկցիան իր վրա վերցնող կառույցը: Առաջիններից մեկը Գլխավոր պողոտան էր: Մի ուղղությունը Հրազդանի կիրճն էր, որը գալիս էր դեպի Կոնդի բարձունքը, և նպատակահարմար չէր բարձրանալ ու իջնել, որպեսզի գնալ Հրազդանի կիրճ, դրա համար փորվեցին թունելները: Թունելներն եղել են Գլխավոր պողոտայի իրականացման առաջին փուլը:

Այն ժամանակ ոչ պուրակ կար, ոչ պողոտա: Կարևորելով կապը Հրազդանի կիրճի և քաղաքի կենտրոնի հետ, որպեսզի մարդիկ հետիոտն անցումով կարողանային մոտենալ բնությանը՝ առաջին հերթին սկսեցին թունելների շինարարությունից: Եվ թունելները երկու ֆունկցիա ունեն` կապել կենտրոնը բնության հետ և ազգաբնակչությանը զերծ պահել հակաօդային հարձակումներց, գազապաստարաններ էին կոչվում:

Երկրորդ ուղղությունը հյուսիսից հարավ եկող ուղղությունն էր: Կասկադ համալիրը կապում էր վերևի` նախատեսվող զբոսայգուն, որը հետագայում կոչվեց Հաղթանակի զբոսայգին: Այն իջնում էր դեպի կենտորն, հասնում էր մինչև Գլխավոր պողոտա, այնուհետև, ուղղությունը փոխելով, դուրս է գալիս դեպի Հրազդանի կիրճ: Խոսքը վերաբերում է հանրապետության հրապարակից սկսվող բուլվարին, որը Մյասնիկյանի բուլվարով պիտի շարունակվեր և իջներ դեպի Հրազդանի ձոր:

Երրորդ ուղղությունը Օղակաձև զբոսայգին էր, որը կապում էր այդ երկու ուղղություններն իրար, որպեսզի քաղաքի կենտրոնում ապահովվեր հետիոտն ճանապարհ: Դրա համար սկսեցին կառուցվել հետիոտն անցումներ, որպեսզի առանց տրանսպորտի մարդիկ կարողանային տեղափոխվել քաղաքի կենտրոնով: Սրանք էին գլխավոր հատակագծի հիմնական դրույթները:

Քաղաքաշինությունը չի կարող սահմանափակվել կարճ ժամանակով: Թամանյանը, երբ որ սկսեց իր նախագիծը, Երևանն ընդամենը 30 հազար բնակչություն ուներ, նա արեց քաղաք 100 հազար ազգաբնակչության համար: Ընդամենը մի քանի տարի հետո բնակչությունն ավելացավ, և Թամանյանն իր կենդանության օրոք արեց երկրորդ գլխավոր հատակագիծը` արդեն ավելի քան 200 հազար բնակչի համար: Նա գիտեր, որ սա դառնալու է հետագա զարգացման կորիզը: Այն տարիներին Գլխավոր հատակագիծը հիմք էր հանդիսանում հնգամյա պլանների համար և ըստ տարիների իրականացվում էր:

Գլխավոր հատակագիծը ինչ խնդիր է լուծում. եթե մենք ունենք, ենթադրենք, 1 մլն ազգաբնակչություն, յուրաքանչյուրին ապրելու համար գոնե 16 քմ բնակելի մակերես է հասնում, ուրեմն 1 մլն 600 հազար քմ պետք է տեղավորենք այդ տարածքում, եթե չի տեղավորվում, պետք է ընդլայնենք: Ամեն մարդուն հասնում է 19 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: Հետպատերազմյան շրջանում՝ 60-ականների սկզբից, բուռն իրացում սկսվեց, կառուցապատվեց ամբողջ Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, հերթով սկսվեցինք քանդել, իրացնել, ստեղծել պուրակներ, շատրվաններ, Երևանի բնակլիմայական պայմանների պարագայում սկսեցին ստեծղվել ջրային մակերեսներ, դրանցից առաջինը` «Պապլավոկի» լիճն էր, որը սկիզբ դրեց Օղակաձև զբոսայգու կառուցմանը, շատրվանների կառուցմանը, հետագայում արդեն Կարապի լիճը կառուցվեց, Լամպերի գործարանի լիճը և այլն: Քաղաքի վերակառուցումը պլանավորված ընթացավ, և 70–ականներին ինչ-որ չափով քաղաքային մշակույթը կայացել էր Երևանում մինչև 80-ականների երկրորդ կեսը:

Գլխավոր պողոտան Գլխավոր հատակագծի բաղակացուցիչ, կարևոր մասն է, այն ոչ թե կիսում է, այլ անցնում է քաղաքի կենտրոնական մասով և կապող օղակ է հանդիսանում հարավ-արևելքի և հյուսիս-արևմուտքի միջև: Ինչու համար է դա անհրաժեշտ ենթակառուցվածքների համար: Որովհետև այլ կերպ շրջանցելը բարդ հաճույք էր, մանավանդ այն ժամանակ: Քանի որ մենք հյուսիս-արևելքից շրջապատված էինք սարերով, ուրեմն պետք է կամ թունելային անցումներ ունենայինք, որպեսզի մի կողմից մյուսը գնայինք, կամ պետք է ունենայինք կարճ ճանապարհ բեռնաթափելու համար երթևկության այն ուղղությունները, որոնք պետք է անցնեին կենտրոնով:

Այսօր այդ ենթակառուցվածքներից շատ քիչ մասն է իրականացված, դրա համար, դառնալով միլիոնանոց քաղաք, Երևանի կենտրոնը վերածվել է մի մեծ միլիոնանոց քաղաքի խաչմերուկի, այսինքն` բոլոր ուղղությունները ստիպված մտնում են հանրապետության հրապարակ, ստեղծում են անհարմար պայմաններ ազգաբնակչության համար: Դրա համար Գլխավոր պողոտայի վերակառուցումը երբ սկսվեց, գաղափար էր դրված, որ, լուծելով այսօրվա խնդիրները, այսինքն` վիճահարույց մասը վերածելով պուրակի, չփակել ապագա ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ճանապարհները: Դրանցից մեկը մետրոպոլիտենն է, որը հանդիսանում է քաղաքի թոքերն աշխատեցնող այն խողովակները, որ եթե Մաշտոցի պողոտայով իջնում և հասնում եք մինչև Չարենցի անվան տուն-թանգարան և անմիջապես շուռ գալով Գլխավոր պողոտա, կզգաք այն հոսանքը, որը գալիս է Հրազդանի կիրճից: Դա երկու թունելների առաջին էտապն է, պետք է լինի ուղղություն` մեջտեղից, որն անմիջապես դուրս է գալիս Գլխավոր պողոտա:

Գլխավոր նախագծում նախատեսված էր` թունելից որ դուրս ենք գալիս, մի փոքր հարթակ կա, դրա դիմացը նույնպես հարթակ կար, որտեղ կառուցվեց Հովնանյանի տունը, բայց պետք է կամրջով անցներ մյուս մասը, և ազգաբնակչությունը կօգտվեր Ծիծեռնակաբերդի զբոսայգուց` որպես կենտրոնին անմիջապես հարող տարածք, նույնիսկ հետիոտն: Դա փակվեց փաստորեն: Փակվեց նաև մյուս ուղղությունը: Գլխավոր պողոտայի թունելից դուրս եկող մասը կամրջակներով պետք է կապվեր և էսկալատորներով (շարժասանուղք) բարձրանար Ծիծեռնակաբերդ, և, փաստորեն, մենք կապում էինք ամբողջ կանաչ զանգվածը քաղաքի կենտրոնի հետ:

Երկրորդ ուղղությունը, որ կապում էր կենտրոնը Ծիծեռնակաբերդի հետ, Պարոնյան փողոցի Հրազդան հյուրանոցի մոտ կառուցվելիք ճոպանուղին էր, որի մի կայանը կառուցված էր, մյուսի շինարարությունն սկսված էր Ծիծեռնակաբերդում, սակայն սա էլ սեփականաշնորհվեց և վերածվեց այլ բանի, զրկվեցինք նաև այս կապից: Եվ հիմա, փաստորեն, որպեսզի գնանք Ծիծեռնակաբերդ, պետք է Բաղրամյանով բարձրանանք «Բարեկամություն» մետրոկայան, իջնենք Կիևյանով, կամ պետք է «Հրազդան» մարզադաշտով շրջանցենք:

Տեսեք՝ այս սխալները քաղաքաշինական ինչ խնդիրներ են բերում այն պարագայում, երբ սա ավելի էժան է, քան այն, որ տրանսպորտն է այդտեղ ծանրաբեռնվում, էկոլոգիական խնդիրներ են լինում` արտանետումներ են լինում տրանսպորտներից, կուտակումներ են լինում: Եվ ամենակարևորը` մարդկիկ զրկվում են ամենադյուրին կապից:

Մենք վերացրեցին նաև մի բան, որով հպարտանում էինք ողջ սովետական միությունում, քաղաքի տարածքում ունեինք բնություն (խոսքը Հրազդանի կիրճի մասին է-Ք.Ա.), որտեղ ցիվիլիզացիա չկար, ամբողջը կառուցապատվեց: Այսինքն` մենք զրկեցինք մեզ այն հնարավորությունից, որ չունեին աշխարհի հազվագյուտ քաղաքներ: Այստեղ կա նաև այդ հոսանքը, որ ձորով գալիս հյուսիսից ու մտնում է Արարտյան դաշտ, այդ հոսանքն էլ ինչ-որ մի տեղ մեկուսացվում է: Ուզում են կառուցել Համազգային թատրոնի շենք: Ո՞վ է դեմ թատրոնին, կամ ո՞վ չի հարգում մեր մշակույթի` թատրոնի գործիչներին կամ Սոս Սարգսյանին: Բոլորս էլ գիտակցում ենք, բոլորս էլ հարգում ենք: Տարբերությունը միայն նրանում է, թե ինչքանով է այն համապատասխանում Գլխավոր հատակագծին:

Ինչքանո՞վ չի համապատասխանում:

Համապատասխանում և չի համապատասխանում. ամբողջ խնդիրը սրանում է: Ժամանակին նույն Գլխավոր պողոտայի վրա սկսված էր շինարարություն` ՑՈՒՄ-ի կողքը, որի շինարարությունը դադարեցվեց 90-ականների սկզբներին, այնտեղ Ջիմ Թորոսյանի կողմից նախագծված էր թատրոն: Այն ժամանակ դրա թերությունն այն էր, որ կոչվում էր «Ռուսական թատրոն»: Եվ մեր մշակույթի որոշակի գործիչներ դեմ դուրս եկան՝ ասելով, թե ինչու պիտի Երևանում ռուսական թատրոնի շենք լինի` առանց մտածելու, որ թատրոնի շենքը թատրոնի շենք է, այսօր կարող է լինել ռուսական, վաղը` այլ, կարևորը, որ ֆունկցիոնալ լինի այն, ինչն անհրաժեշտ է քաղաքին: 90-ականներից հետո այդ տարածքը վաճառվեց: Քաղաքաշինությունը ռեզերվածված տարածքներ պետք է ունենա, այսինքն` այն ֆունկցիան, որ դրված է հիմքում: Դրա դիմացը պետք է կառուցվեր թանգարանային շենք: Ֆինանսավորվում էր սովետական միության կողմից և կոչվելու էր «Լենինի թանգարան», որովհետև բոլոր խորհրդային պետություններն ունեին նման թանգարան, բայց հիմա ոչ մեկի վրա գրված չէ «Լենինի թանգարան»:

Քաղաքաշինության հիմքում ոչ թե անվանումներն են, այլ ֆունկցիաները, այսինքն` քեզ պետք է թանգարանային շենք, դու պետք է տեղն ունենաս: Բնակելի շենքի տեղը չես կարող թատրոնի շենք կառուցել, և հակառակը: Օրինակ` մենք այսօր ասում ենք կառավարական շենքի պահանջ ունենք, թմբուկի վրա ենք ուզում ավելացնել, այն պարագայում, երբ կառավարության շենքի կողքը շինարարությունը չշարունակվեց, ու այսօր ուզում են վերածել հյուրանոցի: Ֆունկցիոնալ խախտումներ են տեղի ունենում: Ես պետք է տարածքներ ռեզերվացնեմ, ժամանակավոր այլ նպատակների համար օգտագործելով, հետագայում առանց որևէ ֆինանսական մեծ ներդրումների այդ ժամանակավոր կառույցները վերացնեմ և կառուցեմ այն, ինչ պահանջում են քաղաքի ենթակառուցվածքները:

Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր հրամայական ունի, և ինչ-որ շենք, ենթադրենք, նախատեսված չի եղել Գլխավոր հատակագծում, այդ դեպքում ի՞նչ լուծումներ պետք է տրվեն:

Այդպիսի բան գոյություն չունի: Յուրաքանչյուր քաղաք ունի իր հեռանկարային զարգացումը: Մենք գիտենք` մարդու համար ինչ է պետք: Տարբերությունը տեխնոլոգիական փոփոխություններն են: Այսինքն` եթե առաջ կինոթատրոնը այլ տեխնիկայով էր ցուցադրվում,  միևնույն է, այսօր կինոթատրոն պետք է: Մենք ամբողջ քաղաքում ունեինք կինոթատրոններ, բոլոր շրջաններում, բոլորը վերածվեցին առևտրային կենտրոնների կամ այլ ֆունկցիաներ ունեցող կաոույցների: Ընդունել ժառանգություն, լուծել այսօրվա խնդիրները և չփակել ապագայի ճանապարհը՝ սա է կայուն զարգացումը:

Այսօր մենք ասում ենք` կարող է 100 տարի հետո էլ գումար չլինի՝ մետրոն կառուցելու, դա ինչ է նշանակում, միլիոնանոց քաղաքում մետրոպոլիտենն անհրաժեշտություն է: Մենք փակում ենք արդեն Երևանի բոլոր տեսակի հեռանկարային զարգացումները: Կամ նույն «Հրազդան» մարզադաշտը. այն ժամանակ, երբ «Արարատը» լավ էր խաղում, այնքան էր դրա պահանջը, որ այդ նեղ պայմաններում, որ սովետական այն տարիներին արգելված էր հանրային կառույցներ կառուցելը, որովհետև հիմնական ուշադրությունը բնակելի շինարարության վրա էր, հանրապետության ղեկավարությանը հաջողվեց օրակարգ մտցնել և սկսել մարզադաշտի կառուցումը: «Արարատի» շնորհիվ կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը, «Արարատը» դարձավ չեմպիոն և մտավ պատմության մեջ: Այսինքն` այդ պահանջարկները միշտ էլ կարող են փոփոխվել, բայց այն արժեքները, որոնք պատմական են, հուշարձանային են, չես կարող ասել, որ դա անհրաժեշտ չէ:

Ուրեմն որտե՞ղ կառուցել Համազգային թատրոնի շենքը:

Համազգային թատրոնի շենքն անհրաժեշտություն է, եթե դրա պահանջարկը կա: Այստեղ մնում է հարցը` որտեղ կառուցել: Եվ ամենահեշտ ճանապարհը գտել են` որտեղ ազատ է, այնտեղ կառուցել, այլ ոչ թե այնտեղ, որտեղ որ հարմար է: Բայց չէ՞ որ դու փակում ես ապագայի ճանապարհը: Ասում են` սա մասնավոր է: Ասում ենք` տանենք կառուցենք նույն մշակույթի այնպիսի կենտրոնում, ինչպիսին կինո Մոսկվայի հրապարակն է, թատրոնն է, Նկարիչների միության շենքն էր կառուցվում, հիմա էլ ուզում են 60-հարկանի մի բան դնեն: Այնտեղ դրեք` կողքը կինոթատրոն, դիմացը թատրոն, քաղաքի կենտրոն: Ասում են՝  սա սեփական է, արդեն վաճառված է: Վաճառված չեն դեռ ընդամենը հանրային տարածքները, իսկ այսօր մենք նորմատիվային հանրային տարածքների ընդամենը 15-20 տոկոս ունենք:

Հնարավո՞ր է կասեցնել նախագիծը:

Հանրությունն այսօր արթնացել է միայն նրա համար, որ զգում է, որ դրանք իր համար անհրաժեշտ տարածքներ են, որովհետև քաղաքը կայանում  է նրա համար, որ մարդիկ որպես քաղաքացի կայանան, մշակույթը կայանա, մտավորականությունը կայանա: Թատերական գործիչները պրոֆեսիոնալ են իրենց գործում, բայց նրանք պետք է հասկանան և հաշվի նստեն և չասեն` դուք չեք ուզում թատրոն կառուցել. մենք ավելի շատ ենք ուզում թատրոն կառուցել, քան թատերագետները: Ամենակարևորը` թատրոնը կփակի քաղաքի զարգացման ուղղությունը:   

Երբ Հրապարակից Հյուսիսային պողոտայով գալիս նայում ենք, թե որտեղ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որ մի ժամանակ քաղաքի դոմինանտն էր, այսօր այդ շենքերի հարաբերությունների մեջ մի խղճուկ բան է երևում, երբ հասնում ենք Թումանյան փողոց, նոր բացվում է այն տեսարանը, այն մասշտաբը, որ Օպերան զգում էր որպես քաղաքի դոմինանտ շենքերից մեկը: Հիմա այստեղ եթե մենք դնում ենք թատրոնի շենք, կողքերը կառուցված են 16-հարկանի բարձրահարկեր, այս թատրոնը ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև ծավալատարածական առումով կամ կարող է դիտվել մի կրպակ, որովհետև տեղ չկա, կամ եթե դու թատրոնի չափանիշներին համապատասխան ես կառուցում, նա խանգարում է ներդաշնակությանը: Ասում են` ընդամենը 300 տեղանոց թատրոն է, բայց տեղերն ավելի քիչ տարածք են զբաղեցնում, քան այն կառուցվածքները, որոնք պետք են բեմական տուփի, կողքի գրպանիկների համար, հետևի մասում պետք է փոս ունենա, տնտեսական տարածություն, քանի որ դեկորացիաներ են տանում-բերում և այլն: Այսինքն` պետք է ապահովել ֆունկցիոնալ այն բոլոր խնդիրները, որ պահանջվում են թատրոնի համար:

Կա՞ն այլ վայրեր, որտեղ, ըստ Ձեզ, հարմար է Համազգային թատրոնի շենքը կառուցել:

Նույն «Ռուսական թատրոնի» դիմացը բնակելի շենքի շինարարություն սկսեց «Վիսկոն» ընկերությունը, որի դատավարությունն է գնում այսօր, ընդամենը հիմքերն են փորված, ազատ է մնացել: Եթե բնակելիի համար համարում եք, որ գերակա շահ է, քանդում եք բնակելի տուն եք կառուցում, ինչու համար այսօր այդ տեղն ազատ է, չեք կարող գերակա շահ համարել, փոխհատուցել տիրոջը և թատրոնի շենք կառուցել: Էլի դուրս է գալիս Գլխավոր պողոտա, ավելի հանգիստ միջավայր է, չի փակում այն ուղղությունը, որ գնում է դեպի Հրազդանի կիրճ: Այսինքն` այստեղ խնդիրն այն է, որ մտածենք՝ որտեղ է ավելի նպատակահարմար թատրոնի շենքը կառուցել, որը չի խանգարի և քաղաքին, և շատ ավելի լավ է:

Նույնիսկ առաջարկություն եղավ Կասկադում կառուցել թատրոնի շենքը. երբ նայում ենք հուշարձանին, ձախ կողմում Շարլ Ազնավուրի տուն-թանգարանն է, աջ կողմում` հողային կույտեր են, վերևում պետք է ժամանակակից արվեստի թանգարան կառուցվեր, բայց այս տեղը հեռու է և հարմար: Ասում ենք` այդտեղ դրեք, ասում են` սա մասնավոր է: Մասնավոր էր նաև Սևան հյուրանոցի շենքը, որը տասնյակ տարիներ քանդված վիճակում է: Ասում են՝ եթե թատրոնի համար ամենալավ տեղն ընտրենք, ուրեմն պիտի իրացում կատարենք, է իրացում կատարեք, եթե պետք է: Քաղաքի յուրաքանչյուր հողակտորը հարկավոր է օգտագործել ժամանակին և ճիշտ լուծմամբ: Հեշտ լուծելու համար, ասենք, կարելի է հրապարակի կենտրոնում կառուցել, ազատ տեղ կա՝ Լենինի արձանի տեղը: Բայց քանի որ հանրության տարածքները ոչ մեկի սեփականությունը չեն, ոչ մի կոպեկ չարժեն` չնայած դա ամենաթանկ տարածքներն են: Բոլոր մեծ քաղաքներում կան այդպիսի տարածքներ, որ նույնիսկ մի հատ սրճարան էլ չկա այնտեղ: Մարդիկ գնում են միայն իրար հետ առնչվելու, քաղաքացի կայանալու համար:

Գլխավոր պողոտայի շուրջը կարող է ամեն ինչ ձևավորվել, բայց ոչ մեջտեղում: Այսինքն` քաղաքի կմախքի տարածքում կարող է լինել թատրոն կամ այլ կառույց, բայց եթե կա քաղաքի մի մեծ փողոց, տանել փողոցի մեջտեղը դնել, դա ճի՞շտ է, թե՞ սխալ: Տարբերությունը նրանում է, որ այստեղ մարդիկ են անցնում, այնտեղ մեքենաներ են անցնում: Այդ ճանապարհը չպետք է փակվի շինությամբ: Ասում են` ճանապարհը դուրս է գալիս կողքը և օդափոխությունն էլ ուրիշ տեղ կանեն: Այսինքն` Հրազդանի կիրճի օդը ուղղում ես այստեղ: Սա էկոլոգիական խնդիր է: Եթե դու քչացնում ես կանաչը, էկոլոգիական խնդիր չէ՞:

Հարցը քննարկել եք քաղաքապետարանում, ինչո՞ւ չեք կարող համաձայնության գալ:

Այստեղ նպատակ է դրվում հակադրության մեջ դնել մշակույթի մի թևի գործիչներին մյուսի դեմ, և առանց այս հարցը քննարկելու և վերջնական եզրակացության գալու, հանրային քննարկման է հանվել: Երբ որ մեղադրում են, թե դուք չէի՞ք ճարտարապետները, որ ամբողջ քաղաքը փչացրեցիք, ամեն տեղ բարձրահարկեր կառուցեցիք, մայթերը փակեցիք և այլն, իսկ երբ ասում ես` ընկեր ջան, այստեղ չի կարելի, նույն երևույթն է, տարբերությունը միայն նրանում է, որ այսօր քեզ են տալիս, քեզ դուր է գալիս, հաճույքով ընդունում ես:

Մենք ունենք հանրային տարածքների պակաս, այսօր ընդամենը 1 քմ-ն էլ Երևանի համար նշանակություն ունի: Օպերայի շուրջ միայն ասֆալտապատված տեղն է մնացել, որտեղ երեխաները վազվզում են, բայց եթե դու գնում ես հանրային տարածք, դու պետք է հանգստանաս առանց վճարումներ կատարելու, իսկ այդտեղ հնարավոր չէ` կամ պետք է նստես սուրճ խմես, պաղպաղակ ուտես և այլ բան, որոնց համար վճարում ես:

Իսկ հնարավոր չէ՞ համաձայնության գալ թատրոնի գործիչների հետ:

Մեր ասելը դա է, որ բերեք քննարկենք այս խնդիրները: Քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովում մի 5-6 անգամ քննարկվել է, ամեն քննարկման ժամանակ մեծամասնությունն ասել է՝ ոչ: Ամեն անգամ հետաձգվել է` լավ, անդրադառնանք հաջորդ անգամ: Հաջորդ անգամ էլ ենք անդրադառնում, էլի ասում են` լավ, մի հատ էսքիզներ արեք, տեսեք` կստացվի, թե ոչ:

Հիմա ո՞ր փուլում է հարցը:

Այդ օրը, երբ որ քննարկվում էր Համազգային թատրոնում, մի մեծ շոու էր կազմակերպված, բոլորը վեր կացան և ծափահարեցին` ինչ լավ է, որ էստեղ թատրոն կարող է ունենանք, և ասացին` այս տեսագրությունը ցույց տվեք քաղաքապետին, որ հանրությունը ողջունում է այդտեղ թատրոնի կառուցումը:

Իսկ ո՞վ է նախաձեռնողը:

Ես Սոս Սարգսյանի ելույթից որքան հասկացա, նախաձեռնությունը քաղաքի գլխավոր ճարտարապետի առաջարկությունն է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (15)
1. Աննա14:22 - 6 օգոստոսի, 2012
Պետք չէ մասնագետ լինել, որ հասկանալ, որ մանկական երկաթուղու հարակից տարածքից ավելի անհեթեթ վայր ընտրելը հնարավոր չէ:
2. shahane16:10 - 6 օգոստոսի, 2012
Ամեն դեպքում պետք է լսել վաստակաշատ ճարտարապետներին: Կարծում եմ Սոս Սարգսյանը չի հանդուրժի որևէ մեկի քննադատուտյունը, եթե հարցը թատրոնին կամ կինոյին վերաբերի, քանի որ նա իր ոլորտում պրոֆեսիոնալ է և կարտահայտի իր պրոֆեսիոնալ կարծիք և դա ճիշտ կլինի: Բայս տվյալ պաևագայում նա էլ պետք է հարգի վաստակաշատ ճարտարապետների կարծիքը և ինքը որպես մտաորական պետք է շահագրգռված լինի, որ գոնե հիմա չխաթարվի մեր քաղաքի տեսքը: Իսկ այդ քանդված շատրվաններ որ ասում է, օգտագործի իր վաստակաշատ անունը և քաղաքապետին մեծի իրավունքով հանձնարարի որ վերացնեն այդ տարածքի աղբը, կարգի բերեն և վերագործարկեն շատրվանները: Այ դա կլինի մտաորականին վայել արարք:
3. ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ03:09 - 7 օգոստոսի, 2012
Ես իմ կարծիքն արդեն ասել եմ հանրային քննարկման ժամանակ և տպագրել էլեկտրոնային կայքում: Հիմա էլ եմ ասում, որ խնդիրը ոչ թե հանրային տարածքներն են, այլ սովորական սպեկուլյացիան, ինչն անում են մի խումբ ճարտարապետներ, այդ թվում Երևանի այլանդակման մեջ, հատկապես Օղակաձև զբոսայգու այլասերման մեջ, մեծ դեր կատարած Գուրգեն Մուշեղյանը: Այստեղ ամբիցիաների պայքար է, նրանք չեն սիրում Նարեկ Սարգսյանին և կամենում են իրենց հերթական վրեժը լուծել թատրոնից: ,,Մալ;իբու,, սրճարանի տիրոջ դեմ չեն կարող, բայց ահա թատրոնի մարդկանց դեմ կարող են ելնել հնամաշ փաստարկներով: Եթե պարոն Մուշեղյանը պատրաստ է, ես կարող եմ բանավիճել նրա հետ և փոշիացնել իր բոլոր թեզերը, մասնավորաբար Թամանյանին հղում անելու ջանքերը: Թամանյանը միլիոնանոց քաղաք չէր նախագծել այլ ընդամենը 300 հազարանոց, Թամանյանը մետրո չէր նախագծել... Ինչի մասին են խոսում ժամանակից հետ մնացած մեր ճարտարապետները՝ հերքելով ժամանակի պահանջի գործոնը... Պարոն Մուշեղյան, կարող եք մեզ հետ համաձայնել կամ չհամաձայնել, կարող եք հոխորտալ թատրոնիդեմ, մանավանդ չեմ կարծում, թե վերջին 30 տարում դուք թատրոն այցելած լինեք, բայց իրավունք չունեք մեզ վիրավորելու: Մենք շոու չենք սարքել, շոուն սարքում եք դուք, Մկրտիչ Մինասյանը և Սաշուր Քալաշյանը: Գոնե ամաչեք, քաղաքի կեսը ձեր այլանդակածն է, դուք էիք զարկ տալիս քաղաքի աղավաղմանը, իսկ հիմա սուրբ եք դարձել, որովհետև հիմա ձեղ փող չի հասնում... Գլխավոր պողոտայի կենտրոնում կագնեցրել եք պատկերասրահի այլանդակությունը, ամբողջապես փչացրել պողոտան, դրա մասին չեք խոսում, բայց թատրոնի դեմխոսում եք: Միթե բանական մարդը Ազնավուրի տան կողքին թատրոն կառաջարկի?
4. Arman11:50 - 7 օգոստոսի, 2012
Նախ մեջբերում. : http://www.azatutyun.am/content/article/24668359.html Եվ երկրորդ Ն.Սարգսյանի նախագծերը հաստատվել են քաղաքապետարանի և կառավարության կողմից և իրականացվել: Նա միայնակ ոչինչ չի որոշել: 2004թ. յոթ տարի Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել Ս.Դանիելյանը, որի և քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք էին Բյուզանդի փողոցի մարդկանց բռնի հանում տներից: Երևանի կենտրոնը կառուցվել է Թամանյանի օրոք և այն ժամանակ էլ են քարուքանդ արվել բավականին այգիներ: Այդ մասին ինչու չեք հիշում:
5. Արման15:22 - 7 օգոստոսի, 2012
Սրճարանների փոխարեն թատրոն կկառուցվի...Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի կարծիքով, Մաշտոցի պուրակում թատրոնի շենք կառուցելու շուրջ ստեղծված աղմուկի պատճառները ոչ թե քաղաքաշինական են, այլ անձնական: Ըստ նրա, մի քանի տարի առաջ, երբ քննարկվում էր Մաշտոցի պուրակում մեկ այլ շինություն կառուցելու առաջարկը, շատ քիչ ճարտարապետներ դեմ արտահայտվեցին, մինչդեռ հիմա պատկերը այլ է: Իգիթյանի համոզմամբ` սա ընդամենը Ճարտարապետների միության քաղաքականության արդյունքն է: «Եթե թատրոն կառուցելու տեղի առաջարկը չաներ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այլ որեւէ ուրիշ ճարտարապետ, ապա այսպիսի աղմուկ չէր լինի: Սա է իրական պատճառը», - հայտարարեց Իգիթյանը: Ինչ վերաբերվում է բնապահպանների բողոքին, ապա Իգիթյանն ասաց, որ թատրոնի կառուցումը չի սահմանափակվելու միայն շենքով. բարեկարգվելու է Սարյան փողոցից մինչեւ Գլխավոր պողոտա ընկած ամբողջ հատվածը: Վերանալու են նաեւ տարբեր շինությունները եւ սրճարանները: http://www.azatutyun.am/content/article/24668359.html
6. Էդուարդ16:10 - 7 օգոստոսի, 2012
Հարգելի Մարինե Մանուչարյան այն որ այգին պետք է բարեկարգել լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Կխնդրեի ծանոթանալ Նարեկ Սարգսյանի կատարած որոշ աշխատանքներին ԵՊՃՀ -ի սայթում /մինչև 2007թ./ և մարդուն չվիրավորել: Աշխատող մարդուն կողքից հեշտ է փնովել, որովհետև աշխատանքի մեջ կարող են և սխալներ էլ լինել: Չի սխալվում միայն ոչինչ չանող մարդը: http://www.ysuac.am/data/am/employee/c110134a.html/c110134a.html :
7. Էդուարդ13:04 - 8 օգոստոսի, 2012
Ներողություն եմ խնդրում մեկնաբանությանս մեջ արված սխալմունքի համար և կատարում ուղղում http://www.ysuac.am/data/am/employee/c110134a.html
8. Susan15:40 - 8 օգոստոսի, 2012
Ես մի քանի օր առաջ թողել էի մեկնաբանությու ,սակայն այն չտպվեց ,նորից փորձեմ հայտնել իմ հասարակ երևանցու կարծիքը :Անընդհատ խոսվում է մայրաքաղաքի կենտրոնը թեթևացնելու մասին , մի գուցե թատրոնը կառուցենք Աջափնյակում կամ Նոր Նորքում մասնավորապես կլուծենք ինչպես նշված տարածքների ,այնպես էլ մոտակայքում գտնվող քաղաքների և մարզերի մեր հայրենակիցների խնդիրները , խցանումներից խուսափել և վայելել թատրոն այցելելու հաճույքը:Ինչ վերաբերվում է ճարտարապետների պատերազմին ապա ճիշտ էք պրն.Մութաֆյան ում փող չի հասնում նա էլ խոսում է ,երևում է ձեզ հասել է դրա համար էլ ատամներով պաշտպանում եք ,ճիվաղ Սարգսյանին ,այո Թամանյանը Երևանը նախատեսել էր երեք հարյուր հազար մարդու համար ,իսկ ոչ բարով Սարգսյանը փորձում է նույն տարածքի շրջանակներում տեղավորել մեկ միլիոն մարդ ,դե հասկանում եք ձեր ասածով իրեն փող է հասնում: Մեր ժողովրդի համար նրանից լավագույն վրեժ լուծելը կլինի Հանրապետության հրապարակում մի ցցից կախել և քարերով սատկացնելը ,համոզված եմ ,որ միայն մի քանի վայ ճարտարապետներ ,ինչպես դուք եք ասում ում փող է հասել չեն մասնակցի այդ , մնացած մեկ միլիոնի հարյուր տոկոսանոց մասնակցությունը նա իր ապաշնորհ գործնեությամբ ապահովել է:
9. Vardan 17:31 - 8 օգոստոսի, 2012
Սուսան միթե դու դեռ չգիտես, որ Երևանը մեկ միլիոն բնակիչ ունեցել է դեռևս 1970-ականների վերջին, որպեսզի Մոսկվան թույլատրի Երևանի մետրոյի կառուցումը: Այն ժամանակ պարոն Սարգսյանը երևի մանկապարտեզ կամ դպրոց էր հաճախում: Այնպես որ Երևանը միլիոնանոց քաղաք դարձնողներին փնտրիր այլ տեղ և փորձիր ասելիքդ ասել առանց ավելորդ վիրավորանքների:
10. Susan13:09 - 9 օգոստոսի, 2012
Հարգելի Վարդան չեմ կարողանում հասկանալ ինչու սրտիդ մոտ ընդունեցիր Սարգսյանին ուղված խոսքս Ձեզ ընդամենը պետք է գոնե մեկ անգամ հանդիպել Արամի ,Բյուզանդի փողոցների կամ Հյուսիսային պողոտայի այն նախկին բնակիչների հետ ,որոնց թողեցին անօթևան և իրենց գրպանի համար կառուցեցին այդ այլանդակ բերդ շենքերը ,թե դրանում էլ մեղք չունի Սարգսյանը ,բոլոր այդ մարդկանց անեծքն է նրա վրա :Իսկ ինչ վերաբերվում է Երևանը 70-ականներին մեկ միլիոնանոց քաղաք հայտարարելուն ,որպեսզի Մոսկվան թույլատրեր մետրո կառուցվեր ,ուրեմն փառք և պատիվ նման մարդկանց իրենց հայրենանվեր գործերում ;Դե Սարգսյանն էլ մնացել է իր մանկապարտեզի մակարդակին ուղղակի կաթ ու պեչենի ուտելու փոխարեն աղջկան Իտալիա է դպրոց ուղարկում ,տեսնես ում փողերով:
11. Մեկը16:43 - 9 օգոստոսի, 2012
"Մարդիկ գնում են միայն իրար հետ առնչվելու, քաղաքացի կայանալու համար:" Դե գնա, պարոն Մուշեղյան, առնչվիր մյուսների հետ և փորձիր քաղաքացի կայանալ....
12. Մյուսը11:51 - 10 օգոստոսի, 2012
Լավա, որ դեռ հույս կա, որ մարդը առնչվելով լիարժեք քաղաքացիների հետ` ինքն էլ կկայանա այդպիսին: Սական ձեր պարագայուն, պարոն Մեկ, ձեր նմաններին պետք է մեկուսացնել հասարակությունից` այն չմուռտառելու համար:
13. Կարապետ10:32 - 17 օգոստոսի, 2012
ԻՍԿ ԿԱՍԿԱԴԻ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ Հայաստանի ճարտարապետների գրեթե կիսամեռ ու հենց շատ ու շատ ճարտարապետների կողմից մոռացված միությունն ու նրա նախագահը, «Երևաննախագիծ» ինստիտուտի նախկին տնօրենն ու նրա նախկին տեղակալն այս օրերին բոցաշունչ հռետորներ են դարձել և հարձակվել մեր արվեստի նահապետի Սոս Սարգսյանի վրա: Որովհետև… նրա «մեղավոր սիրտը» կամեցել էր բետոնի ու աղբանոցի փոխարեն` թատրոնի շենք կառուցել: http://avangard.am/?page=news&cal_date=&news_id=10842
14. Geqham21:48 - 18 օգոստոսի, 2012
Հենց լսում եմ ակումը, ոմտքովս անցնում է մեկ այլ որակում՝ : Այ Մուշեղյան, որ հիմա կենաց մահու պայքար ես մղում Նարեկի դեմ, ինչի էիր պապանձվել, երբ Զախարյանը մեջտեղ գցեց ծրագիրը: Ինչ է, չէիր հիշում, որ Գլխավոր հատակագծով այդ տարածքը կանաչ գոտի էր: Ինչու Գլխավոր հատակագծը չէիր պաշտպանում : Թե քեզ ձեռնտու չէր, Երևաննախագծի տնօրենն էին? Այ, այ, այ... բա մյուս վաստակաշատներն ուր էին?, բա ալամ աշխարհի բնապահպան Կ. Դանիելյանն ինչու էր լռում: Տեղ-տեղ Գլխավոր հատակագծի մոլեռանդ պաշտպաններ, ծիծաղելի եք և հնամաշ:
15. Մինասյան Թ.01:37 - 21 օգոստոսի, 2012
Նարեկ Սարգսյանը պարզվում է ունի մի ուսանող որդի, որը սովորում է Երևանում, իսկ Սուսանը տարածում է ապատեղեկատվություն իբրև «աղջկան Իտալիա է դպրոց ուղարկում»: Ախր Համազգային թատրոնի շենքի հետ ինչ կապ ունի, թե Նարեկի որդին որտեղ է սովորում: Պարոն Սարգսյանը ճարտարապետ է, որը արել է նախագծեր: Մարդկանց տներից հանել են տվյալ տարածքի կառուցապատողները կամ սեփականատերերը, որոնք այո շատ անգամ թուրքից էլ վատ են վարվել: Դատապարտենք նրանց: Վերջիվերջո այդ ամենը կատարվել է քաղաքապետեր Ռոբերտ Նազարյանի, Երվանդ Զախարյանի, գլխավոր ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի, Սամվել Դանիելյանի, վերջապես մեր երկրի իշխանության ու մեր բոլորի աչքի առաջ: Ինչու եք անձնավորում ամեն ինչ: Մնացել է Սիրայի քաղաքացիական պատերազմն էլ ասեք պարոն Սարգսյանն է հրահրել: Կատարվել է օրենքի խախտում, մեղադրեք օրենքի պաշտպաններին, որոնք չէին կանխում այդ ամենը: Մեր հարևան պարսիկների սովորությունն է մարդկանց կախել, քարկոծել և ընդհանրապես սա ինչ մակարդակ է: Միթե հնարավոր չի ասելիքն ասել առանց վիրավորելու: Մի մոռացեք բումերանգի օրենքի մասին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված