Կիրակի, 20 հոկտեմբերի

Նախարար. Կաշենի հանքավայրի շահագործման համար անտառահատում չի կատարվի



Արցախի Կաշենի հանքավայրի վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

-Պարոն Եսայան, ըստ մեզ հասած տվյալների` պիտի տեղափոխվեն ոչ թե Վարդաձորի (Գյուլաթաղ) 8 տները, այլ Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերը ամբողջությամբ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Կաշենի հանքարդյունաբերական համալիրի տարածքում գտնվող բնակելի տների, տնտեսությունների և այլ գույքի տեղափոխման հետ կապված` Կաշենի հանքային տարածքի արդյունաբերականացման նախապատրաստական աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր մոտեցումներ, այդ թվում նաև՝ Ձեր կողմից նշվածները:

Տեխնոլոգիական պրոցեսներով ձեռնարկությունների համար, ինչպիսիք մարդու առողջության և կենսագործունեության վրա վնասակար ազդեցության աղբյուրներ հանդիսացող բացահանքը և հանքահարստացուցիչ համալիրն են, միջազգային չափանիշներով սահմանված են սանիտարապաշտպանական գոտու նորմատիվային չափեր: Այս դեպքում այն ընդգրկում է 500 մ շառավղով եզրագծված տարածք, որը ներառում է Վարդաձորի 7 բնակեցված տներ, հողատարածքներ և այլ շինություններ, ինչպես նաև Հոռաթաղ գյուղի վարելահողերի մի մասը: Մինչև հանքավայրի շահագործման ու հանքահարստացուցիչ համալիրի գործարկմանն անցնելը նշված 7 տների բնակիչները կվերաբնակեցվեն վնասակար ներգործության ազդեցության սահմաններից դուրս գտնվող նախապես ընտրված և կառուցապատված տարածքում, իսկ այլ գույքի դիմաց կտրամադրվի դրամական փոխհատուցում:

-Կաշենի հանքի տարածքում ներկայումս հաշվառված են թվով 110 հուշարձան-հուշարձանախմբեր, որոնք ներառում են 2,5 հազարից ավելի հուշարձաններ: Ինչպե՞ս պիտի լուծվի այս հուշարձանների ճակատագիրը, երբ դրանք տեղափոխելը գրեթե անհնար է: Ինչպե՞ս պիտի տեղափոխվեն, ասենք, Մելիք-Ալավերդյանների ու Մելիք-Իսրայելյանների ապարանքները:

-Ձեր կողմից նշված թվաքանակով հուշարձանները գտնվում են Կաշենի հանքերևակման ամբողջ տարածքում, սակայն արդյունահանման բուն աշխատանքները ընթանալու են ավելի փոքր տարածության վրա, որը կազմում է ընդամենը 820 հա: Նշված տարածքում ընդգրկված հուշարձանների նկատմամբ կկիրառվեն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ԼՂՀ օրենքով և կառավարության 2006 թ. մայիսի 23-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 278 որոշմամբ սահմանված մոտեցումներ:

-Կաշենի հանքավայրի տարածքը պատված է խիտ անտառներով: Ուրեմն հանքաքարի հանման համար պիտի ծառահատու՞մ կատարվի:

-Արդյունահանման տարածքում (խոսքը վերաբերում է 820 հա տարածքին) չկան անտառներ: Ուստի ծառահատման խնդիր չի առաջանում: Իսկ ինչ վերաբերում է սանիտարական պաշտպանիչ գոտու սահմաններում գտնվող այգիներին, նախապես գնահատվելուց հետո դրանք բոլորը կփոխհատուցվեն` վերաբնակեցմանը զուգահեռ:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Գևորգ18:29 - 18 հուլիսի, 2012
Պարոն Եսայանին խորհուրդ կտայինք մի փոքր թվաբանություն կատարել;Դրմբոնը ինչ տվեց Մեժլումյանին և ինչ "շոշափելի" գումար տվեց Արցախի բյուջեին;Գուցե համոզվեք և ժամանակին հետ կանգնեք Կաշենի հանքավայրի շահագործելու որոշումից;Արցախը առանց Կաշենի հանքավայրի շահագործման մի կերպ "յոլա' կգնա Հայաստանի պետբյուջեից և Սփյուռքի տարբեր մարաթոններից եկող միջոցներով;Սփյուռքի մեր եղբայրներին կոչ եմ անում նոր մարաթոն կազմակերպել "Փրկենք Կաշենը օլիգարխիայի ճանկերից' նշանաբանով;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված