ՈՒրբաթ, 18 հոկտեմբերի

«Արցախ ՀԷԿ»-ի ֆինանսական տնօրեն. «Սակագների իջնելու մասին չեմ կարող ասել, աշխարհում էլեկտրական էներգիայի թանկացման միտում կա»



«Արցախ ՀԷԿ» ընկերությունը ստեղծվել է 2007 թ. նոյեմբերին որպես փակ բաժնետիրական ընկերություն «Ացախէներգո» ՓԲԸ-ից առանձնանալու միջոցով: Ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը Արցախի Հանրապետությունն էր։ Ստեղծման պահին ընկերության կանոնադրական կապիտալը կազմում էր 5.100.000.000 դրամ, և միակ ակտիվն էր Սարսանգի ՀԷԿ-ը՝ 50 ՄՎտ հզորությամբ, որի միջին տարեկան արտադրանքը կազմում էր 130 մլն ԿՎտ/ժ: Ընկերությունը բաժանորդագրումներից հավաքագրված գումարները ամբողջությամբ ուղղել է նոր փոքր ՀԷԿ-երի շինարարության ծրագրին: «Արցախ ՀԷԿ»-ի հիմնական գործունեությունը էլեկտրաէներգիայի արտադրությունն է, իսկ առաքելությունը՝ Արցախի էներգետիկ անկախությունը ապահովելը։ Մեր հարցերին պատասխանում է «Արցախ ՀԷԿ»-ի ֆինանսական տնօրեն Ժան Հովհաննիսյանը:

Արցախի տնտեսության վրա ինչպե՞ս է ազդել ու ազդում «Արցախ ՀԷԿ»-ը:

Դրական, իհարկե. հումքը ու շահութաբաժնի մի մասը պետությանն է, հարկերն էլ՝ իրենց տեղը: Բացի դրանից՝ Մարտակերտի շրջանում ունենք 170 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 120 հազար է, իսկ հանրապետությունում միջին աշխատավարձը 98 հազար է: Նաև մեր աշխատակիցների բնակարանային խնդիրներն ենք փորձում հոգալ. Մատաղիսում, օրինակ, նրանց համար 8 բնակարան ենք կառուցել: Եթե ընկերությունում 2007թ. աշխատում էր 100 հոգի 65.000 դրամ միջին ամսական աշխատավարձով, ապա 2012թ. ընկերությանն աշխատակցում է արդեն 160 հոգի, ում միջին ամսական աշխատավարձը հավասար է 120.000 դրամի։ «Մատաղիս» կասկադի և «Թրղի-3» փոքր ՀԷԿ-ի շահագործմամբ ընկերության աշխատողների թիվը կհասնի 250-ի: Իսկ նոր աշխատատեղերի ստեղծումը կնպաստի վերաբնակեցման խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականությանը։

Մի քիչ խոսենք բաժնետոմսերի մասին:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում: Առաջին անգամ տեղաբաշխվել է 862.074 բաժնետոմս, երկրորդ անգամ՝ 1.400.000 բաժնետոմս, իսկ երրորդ անգամ` 2011թ.-ին, տեղաբաշխվել է 3.287.926 բաժնետոմս` 1.000 դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերի տեղաբաշխմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 1265 բաժնետեր աշխարհի 10 երկրներից։

Սրանից հետո ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 5 մլրդ 550 մլն դրամով և այսօր կազմում է 10 մլրդ 650 մլն դրամ։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում։

Անցած տարվա հոկտեմբերին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց, որ հետագայում Արցախում արտադրված էլեկտրական էներգիան կբավարարի հանրապետության ամբողջ պահանջարկը, իսկ ավելցուկն էլ կվաճառվի Հայաստանին:

Էլեկտրաէներգիայի ավելցուկ դեռ չկա: Ունենք հեռանկարային ծրագրեր. Սարսանգի, Մատաղիսի արանքում պիտի ՀԷԿ-ի կասկադներ կառուցենք, ինչը խոշոր ներդրումներ է պահանջում: Դրանից հետո էլեկտրաէներգիան կարտահանենք Հայաստանի Հանրապետություն: Թե երբ կլինի դա, դժվարանում եմ ասել: «ԷՅ-Ի-ՋԻ» ընկերության հետ պայմանագիր ունենք, արտահանման գործն իրենցն է, իսկ մերը` արտադրելը:

Այդ դեպքում Արցախում էլեկտրական էներգիայի սակագները կիջնե՞ն:

Սակագների իջնելու մասին չեմ կարող ասել, աշխարհում էլեկտրական էներգիայի թանկացման միտում կա, ու եթե մենք մեր ջրային ռեսուրսները չօգտագործենք, չենք կարող զսպել սակագների բարձրացումը: Չէ՞ որ, էլեկտրական էներգիայից բացի, Արցախը մնացած ոլորտները չի կարող կարգավորել, որովհետև դրանք մերը չեն: Սակագների իջեցումը դժվար հարց է, որովհետև մերը ոչ պետական, մասնավոր ու շահույթ հետապնդող ընկերություն է: Ընկերության միայն մոտ 45 տոկոս կապիտալն է պատկանում պետությանը, իսկ ով ներդրում է կատարել, բնականաբար, շահույթ է ակնկալում: Այսօրվա դրությամբ սակագներից գերշահույթ չենք ստանում, սակագները հաստատում է ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Բացի դրանից՝ մենք չենք էլեկտրական էներգիան վաճառում բնակչությանը, այլ «ԷՅ-Ի-ՋԻ» միջոցով «Արցախէներգոն», որը նույնպես իր շահույթը հաշվի է առնում:

ՀԷԿ-երի կառուցումը և շահագործումը բնապահպանական խնդիրներ չե՞ն առաջացնում:

Բնապահպանական ոչ մի խնդիր չկա, մեր գործունեությունը ստուգվում է Բնապահպանության վարչության կողմից, փորձաքննություններում ոչ մի խնդիր չի արձանագրվել: Սարսանգի ՀԷԿ-ը 40 տարի շարունակ գործում է, իսկ «Թրղե» ՀԷԿ-ն աշխատում է ջրատարի վրա, ինչը բացառում է բնապահպանական վտանգները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված