Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Ադրբեջանցի լրագրող. թե՛ Սերժ Սարգսյանը, և թե՛ Իլհամ Ալիևը Ղարաբաղի հարցում մաքսիմալիստորեն չեն տրամադրված



«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Կովկասի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Կովկաս-2011» միջազգային կոնֆերանսը: Գիտաժողովի մասնակիցներն են գիտնականներ, լրագրողներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Եվրոպայից:

Մինչ տարածաշրջանի առավել կարևոր իրադարձություննեի ամփոփումը սկսելը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը պարզաբանում արեց, որ պետք չէ Հարավային Կովկասը ընդհունել որպես միասնական տարածաշրջան, քանի որ այնտեղ իրարից տարբերվող պետություններ են գտնվում:

Առաջին սեսիայում զեկույցով հանդես եկավ թբիլիսյան “Black Sea Press” տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Գելա Վասաձեն: Ըստ Վասաձեի՝ Վրաստանը ղեկավարում է, այսպես ասած, հայտնի հնգյակը` նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը, արդարադատության նախարարը, ՆԳ նախարարը և Անտվանգության խորհրդի նախագահը: Վասաձեն Վրաստանի ընդդիմությունը բաժանում է երեք տեսակի` «երկաթյա», «ալյուրե» և «փափուկ»: «Երկաթե» համարձակորեն կարելի է համարել Վրացական կուսակցությունը: Դեռ երեկ կարծես թե անհամատեղելի էին թվում Իրակլի Օկրուաշվիլիի, Լևան Գաչեչիլաձեի, Կիցմարիշվիլիի, Սոզար Սուբարի անունները, որոնք հանկարծ համախմբվեցին հայրենիքը փրկելու համար»: Ըստ Վասաձեի՝ «ալյուրե ընդդիմության» ներկայացուցիչը Բուրջանաձեն է, իսկ Իրակլի Ալասանիան և Գեորգի Թարգամաձեն` «փափուկ»:

Ալեքսանդր Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտի տնօրեն, Երևան

Ալեքսանդր Իսկանդարյանը 2011 թվականը Հայաստանի քաղաքաքական դաշտը համարեց մրցակցային տարի. «ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը ավելի շատ ԲՀԿ-ն էր, քան ՀԱԿ-ը, իսկ վերջինիս մրցակիցը ավելի շատ Րաֆֆի Հովհանիսյանն էր»:

Իսկանդարյանը Ղարաբաղի հարցում առանձնացրեց մի քանի հանգամանք` զորահանդեսը Ստեփանակերտում,  Հայաստանը Ղարաբաղին Քարվաճառով կապող նոր ճանապարհի կառուցումը և անօդաչու սարքի ոչնչացումը ԼՂՀ-ի հակաօդային պաշտպանության կողմից. «Այն պնդումները, թե Հայաստանն ու Արցախը սոված են և չունեն գերհզոր տնտեսությամբ Ադրբեջանին դիմադրելու հնարավորություններ, պարզապես տնային տնտեսուհիների խոսակցություններ են»:

Երբ խոսք բացվեց Վրաստանի և Հայաստանի հարաբերություննրի մասին, Իսկանդարյանը ասաց. «Վատ հարաբերությունները Վրաստանի հետ Հայաստանի համար «ճոխություն» է, ինչպես նաև` շատ ջերմ հարաբերությունները»:

Ռաուֆ Միրգադիրով, “Зеркало” թերթի քաղաքական մեկնաբան, Բաքու  

«Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանում ամեն ինչ պարզ է` ընդդիմությունը գոյություն ունենալու իրավունք չունի: Թեև կան կրոնական ուղղություններ, որոնք ինչ-որ չափով իրենցից ընդդիմություն են ներկայացնում»,- ասաց Միրգադիրովը: Ըստ “Зеркало” թերթի լրագրողի՝ Ադրբեջանում տնտեսության առումով էլ է ամեն ինչ պարզ. դա նավթն ու գազն է:

Նա գտնում է, որ Ադրբեջանի համար  էվոլյուցիոն զարգացման ճանապարհը վերջացել է. «Ադրբեջանի բնակչության դժգոհությունը մեծ է, որին արտահայտվելու իրավունք էլ չեն տալիս»:

Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ, լրագրողը այն կարծիքն ունի, որ թե՛ Սերժ Սարգսյանը, և թե՛ Իլհամ Ալիևը մաքսիմալիստորեն չեն տրամադրված:

Երբ դահլիճում ներկա գտնվող Հայաստանում Իրանի դեսպանի ներկայացուցիչը հարց ուղղեց Ռաուֆ Միրգադիրովին` մի կերպ արտասանելով նրա ազգանունը, կրքերը մի քիչ տաքացան. դեսպանի ներկայացուցիչը Ադրբեջանին մեղադրեց Իսրայելին (ըստ նրա` սիոնիստական ռեժիմին) աջակցելու համար, ինչին Միրգադիրովը պատասխանեց` Ադրբեջանը Իրանի առջև ոչ մի պարտավորություն չունի:

Մուրադ Գուգեմուխով, «Ազատություն» ռադիոկայանի հյուսիսկովկասյան խմբագրության թղթակից, Չերկեսկ

Գուգեմուխովի կարծիքով՝ Հյուսիսային Կովկասի երկրներից երևի միայն Չեչնիայում գոյություն ունի երկաթյա դիկտատուրա. «Ռամզան Կադիրովը այն առաջնորդներից է, ով ցանկանում է Չեչնիայի սահմաններից դուրս էլ իր ազդեցությունը տարածել: Չեչենները, դուրս գալով Չեչնիայից, համոզվում են, որ գոյություն ունի ժողովրդավարության նման մի բան, ինչը իրենց հայրենիքում գոյություն չունի»:

Խոսելով ընդհատակյա դիվերսիոն խմբավորումների մասին (հիմնականում "Черный ястреб"-ի մասին)՝ Գուգեմուխովը ներկաներին բացատրեց, որ այդքան էլ հեշտ չէ անտառներում մի քանի տարի շարունակ թաքնվելը. «Նրանց տները այրում են, նրանց ծնողներին զրկում են թոշակից: Այդ տղաները գիտակցում են, որ անտառներում երկար թաքնվելը անհեռանկարային է: Այս առումով Չեչնիայում իրավիճակը բարդ է»:   

Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար, Երևան

Մինասյանը հերքեց այն թյուր կարծիքը, ըստ որի` ԼՂՀ-ի ու Ադրբեջանի լայն թափով սպառազինումը կարող է հանգեցնել պատերազմի. «Շատ զենք, նշանակում է ավելի քիչ պատերազմի սպառնալիք: Զորահանդեսը մկանների ցուցադրում է: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, ապա դա հենց այնպես` պատահականորեն, չի սկսվում»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված