Երկուշաբթի, 14 հոկտեմբերի

«Վիտալի Բալասանյանը կարող է պայքարել ոչ թե հաղթանակի, այլ արտաքուստ քաղաքական այլընտրանք հանդիսանալու համար»



Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կկայանան նախագահական ընտրություններ: Առաջադրվել են չորս թեկնածուներ` գործող նախագահ Բակո Սահակյանը, պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և ԼՂՀ ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Վալերի Խաչատրյանը:  Ակնկալվում է, որ հիմնական պայքարը տեղի կունենա Բակո Սահակյանի և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին փոխնախարար գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի միջև:

Ըստ Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի դասախոս, վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի՝ ընտրություններում քաղաքական պայքարը կլինի ձևական. «Վիտալի Բալասանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրեվելն ունի հետևյալ բացատրությունները. նախ` Դաշնակցության կողմից ԼՂՀ-ում քաղաքական ինքնուրույնության ցուցադում և ԼՂՀ քաղաքական էլիտայի կողմից դեմոկրատիայի ցուցադրում` ալտերնատիվ և ազատ ընտրությունների տեսքով: Իսկ Վալերի Խաչատրյանը և Արկադի Սողոմոնյանը որպես քաղաքական գործիչներ հասարակությանը գրեթե անծանոթ են: Այս պարագայում Վիտալի Բալասանյանը կարող է պայքարել ոչ թե հաղթանկի, այլ արտաքուստ քաղաքական այլընտրանք հանդիսանալու համար»:

Արցախի քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեն արցախյան պատերազմի վետերանները: Տրամաբանական կլիներ ակնկալել, որ նրանք կաջակցեն Վիտալի Բալասանյանին, սակայն դեպքերի զարգացման նման ելքը ժխտեց Կարաբեկյանը. «Վետերանական շարժման կողմից գործող նախագահի սատարումը զրկում է Վիտալի Բալասանյանին հաղթելու շանսերից: Բացի այդ, 007-2008 թվականների` մինչև տնտեսական ճգնաժամի ալիքի Արցախ հասնելը, եղել են սոցիալ-տնտեսական հաջողությունների տարիներ: Մինչդեռ գործող նախագահի մրցակցի հաջողությունները հիմնակաում կապված են 1990-ականներին տեղի ունեցած բանակաշինության հետ»,- ասում է վերլուծաբանը:

Վիտալի Բալասանյանը օրերս բացված ֆեյբուքյան էջում զետեղված ինքնակենսագրականում ներկայանում է որպես անկուսակցական. «2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել եմ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Հանդիսացել եմ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Պատգամավորական գործունեությունս իրականացրել եմ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել եմ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Դաշնակցություն» խմբակցության անդամ եմ…Անկուսակցական եմ։

Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ»:

Այս ամենը հակասական է թվացել ֆեյսբուքի օգտատերերից մեկին. «Աշխատում է կուսակցության խմբակցությունում եւ այլն, հետո վերջում ասում է` անկուսակցական եմ` այդքան պարտականություններից հետո, չեմ հասկանում…»: 

Ինչին Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Կարելի է լինել անկուսակցական, բայց որևէ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել պատգամավոր և լինել այդ խմբակցության անդամ: Ես պատգամավոր եմ ոչ մշտական հիմունքներով: Արցախի օրենքներով կա այդպիսի հասկացություն: Պրոֆեսիոնալ պատգամավորներ են միայն հանձնաժողովի նախագահները և նրանց տեղակալները, Ազգային ժողովի նախագահն ու իր տեղակալը»:

Լուս.՝ Վ. Բալասանյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված