Կիրակի, 25 օգոստոսի

Պղծված պանթեոն



Հոկտեմբերի 6-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան է զանգահարել արձակագիր Անժելա Ստեփանյանի որդին` Էմիլ Ստեփանյանը, եւ հարցրել, թե արդյոք թանգարանի աշխատակիցները տեղյակ են, որ Կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի գերեզմանոց) քաղաքային պանթեոնից անհետացել է Դեմիրճյանի կիսանդրին:

Տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը պատմում է, որ կիսանդրին վերջին անգամ տեսել է հենց Էմիլը, ով Զատիկից (ապրիլի 4) հետո այցելել է գերեզմանոց:Խաչվերացից (սեպտեմբերի 12) հետո եւս Էմիլը եղել է այնտեղ, սակայն նկատել է, որ բրոնզե կիսանդրին տեղում չէ: Այդուհանդերձ, նա մտածել է, թե տուն-թանգարանում տեղյակ են այդ մասին, եւ չի ահազանգել: Տեսնելով, որ այդ մասին ոչ խոսվում է, ոչ գրվում` Էմիլը զանգել է թանգարան:

Լուրը զարմացրել է աշխատակիցներին, որոնք դրան չեն կարողացել հավատալ: Կարինե Ռաֆայելյանն ասում է, որ իրենք 5 տարին մեկ մեծ երթ են կազմակերպում քաղաքային պանթեոն` Դեմիրճյանի հերթական հոբելյանը նշելու: 1997-ին նշվել է գրողի 120, 2002-ին` 125, իսկ 2007-ին` 130-ամյակը: Հենց 2007-ին են աշխատակիցները վերջին անգամ տեսել կիսանդրին:

Էմիլի զանգից հետո վերջիններս այցելել են պանթեոն, Կ. Ռաֆայելյանը տեսածի մասին տեղեկացրել է իր անմիջական ղեկավարին` Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանին, որի խորհրդով էլ դիմել է ոստիկանություն:

Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Նախօրեին` ժամը 13:55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ս.թ. ապրիլից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան քաղաքային պանթեոնից գողացել են Դերենիկ Դեմիրճյանի շիրմաքարին տեղադրված կիսանդրին:

Կատարվում է նախաքննություն»: Տեղազննության ժամանակ, ինչպես տկն Ռաֆայելյանն է ասում, ոստիկանները եկել են այն եզրակացության, որ բրոնզե մեծ կիսանդրին հետեւից հրել, գցել են, ինչի հետեւանքով գրողի շիրմաքարի դիմացի գերեզմանի եզրաքարերից մի քանիսը ջարդվել է:

Բացի դրանից` պարզվել է, որ գողությունը կատարվել է նվազագույնը մեկ ամիս առաջ, քանի որ դրանից հետո թռչունները հասցրել են բազալտե շիրմաքարի վրա բույն դնել, որը տեղազննության ժամանակ արդեն չորացած, կարծրացած վիճակում է եղել:

Ըստ Կ. Ռաֆայելյանի` Դեմիրճյանի բրոնզե կիսանդրին, հարազատների ասելով, մոտ 300 կգ քաշ է ունեցել, այն պատրաստել է ժամանակին սփյուռքից Հայաստան հրավիրված քանդակագործ Ահարոնյանը, եւ կիսանդրին, հավանաբար, տեղադրվել է գրողի մահից մեկ տարի անց` 1957-ին (Դեմիրճյանը մահացել է 1956-ի դեկտեմբերին):

Դեմիրճյանի գերեզմանի հարեւանությամբ գտնվող մեր մյուս մեծերի շիրիմները նույնպես պղծվել են: Տարիներ առաջ դերասան Վաղարշ Վաղարշյանի տապանաքարի վրայից տարել են թիկնոցանման մետաղե դետալը, անհետացել է քանդակագործ Երվանդ Քոչարի կլոր շիրմաքարը եզերող դափնու տերեւներով զարդը, գրող Սիփան Շիրազի շիրիմից տարել են բրոնզե խաչը: 

Լեզվաբան Հրաչյա Աճառյանի գերեզմանից էլ արդեն այս սեպտեմբերին գողացել են 8-10 կգ կշռող մետաղական հատվածը: Կենտրոնական գերեզմանատան հավաքարարներից մեկն էլ հայտնեց, որ նվազագույնը մոտ 20 օր առաջ պանթեոնից տարել են Երեւանի նախկին քաղաքապետ Եղիշե Վարդանյանի մետաղե կիսանդրին:

Պարզվում է` Կենտրոնական գերեզմանոցը ժամը 17:00-ից հետո վերածվում է անտերանոցի: Այստեղ աշխատում են միայն հավաքարարներ ու բանվորներ: Երկուշաբթի-ուրբաթ օրերին աշխատանքային օրը տեւում է 8 ժամ` 9-17-ը, իսկ շաբաթ եւ կիրակի` ավելի կարճ` մինչեւ 2-3-ը: Հսկա գերեզմանատունը պահակ չունի:

Ավելին` 4 մուտք կա, որով մեքենաները կարող են տարածք մտնել, իսկ գլխավոր մուտքի դարպասները միշտ բաց են, մի քանի տարի առաջ ոստիկանները փորձել են փակել, սակայն առավոտյան հավաքարարները տեսել են, որ կողպեքը ջարդել են ու մի կողմ գցել:

Հավաքարար Կատարինան այստեղ աշխատում է 10 տարի, ասում է, որ վերջին տարիներին են գողություններն այսպես շատացել:

«Բոլոր մեծերը չէ, որ ունեն սրտացավ ժառանգներ»,- ասում է Կարինե Ռաֆայելյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչպես եղավ, որ Դեմիրճյանը թաղվեց ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնում, այլ Կենտրոնական գերեզմանատանը:

Նա նշում է, որ տուն-թանգարանի անմխիթար վիճակի պատճառով գրողի գերեզմանի հարցն իրենց համար առաջին տեղում չէր, սակայն այս դեպքից հետո այն դարձել է առաջնահերթ:

Դեռ մոտ մեկ տարի առաջ մեծ գրողի աճյունը Կոմիտասի պանթեոն տեղափոխելու կոչ է արել բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը: Հիմա այդ մասին խոսում են Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ու Կարինե Ռաֆայելյանը: Անանյանը վստահ է, որ Դեմիրճյանի նկատմամբ մեր հասարակությունը չունի այն համարժեք գնահատականը եւ մեծարանքը, որին գրողն արժանի է:

«Այսօր մենք պիտի խոսենք այն մասին, թե 1956-ին ինչու Դեմիրճյանը չգնահատվեց ըստ արժանվույն ու իր վերջին հանգրվանը չգտավ Կոմիտասի պանթեոնում,- ասում է ԳՄ նախագահը:- Քաղաքային պանթեոնում տիրող այս վիճակն էլ մեզ հուշում է, որ մենք պիտի դաս քաղենք ու կազմակերպենք Դեմիրճյանի վերաթաղումը, աճյունը տեղափոխենք Կոմիտասի պանթեոն»:

Մյուս կողմից` նա ասում է, որ այս սրբապղծության դեմ պայքարը դրա նկատմամբ անհանդուրժողականության ձեւավորումն է. «Միայն այս դիակապուտները չեն, շուրջբոլորն անբարոյականության սերմնացաններ ենք տեսնում ու շատ հանդուրժողաբար ենք վերաբերվում այդ ամենին: Հասել ենք խաչագողերի հասարկության մակարդակին»:

«Գողացողը շա՞տ գիտի, թե Վարդանանքը ով է, Դեմիրճյանը ով է, մտածել է, որ գողանալով կարելի է դրանից փող սարքել, օրվա հացը վաստակել: Նա էլ այդպես է գողանում, ինչպես պետական բոլոր այրերն են գողանում,- հասարակության բոլոր խավերի անկման մասին է խոսում գրող Հրաչյա Մաթեւոսյանը:- Դարերի միջով անցած ազգն այսօր բարոյալքվում է, որովհետեւ ստեղծվել է սարսափելի աղքատների ու սարսափելի հարուստների, թալանչիների հասարակարգ»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված