ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

Է՜, ա'յ մարդ, աշխարհի բոլոր ճապոնացիների քթերն իրար կպցնեն, քթիդ չի հասնի



Մեր Բախշի  նախապապի որդիներս ու թոռներս համարում ենք, որ նա ծնվել է 1870 թ-ին Լենինի հետ և մահացել 1977-ին: Այսինքն ապրել է մոտավորապես 107 տարի: Ինչու՞ եմ  «մոտավորապես» ասում, որովհետև Բախշին բավականին շուտ է որբացել,  չգիտեր իր ծննդյան տարեթիվը: Ծնվել է Կապանում կամ Կապանի մոտակայքում, իսկ 18 տարեկան հասակում փախել է Ղարաբաղ ու հաստատվել Ստեփանակերտի մոտ գտնվող Կրկժան գյուղում:  1904-05 թթ. մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին ու մինչև կյանքի վերջը հիշել իրեն ամրակցված զենքի համարը: 

Նա ուներ ոչ հայկական անուն, բայց իր որդիներին տվեց հայկական Արշակ, Երվանդ, Գուրգեն անունները: Ազգանունն էլ Հայրիյան էր, սակայն ավելի ուշ վերցրեց Աղաջանյան ազգանունը. Աղաջանը նրա հայրն էր:

Բաշխի ապան  չէր ծխում, սակայն ամեն օր խմում էր մեկ-երկու բաժակ իր ձեռքով քաշած թթի օղուց,  իսկ տոն օրերին օղու հետ երբեմն գինի էր խմում: Մինչև ցրտերը սկսվելը քնում էր բակում. շոր էր փռում հողին ու քնում: Ամեն օր աշխատում էր, պարապ երբեք չէր մնում: Այստեղ տեղին է հիշել «օդը, թոթը, լապատկին կոթը» ղարաբաղյան ասացվածքը, որը համարվում է ղարաբաղյան երկարակեցության դեղատոմսը: Նա աշխատեց  մինչև կյանքի վերջին օրը. 107 տարեկան հասակում տան բակի սառույցը  քանդելուց հետո կյանքում առաջին անգամ հիվանդացավ և հիվանդ ապրեց մի քանի օր:

Մարդիկ նրա մասին անեկդոտներ են պատմում: Օրինակ` իբր նախապապս պատմում էր, որ ճապոնացիները ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ իրեն գերի են վերցրել ու կարճ ժամանակ հետո ազատ արձակել` կարծելով, թե ինքը նույնպես  ճապոնացի է: Եվ այստեղ բարեկամս սկսում է սրամտել. «Է՜, ա'յ մարդ, աշխարհի բոլոր ճապոնացիների քթերն իրար կպցնեն, քթիդ չի հասնի»: Սովորաբար նրան այստեղ  ուրիշները սաստում են. «Տենանք` կենդանի լիներ, կարայի՞ր էդպես խոսել»: Այդպես էին ասում, որովհետև նախապապս հեղինակություն էր Կրկժան գյուղում, և ոչ մեկն իր հանդեպ նման կատակներ անել թույլ չէր տա: Նա շատ խիստ մարդ էր. երբ պապս ուզել է ամուսնանալ, թույլ չի տվել. «Կամուսնանաս այն ժամանակ, երբ գրպանումդ ոսկե դրամ լինի»:

Բախշին ապան նաև կնասեր էր, նա պաշտոնապես մի հինգ-վեց անգամ հասցրել էր ամուսնանալ, բացի այդ, ամուսնացել է նաև ոչ պաշտոնապես, այլ համակեցության կարգով. մի քանի կին է ունեցել: 70 տարեկանում  հավաքել է իր որդիներին ու բացատրել, որ նորից ամուսնանալ է ուզում, քանի որ կին է ուզում:

Այո, նախապապս իր կենսագրությամբ նման էր Քոչարի Նահապետին ու մի քիչ էլ Գալշոյանի Ձորի Միրոյին. և' փախստական էր, և' նաև «աշխարհից»` կոմունիստական գաղափարախոսությունից  կտրված  ապրում էր իր աղքատիկ ու հպարտ տնակում: Ինչպես ընդունված է ասել, հին մարդկանցից էր:

* * *

Թե որն էր ղարաբաղյան երկարակեցության գաղտնիքը, դժվար է ասել: Խորհրդային Միությունում տարեցների քանակով Ղարաբաղը առաջինն էր` իր հետևում թողնելով Յակուտիային, Նախիջևանին, Աբխազիային ու Դաղստանին: Օրինակ` Խորհրդային Միությունում կատարված որոշ գիտական ուսումնասիրություններում երկարակեցության գլխավոր գործոնը ջուրն են համարում, քանի որ վերոնշյալ վայրերում ջուրը պարունակում է առողջության համար օպտիմալ քանակությամբ կալցիում: Իսկ ոմանք էլ գտնում են, որ մեծ քանակությամբ տարբեր խոտաբույսերի օգտագործման շնորհիվ էին մարդիկ երկար ապրում: Կրկժանի աղբյուրը Ղարաբաղում իրոք ամենահամեղներից մեկն է համարվում, իսկ տարբեր խոտաբույսերի օգտագործումը տարածված է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված