Երեքշաբթի, 20 օգոստոսի

Հուշարձան` նվիրված կաղարծեցի զոհված ազատամարտիկներին



ԼՂՀ-ում բարի ավանդույթ է դարձել Արցախյան ազատագրական պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշակոթողներ բացելը: Հերթական հուշարձանը բացվեց Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում: Զոհված 17 ազատամարտիկներին նվիրված կոթողը, որը տեղադրվել էր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարեւանությամբ, կառուցվել է ռուսաստանաբնակ կաղարծեցի բարերարներ Վրեժ եւ Արմեն Սաֆարյանների օժանդակությամբ: Այն բացելու պատիվը տրվեց զոհված ազատամարտիկի որդի Օլեգ Բալասանյանին եւ Վրեժ Սաֆարյանին:

Հուշարձանը օրհնեց Մարտունու շրջանի հոգեւոր հովիվ տեր Առաքել քահանա Ղազարյանը:

Կարեւորելով զոհվածների գործը Արցախի անկախության ու ազատության համար պայքարում` գյուղի դպրոցի ուսուցչուհի Լորա Սուլեյմանյանը, մասնավորապես, նշեց. «Ապրողներիս հիշողության մեջ նրանք մնացին ինչպես անմար կանթեղ ու խղճի չափանիշ, քանզի նրանց ուղեղը միշտ թերթում էր նույն էջը` Արցախը` հայերին, եւ հենց դրա համար վտանգի ենթարկեցին իրենց կանաչ կյանքի արեւը` փրկելով մեր լուսաբացի արեւները»:

Ապա հավելեց, որ կենդանի մնացածները պարտավոր են վառ պահել ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործը հասցնել ավարտին` Արցախի կայացմանն ու անկախության ճանաչմանը: «Այսօր ինձ այս հուշակոթողը շատ բան է ասում: Վերստին ապրելու ուժ է ներարկում, հավատ է ներշնչում ու, իհարկե, հպարտություն»,- իր խոսքում էլ նշեց զոհվածի այրի Սիլվա Բաբայանը:

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանով արժեքավոր նվերներով պարգեւատրվեցին գործող բանակի մի շարք կաղարծեցի սպաներ ու ազատամարտիկներ: Իսկ զոհված 17 ազատամարտիկների ընտանիքներին Արցախի ազատամարտիկների միությունը հատկացրեց 10.000-ական դրամ օգնություն:

Միջոցառման վերջում զոհված ազատամարտիկներին նվիրված գեղարվեստական կոլաժով հանդես եկան դպրոցականները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված