Երեքշաբթի, 16 հուլիսի

«Հայլուրը» հիասթափեցնում է սփյուռքահայ բարերարներին



Լիանա Սայադյան
Էդիկ Բաղդասարյան

«Հայաստանի ԶԼՄ-ի նմանօրինակ վարքագիծը իսկապես կարող է հիասթափեցնել եւ հետ պահել ամերիկաբնակ հայ բարերարներին Հայաստանում ներդրումներ կատարելու գործնական քայլերից»,- Հանրային hեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին ուղղված նամակում գրում է ամերիկահայ բարերար Ջեկ Բերբերյանը: Մեր հայրենակցի հիասթափության պատճառը փետրվարի 15-ին «Հայլուր»-ի «հետաքննական խմբի» պատրաստած ռեպորտաժն է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության մասին, որի Տնօրենների խորհրդի նախագահն է æեկ Բերբերյանը:

«Բարեգործություն՝ քաղաքական բիզնես» վերտառությամբ ռեպորտաժը հաղորդավար Տաթեւիկ Բաղդասարյանը ներկայացրեց այսպիսի նախաբանով. «Հայաստանում գործող հասարակական-բարեգործական կազմակերպությունների գործունեության հիմքը հիմնականում սփյուռքահայ բարերարների նվիրատվություններն են՝ փողը: Իսկ որտեղ փող, այնտեղ գայթակղություն: Արդյո՞ք միշտ են բարեգործական նպատակների ծառայում բարերարների փողերը. հարցը հետաքրքրում է առաջին հերթին հենց նրանց, ովքեր չեն ափսոսում սեփական եկամուտից մշտապես բաժին հանել դրա կարիքն ունեցողներին: Նրանց թվում է նաեւ ամերիկաբնակ մեր հայրենակից Ջեկ Բերբերյանը, որը համայնքում ճանաչված եւ մեծ հարգանք վայելող բարերար է: Ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակների են ծառայում բարեգործական փողերը՝ փորձել է պարզել «Հայլուրի» հետաքննող խումբը» (տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ www.armtv.com կայքում):

Ջ. Բերբերյանի փողերի' Հայաստանում նպատակային ծախսման խնդրով մտահոգ' «Հայլուրի» «հետաքննական խումբը» պարզել էր հետեւյալը. ««Հայաստանի Պատանեկան նվաճումների» (ՀՊՆ) ղեկավար Արմինե Հովհաննիսյանի (Րաֆֆի Հովհաննիսյանի կինը) ձեռքով Ամերիկայում հանգանակված բարեգործական գումարները ուղղվում են նրա ամուսնու քաղաքական գործունեությանը, օրինակ՝ հանրահավաք կազմակերպելուն, անհնազանդության գործողությանը, Հովհաննիսյանի քաղաքացիության առնչությամբ ստորագրահավաքին եւ այլն: Կարեւոր է հարցը՝ թե արդյո՞ք այդ ամենին տեղյակ է ծրագիրը ֆինանսավորող ամերիկահայ æեկ Բերբերյանը: Գիտի՞ արդյոք, որ հայ պատանիների կրթությանը հատկացրած իր փողերը ներդրվում են ընտանեկան բիզնեսում՝ ծառայելով մեկ մարդու քաղաքական նպատակներին: Վստահաբար՝ ոչ, որովհետեւ Սփյուռքը դեռ անկախության առաջին շրջանում ամրագրեց, որ իր համար կարեւորը գումարների նպատակային ծախսումն է»:

Փետրվարի 17-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին ուղղված նամակում Ջեկ Բերբերյանը գրում է. «Ես՝ ամերիկաբնակ գործարար æեկ Բերբերյանս, խոր վրդովմունքով տեղեկացա ս/թ փետրվարի 15-ին «Հայլուր» լրատվական ծրագրով հեռարձակված ստահոդ եւ խեղաթյուրված ռեպորտաժի մասին՝ կապված «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը «իմ կողմից տրամադրած գումարների ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ»:

Որպես «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության Տնօրենների խորհրդի նախագահ՝ ի պաշտոնե հայտարարում եմ, որ կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ կողմից: Տեղեկացնում եմ, որ կազմակերպության ֆինանսական գործունեությունը հսկվում է USAID-ի, Միջազգային պատանեկան նվաճումների, ինչպես նաեւ կազմակերպության Տնօրենների խորհրդի կողմից: Բացի այդ, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը յուրաքանչյուր տարի անցնում է անկախ աուդիտորական քննություն C o rbin & Company ltd. ընկերության կողմից: Մեր ֆինանսական հաշվետվությունները տպագրվում են կազմակերպության տարեկան զեկույցներում եւ տեղադրվում են «Պատանեկան նվաճումներ»-ի ինտերնետային կայքում (www.jaarmenia.org), որոնք բաց ու թափանցիկ են հասարակության համար:

... Խստորեն պահանջում եմ անհապաղ հերքել ձեր եթերով հնչած ապատեղեկատվությունը եւ նմանատիպ կեղծ լուրերով չխոչընդոտել Հայաստանի առաջընթաց զարգացմանը»:

«Հայլուրի» հետաքննական խումբը որտեղի՞ց է պարզել այս տեղեկությունները, հայտնի չէ, նյութը հենվում է սոսկ «հետաքննական խմբի» ենթադրությունների վրա, եւ որեւէ աղբյուր ռեպորտաժում նշված չէ:

«Եթե իրենց նպատակը բացահայտումն էր եւ ոչ թե իմ անունն աղտոտելը, շատ լավ կարող էին տեղեկատվությունը վերցնել մեր կայքից, մեր հրատարակած հաշվետվություններից: Սա USAID- ի ծրագիրն է: Բերբերյանը մեր կազմակերպության Տնօրենների խորհրդի նախագահն է, ոչ ֆինանսավորողը: Ես կարծում եմ, որ իրենց նպատակը հետաքննությունը չի եղել, պարզապես ուզել են աղտոտել մեր անունը: Սա միտումնավոր է, եւ այս արշավը առաջինն ու վերջինը չէ: 15 տարի է մենք Հայաստանում ենք ապրում, միայն լավ գործերով ենք ճանաչված, եւ հիմա միանգամից 1 ամսվա մեջ դարձանք գող, մարդ ծեծող, հանցագործ: Մինչեւ ընտրությունները կլսեք, որ մենք մի հանցավոր ընտանիք ենք: Իմ կարծիքով' իմ միջոցով ուզում են Րաֆֆի Հովհաննիսյանին դիպչել»,- ասում է «Պատանեկան նվաճումների» տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Փետրվարի 20-ին Արմինե Հովհաննիսյանը հերքման գրավոր պահանջով դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանին, «Հայլուրի» տնօրեն Հարություն Հարությունյանին եւ ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանին. «Ռեպորտաժում հնչած ոչ մի տեղեկություն չի համապատասխանում իրականությանը: Այն սկզբից մինչեւ վերջ լի էր կեղծիքով եւ միտումնավոր աղավաղված տեղեկատվությամբ: Ուզում եմ ճշտել, թե այդ ի՞նչ «հետաքննող խումբ է», որ այսօրվա տեղեկատվության ազատության պայմաններում այսքան չճշտված տեղեկություններ է հաղորդել՝ չուսումնասիրելով կազմակերպության ինտերնետային կայքը, չայցելելով կազմակերպության գրասենյակ եւ անձամբ չծանոթանալով նրա գործունեությանը: Ես պահանջում եմ, որպեսզի «Հայլուրը» բացատրություն տա կազմակերպության մասին փաստերը եւ տվյալները կեղծելու միտումնավորության վերաբերյալ, ինչպես նաեւ հերքի տեղեկատվությունը նույն ծավալով եւ նույն ծրագրով եւ հրապարակայնորեն ներողություն խնդրի ապատեղեկատվության համար»:

Ովքե՞ր են «Հայլուրի» «հետաքննական խմբի» լրագրողները: Իրականում «Հայլուրում» նման խումբ գոյություն չունի: Ռեպորտաժի տեքստը կարդացել էր «Հայլուրի» լրագրող Արթուր Գրիգորյանը : Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա հայտնեց, որ ինքը միայն ընթերցել է իրեն տրված տեքստը եւ նյութի հեղինակի մասին տեղեկություններ չունի:

Հեռախոսազրույցի ժամանակ նույնը պնդեց նաեւ այդ օրվա հաղորդավար Տաթեւիկ Բաղդասարյանը:

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը պարզաբանման մեր խնդրանքին ի պատասխան ասաց, որ ինքն այդ օրը Երեւանում չի եղել, եւ անհրաժեշտ է դիմել «Հայլուրի» տնօրեն Հարություն Հարությունյանին:

Վերջինիս մենք 2 օր շարունակ չկարողացանք գտնել իր առանձնասենյակում: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը ճշտում էր, թե ով է հարցնում, ասում' մեկ րոպե սպասեք, այնուհետեւ հայտնում, որ նա տեղում չէ: Իսկ Հ. Հարությունյանի բջջային հեռախոսն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:

Հանրային հեռուստատեսության մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ ռեպորտաժի տեքստն ուղարկվել է «Հայլուր» պետական կառույցներից մեկի լրատվական ծառայությունից:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը նույնպես ապարդյուն էին:

Մեր տեղեկություններով' ռեպորտաժը եթեր հեռարձակելու օրը նա նույնպես հանրապետությունում չէր:

«4 տեսակ կառույց կա, որ հսկում է մեր ֆինանսական գործունեությունը: Առաջին' USAID- ն, երկրորդ' մեր կազմակերպության միջազգային կառույցը, որովհետեւ մենք «Պատանեկան նվաճումների» հայաստանյան մասնաճյուղն ենք, երրորդ' Տնօրենների խորհուրդը, որի կազմում պատկառելի մարդիկ են' Ջեկ Բերբերյան, Սիլվա Պզտիկյան, Ջո Քելեջյան, Սթիվեն Քրաջյան, Մելիք Կումջյան եւ ուրիշներ, 4-րդ' անկախ աուդիտորական կազմակերպությունը: Իրենք դա շատ լավ պետք է իմանային, եթե մեր տարեկան զեկույցը նայեին: Ես չգիտեմ' ոնց պետք է կարողանայի այս 4 վերահսկող ազմակերպություններից գումարներ թաքցնել, շրջանցել եւ այդ գումարները ցույցերի վրա ծախսել»,-ասում է Արմինե Հովհաննիսյանը եւ ավելացնում,-Հայաստանի հարկային մարմինների հետ երբեւէ խնդիր չենք ունեցել, չեմ կարծում, որ իմ չափ հարկ տվող կա այս երկրում: Ամեն ինչ արել եմ օրենքի տառին համապատասխան, որովհետեւ հասկացել եմ, որ այս օրը գալու է, մի օր գալու է, որ ցանկանալու են Րաֆֆիին դիպչել եւ գալու են իմ կազմակերպությունը հսկեն»:

«Հայաստանի Պատանեկան նվաճումների» ղեկավար Արմինե Հովհաննիսյանը փորձում է պարզել, թե ինչու է իր կազմակերպությունը դարձել «Հայլուրի» թիրախը:

«Ես չեմ կարողանում հասկանալ' մենք միջազգային կազմակերպություններից ֆինանսավորվող ՀԿ-ների դեմ սկսված արշավի մա՞ս ենք կազմում, սա Րաֆֆիի' ՀՀ նախագահին ուղղված հարցերի պատասխա՞նն է, թե՞ ընտրություններն են մոտենում»,-հարցնում է Արմինե Հովհաննիսյանը:

Ավարտելով իր «հետաքննական ռեպորտաժը»' «Հայլուրը» հայտարարեց. «Ցավոք, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը որդեգրել է 10-15 տարվա վաղեմության գործելաոճ, որը շատ սփյուռքահայերի ստիպեց վերանայել վերաբերմունքը հայրենիքի հանդեպ»:

Ապատեղեկատվություն տարածելու «Հայլուրի» այս աշխատաոճը բազմաթիվ սփյուռաքահայերի, իրոք, կստիպի վերանայել իրենց վերաբերմունքը հայրենիքի հանդեպ:

Իսկ եթե «Հայլուրը» չհերքի տարածած ապատեղեկատվությունը, ամենայն հավանականությամբ Ջեկ Բերբերյանը եւ Արմինե Հովհաննիսյանը կփորձեն դա անել դատարանի օգնությամբ:

Հ.Գ. Փետրվարի 25-ին «Հետքի» այս հոդվածը արտատպել էր «Ազգ» օրաթերթը: Նույն օրը «Ազդակ» ակումբում ասուլիս տվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Վերջինս ասուլիսում անդրադարձավ նաեւ հոդվածում բարձրացված խնդիրներին:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ է «Հայլուրի» հետաքննող խմբի ուշադրության կենտրոնում հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքը, եւ քաղաքական չէի՞ն, արդյոք, հետաքննության նպատակները, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած լուր քաղաքական հետեւանքներ ունենում է, իսկ եթե խոսքը պատասխանատվության մասին է, ապա հեռու գնալ պետք չէ:

Եթե ուզում եք պատասխանող կողմ, էսպես ասենք, գտնել, այդ պատասխանող կողմը ես եմ եւ ասեմ, որ այդ լուրն իսկապես մեր լրագրողների հետաքննության արդյունքում էր եղել:
Ընդ որում, գիտեք, ես հին դպրոցի լրագրող եմ, եւ մի այսպիսի ոսկե օրենք կար, եթե հիշում եք, որ եթե ասենք' գիտես 100 բան, դու սկզբից ասա միայն 30-ը, հետո սպասիր արձագանքին, հետո' եւս 30-ը, եթե էլի արձագանք լինի, հետո' մնացած մասը: Հիմա ես սպասում եմ իրենց արձագանքին: Եթե այդ արձագանքը լինելու է «Հայլուրին» դատի տալը, ապա ես անհամբեր սպասում եմ»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված