Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Իտալիա

18:40, 10 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Իր հերթին ՀՀ ՊՆ պատվիրակությունն իտալական կողմին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գործունեության վերաբերյալ:

Այցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: