Չորեքշաբթի, 19 հունիսի

Հայկական հեռուստաընկերությունների «Վաթերլոո»-ն



Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական թողարկումը, որն անգերազանցելի է իր սարկազմով եւ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու «տաղանդով», սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում կանխագուշակումներ էր անում ընդդիմության պարտության, իրենց բնորոշմամբ' «Վաթերլոո»-ի մասին: Նոյեմբերի 27-ի երեկոյան հիմնական թողարկման ժամանակ «Հայլուրը» հպարտությամբ արձանագրեց «իր կանխատեսումների արդարացիությունը», եւ այն հիմնավորելու համար գործի դրեց բազմիցս կիրառած քաղաքական մանիպուլյացիայի միջոցները:

Սովորական հեռուստադիտողը գուցե չհասկանա, թե ինչպես է «Հայլուրը» ընտրում կադրերը, մոնտաժի շնորհիվ աղավաղում կամ մեկնաբանում քաղաքական գործիչների խոսքերը կամ թե նրանց արտահայտած մտքերից վերցնում մեկ բառ եւ դա հարմարեցնում իր արտահայտած տեսակետին:

Օրինակ' բոլոր հանրահավաքներին «Հայլուրի» օպերատորի տեսախցիկը որսում է Ազատության հրապարակի կամ Մատենադարանի միայն դատարկ հատվածները կամ արեւածաղիկ ուտող ծերունիների մի փոքր խմբի: Ճիշտ այդպես հանրաքվեի օրը Ազատության հրապարկում «Հայլուրի» օպերատորը հայտնվել էր հենց այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր կանգնելուց հետո գնացել էր փոքր-ինչ հանգստանալու (այս մասին նոյեմբերի 28-ին հայտնեցին թերթերը ) . ի~նչ հաջողություն, «Հայլուրը» հրաշալի հնարավորություն ստացավ հեռուստադիտողներին ապացուցելու, թե ինչ «թույլ է ընդդիմությունը»:

Իր տանը նստած եւ բառի բուն իմաստով տեղեկատվական շրջափակման մեջ գտնվող հեռուստադիտողը հաստատ մտածեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին կոչ է արել, բայց ինքը չի եկել հրապարակ:

Հեռուստադիտողին կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով մոլորեցնելու «լավագույն դրսեւորումը» ընդդիմության ասուլիսը լուսաբանող ռեպորտաժում Վազգեն Մանուկյանի' 5-րդ շարասյան մասին խոսքի «չափազանց խելացի տոնով» մեկնաբանությունն էր' վերցված «քաղաքագիտական բառարանից», որը թութակաբար կրկնեցին նաեւ մյուս պատասխանատու հեռուստաընկերությունները:

Իսպանիայի պատմության մասին գաղափար չունեցող հեռուստադիտողները Վազգեն Մանուկյանի ասածից ենթադրեցին, թե Ստեփան Դեմիրճյանը դավաճանել է ընդդիմությանը: Ճիշտ է, նոյեմբերի 29-ին Վ. Մանուկյանը պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ' ասելով. «Անդրադառնալով նոյեմբերի 27-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իմ արտահայտած մտքերին' կապված 5-րդ շարասյան հետ, աղավաղվում է եւ անընդհատ եթեր է հեռարձակվում «Հայլուր» լրատվական ծրագրով: Այստեղ զավեշտն այն է, որ ոչ միայն դիտավորություն կա, այլեւ' անգրագիտություն: Այն հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիր տարբեր ուժեր տարբեր ասուլիսներ տալիս, ես հիշատակել եմ Ֆրանկոյի խոսքերը, այն է' երբ Ֆրանկոն գնում էր Մադրիդը գրավելու' ասաց. «4 շարասյունով գնում ենք, իսկ 5-րդ շարասյունը ներսում է: Այսինքն' դրանք այն մարդիկ են, ովքեր Մադրիդում գտնվելով զորակից են Ֆրանկոյին: Տվյալ դեպքում' Մադրիդը իշխանությունն է, եւ իշխանության մեջ, իհարկե, կան մեր ծպտյալ եւ բացահայտ համախոհները»:

Բայց այս մեկնաբանությունը հրապարակեցին միայն ընդդիմադիր թերթերը, իսկ «Հայլուրի» մեկնաբանությունը լսած եւ «ցանկալի եզրահանգում» կատարած հեռուստադիտողներից քանի՞սը կարդացին այն...

Հայկական թե՛ հանրային, եւ թե՛ մասնավոր հեռուստաընկերությունների ծառայամտության մեջ համոզվելու կարիք հեռուստադիտողն այլեւս չունի. նախորդ բոլոր ընտրությունների լուսաբանումները վառ ապացույցներ են: Նրանց համար, թերեւս, կարեւոր չէ, թե ով է իշխանության գլուխ՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե ուրիշ մեկը:

Համոզված ենք՝ եթե վաղը իշխանության գա ներկայիս ընդդիմության լիդերներից որեւէ մեկը, հեռուստաընկերությունները նույն հաջողությամբ կծառայեն նոր նախագահին: Բայց այն վարքագիծը, որ հեռուստաընկերությունները դրսեւորեցին հանրաքվեի նախընտրական քարոզչության, եւ հատկապես քվեարկության լուսաբանման ժամանակ, գերազանցեց բոլոր «ակնկալիքները»:

Նոյեմբերի 27-ին բոլոր հեռուստաընկերությունների լրագրողները ոչ միայն կուրացել, այլեւ խուլ ու համր էին դարձել: Հանրապետությունով մեկ նրանց տեղադրած շարժակայաններն ու գործուղված թղթակիցները չարձանագրեցին ո՛չ լցոնման, ո՛չ բաց քվեարկության դեպքեր ու տեղ գտած այլ ընտրախախտումներ. օրինակելի հանրաքվե, 100 տոկոսանոց մասնակցություն, ինչպես խորհրդային տարիներին:

«Հ1»-ի ու «Հ2»-ի հաղորդավարների քմծիծաղը գալիս էր միայն ընդդիմության հանրահավաքի նոսր բազմության վրա, բայց ոչ դատարկ ընտրատեղամասերի, որտեղ մասնակցության մասին ԿԸՀ-ն աստղաբաշխական թվեր էր ներկայացնում:

«Բարի լուրերի» պակաս ունեցող հեռուստաընկերությունները, միմյանց հերթ չտալով, վազել էին Մասիս՝ նկարահանելու հանրաքվեն տոնախմբության վերածած քեֆչի մասիսցիներին, առանց հաշվի առնելու, որ քվեարկության օրը ցանկացած նման միջոցառում որակվում է իբրեւ քարոզչություն, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով: Չնայած՝ ո՞վ է նրանց մեղադրելու քարոզչության մեջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վը:

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային լրատվամիջոցներով հեռարձակվող հաղորդումներում քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն՝ ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը:

Բայց ո՞վ է Ընտրական օրենսգիրքը բանի տեղ դնողը: Երբ ընդդիմությունը հայտարարեց հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին, ոչ մի հեռուստաընկերություն, գոնե օբյեկտիվության պատրանք ստեղծելու համար, չտեղեկացրեց, թե ինչ փաստարկներ են բերվում, ի՞նչ ընտրախախտումներ են մատնանշում նման հայտարարության համար:

Փոխարենն անընդհատ հնչեցնում էին Մհեր Շահգելդյանի հայտարարությունը, թե «որոշ տեղամասերում, իրոք, հերթեր էին գոյացել»: Հետաքրքիր է՝ ինչու՞ Մ. Շահգելդյանը նախապես պատասխանատու հեռուստաընկերություններին չէր ասել այդ ընտրատեղամասերի մասին, գոնե կնկարեին եւ ԿԸՀ-ի թվերը հիմնավորող կադրեր կունենային:

Նոյեմբերի 28-ին հաղորդելով հանրաքվեի արդյունքները՝ «Հայլուրի» թղթակիցն ասաց. «Անկեղծորեն ցավակցել ընդդիմությանը կարելի է: Ի՞նչ արած՝ Վաթերլոոն այլ կերպ չի ավարտվում»: Ես անկեղծորեն ցավակցում եմ բոլոր հեռուստալրագրողներին: Նոյեմբերի 27-ին նրանք ապացուցեցին, որ Հայաստանում ձեւավորվել է ծախու գրչակների մի ստվար բանակ, որը ճշմարտությունը փնտրում է նախագահական պալատներում:

Հ.Գ. Մի հետաքրքիր հանգամանք. հանրաքվեի նախընտրական քարոզչության եւ վերջին օրերին ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոտնձգություններ եղան լրագրողների նկատմամբ: Ընդ որում՝ եթե նախկինում լրագրողների վրա բռնանում էին հիմնականում ոստիկանները կամ սափրագլուխները, այս անգամ հասարակ ժողովուրդն էր «հարձակվում»: Արդյոք լրագրողներն իրենք իրենց հարցրե՞լ են՝ ինչու՞:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված