Հինգշաբթի, 23 մայիսի

ARTsakh Fest. բացման արարողություն, որի մասին «չի գրվում» (լուսանկարներ)


Լուսանկարում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի պտտվող բեմն է, որտեղ ցուցադրվում են Առնոլդ Մելիքսեթյանի աշխատանքները։ 20 մետրից բարձր այս կետից կարելի է տեսնել բեմական խորությունը, Մելիքսեթյանի աշխատանքներն ու տխուր պատկերը, որ ամփոփում է դրամատիկականն իր ներսում։

Հոկտեմբերի հինգն է։ Ուշ կեսօր։ Հասնում եմ Ստեփանակերտ, որտեղ ժամեր անց պիտի մեկնարկի ARTsakh Fest ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոնը։

Տարածքները, որտեղ անցկացվում են փառատոներ, մեծ եւ փոքր մասշտաբի իրադարձություններ, «սովոր» են դիմավորել «հարմար դիրքից», տեխնիկական հագեցվածությամբ, տաքությամբ․ կարճ ասած՝ իրադարձությունը կյանքի կոչելու համար տարածքը սկսում է «տրամադրվել» տեղի ունենալիքին։ Դրամատիկականը «տրամադրվելու» ոչ մի հավակնություն չունի․ ունեցածը վտանգավոր հատակն է, իրարից հեռացած աստիճանները, պատից թափվող ծեփը, համառորեն կախված ահռելի ջահը, խոնավությունն ու քամին, որ երեւի ներս մտնելու հարմարություն, այնուամենայնիվ գտել է, անցած ընտրություններից մնացած մեծ տախտակը, որի վրա անուն-ազգանուններ են կնքված։  

Տեքստս պիտի սկսվեր երեւի այսպես․ «Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնը», բայց տեքստը նախ չի գրվում, որովհետեւ մեկնարկը կենտրոնանալու հնարավորություն պիտի տար, իսկ իմ դրությունը՝ որպես նկարագրող, հենց թատրոնի «չտրամադրվելու» մասին է։

Անցնում եմ միջանցքներով, մեծ սրահով, բարձրանում եմ օթյակ, հայտնվում բեմում, կուլիսներում, համարակալված գրիմանոցներում․ պերֆորմատիվ ակտերը չեն վերակենդանացնում ներսը, բայց քեզ ստիպում են մտածել ապագայի մասին։

Կար ու «չկա», «չկա» եւ կա, ի՞նչ կլինի․ այս հարցը մի քանի անգամ տալուց հետո նորից դուրս եմ գալիս, փորձում մեկ անգամ էլ անցնել նույն ճանապարհով․ տպավորություն է, որ թատրոնն այլեւս «չի ամաչում» երեւալ այնպիսին, ինչպիսին կա․ շեքսպիրյան «աշխարհը՝ թատրոն» կոնտեքստում լրիվ մերկացած ներքին օղակներն են, որոնք գործելու պահին թույլ չէին տա քեզ դիպչել, հասնել իրենց, իսկ հիմա ասում են՝ տես, գուցե մի օր նորից չունենաս այդ հնարավորությունը, գուցե մի օր նստած կլինես որպես հանդիսատես, եւ այլեւս չես իմանա՝ ինչ կատարվեց բեմի հետեւում, ինչպիսին է գրիմանոցը, ովքեր են պտտվում նեղ ու երկար միջանցքներով։ Թատրոնն այդ «հույսն» ունի․ ակնհայտ է։ Սրահներից մեկում երբեմնի աֆիշներն են, բեմական հագուստներն ու ապակիների հետեւում թաքնված արծաթափայլ բարձրակրունկները։

Թատրոնն «ասում» է՝ այստեղ 300-ից ավելի բեմադրություն է եղել, այստեղ հյուրախաղերով հանդես են եկել Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Ալիխանյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը․․․

Ժամանակակից արվեստագետն այսօր այդ տարածքում փորձում է ակտ իրականացնել։ Առաջիկա երկու օրերին թատրոնում հնչելու է գերմաներեն, անգլերեն, լեհերեն, ռուսերեն, հայերեն, բարբառներ ու տեքստեր, որոնք դադարել էին տեղավորվել տարածքում։ Արցախի, Հայաստանի եւ արտերկրի շուրջ 20 ժամանակակից արվեստագետներ տարբեր ձեւաչափերով ներկայացնելու են իրենց ասելիքը՝ փորձելով ուշադրությունը կենտրոնացնել Ստեփանակերտի սրտում գտնվող այս յուրահատուկ շինության վրա, որն արդեն 87 տարվա պատմություն ունի, որը վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ, բայց պահպանում է իր մոգական հմայքը։

Առաջարկում եմ ինձ հետ «մտնել» դրամատիկական թատրոնի հիմնական մուտքով, որտեղ արցախցի ժամանակակից արվեստագետ Ռոբերտ Աբրահամյանի (Աբմանբի) «ֆուտուրիստական միջանցքն» է։ Հիմա մեջբերում եմ Ռոբերտի տեքստը (փոստքարտը), կցում եմ լուսանկարներ (նախ «ֆուտուրիստական միջանցքի»)։ Առաջիկա երկու օրերին այստեղից պատմությունն ու գործողություններ եմ ներկայացնելու։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։