Շաբաթ, 16 փետրվարի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց ԱՄՆ-ին, կանայք ոչ-ոքի խաղացին ադրբեջանցիների հետ



Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտվեց Օլիմպիադայի գործող չեմպիոն, մրցաշարում վարկանիշով ուժեղագույն ԱՄՆ-ի ընտրանուն:

Առաջին, երկրորդ և չորրորդ խաղատախտակներին համապատասխանաբար հանդես եկող Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ երրորդ խաղատախտակին Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտություն կրեց Սամուել Շանկլանդից:

Այս տուրում պարտություն կրեց 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Լեհաստանի ընտրանին, ով 3:1 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին:

Արդյունքում՝ վերջին տուրից առաջ Չինաստանի և ԱՄՆ-ի հավաքականները 17 միավորով դարձան առաջատար: Լեհաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ընտրանիները 16 միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը, իսկ Հայաստանի հավաքականը ևս 6 թիմերի հետ 15 միավորով բաժանում է 6-12-րդ հորիզոնականները:

Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի, Հայաստանի կանանց հավաքականը շատ մոտ էր հաղթանակին Ադրբեջանի ընտրանու դեմ խաղում: Երրորդ խաղատախտակին հանդես եկող Աննա Սարգսյանը պարզապես պարտավոր էր իրացնել հսկայական առավելությունը և հաղթականով ավարտել իր պարտիան, սակայն խաղավերջում թույլ տված սխալ քայլից ադրբեջանցի շախմատիստուհին օգտվեց և պատային իրավիճակ ստեղծեց, արդյունքում՝ կարողացավ ոչ-ոքի կորզել: Հայաստան-Ադրբեջան դիմակայության մյուս երեք պարտիաներում նույնպես ոչ-ոքիներ գրանցվեցին:

10-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը Ուկրաինայի և ԱՄՆ-ի ընտրանիների հետ 16 միավորով բաժանում է 2-4-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ 17 միավորով գլխավորում է Չինաստանը: Եթե լավագույն եռյակում հայտնվելու Հայաստանի տղամարդկանց ընտրանու շանսերը մշուշոտ են, ապա կանանց հավաքականը հավակնում է ոչ միայն մրցանակային տեղի, այլ նաև պահպանում է չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունները:

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված