Կիրակի, 16 հունիսի

Սպանության նախապատրաստման մասին չհայտնելու մեջ մեղադրվող «Բդոն» մեկ այլ սպանության փորձի գործով մեղադրյալ է



«Լիա» գեղեկցության սրահում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Արմեն Գասպարյանը, ով հայտնի է «Բդո» մականունով, մեկ այլ քրեական գործի շրջանակներում կալանավորվել է: Նա մեղադրվում է Չարենցավանում ապրիլի 24-ին տեղի ունեցած սպանության փորձի մեջ: Նշենք, որ այդ օրը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Հովհաննես Թադևոսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Գործը քննվում է Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական բաժնում:

Այսօր նշանակված էր «Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով դատական նիստ, որով Գասպարյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրված, սակայն, հաշվի առնելով, որ նա մեկ այլ քրեական գործով կալանավորված է, այսուհետ դատարան պետք է ներկայացվի քրեակատարողական այն հիմնարկից, որտեղ պահվում է ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից:

Գասպարյանը չէր բերվել դատարան, դատարանի կողմից նման պահանջ չէր ներկայացվել: Դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ Գասպարյանի կալանավորման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չունի, դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել նրա պաշտպան Լուսինե Ավագյանի հետ, սակայն չի ստացվել:

Բաղդասարյանը նշեց, որ մինչև առաջիկա նիստը կփորձի ապահովել Արմեն Գասպարյանի ներկայությունը:

Նշենք, որ ավելի վաղ մենք փորձել ենք Չարենցավանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ խոսել Արմեն Գասպարյանի հետ, վերջինս, սակայն հերքել է իր առնչությունը հնչած կրակոցներին և առհասարակ միջադեպին:

Գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց առաջիկա դատական նիստը նշանակել սեղմ ժամկետում, քանի որ անհետաձգելի միջնորդություն ունի ներկայացնելու:

Դատական նիստի ավարտին Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսքը իր պաշտպանյալ Պետրոս Իսրայելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության մասին է:

Նշենք, որ Պողոսյանն ավելի վաղ բարձրաձայնել է այն մասին, որ Պետրոս Իսրայելյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նախկինում Իսրայելյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, առողջական վիճակի հիմքով միջնորդություններ են ներկայացվել Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից, որոնք սակայն, մերժվել են: Նման պայմաններում Միհրան Պողոսյանն աիմաստ է համարել Իսրայելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը դիմում է ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ պահանջելով, որ Իսրայելյանը բուժման համար տեղափոխվի քաղաքացիական բժշկական կենտրոն կամ Դատապարտյալների հիվանդանոց, սակայն այս պահին Իսրայելյանը շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ, խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով վերջինիս ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ի դեպ, այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված