Կիրակի, 16 հունիսի

ՄԻԵԴ նախկին դատավորը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվականի» դեմ



Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը զրպարտությունը հերքելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ դատական հայց է ներկայացրել փաստաբան Տիգրան Հայրապետյանի և երկու լրատավամիջոցի՝ «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվական»-ի դեմ:

Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Մեզ հետ զրույցում Ալվինա Գյուլումյանը նշեց, որ հայցերի համար հիմք են հանդիսացել լրատվամիջոցներում եղած հրապարակումները, որոնք վերաբերում են իր նախկին գործունեությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր եղած ժամանակ: Ըստ Գյուլումյանի՝ երկու լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները վարկաբեկում էր ոչ միայն իրեն, այլ նաև Եվրոպական դատարանը:

Հայցվորի խոսքով՝ «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Տիգրան Հայրապետյանն ասել է, թե Ալվինա Գյուլումյանը խորամանկություն է արել, որպեսզի ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործերը չքննվեն: Գյուլումյանը Տիգրան Հայրապետյանից պահանջում է 1 մլն դրամ փոխհատուցում:

«Հայկական ժամանակ»-ի դեմ հայցի համար ևս հիմք է հանդիսանում լրատվամիջոցի կողմից նմանատիպ բովանդակությամբ հրապարակումը: Լրատվամիջոցում հրապարակված հոդվածում, ըստ Ալվինա Գյուլումյանի, ասվել է այն մասին, թե այն ժամանակ, երբ ինքը ՄԻԵԴ-ում որպես դատավոր ներկայացնում էր Հայաստանը՝ ջանք չի խնայել, որպեսզի Մարտի 1-ի իրադարձություններով դատարան ներկայացրած գործերից մեկի քննարկումը հետաձգվի:

«Պետք էր մի փոքր ջանք գործադրել և իմանալ, թե ինչպես են Եվրոպական դատարանում քննվում գործերը»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:

Լրատվամիջոցներից Գյուլումյանը փոխհատուցում չի պահանջում:

«Ես միշտ եղել եմ մամուլի ազատության ջատագով և չեմ ցանկանա, որ մամուլին ինչ-որ կերպ նյութական վնաս պատճառեմ, դժվարեցնեմ նրանց աշխատանքը: Լրատվամիջոցից գումար պահանջելը կարող է ունենալ զսպող էֆեկտ, բայց ես ուզում եմ, որ մամուլն ազատ լինի, պարզապես ինֆորմացիան հրապարակելիս փորձի ճշտել կամ գոնե մյուս կողմին ևս լսել»,- ասաց Գյուլումյանն ու նշեց, որ ինքը լրատվամիջոցների՝ վերը նշված հրապարակումներին պատասխան է ուղարկել, որոնք, սակայն չեն տպագրվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված