Չորեքշաբթի, 19 հունիսի

Մանկական օնկոլոգ. «Ոչ թե կենտրոնանալ կորստի վրա, այլ ուրախանալ հաղթանակներով»


«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական օնկոլոգ, արյունաբան Գևորգ Թամամյանն ընտրվել է Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (American Society of Clinical Oncology) աշխատանքային խմբի ղեկավար:

Միության գործունեության, մանկական ուռուցքաբանության և առհասարակ Հայաստանում քաղցկեղի բուժման ժամանակ առավել հաճախ հանդիպող դժվարությունների, ինչպես նաև` դեղերի որակի նկատմամբ անվստահության, դրանց մատչելիության մասին խոսել ենք բժիշկ Թամամյանի հետ:

Նախ՝ մի փոքր պատմեք միության գործունեության, նպատակների մասին: Հայաստանից ովքե՞ր են արժանացել միության մրցանակին:

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միությունը (ASCO) աշխարհի խոշորագույն ուռուցքաբանների պրոֆեսիոնալ միություն է, որը միավորում է մոտ 45 հազար անդամների աշխարհի շուրջ 150 երկրից: Այն հիմնադրվել է 1964 թ.-ին, Ամերիկայում ու մինչ օրս ուռուցքաբանության զարգացումն ապահովող հիմնաքարերից մեկն է: Միության նպատակը աշխարհի տարբեր երկրների մասնագետներին մեկ տանիքի տակ միավորելն է:

Միությունն իր առաքելությունն իրականացնելու համար ունի տարբեր կոմիտեներ և աշխատանքային խմբեր: Միսիաներից մեկը պրոֆեսիոնալ զարգացումն է, այսինքն` մասնագետների վերապատրաստումը, հնարավորության ընձեռումը և այլն: Զարգացող երկրների մասնագետների պրոֆեսիոնալ զարգացմանը հատուկ ուշադրություն է դարձվում: Այդ նպատակով 2000-ականներին ստեղծվել է Միջազգային զարգացման և կրթության մրցանակը (IDEA), որ տրվում է զարգացող երկրների երիտասարդ ուռուցքաբաններին, ինչը հնարավորություն է տալիս Ամերիկայում վերապատրաստում անցնել, մասնակցել տարեկան ժողովին, որը տեղի է ունենում Չիկագոյում: IDEA աշխատանքային խումբն ամեն տարի ընտրում է 20 մասնակցի, ովքեր ստանում են հնարավորություն` վերապատրաստում անցնելու Ամերիկայի հայտնի կլինիկաներից մեկում:

Հայաստանից IDEA մրցանակ, ինձնից բացի, ստացել է ևս երկու մասնագետ` ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ  Զոհրաբյանը և ուռուցքաբան Արփինե Գևորգյանը:

Հայաստանում քաղցկեղի բուժման ի՞նչ դժվարություններ են լինում:

Քաղցկեղը շատ թանկարժեք հիվանդություն է: Նույնիսկ Ամերիկայի պես հարուստ երկրում այսպիսի արտահայտություն կա, որ մարդու աղքատացման ամենահեշտ տարբերակներից մեկը քաղցկեղով հիվանդանալն է: Բուժումը շատ թանկ արժե, սա շատ լուրջ խնդիր է ընտանիքների համար:

Մեր պես զարգացող երկրում առողջապահության բյուջեն շատ սուղ է, մանավանդ ուռուցքաբանության բյուջեն շատ փոքր է: Եթե չեմ սխալվում, մոտ 1 %-ն է կազմում առողջապահության ողջ բյուջեի: 

Շատերն էլ այստեղի դեղորայքին չեն վստահում: Արդարացվա՞ծ է այդ անվստահությունը: Պատճառ կա՞:

Սա ավելի շատ բամբասանքի մակարդակով է լինում: Չէ՞ որ նույն Հնդկաստանում արտադրված դեղորայքը ստանում են հնդիկները և, ասենք, աշխարհի բնակչության մեծ մասը: Ամերիկայում բնակիչների մեծ մասը հնդկական դեղորայք է ստանում: Ռուսաստանում մարդիկ ստանում են ռուսական արտադրության դեղորայք, Ուկրաինայում՝ ուկրաինական: Այսինքն՝ պարտադիր չի, որ անգլիական ամենաթանկ ընկերության դեղորայքը ստանան:

Դե, մարդիկ լսում են՝ «հնդկական» և մի տեսակ թերահավատ են վերաբերվում:

Հնդկաստանն այսօր խոշոր դեղարտադրողներից մեկն է համարվում աշխարհում, հնդկական լրջագույն քաղցկեղի կենտրոններ կան, լրջագույն մասնագետներ կան: Ըստ որոշ տվյալների՝ Ամերիկայի բժիշկների 1/3-ը հնդիկ է: Սա ավելի շատ բամբասանքի մակարդակով է, չհիմնավորված:

Բայց շատ են լինում նաև դեպքեր, երբ մարդիկ ասում են՝ Հայաստանում իրենց անհրաժեշտ դեղն ուղղակի չկա:

Կա նման խնդիր: Ուռուցքաբանական դեղերի ցանկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և գներն էլ: Բայց շատ դեղեր կան, որոնք, իհարկե, հասանելի չեն: Սա մի խնդիր է:

Երկրորդը ՝ մեր շուկան շատ փոքր է, և մեծ դեղագործական ընկերությունների համար հետաքրքիր չէ՝ իրենք բերեն և դեղը գրանցեն: Չէ՞ որ եթե ինքը Հնդկաստանում ունենալու է 100 հազար հիվանդի համար դեղերի պատվեր կամ 10 միլիոնի համար, Հայաստանում նա բերելու է 50 հիվանդի համար, ռեսուրս է ծախսելու: Նույնիսկ առողջապահության նախարարությունն ունի ծրագիր, որ անվճար գրանցում է օրֆան  կոչվող դեղերը, բայց նույնիսկ էս դեպքում ընկերությունը ցանկություն չի ունենում մի քանի տասնյակ կամ թեկուզ մի քանի հարյուր հիվանդի համար ռեսուրս ներդնել:

Հայաստանում մի մասը բերվում է, չգրանցված լինելով՝ էլի ներարկվում է: Բայց պարտադիր չէ, որ գրանցված լինի, որ դեղը ճիշտ լինի:

Հաճա՞խ է կարիք լինում դիմելու չգրանցված դեղերի օգնությանը:

Մանկական ուռուցքաբանության մեջ հետազոտություն արեցինք Ամերիկյան բժշկական համալսարանի հետազոտողների հետ երկու տարի առաջ: Էնտեղ 70-ից բարձր տոկոս էր մանկական ուռուցքաբանության այն դեղերի ցուցակը, որոնք որ հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` որպես զարգացող երկրներին տրամադրվող դեղորայք: Այդ դեղերի գերաշիռ մեծամասնությունը գրանցված է Հայաստանում:

Կան մի շարք հիմնադրամներ, որոնք աջակցում են մանկական օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներին: Ո՞ր հիմնադրամների հետ եք աշխատում:

Հայաստանում գործող բոլոր հիմնադրամների հետ էլ աշխատում ենք:

Կարելի՞ է ասել, որ երեխաների պարագայում գրեթե չեն լինում դեպքեր, որ դիմեն և օգնություն չստանան:

Կարծում եմ` այո: Մոտ 95 տոկոսից ավելին ստանում է:

Արյունաբանականում արդեն 3-րդ երեխային են անում աուտոտրանսպլանտացիա (փոխպատվաստումը կատարում են նույն օրգանիզմում՝ մարմնի մի մասից մյուսում, հեղ.): Մինչև այս 2 անգամ բարեհաջող աուտոտրանսպլանտացիա է արվել: 

Մանկական քաղցկեղի ինչ-որ վիճակագրություն ունե՞ք, ինչքա՞ն են դիմում:

Հայաստանում ռեգիստր չկա, դա բարդացնում է խնդիրը, բայց իմ հաշվարկներով՝ այս տարի մոտ 90 դեպք է եղել:

Օնկոլոգիական հիվանդությունների աճ նկատու՞մ եք:

Ամբողջ աշխարհում որոշակի աճ կա: Մանկական քաղցկեղի դեպքում` վերջին 20 տարում մոտ 13% էր աճը գրանցվել՝ ըստ Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության: Հայաստանում, քանի որ մենք ռեգիստր չենք ունեցել, այդ աճը դժվար է հասկանալը, բայց ընդհանուր մենք էլ այս միջազգային վիճակագրության սահմաններում ենք:

Մեծահասակների քաղցկեղը միանշանակ աճում է, մի քանի պատճառով: Նախ առաջինը՝ մեր կյանքի միջին տևողությունն է աճում. քաղցկեղն ավելի շատ մեծահասակների հիվանդություն է, և մի արտահայտություն կա, որ ասում են՝ մենք ուղղակի չենք ապրում մինչև մեր քաղցկեղը:

Մեր ապրելակերպը, շրջակա միջավայրը, դա էլ է նպաստում:

Սնու՞նդը:                                                                     

Սնունդը, այո: Ընդհանրապես, էսպիսի բան կա, որ մեծահասակների քաղցկեղի մոտը 70 %-ը կարելի է կանխարգելել՝ չծխել, առողջ ապրելակերպ վարել, սնունդ, էկոլոգիա և այլն: Ծխելը մեր առողջապահական սիստեմից մեկի կարևորագույն խնդիրներից է: Մենք թոքի քաղցկեղի մեծ թվեր ունենք: Մեծահասակների շրջանում թոքի քաղցկեղի ցուցանիշներով մենք Ասիայում առաջնային տեղեր ենք զբաղեցնում:

Երեխաների մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները որո՞նք են:

Երեխաների քաղցկեղի հիմնական պատճառները հայտնի չեն: Մոտ 5-10 տոկոսը տրվում է գենետիկ նախատրամադրվածությանը, բայց սա փոքր թիվ է: Որոշակի փոքր տոկոս կա վիրուսային կամ այլ ծագման:

Տեսակներից տարածված է լեյկոզը՝ մոտ 30-35 % է կազմում, նաև՝ գլխի ուռուցքները, լիմֆոմաները` ավշային համակարգի ուռուցքները, ոսկրային ուռուցքները:

Պալեատիվ բժշկությունը Հայաստանում: Կա արդյոք, որքանո՞վ է արդյունավետ:

Որպես ուռուցքաբան՝ շատ սերտ առնչվում եմ այդ ծառայությանը, որովհետև այն անմիջականորեն ազդում է մեր աշխատանքի վրա: Պալեատիվ բժշկությունը բազմակոմպոնենտ հասկացություն է: Սակայն հիմնականում էստեղ խոսում ենք կյանքի վերջին՝ end of lifecare-ի մասին, որպեսզի կյանքի վերջը հիվանդները կարողանան անցկացնել արժանապատիվ, բժիշկի հսկողության տակ, ինչը Հայաստանում գրեթե բացակայում է:

Հայաստանում հոսպիս չկա, շատ քիչ ծառայություններ են գործում: Մի քանի նվիրյալներ կան, որ փորձում են Հայաստանում ինչ-որ ձևով առաջ տանել պալեատիվ բժշկությունը: Բայց իրականում էստեղ տասնյակ հազարավոր հիվանդներ կան, ովքեր կարիք ունեն պալեատիվ բժշկության: Չէ՞ որ մենք, ցավոք, ոչ միշտ ենք ունենում ուռուցքով հիվանդներին բուժելու հաջողությունը:

Այն հիվանդները, ովքեր առողջանալու հնավորություն չունեն, կարիք ունեն պալեատիվ բուժման՝ ցավի կառավարում, հոգեբանական օգնություն, ամեն ինչը պետք է կանոնակարգվի, հսկողության տակ լինի:

Ամեն օր շփվում եք բարդ դեպքերի հետ, որոնք հոգեբանորեն ծանր ազդեցություն կարող են ունենալ: Ինչպե՞ս եք կարողանում չընկճվել և աշխատել:

Սա խնդիր է, որ բոլոր բժիշկների մոտ լինում է, ուղղակի պետք է փորձենք ավելի պոզիտիվ կերպով նայել: Այսինքն՝ ոչ թե կենտրոնանալ կորստի վրա, այլ ուրախանալ հաղթանակներով:

Դժվար է, բայց փորձում ենք հաղթահարել:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. HAGOP07:56 - 2 հոկտեմբերի, 2018
WHAT A SAD ARTICLE!!!!! THIRTY YEARS OF INDEPENDENCE AND ARMENIA HAS GONE BACKWARDS INSTEAD OF FORWARD THANKS TO CORRUPTION, STEALING, MURDER, EVADING TAXES, ILLEGAL LAND GRABBING AND MORE!!!!!! CRAP ECONOMY = NO $$$$$ TO FUND ANYTHING.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։