Հինգշաբթի, 20 հունիսի

Մամուլի անկախությունը սոսկ իդեալ է



Լիանա Սայադյան
Կարինե Վարդազարյան

Հայաստանում ԶԼՄ-ները կենտրոնանում են քաղաքական կուսակցությունների եւ ֆինանսական օլիգարխների ձեռքում

1990 թվականին, երբ Վիտալի Տրետյակովը մոսկովյան մտավորականության 83 բաժնետերերից յուրաքանչյուրի ներդրած 1000-ական ռուբլիով ձեռնարկում էր ռուսական հայտնի «Նեզավիսիմայա գազետա»-ի («Անկախ թերթ») հրատարակությունը, ձգտում էր իդեալի, իրապես անկախ թերթի իդեալի: Թերթի առաջին համարում գլխավոր խմբագիր Տրետյակովն այսպես էր պատկերացնում լրատվամիջոցի առջեւ դրված խնդիրները.

Լիարժեք, ամբողջական տեղեկատվություն, Մեկնաբանության ազատություն եւ բոլոր տեսակետների ներկայացում (միեւնույն իրադարձության վերաբերյալ տարբեր տեսակետներին ծանոթանալու համար պետք է կարդալ տարբեր թերթեր: «Նեզավիսիմայա գազետան» պատրաստվում է իր էջերում միեւնույն առիթով ներկայացնել տարբեր տեսակետներ ոչ թե հատուկ խորագրով, ոչ թե իբրեւ բացառություն, այլ որպես կանոն, այսինքն՝ մշտապես), «Ո՛չ» «միասնական կարծիք» ներկայացնող խմբագրական հոդվածներին (Թերթը պարտավոր է, եւ «ՆԳ»-ն կաշխատի դա անել, առաջին հերթին ներկայացնել ականատեսների եւ մասնագետների կարծիքները, բայց ոչ երբեք, բացի բացառիկ դեպքերի, հայտարարել իր որեւէ միասնական, ընդհանուր խմբագրական կարծիքը), Անկախություն ոչ միայն իշխանությունից (Միայն պաշտոնական իշխանությունից անկախությունը անկախություն չէ, այլ ընդամենը ընդդիմադրություն: Իսկական անկախությունը անկախ է նաեւ ընդդիմությունից):

Տրետյակովին 4.5 տարի հաջողվեց ունենալ իսկապես անկախ թերթ: Մամուլի ռուս տեսաբան Իվան Զասուրսկին թերթի ստեղծման պատմությունը համարում է գիտափորձ, որում իսկական անկախ մամուլի գոյության հնարավորության հիպոթեզը պետք է ճշտվեր ժամանակով եւ իրողություններով: Դժբախտաբար, այդ գիտափորձի արդյունքները մխիթարական չեն, բայց պատկերացում են տալիս այլ օրինաչափությունների մասին: Տվյալ դեպքում, ինֆորմացիայի եւ գովազդի շուկայից բացի, բացահայտվում է եւս մեկ՝ ազդեցության շուկայի գոյությունը, որտեղ ունեցած հաջողությունը Ռուսաստանի երկրորոդ հանրապետության ժամանակներում որոշիչ էր մայրաքաղաքային պարբերականի ճակատագրի համար: «Նեզավիսիմայա գազետայի» ողջ պատմության ընթացքում, ընդհուպ մինչեւ թերթի «կլանումը» օլիգարխ Բերեզովսկու կողմից, ամուր ֆինանսական բազայի բացակայությունը նպաստեց նրան, որ «Նեզավիսիմայա գազետան» հողմացույցի նման ցույց էր տալիս այն ուղղությունը, որով զարգանում էր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը:

90-ականներին, նախ «ԶԼՄ»-ի մասին սովետական նոր օրենքի, որը թույլ էր տալիս ԶԼՄ-ի օրինական թողարկումն առանց սովետական քարոզչական համակարգի ապարատի հետ համաձայնեցման, ապա նաեւ 1991թ. ընդունված «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքի շնորհիվ Հայաստանում էլ հրատարակվեցին բազմաթիվ պարբերականներ:

Ըստ Հայաստանի ազգային գրադարանի «Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի» գրքի՝ միայն 1990 թվականին Հայաստանում հրատարկվել է 34 նոր հասարական-քաղաքական պարբերական, որոնցից 22-ը եղել են այս կամ այն կուսակցության կամ միությունների պաշտոնաթերթեր, եւ միայն 12-ն են հավակնել անկախ պարբերականի կոչմանը: Այդ պարբերականների շարքում ընթերցողը լավագույն դեպքում կհիշի երեք-չորս անուն՝ «Անդրադարձ», «Մունետիկ», «Տեսակետ», «Ուրբաթ»: Բայց դրանցից ոչ մեկը երկար չգոյատեւեց: 1992-ին վրա հասած տնտեսական ճգնաժամը, դրա արդյունքում ստեղծված սոցիալական ծանր պայմանները ընդհանրապես վերացրին Հայաստանում իսկապես անկախ մամուլի «գիտափորձի» հնարավորությունը:

Ֆինանսական եւ քաղաքական պատճառներով Հայաստանում անցած 14 տարվա ընթացքում գոյատեւեց, ամրապնդվեց եւ զարգացավ («զարգացավ» բառը պայմանականորեն ենք կիրառում, որովհետեւ հայկական տպագիր մամուլի ներկայիս տպաքանակը, պրոֆեսիոնալ եւ ֆինանսական մակարդակը թույլ չեն տալիս իրական զարգացման մասին խոսել) բացառապես կուսակցական մամուլը: Մամուլի ոսկեդարը համարվող շրջանում՝ անկախությունից մինչեւ 1994-ը, երբ օրաթերթերի տպաքանակները հասնում եւ անցնում էին 50.000-ը, բում ապրող պարբերականների շարքում դարձյալ կուսակցական թերթերն են՝ «Ազատամարտ», «Երկիր» (Հայ հեղափոխական դաշնակցություն), «Ազգ» (Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն), «Հայք» (Հայոց համազգային շարժում), «Իրավունք» (Սահմանադրական իրավունք միություն) եւ այլն: Կուսակցության օրգան կամ պաշտոնաթերթ համարվող պարբերականը չի կարող անկախ լինել, թեեւ նրանցից շատերն ինքնամոլորության մեջ են եւ իրենք իրենց «մեկ-մեկ» անկախ են կոչում:

Օրինակ՝ 2004թ. նոյեմբերի 20-ին «Իրավունք» շաբաթաթերթի ծննդյան 15-ամյակի օրը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Իրավունքի» խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը շաբաթաթերթն անվանում էր «անկախ»: Այնինչ թերթի ճակատին գրված է՝ ՍԻՄ պաշտոնաթերթ: Մամուլի որոշ տեսաբաններ կամ ոլորտի այլ մասնագետներ հակված են «ոչ կուսակցական» համարել «Ազգ»-ը՝ նկատի ունենալով նրա թեմատիկ լայն ընդգրկումը, ընթացիկ իրադարձությունների լուսաբանման մեջ նեղկուսակցական շահերից վեր կանգնելու կարողությունը: Համամիտ լինելով այս տեսակետին՝ մենք հակված ենք, այնուհանդերձ, «Ազգը» համարել կուսակցական պարբերական: Հատկապես նախընտրական արշավները լուսաբանելիս «Ազգը» կորցնում է իր «հավասարակշռությունը» եւ դառնում է զուտ կուսակցական թերթ, որն իրականացնում է Ռամկավար-ազատական կուսկացության կամ նրա նախընտրած թեկնածուի նախընտրական քարոզչությունը:

«Անկախ մամուլի» իդեալից հեռու են նաեւ ոչ կուսակցական կամ իրենց «անկախ» կոչող պարբերականները: Լինելով կոմերցիոն՝ այս պարբերականներից ոչ մեկին, սակայն, չի հաջողվել գոնե դառնալ որակյալ, էլիտար թերթեր: Մամուլի տեսաբան Դենիս Մակուեյլը առանձնացնում է որակյալ թերթերի հետեւյալ հատկանիշները. «ֆորմալ անկախությունը պետությունից եւ այլ կառույցներից, որոնք սեփական նպատակներ են հետապնդում, հասարակության քաղաքական եւ սոցիալական կյանքում թերթի կարեւորագույն դերի ճանաչում, սոցիալական եւ էթիկական պատասխանատվության բարձր զգացում, ժուռնալիստի մասնագիտության ծնունդ, որի տակ հասկացվում է օբյեկտիվ տեղեկացումը, ռեպորտաժը, միաժամանակ տեսակետների առաջացման եւ ձեւավորման մեջ սեփական դերի գիտակցում, հաճախ՝ իրեն ազգային շահերի հետ իդենտիֆիկացնելու ձգտում»:

Ըստ Մակուեյլի՝ որակյալ, հետւեաբար՝ օբյեկտիվ չեն կարող համարվել այն թերթերը, որոնք շեղվում են այս իդեալից դեպի չափազանց պատվիրակվածությունը կամ սենսացիաների հետեւից ընկնելը:

«Անկախ» մամուլի առաջատար «Առավոտ»-ը հիմնադրվել է ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանի կողմից եւ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը չի թաքցնում նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած համակրանքը: Այսինքն՝ «Առավոտն» ի սկզբանե «անկախ» չի եղել, եւ Վանո Սիրադեղյանն անձամբ բազմիցս խոստովանել է, որ «Առավոտ»ի հրատարակմամբ նա «ցանկացել է վերականգնել ՀՀՇ-ի հեղինակությունը»: Այսօր, երբ ՀՀՇ-ն այլեւս նախկին իշխանություն է, «Առավոտ»-ը ստիպված է «կիսվել» ազդեցության տարբեր ոլորտների միջեւ: Ֆինանսական օլիգարխներ կան, որոնց անունները «տաբու» են «Առավոտի» համար: Որքան էլ հիմնավոր ապացույցներ լինեն նրանց ապօրինությունների վերաբերյալ, միեւնույն է, «Առավոտը» չի հրապարակում: Այդպիսի «անձեռնմխելի» անձինք կան նաեւ «Հայկական ժամանակ»-ի (նախկին իշխանությունից), «Հայոց աշխարհ»-ի (ներկայիս իշխանությունից) համար:

«Ազդեցության ոլորտները» լավագույնս ի հայտ են գալիս ընտրությունների ժամանակ: Այսպես, Երեւանի մամուլի ակումբի նախընտրական արշավի լուսաբանման մոնիտորինգի արդյունքներով՝ 2003թ. նախագահական ընտրություններում գործող նախագահին են պաշտպանել «Ազգ», «Երկիր», «Գոլոս Արմենիի», «Նովոյե Վրեմյա», «Հայոց աշխարհ» պարբերականները: Հակառակը, գործող նախագահի նկատմամբ իրենց հակակրանքն են դրսեւորել «այբ-Ֆե»-ն, «Հայկական ժամանակը», «Օրրանը» եւ «առավոտը» (համեմատաբար չափավոր): Սեփական թեկնածուների քարոզչությամբ են զբաղվել «Իրավունք» (Արամ Կարապետյան), «Այժմ» (Վազգեն Մանուկյան) եւ «Հայաստանի կոմունիստ» (Վլադիմիր Դարբինյան) թերթերը: «Խոսելով ներկա ընտրարշավի ժամանակ մասնավոր եւ կուսակցական թերթերի գործունեության մասին՝ հարկ է գնահատել նրանց բացահայտ (որոշ դեպքերում նույնիսկ հայտարարված) կողմնորոշումը դեպի (կամ ընդդեմ) այս կամ այ թեկնածուն: Սա ապահովում է տպագիր ԶԼՄ-ի շուկայի պլյուրալիզմը, ինչն էլ իր հերթին օհշգնում է ընթերցողներին ավելի լավ կողմնորոշվելու հակասական տեղեկատվության հոսքում»,-գրում է ԵՄԱ-ն իր հաշվետվության մեջ: Այսինքն՝ բազմակարծությունն ապահովում են բոլոր թերթերը միասին, եւ նրանցից ոչ մեկն առանձին վերցրած՝ չի կարող հպարտանալ անկախ մամուլի համար պարտադիր տեսակետների բազմազանության, այն է՝ օբյեկտիվության հատկանիշով:

Հեռուստատեսության մեծ լսարանը, հեռուստադիտողի վրա ունեցած ներգործության ուժը քաղաքական եւ տնտեսական իշխանության համար մղվող պայքարի գործող անձանց համար էլեկտրոնային լրատվամիջոցներն ավելի գայթակղիչ են դարձնում: Բայց դրանց տիրանալու առավել մեծ հնարավորություն միշտ էլ ունեն գործող իշխանությունները՝ որպես ֆինանսական հիմնական ռեսուրսները տնօրինող:

Հայաստանում անկախ հեռուստակայանի մասին խոսելը առայժմ անիրատեսական է: Ներկայումս չկա ոչ մի, անգամ ընդդիմադիր հեռուստաալիք, որը մյուսների համեմատությամբ այլընտրանք լիներ, եւ բոլորը միասին գոնե տպագիր մամուլի օրինակով բազմակարծություն ապահովեին: Էլեկտրոնային լրատվամիջոցները միանշանակ գործող իշխանության ազդեցության ոլորտում են: Եվ անգամ մեկ ընդդիմադիր հեռուստակայան (խոսքն «Ա1+»-ի մասին է) չհանդուրժելը, ի տարբերություն տպագիր մամուլի, պայմանավորված է նրանով, որ թերթերն իրականում եղանակ չեն ստեղծում տեղեկատվական դաշտում: Թերթերի մի շարք խմբագիրներ խոստովանում են, որ տպագիր մամուլը մեծ ազդեցություն չունի Հայաստանում, ուստիեւ անարդյունավետ է քաղաքական գովազդի տեսանկյունից: Մինչդեռ հեռուստաալիքը կարող է հասարակակական կարծիք ձեւավորել, ինչպես նպաստել «անվերահսկելի իրավիճակների» ստեղծմանը, այնպես էլ չեզոքացնել դրանք: Անզեն աչքով էլ ցանկացած հեռուստադիտող կասի, թե որ հեռուստաալիքն ում դուդուկի տակ է պարում:

Հանրային հեռուստատեսությունը նախագահ Քոչարյանի անմիջական խոսափողն է, Հայաստանի երկրորդ հեռուստալիքն «ավելի կաթոլիկ է, քան Հռոմի պապը», «Շանթը», որ հիմնադրվել էր Գյումրիում, ի սկզբանե հավակնում էր եւ շանսեր ուներ դառնալ անկախ հեռուստաալիք, սակայն Երեւան փոխադրվելուց հետո նույնպես ենթարկվեց քաղաքական խաղի կանոններին՝ կամ փակիր բերանդ կամ յուրային դարձիր:

Քաղաքական առումով հետաքրքիր երեույթ է «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Այն ստեղծվեց իշխանությունների կողմից «Ա1+»-ի հարցը լուծելու համար, եւ այդ պահին քաղաքական պատվերը կատարելուց հետո հեռուստաընկերությունը հայտնվեց անորոշ վիճակում: «Շարմ» ընկերությանը պետք չէր «Կենտրոնը», եւ շուտով այն վաճառվեց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: «Կենտրոն» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի նոր սեփականատեր Գուրգեն Արսենյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել էր, որ հ/ը-ն «Շարմից» գնել է՝ իր ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գաղափարները մասսայականացնելու համար: Իսկ «ՀԺ»-ի թղթակցի այն հարցին, թե, արդյոք, «Կենտրոնը» դառնալու է ՄԱԿ-ի քարոզչամեքենա՞ն, Արսենյանը պատասխանել է. «Միանշանակ: Սակայն ընտրություններից հետո, քանի որ այդ գաղափարները նախընտրական չեն, կամ ավելի ճիշտ՝ ընտրություններով չեն ավարտվում»: Արսենյանի ղեկավարության շրջանում «Կենտրոն»-ը հայկական հեռուստաընկերություններին ոչ բնորոշ որոշակի օբյեկտիվություն եւ չեզոքություն դրսեւորեց քաղաքական գործընթացները լուսաբանելիս:

Լրագրողների մի մասը պնդում է, որ դա պարզապես իշխանության ընդդիմախոսներին ցույց տալու համար էր, թե Հայաստանում կա «խոսքի ազատություն», թե «Ա1+»-ն ունի այլընտրանք: Մի մասն էլ կարծում է, թե իշխանությունները գիտակցում էին, որ 2003-ի գերլարված քաղաքական մթնոլորտը մեղմելու համար «փոքր չափաբաժիններով «օբյեկտիվություն» էր հարկավոր, եւ այդ «առաքելությունը» դրվել էր «Կենտրոն»-ի վրա: Ասել է թե՝ «Կենտրոնը» օբյեկտիվ լրատվամիջոցի իմիտացիա է անում:

Այս համատեքստում են դիտարկվում 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը խաղաղ հանրահավաքի ցրման արարողութան կադրերը միայն «Կենտրոնի» եթերում ցուցադրելը: «Ազատության այս դրսեւորումից» քիչ անց՝ ապրիլի 24-ին, Գուրգեն Արսենյանը հեռուստաընկերությունը «վաճառեց» հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանին: «Վերջինս Կոտայքի մարզի Առինջ գյուղից է, այսինքն՝ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Գագիկ Ծառուկյանի համագյուղացին»,-գրում է «Հայկական ժամանակը»: Մենք չակերտների մեջ ենք նշում վաճառքի փաստը, որովհետեւ «Կենտրոն»-ի մի քանի աշխատակիցներ առաջադրում են պարտադրված վաճառքի վարկածը: Չի բացառվում, որ Գ. Արսենյանի «Կենտրոն»-ը շեղված լինի նախապես գրված սցենարից ու դրա համար «պատժվի»:

2004թ. ապրիլի 30-ին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, պատասխանելով թղթակցի՝ «Արդյոք «Ա1+»-ի համահիմնադիր Արամ Աբրահամյանին «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն նշանակելը «Ա1+» հորինելու փո՞րձ չէ՝ ցույց տալու համար, որ Հայաստանում կա ժողովրդավարություն» հարցին՝ ասել է. «Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, ազատ մամուլի իմիտացիա կցանկանար ստեղծել: Ինչ վերաբերում է «Ա1+» հորինելուն, ապա դա ուզում էր անել Գուրգեն Արսենյանի միջոցով, սակայն նա սայթաքեց, եւ նրան ստիպեցին վաճառել «Կենտրոնը»»:

Իր գործունեության 2 տարվա ընթացքում «Կենտրոնն» ունեցավ երեք սեփականատեր: Վերջին (առայժմ) սեփականատերը մի քանի ամսում արդեն երկու տնօրեն է փոխել, եւ հեռուստաընկերության ֆինանսական գործերը, դատելով տնօրենների եւ լրագրողների խոսքերից, այնքան էլ լավ չեն, այստեղ անգամ նորմալ կառավարում չկա: Այսինքն, հեռուստաընկերությունը շահավետ բիզնես դարձնելու Մ. Գուլոյանի հավաստիացումները իրականությունից բավական հեռու են: Ակնհայտ է, որ նրան եւս հեռուստաընկերությունը պետք չէ իբրեւ բիզնեսի միջոց, եւ նրան գնել են տվել «Կենտրոն»-ը քաղաքական նպատակներով՝ վերահսկելի դարձնել ամբողջ եթերը:

Հստակ է, որ ֆինանսապես ոչ անկախ լրատվամիջոցները չեն կարող բազմակարծություն ապահովել: Անկախ հեռուստաընկերություն դառնալու ֆինանսական հնարավորություն հեռուստադաշտում ուներ միայն «Արմենիա»-ն: Սա միակ հեռուստաընկերությունն է, որ աշխատում է արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ, եւ թվում է՝ ֆինանսական կախվածություն չպետք է ունենար ո՛չ իշխանություններից, ո՛չ էլ նրանց սպասարկող օլիգարխներից: Բայց հեռուստաընկերության բաժնետեր Սարգսյանների ընտանիքին պետք չէ անկախ հեռուստաըներություն: Նրանք լսարան են ապահովում զվարճալի, քաղաքական տեսանկյունից «անվնաս» հաղորդումների շնորհիվ եւ առհասարակ մտահոգ չեն իրենց հեռուստաընկերության քաղաքական վարկանիշով:

Առիթ-անառիթ, «Արմենիան» միշտ հաճոյախոսում է իշխանություններին, եւ 2004թ. «Սի-Էս մեդիա սիթի» համակարգի բացման արարողությանը նախագահ Քոչարյանի մասնակցությունը ժեստ էր իրեն հավատարիմ հեռուստաընկերությանը: Այդ հավատարմության շնորհիվ այսօր Սարգսյանների ընտանիքը մեդիա-կորպորացիա ունի՝ միանգամից տնօրինում է երեք հեռուստակապուղի («Արմենիա», «Արմնյուզ», «Թի վի 5»), մեկ տպագրատուն՝ շաբաթաթերթով, մեկ ռադիոկայան եւ պրոդյուսերական կենտրոն: Ոչինչ, որ «Սի- Էս մեդիա սիթի»-ի «Սուպեր-սիստեմ» համակարգն ապօրինի էր հեռարձակվում, առանց արտոնագրման: Եվ իզուր էր երկու տարի անընդմեջ հեռուստակապուղիների բոլոր մրցույթներին մասնակցող եւ «պարտվող» «Ա1+»-ը դատարաններում փորձում ապացուցել, որ «Արմնյուզին» հաճախություն տրամադրելն ապօրինի է, որովհետեւ մրցույթի օրվա դրությամբ այդպիսի ԶԼՄ գրանցված չէ. հայտը ներկայացրել է «Սինեմաքս» ընկերությունը՝ «Արմնյուզի» տեխնիկական եւ կադրային ռեսուրսներով: Հայաստանում «յուրայինները» կարող են օրենքից դուրս գործել:

Մամուլի անկախության համար առավել վտանգավոր է էլեկտրոնային լրատվամիջոցների ձեռքբերումը քաղաքական կուսակցությունների կողմից: Մետրային հաճախությամբ հեռարձակվող «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատերը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: 2003-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հեռուստաընկերությունն օգտագործվում է բացառապես այդ կուսակցության քարոզչության նպատակով: Խախտելով անգամ ժուռնալիստական բոլոր էթիկական նորմերը՝ Տիգրան Կարապետյանը նախընտրական ամբողջ շրջանում կամ ինքն իր հյուրն էր, կամ իր հեռուստաընկերության լրագրողի: Իրականում «ԱԼՄ»-ով մշտապես նախընտրական փուլ է, որովհետեւ կուսակցական քարոզչությունն իրականացվում է նաեւ այս պահին, երբ ընտրություններն ավարտվել են եւ հաջորդ ընտրություններին էլ դեռ 3 տարի կա: Այդ նպատակով օգտագործվում են նաեւ «անմեղ հաղորդումները», ինչպիսին, օրինակ, «Նոր ձայներ» հաղորդաշարն է:

2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատեր դարձավ մեկ այլ օլիգարխ՝ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը: Եվ քանի որ նա ընդգրկված էր Դաշնակցության նախընտրական ցուցակում, նախընտրական փուլում «ԱՐ»-ը եւս կուսակցականացվեց:

Բոլորովին վերջերս՝ 2004թ. մայիսի 28-ից, դեցիմետրային 56-րդ հաճախությամբ եթեր մտավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Նրա սեփականտերը դե յուրե «Լուսաբեր» ՍՊԸ-ն է: Դե ֆակտո հեռուստաընկերությունը տնօրինում է Հայ հեղափոխական դաշնակցությունը. 13 բաժնետերերի մեջ կան մի քանի դաշնակցականներ: Որքան էլ հեռուստաընկերութան արդեն նախկին գործադիր տնօրեն Ռուբինա Ղազարյանը հերքի կուսակցություն-հեռուստաընկերություն կապը՝ ասելով, թե դաշնակցականներն այստեղ այնքան են, որքան այլ կուսակցականներ այլ ԶԼՄ-ներում, այն հանգամանքը, որ հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը «Երկիր» շաբաթաթերթի նախկին խմբագիր, ՀՅԴ Գերագույն մարմնի նախկին անդամ (ներկայումս շարքային կուսակցական) Գեղամ Մանուկյանն է, ապացուցում է մեր ճշմարտացիությունը: Կասկածից վեր է, որ «Երկիր մեդիա»-ն ձեռք է բերվել հեռահար քաղաքական նպատակներով, եւ 2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական ընտրություններում օգտագործվելու է իբրեւ քաղաքական գործիք:

Մարզային լրատվամիջոցների վրա առանձին կանգ չենք առնում, որովհետեւ բոլոր տեղերում իրավիճակը նույնն է՝ հեռուստաընկերությունները եւ թերթերը մարզային կամ տեղական իշխանությունների վերահսկողությամբ են գործում: 2004թ. սեպտեմբերին ես Կապանում էի եւ այցելեցի Սյունիքում հեռարձակվող միակ՝ «Սոսի» հեռուստաընկերություն: Հեռուստաընկերության տնօրենի հետ խոսում էինք Կապանում այս տարի տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին, եւ նա կատակով ասաց՝ «մեր նշանակած քաղաքապետն է»: Այս կատակի մեջ, սակայն, մեծ ճշմարտություն կա, եւ այն բնութագրում է տեղական ԶԼՄ-տեղական իշխանություն հարաբերությունները՝ նրանք գործում են «ներդաշնակ»:

Այլընտրանք չկա. խղճուկ տնտեսական վիճակում գտնվող մարզերում լրատվամիջոցները գովազդից եկամուտներ չեն կարող ստանալ, որովհետեւ գովազդ գրեթե չկա: Իսկ գոյություն ունենալու համար մնում է ապավինել միայն իշխանությունների բարի կամքին:

Մեդիայի ոլորտում զարգացումներն ամբողջ աշխարհում, առավել եւս հետխորհրդային երկրներում լավատեսական կանխատեսումների առիթ չեն տալիս: Եվ մամուլի իրական անկախությունը հավանաբար դեռ երկար ժամանակ իդեալ կմնա, որին ձգտելու են լրագրողները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված