Երեքշաբթի, 25 հունիսի

Փաշինյանը հուսով է, որ ՀՀԿ վերնախավը անվերապահորեն կճանաչի ժողովրդական հեղափոխության հաղթանակը



Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքական նոր իրավիճակում` Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ստորագրել, որն ընդունվել էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, իսկ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ շարժման մի քանի այլ անդամներ ազատության մեջ էին:

Հանրահավաքը մեկնարկեց Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի ընթերցմամբ, ապա ելույթ ունեցան երեկվա հանրահավաքում հանդես եկած «Մերժիր Սերժին» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները: Հաղթական խոսքերից, շնորհավորանքի եւ շնորհակալության ուղերձներից զատ նրանք խոսեցին առաջիկա անելիքների մասին: «Հետքը» ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում այդ ելույթներից որոշ հատվածներ, իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացված է ամբողջությամբ:

Էդուարդ Աղաջանյան, Երեւանի ավագանու անդամ

Մենք ֆենոմենալ երիտասարդություն ունենք: Մենք ձեւը գտել ենք` այսուհետ որեւէ իշխանություն, եթե իրեն խելոք չպահի, մենք փողոցները կփակենք: Ուզում եմ մեջբերել Նիկոլ Փաշինյանի ապրիլի 18-ի ելույթից. «Սա հետսովետական եւ նախկին սոցիալիստական երկրներում տեղի ունեցող առաջին շարժումն է, որը չի կապվում օտարերկրյա որեւէ ուժի հետ: Այսօրվանից հիմք է դրվում բոլորովին նոր Հայաստանի, ուր միջանձնային հարաբերությունները հիմնված են լինելու բացառապես փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության վրա:

Հայկ Մարության, դերասան

Այստեղ հավաքված է մեկ ընտանիք: Նիկոլն այն մարդն է, որն ի սկզբանե հավատաց սրան, միայնակ սկսեց` իր թիմի հետ միասին, եւ բոլորով ավարտեցինք: Ինչ է լինելու հետո. հետոն լավ է լինելու, բայց դրա համար եկեք իմանանք, որ ամեն մեկս իր տեղում անելիք ունի, սա սկիզբն է այն իսկական եւ ճշմարիտ ճանապարհի, որը մեզ բերելու է իրական, ճշմարիտ ու պայծառ Հայաստանի: Մեծ անելիքներ ունենք, սա լավ ճանապարհի սկիզբն է:

Արարատ Միրզոյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Երբ վառեցի ազատության ջահը, երազում էի այս օրվա մասին: Կեցցեք, որ վառ պահեցիք ազատության ջահը: Այս օրերին, երբ պարզ էր, որ հայ ժողովուրդը թոթափել է վախը, շնորհակալություն էին հայտնում մեզ փողոցներում դրա համար: Մենք ենք ձեզ շնորհակալ: Դուք արել եք անհնարինը: Սա աննախադեպ էր, առանց արյան, առանց արտաքին կողմնորոշման, առանց դրսի փողերի, բաց ձեռքերով դուք հաղթել եք: Բայց շատ լուրջ խոսակցություն կա ձեզ հետ: Հանրապետական կուսակցությունը դեռ դիմադրելու է: Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու:

Մի քանի բան ասեմ, որ եթե չանենք, մեզնից պահանջեք` օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու, պետական իշխանություն ունեցողները բիզնեսներում ներգրավված չեն լինելու:

Պետք է կարգավորենք Ընտրական օրենսգիրքը, Հայաստանում պետք է լինեն միայն ու միայն ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Իշխանությունը ժողովրդինն է, եւ այն իրացվելու է ընտրությունների միջոցով: Քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից ու մանկապարտեզներից: Մանկավարժները պիտի զբաղվեն միայն երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ:

ԵՊՀ ռեկտորն այլեւս իշխանության առաջ չի խոնարհվելու, պիտի ձեւավորենք գերարդիական կրթական եւ աողջապահական համակարգ: Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը:

Սասուն Միքայելյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Ես այսօր ձեռք եմ բերել հպարտություն: Շնորհակալություն ոստիկանության աշխատակիցներին, ոստիկանությանը Սերժ Սարգսյանն էր սարքել «բոբո», իրենք էլ էին ուզում պրծնել նրանից, բայց ուսադիրներով մարդիկ միշտ ենթակա են: Շնորհակալություն ՄԻՊ-ին եւ ամբողջ գրասենյակի աշխատակիցներին` օբյեկտիվության համար:

Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Դուք հաղթել եք: «Քայլ արա, մերժիր Սերժին». այս կարգախոսի ներքո մենք հաղթեցինք: Երեկ առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ իմ եւ Սերժ Սարսգյանի այժմ արդեն հայտնի հանդիպումը, եւ նա հանդիպման կեսից հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա արդեն հեռացել է վարչապետի պաշտոնից: Երեկ, երբ ԱԱԾ ծառայության մի խումբ աշխատակիցներ ինձ բառացիորեն առեւանգեցին Արցախի պողոտայից եւ հույժ գաղտնի պայմաններում տանում էին Սեւանի ոստիկանության բաժին, կատակներ էի անում, ասում էի` տղերք, Սերժի իշխանությունը չկա, դուք չեք հասկանում, որ այս պահից ՀՀ-ում կա նոր իշխանություն, եւ նրա անունն է ՀՀ ժողովուրդ: Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց այն պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնայներ, հասկացա, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է: Առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա մեկ ամսից, ավելի ուշ` ՁՊՎ-ում, ասացին` ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց եւ արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում: Եվ երկու ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Պետք է տոնենք այս իրադարձությունը, որ ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը տարել է իր առաջին հաղթանակը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված.

  1. Ս. Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պատոնից: Դա արդեն տեղի է ունեցել:
  2. Աժ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Եվ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
  3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
  4. Ամենաշուտ, տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ:

Ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Ս. Սարգսյանի հեռացման եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանները: Եվ քանի որ Ս. Սարգսյանը հեռացած է, չորեքշաբթի օրը պատրաստվում ենք առավոտյան 11-ին շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման շուրջ` վարչապետի ժամանակավոր պաշտոնակաար Կարեն Կարապետյանի հետ: Հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ եւ անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Եվ այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի համար: Ուզում եմ, որ մենք միանշանակ եւ աներկբա արձանագրենք` մեր հռչակած ժողովրդական հեղափոխությունը չի կարող կիաստ մնալ, այն պետք է շարունակվի մինչեւ վերջ, եւ հույս ունեմ, որ բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի:

Եթե Ս. Սարգսյանը եւ ՀՀԿ-ն հույս ունեն, թե այս ամենի արդյունքում կստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին րոպե առաջ մոռանալ այդ միտքը: Ժողովուրդը հաղթել է, եւ նրա հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն` առանց նախապայմանների: 

Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության մթնոլորտ: Ես ուզում եմ եւս մեկ անգամ իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է: Ներքաղաքական, ներհասարակական ատելության եւ վենդետայի մթնոլորտը պետք է բացառել: Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին: Դիմում եմ գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի նկատմամբ, թե սկսվելու է վրեժխնդրություն, որոնք մտածում են կապիտալը Հայաստանից հանելու մասին. «Հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետեւ վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»:

Ուզում եմ  շնորհակալություն հայտնել ԼՂՀ իշխանություններին, որ ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ չեզոքություն եւ զսպվածություն:

Ձեռք ենք բերել վարչապետի ժպ-ի հետ հստակ պայմանավորվածություն` թավշյա հեղափոխության բոլոր ձերբակալված անդամները պետք է ազատ արձակվեն:    

Ակնկալում եմ, որ անհապաղ, մինչեւ մեր միջոցառման ավարտը մեր շարժման բոլոր ձերբակալված անդամները պետք է ազատ արձակվեն: Այսօր մենք խոսում ենք մեր շարժման անդամների ազատ արձակման մասին, բայց հասկանալի է, որ հաջորդ փուլում պետք է անդրադառնանք քաղբանտարկյալների խնդրին, եւ նրանք պետք է ազատ արձակվեն: Այս պահից սկսած` ոստիկանությունը դադարեցնում է մեր շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը: Ուզում եմ հստակ պայմանավորվենք մի հարցի շուրջ. ՀՀ-ում` ի դեմս ժողովրդի, կա բոլորովին նոր իշխանություն, բայց եւ պիտի ցույց տանք, որ նա ի վիճակի է իրավիճակը պահել 100 տոկոսով կառավարելի: Այսօրվա մեր տոնակատարությունը որեւէ տհաճ միջադեպով չպիտի նշանավորվի: Հատուկ խնդրում եմ եւ կոչ եմ անում` զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից, դա անել մեր տներում, բացառիկ հարգալից վերաբերմունք դրսեւորել իրավապահների նկատմամբ, միեւնույն ժամանակ ակնկալում եմ, որ ոստիկանությունն այդպիսի վերաբերմունք ցուցաբերի ՀՀ քաղաքացու նկատմամբ: Այս պահից սկսած` պիտի զբաղվենք Հայաստանի Հանրապետության շատ մոտ ապագայի կառուցմամբ: ՀՀ-ն պիտի լինի ազատ եւ երջանիկ պետություն, ՀՀ քաղաքացին պետք է լինի ազատ, երջանիկ եւ բարեկեցիկ: Համոզված եմ, որ շատ շուտով իրականություն ենք դարձնելու ազատ եւ երջանիկ Հայաստանը: 

Նախկինում հայտարարել եմ, որ այս շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, դավադրություն գոյություն չունի, սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն հայկական հեղափոխություն է, եւ որեւէ այլ մեկնաբանություն չի կարող լինել: Եվ ուրախ եմ, որ շատ պետություններ այդպես էլ ընդունել են մեր ուղերձը: Ռուսաստանի ԱԳ ներկայացուցչի արձագանքը ուրախալի է. «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

Վաղը ապրիլի 24-ն է, եւ ես կարծում եմ, որ այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, եւ ինքն այլեւս երբեք չի պարտվելու:  Այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Առաջին հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի հերոսներին, Ղարաբաղյան պատերազմի զոհերին, Քառօրյա պատերազմի զոհերին, 2008թ. մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, ՀՀ ժողովուրդ, եւ որեւէ մեկը չի կարող այդ հաղթանակը քեզնից խլել:

Վաղը` ապրիլի 24-ին, եթե արտառոց ոչ մի բան չպատահի, մեր գործողությունները նվիրում եւ տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում: Առաջարկում եմ վաղը ժամը 15:00-ին Հանրապետության հրապարակից քայլել դեպի Ծիծեռնակաբերդ` մեր նահատակներին ասելու. «Մեր տառապած, սրի քաշված, տնավեր արված ժողովուրդ, դու այսուհետ հաղթող ես, անպարտ ես»:

Հեղափոխության առաջին փուլն ավարտված է: Ինչպես բանակցություններից առաջ ստացա ձեր լիազորությունը, խնդրում եմ հաստատել, որ լիազորում եք ինձ բանակցելու Կարեն Կարապետյանի հետ իշխանության անցնցում փոխանցման թեմայի շուրջ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սամվել Հովասափյան22:52 - 23 ապրիլի, 2018
Կեցես Նիկոլ Փաշինյան, կեցեք թավշյա հեղափոխության բոլոր առաջնորդներ, կեցես Հայաստաբնակ հայ ժողովուրդ, դուք մեզ՝ սփյուռքահայերիս նոր շունչ տվիք, հպարտություն, հավատ, հույս: Դուք մեզ՝ մոլորյալներիս ուղի ցույց տվիք, փաստեցիք, որ կարելի է նաև խաղաղ, մարդավայել պայքարով տեր կանգնել երկրին: Շարունակեք: Ես անձամբ հպարտ եմ ձեզանով, այնքան կուզի այս օրերին ձեզ հետ լինեի, ազատության հրապարակում, գրկեի բոլորիդ, բոլորիդ հետ տոնեի ձեր հաղթանակը: Իրոք որ հպարտ եմ և ուրախ, արժե հենց այս պահի համար աշխարհ գալը և ապրելը: Հպարտ եմ և ուրախ, որ Նիկոլ Փաշինյանին, անվախ մարտնչողին հաջողվել է այն, ինչը շատերս թերահավատորեն էինք դիտում: Հույսով եմ և ամբողջ էությամբ ցանկանում եմ, որ Ձեզ բոլորիդ կհաջողվի պայքարը մինչև լիակատար հաղթանակի հասցնեք և ստեղծեք այնպիսի օրինակելի ժողովրդավար երկիր, որ մենք բոլորս կհպարտանանք մեր նման հայրենիքով և կձգտենք այնտեղ ապրել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված