Հինգշաբթի, 20 հունիսի

«Կյանք ու կռիվ». պատմությունը շարունակվում է 25 տարի անց



Հայոց բանակի 25-ամյակի առթիվ էկրաններին կբարձրանա ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմը: Այն 2016թ. սեպտեմբերին էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ» ֆիլմի շարունակությունն է:

«Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը ֆիլմի պրոդյուսերներին և ռեժիսորին դրդեց մտածել երկրորդ ֆիլմի ստեղծման մասին:

Նախորդ ֆիլմի հերոսների ճակատագրերի միջով այս ֆիլմում տեսնում ենք անցած 25 տարվա մեր ճանապարհը եւ մեր այսօրվա իրականությունը:

«Երբ մենք նկարում էինք առաջին ֆիլմը, ապրիլի 2-ն էր, որոշված էր նկարել Շուշիի դրվագը, խումբը պետք է մեկներ նկարահանումների Ղարաբաղ, բայց մեկնելուց առաջ պարզվեց, որ պատերազմ է սկսվել, եւ մենք Շուշիում նկարահանումները հետաձգեցինք: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանի առաջարկով բոլորս հասկացանք, որ պետք է նկարել ֆիլմի շարունակություն ոչ թե ապրիլյան պատերազմի, այլ այն մասին, որ 25 տարի է անցել եւ մենք նորից պատերազմի մեջ ենք, նորից կան երիտասարդներ, ովքեր ուզում են իրենց կյանքն ինչ-որ կերպ դասավորել միգուցե, բայց նրանց կյանքը գնում է բոլորովին այլ ուղով, որովհետեւ մենք ունենք գերխնդիր` նորից պատերազմի մեջ ենք: Եվ սա մեր կյանքն է: Ֆիլմը մեր այսօրվա կյանքի մասին է, եւ ապրիլյան պատերազմը մի դրագ է, որը մեր կյանքում տեղի է ունեցել: Այդպիսի դրվագներ, Աստված մի արասցե, բայց կարող են էլի լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ֆիլմի պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:

Չնայած քառօրյա պատերազմից որոշ դրվագների, իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերելուն պատրաստ կերպարների առկայությանը` ֆիլմը, ռեժիսորի եւ պրոդուսերի հավաստմամբ, ապրիլյան պատերազմի մասին չէ: «Ես երբեք չեմ ասել, որ ֆիլմը ապրիլյան պատերազմի մասին է, ֆիլմը հերոսների մասին է»,- ասաց Մհեր Մկրտչյանը:

«Առաջին ֆիլմն էլ Ղարաբաղյան պատերազմի մասին չէր, այլ մարդկանց, որոնք ապրում էին այդ դարաշարջանում, այն երիտասարդների, ովքեր իրենց կյանքը պետք է դասավորեին, բայց եղան այդպիսի դեպքեր եւ նրանց կյանքն ուրիշ կերպ դասավորվեց»:

Առաջին ֆիլմի չորս ընկերներից երկուսը զոհվեցին Ղարաբաղյան պատերազմում: Երրորդը` Լեւոնը, մեծահարուստ է, մարմնավորում է մեր օրերի օլիգարխին, որը փողի համար պատրաստ է կյանքը վտանգել եւ դրա համար խտրականություն չի դնում միջոցների մեջ, զբաղվում է անգամ զենքի վաճառքով: Սակայն նրա որդին պատրաստ է ծառայել հատուկ նշանակության ջոկատում եւ մեկնել առաջնագիծ: Չորրորդը, որ 90-ականների սկզբին մեկնել էր ԱՄՆ, վերադառնում է Հայատան եւ փորձում ձերբազատվել մեղքի այն զգացումից, որ հայրենիքի համար դժվար պահին լքել է:  

Արցախյան առաջին պատերազմում կռված Արմանը, որը սիրահարվեց զոհված զինակցի` Տիգրանի` սթրեսից խոսելու կարողությունը կորցրած քրոջը` Սոֆիին, ղեկավարում է հատուկ ջոկատը եւ կրկին պատրաստ է զոհաբերել կյանքը հանուն հայրենիքի: Սոցիալական ծանր պայմանները, բանկերին ունեցած վարկերը զինվորականին չեն ընկճում, եւ նա չի տրվում փողի գայթակղությանը:    

«Արդյոք հակասություն չի առաջանում բարձր բարոյական արժեք ցուցադրող տեսարանների, կերպարների եւ մեր իրականության միջեւ: Օլիգարխ, որի տղան ծառայում է բանակում, այն էլ` հատուկ նշանակության ջոկատում, եւ մեր իրականությունը չեն հակասում միմյանց»,- ասուլիսին հարցրեց «Առավոտի» թողթակիցը:

«Հարցով պատասխանեմ` իսկ դուք կուզենայիք, որ գոնե մեկ այդպիսի օլիգարխ լիներ»,- ասաց ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

«Ես հակասություն չեմ տեսնում, անձամբ գիտեմ նմանատիպ մարդկանց, որոնց տղաները ծառայում են սահմանին: Փորձենք ամեն մեկս մեր տեղում ճիշտ ապրել, եւ հավատացած եմ, վաղը նման օլիգարխները բազմաթիվ կլինեն»,- հավելեց Կարեն Ղազարյանը:

«Ֆիլմում բազմաթիվ ուղերձներ կային` ուղղված հասարակության տարբեր շերտերին, այդ թվում` երկրի էլիտային, որի առջեւ կարծես պատասխանատվության հարց եք բարձրացնում: Հույս ունեք, արդյոք, որ ֆիլմը հասարակական լայն քննարկման առիթ կդառնա եւ արվեստի ուժով ինչ-որ դրական փոփոխությունների կհանգեցնի»,- ռեժիսորին հարց ուղղեց «Հետքը»:

Ասուլիսին` ձախից` դերասան Արծրուն Չոբանյան, ռեժիսոր Մհեր Մկրտչյան, դերասաններ Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Գագիկ Մադոյան, Թամարա Պետրոսյան, Դիանա Մալենկո

«Ֆիլմ նկարելիս ռեժիսորը, դերասանները, ամբողջ անձնակազմը փորձում է անել լավագույնը, առավելագույնը: Ինչ կստացվի վերջում` շատ բարդ է կանխագուշակել: Իհարկե, ինչ-որ ուղերձներ կային, կուզենայի, որ ֆիլմը դիտելուց հետո մարդկանց մեջ ինչ-որ բան փոխվեր, բայց ֆիլմը հանդիսատեսին հանձնվելուց հետո սկսում է իր կյանքով ապրել, երբեք չգիտես` ինչ արձագանքի այն կարժանանա: Մեծամիտ եւ կեղծ են այն ռեժիսորները, որոնք համոզված են, որ իրենց ֆիլմը կունենա հաջողություն»,- ասաց Մհեր Մկրտչյանը:

Ի տարբերություն «Կյանք ու կռիվ» ֆիլմի, որի գլխավոր հերոս Տիգրանը զոհվում է Արցախյան պատերազմում, այստեղ` 25 տարի անց, հատուկ առաջադրանքի գնացած Արմանը թեեւ վիրավորվում է, բայց կենդանի է մնում:

«Հանդիսատեսը կներեր Ձեզ երկրորդ հերոսի մահը»,- հարցրին լրագրողները Մհեր Մկրտչյանին: Ի պատասխան` նա պատմեց հետեւյալը. «Երբ ձայնագրության ռեժիսորի հետ առաջին անգամ նայում էինք ֆիլմը, ինքը չգիտեր, թե ոնց է վերջանալու ֆիլմը: Երբ եղավ այն դրվագը, որ Արմանը մահացավ, Տիգրանը շրջվեց եւ ասաց` «Բայց ինչ տականք ես դու»: Ես հասկացա, որ ինձ արդեն չեն ների»:

«Մեր հերոսին մենք դիտարկում ենք որպես մեր բանակի հավաքական կերպար: Ֆիլմը դուրս է գալիս բանակի 25-ամյակի օրերին, եւ մեր բանակը ոչ թե չի կարող մահանալ, այլ շարունակելու է լինել եւ ուժեղանալ»,- ասաց պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

«Զանգակ» հրատարակչությունը որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է: «Գրքի սյուժեն մի փոքր այլ դրսեւորումներ կունենա, բայց ֆիլմի սցենարի հիմնական իմաստը, ուղերձները կհասցնի ընթերցողին: Հերոսների կյանքի դրվագներից, միջանձնային հարաբերություններից բացի` կարեւոր է նաեւ քաղաքական ֆոնը, դարաշրջանը, որում ապրել են նրանք: ԽՍՀՄ փլուզման սպասումներ, հանրահավաքներ Արցախի համար. բոլոր այս իրադարձություններն առանձին տեսարանների ձեւով ներկայանում են գրքում: Ինչպես ֆիլմը, գիրքն էլ զոհաբերման մասին է, այն մարդկանց մասին, որոնք պատրաստ են թողնել ամեն ինչ ու գնալ: Սա ոչ միայն հերոսների կայացումն է, այլեւ մեր երկրի կայացումը»,- ասաց «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ՝  Հայկ Համբարձումյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված