Չորեքշաբթի, 19 հունիսի

Զգուշացեք՝ Կենտրոնական բանկը նկարահանում է Ձեզ. այն կարող է տրամադրվել երրորդ կողմի



Հայաստանի քաղաքացի Սամվել Սահակյանը դեկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն տարածեց այն մասին, որ Կենտրոնական բանկն իրեն առնչվող անձնական բնույթի տեղեկատվությունը անօրինական տրամադրել է այլ անձանց: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ Կենտրոնական բանկը դրանով խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս տարվա դեկտեմբերի 16-ին նա կնոջ հետ այցելել է Կենտրոնական բանկ, որտեղ մի փաստաթուղթ է մուտքագրել՝ «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործունեության հետ կապված: Օրեր անց՝ դեկտեմբերի 20-ին, վարկային կազմակերպության անունից հանդես եկող անձից ստացել է հեռախոսազանգ եւ տեսագրությունից արված լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են Սամվելը եւ կինը մոտենում ԿԲ եւ հանձնում փաստաթուղթը:

Սամվել Սահակյանը

«Զոքանչս ֆինանսիստ է, «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության հիմնադիրներից է եղել, մյուս հիմնադիրը Գարիկ Մուշեղյանն է: Ինքը իր ռեսուրսը եւ գիտելիքն է ներդրել, մյուս հիմնադիրը՝ գումարը, եւ եկամտաբեր կազմակերպություն են ունեցել»,- պատմում է Սամվելը: Ըստ նրա՝ երկու տարի առաջ խնդիրներ են ծագել հիմնադիրների միջեւ, եւ զոքանչը «ինչ-ինչ հանգամանքներում» հրաժարվել է իր բաժնեմասից, թեեւ շարունակել է լինել «Ֆ.Ի.Կ.Օ»-ի տնօրենը: Վերջին մեկ տարում, ըստ Սամվելի, զոքանչն իրեն շատ ահաբեկված էր զգում, մտահոգ էր իր փոքր որդու եւ աղջկա համար: «Ապրում էր 90-ականների գանգստերական ֆիլմերի միջի դրվագներ: Ես առաջարկեցի իրեն տեղափոխվել ԱՄՆ, եւ այս տարվա նոյեմբերին նա մեկնեց»,- պատմում է Սամվելը:  

Դեկտեմբերի 16-ին Սամվելի զոքանչը զանգահարում է աղջկան եւ ասում, որ «Ֆ.Ի.Կ.Օ»-ի միակ բաժնետեր Գարիկ Մուշեղյանն ինչ-որ թուղթ է ստորագրել, որը պետք է տանել Կենտրոնական բանկ: Սամվելն ուղեկցել է կնոջը, փաստաթուղթը մուտքագրել են եւ վերցրել ԿԲ-ի կողմից այդ գրության կնքված օրինակը, որը փաստում է, որ ԿԲ-ն ստացել է այն: «Գրությունը տանելիս ես աչքի անցկացրի այն. գրված էր, որ հիմնադիրը խնդիրներ չունի տնօրենի՝ իմ զոքանչի գործելաոճի հետ, որ նա շատ լավ աշխատել է եւ այլն: Ես ենթադրում եմ, որ մինչ այդ այլ բովանդակությամբ գրություն է ուղարկված եղել ԿԲ տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ, որովհետեւ դրա համար հիմնավորում է պետք: Ենթադրում եմ, որ իրեն հանելու համար որպես պատճառ գրած են եղել, թե վատ է աշխատել կամ մեկ այլ պատճառ են նշել:  Եվ հիմա, հավանաբար զոքանչիս համբավը վերականգնելու համար, միակ բաժնետերը նման բովանդակությամբ գրություն է պատրաստել»,- շարունակում է Սամվելը:

Դեկտեմբերի 20-ին Սամվելը զանգ է ստանում, զանգողը ներկայանում է Հայկ անունով եւ ասում՝ կգա՞ս «Ֆ.Ի.Կ.Օ»-ի գրասենյակ թուղթ քննարկելու: Սամվելը ենթադրում է, որ իր հետ խոսել է «Ֆ.Ի.Կ.Օ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Վարդանյանը: «Հարցնում եմ՝ ի՞նչ թուղթ, ուղարկեք տեսնեմ, ինձ հիմա հարմար չէ: Պատասխանում է՝ չէ, արի, քեզ համար կարեւոր է: Ասում եմ՝ եթե կարեւոր է, ուղարկեք: Եվ Viber-ով ուղարկում է 4 նկար, որոնցում երեւում է, թե ինչպես ենք ես եւ կինս գնացել ԿԲ եւ փաստաթուղթ մուտքագրել»,- մանրամասնում է Սամվելը: Նկարները ստանալով՝ նա զանգում է ոմն Հայկին եւ խոստանում, որ նա, ով այս լուսանկարները ԿԲ-ից տրամադրել է իրեն, շատ լուրջ խնդիրներ կունենա: «Հայկն իր հերթին ինձ «խորհուրդ է տալիս զգույշ մնալ»»,- ասում է Սամվելը:

ԿԲ-ի մուտքի մոտ արված տեսանկարահանում

Սամվելին հետաքրքրում է՝ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով են իր տվյալները հավաքագրվել եւ առանց իր համաձայնության փոխանցվել երրորդ անձանց. «Հավանաբար, ուզում են ինձ ահաբեկել՝ իբրեւ թե ես վատ բան եմ արել թուղթ տանելով ԿԲ, և ԿԲ-ն շահագրգիռ է դրանում ու դրա համար էլ տրամադրել է իրեն: Կամ մյուս տարբերակը՝ ԿԲ-ն որպեսզի թուղթ մուտքագրողին իդենտիֆիկացնի, լուսանկարներն ուղարկել է իրեն, նա էլ, չհասկանալով, որ դրանով մատնում է իր տանիքին՝ ԿԲ-ին, ուղարկել է ինձ: ԿԲ-ն այս նկարներով բացահայտել է իմ ինքնությունը, եւ դրանով այդ անձը գտել է իմ հեռախոսահամարը»:

Սամվելը եւ կինը` ԿԲ-ում փաստաթուղթ հանձնելիս

Մենք փորձեցինք Սամվելին հուզող հարցերի պատասխանը ստանալ Կենտրոնական բանկից: «Տեղեկացնում ենք, որ Սամվել Սահակյանի կողմից մուտքագրված փաստաթղթի առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: Կենտրոնական բանկը ՀՀ ոստիկանապետին ուղղված գրությամբ խնդրել է նաև հանցագործության հատկանիշներ բացահայտելու դեպքում օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում իրականացնել»,- հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նման կասկածի համար, ըստ ԿԲ-ի, հիմք է հանդիսացել այն փաստը, որ Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպություններից մեկի ֆիզիկական անձ հանդիսացող բաժնետիրոջից ստացել է միմյանց հակասող և ֆինանսական կազմակերպության հետագա կառավարման վերաբերյալ գրություններ:

Սամվելի կինը` ԿԲ-ում փաստաթուղթ հանձնելիս

«Տվյալ բաժնետերը իմանալով, որ իր անունից մուտքագրվել է նաև իր գրությանը հակասող գրություն, Կենտրոնական բանկին գրավոր հայտնել է, որ 2-րդը կեղծիք է: Կենտրոնական բանկը պարզաբանումներ պահանջելու նպատակով հրավիրել է կազմակերպության նոր բաժնետիրոջ ներկայացուցչին` միևնույն ժամանակ նրան տրամադրելով քաղաքացիների ընդունելության սրահի կադրերը` հորդորելով պարզել, թե ո՞վ է իրականում կազմակերպության անունից Կենտրոնական բանկ նամակ մուտքագրել: Ցավոք, նախաքննության արդյունավետությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով, ներկա փուլում այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- պարզաբանում է ԿԲ-ն:

ԿԲ-ի պարզաբանումը Սամվել Սահակյանը ծիծաղելի է համարում: Ասում է, որ եթե անգամ այդ փաստաթուղթը կեղծ է, ապա ԿԲ-ն իր ինքնությունը բացահայտող կամ իրեն իդենտիֆիկացնող տվյալները իրավունք ուներ տրամադրել միայն նախաքննության մարմնին, ոչ թե կազմակերպության բաժնետիրոջը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը (հոդված 26) սահմանում է, որ «առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալ մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ»։ Ո՞ր օրենքի վրա հիմնվելով է ԿԲ-ն քաղաքացու մասին նման տվյալ պարունակող տեսաձայնագրությունը կամ դրանից արված լուսանկարը տրամադրել մասնավոր կազմակերպության ներկայացուցչի՝ պարզ չէ:

«Հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի շենքը հանդիսանում է պետական պահպանության կարևորագույն նշանակության օբյեկտ ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 599 որոշումով և, հետևաբար, վերջինիս անվտանգությունն ապահովվում է հատուկ կարգով: Ուստի, այլ հատուկ անվտանգության միջոցառումների հետ զուգահեռ նման օբյեկտում տարվող տեսաձայնագրություններն ուղղված են հանրային շահի պաշտպանությանը և չեն հետապնդում անձնական բնույթի տեղեկատվության հավաքագրման նպատակ»,- մեզ հավաստիացնում է ԿԲ-ն:

«Ես երկու կողմերին՝ իմ գնահատականով՝ համահանցակից, հայտնել եմ, որ ԶԼՄ-ներով տարածելու եմ այս եղելությունը, դրանից հետո դիմել եմ իրավապահներին: Բացատրել եմ, որ եթե գտնեն մեղավորին եւ պատժեն, բավարարված կլինեմ, եթե ԿԲ-ն պաշտոնապես ներողություն խնդրի եւ պատժի իր անվտանգության պետին կամ նրան հրաման տվողին, այդ դեպքում ես բավարարված կլինեմ»,- ասում է Սամվելը:

Բայց դրանից հետո, իր հավաստմամբ, ռեպրեսիվ մեթոդներ են սկսել կիրառել իր նկատմամբ. «Զոքանչիս բոլոր բարեկամներին զանգում են եւ ասում, որ կհայտարարեն, թե իմ մուտքագրած թուղթը կեղծ է: Ես հասկանում եմ, որ եթե հիմա ես ետ կանգնեմ, սրան ընթացք չտամ, նրանց հնարավորություններն այնքան մեծ են, որ իրենք կարող են հետագայում ինձ վնասել: Դրա համար ճիշտ ճանապարհն այդ վտանգը չեզոքացնելն է: Ենթադրենք՝ դա կեղծ թուղթ է, ի՞նչ կապ ունի դա իմ անձնական տվյալների հետ, որոնք փոխանցվել են երրորդ անձի»,- ԿԲ-ին հարց է ուղղում Սամվելը:       

Նա մտավախություն ունի, թե «ԿԲ-ն հնարավորություն է տալիս ինչ-որ անհատների, որպեսզի նրանք իր նկատմամբ ռեկետ անեն». «Ես չգիտեմ՝ ինչ են պլանավորել այդ մարդիկ իմ ընտանիքի հետ կապված: Շատ հնարավոր է, որ ուզել են ռեկետ անել՝ իմ բիզնեսների հետ կապված: Ենթադրել են, որ ես ու զոքանչս մութ գործարքներ ենք իրականացրել եւ մտածել են իմ բիզնեսները, որոնք հիմնականում գյուղատնտեսական են, ռեկետ անել»:

Սամվել Սահակյանը մտադիր է նամակով դիմել ՀՀ նախագահին եւ վարչապետին, որպեսզի նրանց ուշադրության կենտրոնում եւս լինի այս գործի ընթացքը. «Որպեսզի ծածկադմփոց չլինի»:

Առաջին լուսանկարում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է, լուսանկարը՝ armtimes.com-ի։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Արսեն00:42 - 24 դեկտեմբերի, 2016
Բայց ինչ իրավունք ունի ԿԲ-ն ինքն իրեն որոշի, մտածի, որ ինչ-որ բան այն չէ, ու անձնական տվյալներ ներկայացնի ընդ որում՝ շահագրգիռ կողմին։ Եթե կողմնապահություն չկա՝ էդ դեպքում թող երկուսին էլ հրավիրեր գրասենյակ ու հարցը բարձրացներ, առանց անձնական տվյալները փոխանցելու։ Չնայած որ, կարծես դրա իրավունքն էլ չունի նույնիսկ։
2. Կարեն10:51 - 24 դեկտեմբերի, 2016
Էտ տիպի պրիմիտիվ ռեկետ?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված