Երեքշաբթի, 25 հունիսի

Մեդիա հետազոտող Լուիս Լիֆ. ‹‹Ամերիկյան ԶԼՄ-ները չկարողացան ըմբռնել Թրամփի ազդեցիկ հաղորդագրությունը››



Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի հրավիրյալ մասնագետ Լուիս Լիֆը դեկտեմբերի 6-8-ը Հայաստանում էր` մասնակցելու «Թվապատում. հետաքննություն» կոնֆերանսին, որը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: «Մենք ենք մեդիան» խորագրով նիստի քննարկման ժամանակ նա խոսեց քաղաքացիների ներգրավման համագործակցային մոդելների մասին` նշելով, որ ամերիկյան մեդիան «տանուլ տվեց» 2016-ի նախագահական ընտրությունների լուսաբանումը, որովհետեւ կտրված էր հասարակությունից և չհասկացավ ընտրողների տրամադրությունները: Կոնֆերանսից հետո «Հետքը» զրուցեց տիկին Լիֆի հետ ԱՄՆ նախագահական ընտրությունների, դրանցում ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի դերի եւ մեդիայի ապագայի մասին 

Ձեր եզրակացությունն այն է, որ Թրամփի նախնական հաղթանակը ԱՄՆ-ում լրատվական լուսաբանման ձախողումն էր:

Այո, ըստ էության` ԶԼՄ-ները չկարողացան տեսնել, թե որքան հզոր էր նրա հաղորդագրությունը որոշ տեղերում, որոշ մարդկանց մոտ… Նրանք չէին կարծում, որ այդքան արձագանք կառաջացնի: Հետաքրքիր հարց է, թե ինչու՞:

Ո՞րն էր ԶԼՄ-ների այդ դիրքորոշման հիմքը: Արդյո՞ք նրանք վստահել էին սոցիոլոգիական հարցումներին:

Քվեարկության հարցումները ցույց տվեցին, որ Քլինթոնը մեծ առավելություն ուներ: Ոչ ոք չէր կանխատեսում, որ Թրամփը կհաղթի: Թրամփն ինքը չէր կարծում, որ կհաղթի: Այսպիսով, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան է այդ ոլորտը փոխվել և դարձել անկանխատեսելի թե՛ տեղեկատվական ոլորտով հետաքրքրվածների և թե՛ լրագրողների համար, և որքան ավելի դժվար է ամբողջ հասարակության մասին տեղեկություն ստանալը: Բոլոր կանխատեսումները սխալ էին:

Արդյո՞ք դա նշանակում է, որ հանրային կարծիքի հարցման ավանդական մեթոդները այլևս պիտանի չեն: Արդյո՞ք մենք հարցման նոր ձևեր գտնելու կարիք ունենք:

Կարծում եմ՝ հարցում կատարող կազմակերպությունները, որոնք ճիշտ չէին, ուսումնասիրելու են տվյալները՝ հասկանալու համար պատճառները: Եվ այժմ գլխավոր հարցն այն է, որ որոշ մարդիկ ունեն բջջային հեռախոսներ, իսկ ոմանք չունեն ֆիքսված հեռախոսահամար: Խնդիրն այն է, թե ինչպես է արվում հարցումը: Նրանք իսկապես իրակա՞ն պատկերն են ստանում, թե՞ մարդիկ իրենք են ընտրություն կատարում: Այսպիսով, կարծում եմ՝ կատարվածի մի ամբողջ վերագնահատում է պետք: Իսկ հետո, հիմնվելով նրա վրա, թե ինչ է պարզվել և թե ինչ է պատահել իրենց կարծիքով, պետք է վերանայեն և նորից անեն դա: Ամերիկացիները սիրում են քվեարկության հարցումներ, և նրանք համարվում են բացարձակ կանխատեսողներ, որոնք շատ վստահելի են, քանի որ ունեն իրենց թույլատրելի սխալների սահմանը:

Ես վերջերս կարդացի շվեյցարական ‹‹Das Magazin›› թերթի հրատարակած հոդվածը, որը նկարագրում էր, թե ինչպես Big Data-ն[1] կամ տվյալներն օգնեցին Թրամփին հաղթել: Խոսքը Քեմբրիջ Անալիտիկայի մասին է, որը վերլուծում է սոցիալական լրատվամիջոցներից հավաքված տվյալները մարդկանց վարքագիծը որոշելու համար: Թրամփը նրանց հաճախորդն էր, և այդպիսով իր ելույթները կառուցում էր հանրության պահանջների վրա հիմնվելով:

Ես չգիտեմ՝ արդյոք խնդիրը հենց դա՞ էր, բայց գիտեմ, որ սա նոր դարաշրջան է, և Ֆեյսբուքում շատ բան նոր է: Մարդիկ իրականում սկսեցին օգտագործել այն 2006-ին, և դեռ փորձում ենք գլուխ հանել, թե ինչպես է աշխատում, և ‹‹Պրո Փաբլիկա›› անունով հետազոտական կազմակերպությունը, որն ԱՄՆ-ում ամենահայտնիներից մեկն է, հետաքրքրիր նախագիծ  ունի, որ հետևում է, թե ինչպես է Ֆեյսբուքն աշխատում, նրանց ալգորիթմները, ինպես են նրանք որոշում՝ ում ինչ ցույց տալ: Այսպիսով, սա ուսումնասիրության նոր, մի ամբողջ դաշտ է: Թրամփի ընտրություններն ու, կարծում եմ, Բրեքսիթը (Մեծ Բրիտանիայի հրաժարումը Եվրամիությանն անդամակցությունից) հասարակական հետևանքների երկու օրինակ են և մի մեծ, բարդ, խճճված հարց, թե ինչպես պետք է դրանից գլուխ հանել: Դեռևս ոչ մի պատասխան չկա:

Ակնհայտ է, որ տեղեկատվական հեղափոխությունը բազմաթիվ դրական հնարավորություններ է ընձեռել լրագրությանը, բայց նաև որոշակի բացասական ազդեցություն է ունեցել: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

Իմ կարծիքը և ինչն ինձ շատ է մտահոգում, այն է, թե այս ոլորտում որտե՞ղ է լրատվամիջոցներին տեսնում հանրությունը, որտե՞ղ ենք մենք հարմար, ո՞րն է այն արժեքը, որ մենք մատուցում ենք մարդկանց: Կարծում եմ՝ պետք է հարցնենք, թե ինչու մարդիկ պետք է վստահեն մեզ: Նրանք ձեզ չեն ճանաչում, ուրեմն ինչու՞ պետք է վստահեն ձեզ և ձեր տեղեկատվությանը: Ինպե՞ս կարող եք վստահելի հարաբերություններ կերտել հանրության հետ, որպեսզի նրանք վստահեն ձեր տեղեկատվությանը, ոչ միայն ազգային քաղաքականության, այլ ցանկացած թեմայով, և զգան, որ կարող են գործել համաձայն այդ տեղեկատվության: Սա մի մեծ բաց խնդիր է: Երբ  ձեր համայնքում ունեիք ընդամենը մեկ կամ երկու թերթ և տեղական հեռուստատեսություն, համենայնդեպս ԱՄՆ-ում այդպես էր, դուք այլ ընտրություն չունեիք, և դա դառնում էր այն նորությունը, որը համայնքը մշակում էր՝ հասկանալու համար, թե ինչ էր կատարվում: Այս մոդելը վաղուց չկա: Համայնքը տեղեկատվություն կարող է գտնել բազմաթիվ տարբեր աղբյուրներից: Հետազոտություն կամ հետաքննություն անելիս պետք է մտածեք ամբողջական պատկերի մասին և ուղիներ գտնեք այդ հիմքը կառուցելու, այդ վստահությունը հաստատելու համար: Օրինակ՝ երբ հետաքննություն եք կատարում, մարդիկ պետք է ասեն՝ ‹‹Օ՜հ, ես վստահում եմ ‹‹Հետք››-ին, քանի որ գիտեմ՝ նրանք ճիշտ տեղեկություն են հաղորդում, գիտեմ, որ անհանգստանում են ինձ նման մարդկանց համար››:

ԱՄՆ-ում հետաքննական լրագրության պահանջարկ կա՞: Օրինակ Հայաստանում, չնայած մենք լավ համբավ ունենք, չենք կարող մրցել նորությունների կայքերի հետ այցելությունների թվի տեսակետից:

Իմ ստացած տպավորության համաձայն՝ հետաքննական աշխատանք կատարող լրագրողներն ավելի փոքր համայնք են կազմում լրատվամիջոցների շրջանակում, քանի որ նրանց աշխատանքը լի է մարտահրավերներով: Կարծում եմ՝ շատերը չեն հասկանում, թե ինչպես են լրագրողները կշռադատում տեղեկատվությունը, առաջացած էթիկական հարցերը: Լրատվական որոշ կազմակերպություններ պատասխանատու չեն: Մի քանի դատական դեպք է եղել ըննդեմ լրագրողների՝ մեծ ֆինանսական տույժերով, իսկ հանրությունը զայրացած էր նրանց վարած գործունեության վրա: Բոլոր երկրներում կան լավ լրատվական կազմակերպություններ և այնպիսիք, որոնք պատասխանատու չեն քաղաքական օրակարգի համար և չեն գրում օրակարգում տեղ չգտած տեղեկատվության մասին, ինչը շփոթեցնում է մարդկանց: Կարծում եմ՝ հանրությունից այս լրագրողական աշխարհը հասկանալ ակնկալելը չափից շատ է:

ԱՄՆ-ում մեդիագրագիտության ուղղությամբ աշխատանքներ կատարելու կարիք կա՞:   

Յուրաքանչյուր երկրում, որի մասին ես գրել եմ, մեդիագրագիտությունից շատ ավելի կարևոր մի բան է տեղեկատվական գրագիտությունը, երբ ստանում եք որևէ տեսակի տեղեկատվություն որևէ աղբյուրից: Որո՞նք ենք այդ հարցերը: Սա մի բան է, որ այժմ սովորեցնում են համալսարաններում: Ամերիկյան համալսարաններում մի ամբողջ դասընթաց կա դրա վերաբերյալ: Գրադարանավարները, որոն գործ ունեն տեղեկատվության հետ, սովորեցնում են տեղեկատվական գրագիտություն: Կրկին անդրադառնանք լրատվամիջոցներին: Սա շատ ավելի մեծ խնդիր է, քան լրատվամիջոցները կարող են ինքնուրույն հաղթահարել, նրանք հասարակությունում օգնականների կարիք ունեն, որոնց համար կարևոր է որակյալ տեղեկատվությունը: Ըստ իս, եթե կարողանաս հաստատել այդ վստահությունը, ապա կարող ես կատարել բազմաթիվ հետաքննություններ, կարող ես մեծ ազդեցություն ունենալ, կարող ես նպաստել ավելի լավ կառավարության համար իրականացվող բարեփոխումների ջանքերին: ԱՄՆ-ում ինձ անհանգստացնում է այդ վստահության պակասը:

Ձեր կարծիքով, որո՞նք են լրատվամիջոցների զարգացման միտումները: Ի՞նչ է սպասվում ապագայում:

Մոդելը, որի մասին ես խոսեցի, օրինակ՝ ‹‹Թեքսաս Թրիբյուն››-ի դեպքում, որը փոքր է, և, գտնվելով Հանրապետական նահանգում, ընտրել է շատ զգուշավոր վարքագիծ՝ բաց պահելով դուռը բոլորի առաջ և լինելով չեզոք վայր, որտեղ քաղաքացիներն ու քաղաքական գործիչները կարող են խոսել քաղաքական հարցերի մասին: Եվ նրանք «հետեւում են փողին», հետեւում են քաղաքականությանը, կատարում են հետաքննություններ: Ինձ դուր է գալիս նոր մոդելը, նրանք ներս են հրավիրում հանրությանը: Ի՞նչ եք կարծում: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում: Սա մի նոր բան է, նման չէ ավանդական խմբագրություններին, որտեղ խմբագիրները սովորաբար նստում են սեղանի շուրջ և ասում՝ ‹‹ի՞նչ նյութ պետք է պատրաստենք, ի՞նչ ենք կարծում՝ ինչ պետք է իմանա հանրությունը կամ ինչ է ցանկանում իմանալ»: Եվ այդ նոր մոդելի ստեղծողներից մեկն ասաց, որ ավելի կարևոր հարցեր կան, օրինակ՝ ի՞նչ պետք է նրանք իմանան, ի՞նչ են նրանք ցանկանում: Հարցրե՛ք նրանց:   

Նախագահական բանավեճերի ընթացքում, քաղաքային խորհրդարանների հանդիպումների ժամանակ ես միշտ ընթերցողական լսարանից տրված հարցեր էի գտնում այդ պարբերականում, որոնք ավելի հետաքրքիր էին, քան պրոֆեսիոնալ մոդերատորներինը: Ինչու՞: Որովհետև նրանք տալիս են հասարակ հարցեր այն մասին, ինչն իրենք կարևոր են համարում: 


[1] «Մեծ տվյալներ»-ը տերմին է տվյալների խմբերի համար, որոնք այնքան լայն են կամ բարդ, որ տվյալների մշակման ավանդական ծրագրերը/հավելվածները բավարար չեն դրանց հետ աշխատելու համար: Մարտահրավերները ներառում են վերլուծությունը, ձեռքբերումը, տվյալների համադրումը, որոնումը, տարածումը, պահպանումը, փոխանցումը, տեսողականացումը/վիզուալիզացիան, հարցումները, թարմացումը և տեղեկության գաղտնիությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված