Կիրակի, 16 հունիսի

12 միջադեպ եւ ընդամենը 2 քրեական գործ. իրավապահները հակված չեն պատժել հանրաքվեի ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտողներին



2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացում լրագրողների նկատմամբ բռնությունների կամ նրանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է երկու քրեական գործ:

Մեկը վերաբերում է Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի հարակից տարածքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի և օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորություններն իրականացնելուն խոչընդոտելու դեպքին: Այս շտաբի մոտ «Ազատության» թղթակցին խոչընդոտելու երկու դեպք էր արձանագրվել, սակայն ՀՔԾ-ն մեկ գործ է հարուցել՝ ներառելով երկու դրվագները:

Մի դրվագով լրագրողին խոչընդոտողի ինքնությունը պարզվել է՝ Սիրուշ Հովհաննիսյանը, որը սպառնում էր լրագրողին, պահանջում հեռանալ, նկարահանում չկատարել եւ թքում էր նրա վրա:

Քրեական գործով տուժող են ճանաչվել լրագրող Անուշ Մկրտչյանն ու օպերատոր Գարիկ Ազիբեկյանը: Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ «Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Այս հոդվածով նախատեսված պատիժը ազատազրկումն է՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Երկրորդ դրվագով լրագրողին խոչընդոտող անձի ինքնությունը ՀՔԾ-ն դեռ չի պարզել, թեեւ տեսանյութում նրա դեմքը շատ լավ երեւում է:

Մյուս գործը վերաբերում է թիվ 5/28 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող «hetq.am» կայքի թղթակիցներ Դիանա Ղազարյանի և Նորա Անանյանի (որը նկարահանում էր կատարում) գործունեությանը Արթուր Խուրշուդյանի կողմից խոչընդոտելու դեպքին: Դիանա Ղազարյանն ու Նորա Անանյանը ճանաչվել են տուժող: Արթուր Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Այս գործերով տուժող ճանաչվածները նյութական պահանջ չեն ներկայացրել: Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է: Դրանց ավարտի ժամկետի վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ դժվար է անել՝ նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն դեռ չի ավարտել 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայում կազմակերպած #ElectricYerevan ցույցի ցրման ժամանակ ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի կապակցությամբ հարուցված գործի քննությունը:    

Տարօրինակ է, որ գործ չի հարուցվել բռնության հատկանիշներ պարունակող մեկ այլ դեպքի կապակցությամբ. Շենգավիթ համայնքի թիվ 11/13 ընտրատեղամասում երկու քաղաքացիներ խոչընդոտել էին «ԱրմենիաՆաուի» ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանի աշխատանքին և փորձել խլել ֆոտոխցիկը, երբ նա նկատել և ցանկացել էր ֆիքսել երկու տարբեր ընտրատեղամասերում քվեարկելու փորձ կատարող նույն երիտասարդներին: Նազիկ Արմենակյանի խոսքով՝ երիտասարդները քաշքշել են իրեն եւ թույլ չեն տվել նկարել: Նա ոստիկանություն չի դիմել, քանի որ չուներ երիտասարդների լուսանկարը եւ կասկածում էր, որ առանց դրա ոստիկանությունը նրանց կհայտնաբերի, թեեւ դեպքի մասին ահազանգել են թե՛ լրագրողական, թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները: Ֆոտոլրագրողի կասկածը հիմքեր ունի՝ բազմաթիվ են դեպքերը, երբ լրագրողները տեսանկարահանել են իրենց նկատմամբ բռնարարք թույլ տված մարդկանց, բայց ոստիկանները չեն կարողացել նրանց «հայտնաբերել»: Թարմ օրինակ է հենց Անուշ Մկրտչյանի դեպքը:

Այս հանրաքվեի ընթացքում հաստատվեց մեկ այլ օրինաչափություն՝ անգամ բռնություն կիրառած անձի ինքնության հայտնի լինելու պարագայում իրավապահները չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որովհետեւ նրանք իշխանության ներկայացուցիչներ են:

Դեկտեմբերի 6-ին ֆիզիկական բռնության էր ենթարկվել iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանը: 10/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը քաշքշել էր Ռաֆայել Աֆրիկյանին, պատռել նրա շորերը եւ կոտրել տեսախցիկը:

 Լրագրողը դիմել էր դատախազություն, հարուցվել էր քրեական գործ: Բռնություն գործադրած անձի ինքնությունը հայտնի էր՝ ՀՀԿ վստահված անձ Դավիթ Սիմոնյանը: Բայց գործը քննող Քննչական կոմիտեն արարքում հանցակազմ չգտավ եւ գործը կարճեց: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռաֆայել Աֆրիկյանն ասել է, որ բողոքարկելու իմաստ չի տեսնում, որովհետև արդյունքը գիտի, թե ինչ է լինելու։ «Եթե իրենց պետք է, իրենք ցանկացած գործ կարողանում են կարճել»,- ամփոփել է լրագրողը։

«Հետքին» նա ասաց, որ փաստաբան չուներ եւ բաց է թողել կարճման որոշումը բողոքարկելու ժամկետը: Ռաֆայելը տեղեկացրեց, որ քննության ընթացքում ընդամենը 2 անգամ ներկայացել է ցուցմունք տալու, մեկ անգամ էլ գնացել է՝ կոտրած տեսախցիկի փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու: Տեսախցիկը կոտրած անձնավորության հետ առերեսում չի կազմակերպվել: Փորձաքննությունը լրագրողի կրած վնասը գնահատել է 28 հազար դրամ: Բայց անգամ այդ գումարը ստանալու համար Ռաֆայելը հայց չի ներկայացրել դատարան: Այժմ նա չի կարողանում օգտագործել կոտրված տեսախցիկը: 

Ուշագրավ է, որ վերը նշված գործերից ոչ մեկը չի հարուցվել Քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»:

«164 հոդվածով սանկցիաները համեմատաբար խիստ են։ Բացի այդ, այդ հոդվածով նախատեսված է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը որպես պատիժը խստացնող հանգամանք, ինչը չկա մյուս՝ Քրեական օրենսգրքի 149, 185 և 186 հոդվածներում։ Ի վերջո, պաշտոնական վիճակագրությունն ասում է (ըստ Դատական դեպարտամենտի տարեկան հաղորդումների), որ 2008թ. ի վեր 164 հոդվածով ընդհամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Սա ընդհանուր միտում է»,- կարծիք է հայտնում իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ, հանրաքվեի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու 12 դեպք, որոնցից ընթացք է ստացել ընդամենը երեքը՝ երկուսը՝ ՀՔԾ-ում, մեկը՝ Քննչական կոմիտեում (այն արդեն կարճվել է): Ահա այն լրագրողների ցանկը, ում աշխատանքը խոչընդոտվել է հանրաքվեի օրը: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված