Չորեքշաբթի, 26 հունիսի

Սիրիացի լրագրող. «Միջազգային հանրությունը գիտի՝ ինչպես վերջ տալ սիրիական ճգնաժամին»



Մամուլի ազատության գործում ներդրման համար միջազգային մրցանակը, որը կրում է կոլումբիացի լրագրող Գիլերմո Կանոյի անունը, այս տարի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, շնորհեց սիրիացի լրագրող եւ իրավապաշտպան Մազեն Դարվիշին: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, որն այս տարի նշվեց Լատվայի մայրաքաղաք Ռիգայում, եւ որտեղ մայիսի 2-4-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Լատվայի կառավարության հետ համատեղ հրավիրել էր միջազգային կոնֆերանս՝ «Թող լրագրությունը ծաղկի. դեպի բարելավված լրագրություն, գենդերային հավասարություն եւ մեդիայի ապահովություն թվանշային միջավայրում» կարգախոսով: Սակայն Մազեն Դարվիշը չկարողացավ ստանալ մրցանակը, քանի որ 2012 թվականից ազատազրկված է եւ պատիժ է կրում Սիրիայի բանտում: Մասնագիտությամբ իրավաբան Դարվիշը «ԶԼՄ-ների եւ կարծիքների ազատ արտահայտման սիրիրական կենտրոն»-ի հիմնադիրն է, «Ձայն» թերթի եւ syriaview նորությունների պորտալի համահիմնադիրը: 2011-ին հիմնադրել է ԶԼՄ-ների խնդիրներին նվիրված Սիրիայում առաջին «Մեդիա ակումբ» ամսագիրը: Մրցանակը նրա փոխարեն ստացավ կինը՝ Յարա Բադերը, որը ղեկավարում է Մազենի հիմնադրած կենտրոնը: «Հետքը» զրուցել է Յարայի հետ սիրիացի լրագրողների խնդիրների, սիրիական պատերազմի եւ Սիրիայի հայ համայնքի մասին:

- Ինչ մեղադրանք է առաջադրվել Մազեն Դարվիշին:

- Մազեն Դարվիշը երկար տարիներ պաշտպանել է բանտարկված կամ ազատազրկված լրագրողներին, ուստի կարծում եմ, որ 2012-ին նրա բանտարկությունը ուղերձ էր իշխանությունների կողմից առ այն, որ «մենք չենք ցանկանում լսել այդ ռացիոնալ ձայնը», դա գրաքննության մի դրսեւորում էր: Փաստացի նրան մեղադրեցին «ահաբեկչության քարոզչության» համար, ահա թե ինչպես են անվանում Սիրիայում լրագրողի գործունեությունը: Բայց խնդիրն այն է, որ հոդվածը, որով նրան մեղադրանք է ներկայացվել, եւ ամբողջ օրենքը, ընդունվել եւ ուժի մեջ է մտել նրա ձերբակալությունից հետո, այսինքն՝ օրենքը կիրառվել է հետադարձ ուժով, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Սա բացառիկ նախադեպ է անգամ սիրիական օրենսդրության տսակետից: Դարվիշի դատավարությունը հետաձգվեց 22 անգամ, բայց, ի վերջո, որոշում կայացվեց:

- Քանի տարվա ազատազրկում է նշանակվել:

- Երեք տարվա:

- Այսինքն՝ շուտով նա ազատ կարձակվի:

- Հուսանք:

- Որոնք են Սիրիայում մամուլի հիմնական խնդիրները: Ինչով է տարբերվում մեդիայի գործունեությունը պատերազմից առաջ եւ հետո:

- Մինչ պատերազմը մեդիան ամբողջությամբ իշխանության հսկողության տակ էր: 2011-ին՝ մինչ պատերազմը,մամուլի մասին նոր օրենք շրջանառության մեջ դրվեց, որը, ենթադրվում էր, պետք է մատչելի դարձներ տեղեկատվությունը լրագրողների համար, բայց անգամ այդ նոր օրենքում 5 դրույթ կար, որոնք սահմանափակում էին կառավարության, պետական պաշտոնյաների, պետական գերատեսչությունների մասին տեղեկատվության մատչելիությունը: Օրինակ՝ չի կարլեի հարց տալ, թե որքան գումար է ծախսում կառավարությունը էլեկտրաէներգիայի վրա: Ոչ մի լրագրող Սիրիայում չի կարող ասել, որ ինքը ազատ մուտք ունի դեպի տեղեկատվության աղբյուրներ: Այժմ այս սահմանափակումը արդարացվում է պատերազմով՝ ազգային շահը եւ ազգային անվտանգությունը այժմ ամեն ինչից առավել են: Կարծում եմ՝ որ 2011-2012 թվականները սիրիական մեդիայի ոսկեդարն էին. բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ սկսեցին թերթեր ու ամսագրեր հրատարակել, ռադիո հեռարձակել, ինտերնետային մամուլ եւ ինտերնետային ռադիո ստեղծել: Բոլոր թեմաներն ազատորեն քննարկվում էին այդ ժամանակվա մամուլում, բայց հիմա ամեն ինչ ավելի ռազմականացված է դարձել, եւ դա արտացոլվում է մամուլում՝ բազմաթիվ պարբերականներ փոխել են իրենց անունները, ռազմական բնույթի նոր պարբերականներ են ի հայտ եկել՝ ինչպես «Մեր Սիրիան», 2014-ին «Իսլամական պետություն»-ը ստեղծել է իր էլեկտրոնային պարբերականը, որն իսկական աղետ է՝ ջիհադիստ-իսլամիստական խմբերի քարոզչություն իրականացնող:

- Որքանով է դժվար լրագրողների համար աշխատել պատերազմական պայմաններում:

- Իմ կարծիքով՝ բոլոր կուսակցությունները Սիրիայում չգրված ներքին համաձայնագիր ունեն՝ թիրախում պահել առաջին հերթին լրագրողներին եւ իրավապաշտպաններին: Ամեն տեղ՝ լինի սիրական բանակը, իշխանությունները, թե իսլամական խմբավորումները, բոլորի գրոհի առաջին թիրախը հերթին լրագրողներն ու իրավապաշտպաններն են: Ես անձամբ շատ զարմացած ու շփոթված եմ, թե ինչու իջազգային հանրությունը կանխող որեւէ քայլ չի անում երբ արդեն բազմաթիվ լրագրողներ են սպանվել, նրանք սպասեցին, մինչեւ մենք կորցրինք ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիին: Կապ չունի՝ միջազգային հանրությունը համաձայն է սիրիական կառավարության հետ, թե ոչ, նա պետք է միջամտի՝ դիվանագիտական, քաղաքական կամ այլ ճանապարհով:

- Այս կոնֆերանսի ընթացքում բազմաթիվ բանախոսներ խոսեցին Սիրիայում լրագրողների անվտանգության մասին: Չեք կարծում, որ տարօրինակ է խոսել լրագրողների` մարդկանց  մի խմբի անվտանգության մասին, երբ ամբողջ երկիրը պատերազմի մեջ է: 

- Այս հարցը պետք է հասցեագրվի ոչ թե Գազայում, Սիրիայում կամ Ուկրաինայում ապրող մարդկանց, այլ միջազգային հանրությանը, որը պետք է քայլեր ձեռնարկի՝ պատերազմին վերջ տալու:

- Թույլ տվեք մի հարց ուղղել Սիրիայի հայկական համայնքի մասին: Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր ապաստան գտան Սիրիայում: Մասնավորապես՝ Հալեպ քաղաքում եւ Քեսաբում կենտրոնացված հոծ հայկական համայնք կա: Հիմա սիրիական պատերազմն իսկական աղետ է նրանց համար, քանի որ երկրորդ անգամ ոչնչացման վտանգի առաջ են եւ ստիպված են դարձյալ լքել իրենց տունը: Հայաստանում քննադատական բանավեճ չկա Ասադի ռեժիմի բացասական կողմերի մասին, քանի որ սիրիահայերը կարծում են, որ միայն սիրիական բանակը կարող է պաշտպանել իրենց «Իսլամական պետության» գործողություններից: Համաձայն եք այս տեսակետին:

- Ես միանգամայն հասկանում եմ հայերին: Այն, ինչ արել է Սիրիան հայերի համար Ցեղասպանությունից հետո, նվազագույնն էր, որ կարող էինք անել: Մեր եւ հայերի միջու եղբայրություն է: Բայց ես չեմ կարծում, որ իսլամական խմբավորումները հարձակվում են հայերի վրա նրանց ինքնության պատճառով, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում միանգամայն տարբեր է Օսմանյան Թուրքիայում 1915-ին տեղի ունեցածից: ԻՊ-ն սպանում է ցանկացածին, ով տարբեր է իրենցից, սա քաղաքական դրդապատճառներ ունի: Միջազգային հանրությունը պտք է վերջ տա հումանիտար ճգնաժամին Սիրիայում, քանի որ բոլոր փոքրամասնությունները մտահոգություններ ունեն: Սա իսկական հումանիտար ճգնաժամ է, քանի որ արդեն կա 10 հազար փախստական, ավելի քան 1 միլիոն սպանված մարդ եւ կես միլիոն մարդ՝ գերի տարբեր խմբավորումների ձեռքում: Ես հարգում եւ հասկանում են հայերի մտահոգությունը, ցավում եմ որպես սիրիացի, եւ կարծում եմ՝ Սիրիայում բնակվող հայերը սիրիացիներ են՝ ինչպես ես, մենք բոլորս վճարում ենք պատերազմի գինը, բայց կարծում եմ՝ մեղավորը մի օր կկանգնի դատարանի առջեւ, եւ սիրիական հասարակությունն ի վիճակի կլինի միասին հաղթահարել այս պատերազմը:

- Ինչ հույսեր ունեք պատերազմի ելքի առնչությամբ: Միջազգային հանրությունից որեւէ ակնկալիք ունեք, թե Սիրիայի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն իր վրա:

Սիրիայի ժողովուրդը ամեն ինչ անում էր՝ երկրի ազատագրման հարցում հույս ինքն իր վրա դնելով, բայց 2013-ից հետո սիրիական ճգնաժամը վերածվեց միջազգային ճգնաժամի, որովհետեւ բազմաթիվ օտար խաղացողներ հայտնվեցին: Ես համոզված եմ՝ եթե միջազգային հանրությունն ասի՝ բավական է, նրանք կարող են դադարեցնել, նրանք գիտեն՝ ինչպես վերջ տալ այս ճգնաժամին եւ կարող էին անել ավելի շուտ:

Լուսանկարի հեղինակ՝ Անդրեյս Տերենտևս 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված