Երեքշաբթի, 25 հունիսի

«Արմենիան Ռիփորթեր». ամերիկահայ համայնքի խոշորագույն թերթը



2006 թ., երբ ամերիկահայ մեծահարուստ Ջերալդ Գաֆեսճյանը գնեց Էդուարդ Բողոսյանի կողմից 1967թ. հիմնադրված «Արմենիան Ռիփորթեր» թերթը, այն ուներ ընդամենը 3000 ընթերցող:

Այսօր` ընդամենը 2 տարի անց, գունավոր հրատարակությամբ, 3 բաժնից բաղկացած 32 էջանոց անգլալեզու այս շաբաթաթերթն ունի ավելի քան 35.000 ընթերցող: 

«Թերթը սկսելիս Գաֆեսճյանն ուներ որոշակի խնդիր: Այս տարիների ընթացքում նա, լինելով համայնքային կյանքի մեջ, տեսնում էր, որ հայության եւ համայնքի խնդիրներով ակտիվիստների մի փոքիկ խումբ է զբաղվում: Ամերիկահայ ակտիվիստների շրջանակն ընդլայնելու նպատակով նա գնեց թերթը, քանի որ կարծում էր, որ մամուլը որոշիչ դեր կարող է ունենալ: Իսկ մեր թերթն արդեն անուն ուներ, Գաֆեսճյանը զրոյից, սկզբնակետից չէր սկսելու: Հիմա մեր հիմնական լսարանը Կալիֆոռնիան է, որովհետեւ այնտեղ է ամերիկահայերի մեծամասնությունը, իսկ հին թերթն ավելի շատ տարածված էր Արեւելյան Ամերիկայում»,-ասում է «Արմենիան Ռիփորթեր»-ի խմբագիր Վինսենթ Լիման: 

Իտալական ծագումով իրանահայ Վինսենթ Լիման թերթի խմբագրումն իրականացնում է Երեւանում. այստեղ նա համակարգում է նաեւ հայաստանյան խմբագրակազմի աշխատանքը, որը պատրաստում է շաբաթաթերթի գլխավոր բաժնի նյութերը Հայաստանի վերաբերյալ: Սակայն պատասխանատու խմբագիրներ կան նաեւ Նյու Ջերսիում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում: Իրենց հաջողությունը խմբագիրը բացատրում է մի քանի հանգամանքներով. «Ընթերցողների թիվն ավելացել է 2 պատճառով: Նախ` թերթն անվճար է, առաքումն է վճարովի: Կալիֆոռնիայում, մասնավորապես Լոս ԱՆջելեսում 600 կետ կա, որտեղ թերթը դրված է, անվճար կարող ես վերցնել` նպարավաճառների մոտից, խանութներից: Իսկ Արեւելյան Ամերիկայում, որտեղ հայությունը ցրված է, հիմնականում տարածում ենք բաժանորդագրությամբ` մոտ 4000 բաժանորդ ունենք: Կալիֆոռնիայում 30.000 օրինակ է տարածվում, 1000-ը մարդիկ ստանում են փոստով: Իսկ շահույթը գովազդով ենք ապահովում: Անվճար տարածումը բավական ընդունված է Ամերիկայում: Օրինակ` «Լոս Անջելես ուիկլի»-ն Լոս Անջելեսում, «Վիլիջ վոյս»-ը` Նյու Յորքում: Այսպես մենք ապահովում ենք ընթերցողների մեծ թիվ եւ դրանով գայթակղում գովազդատուին»: 

Երկրորդ պատճառը, ըստ խմբագրի, բովանդակային է. «Մենք որոշակի ասպարեզներ ենք վերցրել, որոնց լուսաբանմամբ առհասարակ առանձնանում ենք սփյուռքյան մամուլից: Մեկը ամերիկահայ քաղաքական կյանքն է: Սփյուռքի թերթերը այդ կյանքը լուսաբանում են` հիմնվելով երկու աղբյուրի վրա, որոնք քաղաքական կազմակերպություններ են` Դաշնակցության «Հայ դատի» գրասենյակի եւ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունների վրա: Իսկ մենք, օրինակ, Վաշինգտոնում ունենք մեր սեփական թղթակիցը, որն այնպիսի նյութեր է գրում, որոնք ոչ մի ուրիշ թերթ չունի: Երկրորդ բանը, որով մեր թերթն առանձնանում է մյուսներից, 12 էջանոց բաժինն է արվեստի մասին, որ կոչվում է «Արվեստ եւ մշակույթ», որը մանավանդ մեր երիտասարդ ընթերցողներին շատ է հետաքրքրում, եւ դրանց 80-90 տոկոսը մեր սեփական թղթակցություններն են: Երրորդ կողմը` ուժեղ ենք հայաստանյան խմբագրությամբ, եւ վերջինը` տեղական լուրերով: Թեգ արեւելյան, թեգ արեւմտյան Ամերիկայում ունենք գրասենյակներ եւ մոտիկից հետեւում ենք իրադարձություններին»,- ասում է Լիման: 

Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին հրապարակումներով «Արմենիան Ռիփորթեր»-ն առանձնանում է անգամ հայաստանյան թերթերից: Հավասարակշռվածությունը, չքաղաքականացվածությունը եւ պրոֆեսիոնալիզմը զգալի են թերթի բոլոր համարներում: Այստեղ չկա սփյուռքին բնորոշ` հայրենիքը միայն վարդագույն գույներով տեսնելու եւ պատկերելու միտումը: «Ի՞նչ արձագանքներ եք ստանում եք Ձեր ընթերցողներից Հայաստանի ներքաղաքական կյանքի լուսաբանման առնչությամբ հարցին» ի պատասխան` Վինսենթ Լիման ասում է. «Ընդհանուր առմամբ դրական են արձագանքները: Մարդիկ, ովքեր մարտի 8-ի մեր համարը ստացել են, ասել են, որ ամբողջական եւ նորմալ պատկերացում են կազմել իրավիճակի մասին: Եթե ծայրահեղ մոտեցումները մի կողմ դնենք` արձագանքները դրական են»: 

Իբրեւ խմբագիր` Լիման հավաստիացնում է, որ «Արմենիան Ռիփորթեր»-ի լրագրողները տեղեկություններ փնտրելիս ունեն նույն խնդիրները, ինչ հայաստանյան լրատվամիջոցների լրագրողները: Տհաճ հարցերին պաշտոնյաները, միեւնույն է, խուսափում են պատասխանել: Իսկ լրագրողների մասին նա լավ կարծիք ունի. «Ես շատ լավ անձնակազմ եմ կարողացել հավաքել: Լրագրողներ փնտրելիս Հայաստանում մի ասպարեզում դժվարացել եմ մինչ օրս` ֆինանսական-տնտեսական թեմաներով գրողներ գրեթե չկան»: 

Հայաստանյան գերքաղաքականացված մամուլի շուկա մուտք գործելու եւ այն փոքր-ինչ լիցքաթափելու մասին «Արմենիան Ռիփորթեր»-ում մտածում են, բայց դեռեւս որոշում չեն կայացրել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված