Հինգշաբթի, 27 հունիսի

Թուրքիայի Ֆինանսների նախարարը ևս նախապայմանների լեզվով է խոսում հայ- թուրքական հարաբերությունների մասին



Եվ կարծում է, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու միակ չափանիշը պետք է Թուրքիայի` եվրոպականանալու ցանկությունը լինի

Մայիսի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Լրագրողների եվրոպական ընկերակցության տասնութ անդամներ, որոնց թվում էր նաեւ Հետքի թղթակիցը, հանդիպեցին Թուրքիայի Ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկի հետ:

Նախարարի ելույթի հիմնական թեման համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր ու դրա ազդեցությունը Թուրքիայի վրա: Ընդգծելով, որ իր երկիրն առանձնապես չի տուժել ճգնաժամից, այդուհանդերձ նախարարը մատնանշեց երեք ոլորտ, որտեղ ցուցանիշները բացասական են` առեւտուր (արտահանման ծավալների նվազում`ներմուծման ծավալների աճի դիմաց), ավտոմեքենաների արտադրություն, սպառողական վարկերի տրամադրում: Թուրքական բանկային համակարգը, ըստ նախարարի, կայուն է եւ 2008-ին գրանցել է 19 տոկոս շահութաբերություն: Բարձրաստիճան պաշտոնյան եվրոպացի լրագրողներին ներկայացրեց տնտեսության հիմնականում գրավիչ կողմերը` դրական մակրոտնտեսական ցուցանիշներ, ցածր ինֆլյացիա եւ այլն, մինչդեռ շարքային քաղաքացիները եւ թուրք լրագրողները խոսում էին երկրում գործազրկության բարձր մակարդակի մասին: 

Նախարարի ելույթից հետո լրագրողները նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցուպատասխանի` մեր կարծիքով Հայաստանի ընթերցողի համար հետաքրքրական հատվածները: 

-Ինչու է Թուրքիան ցանկանում անդամակցել ԵՄ-ին:

-Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու գործընթացն, անշուշտ, Թուրքիայի արդիականացման գործընթացն է: Ըստ իս` Եվրամիությունը պետք է հպարտ լինի, որ ունի տնտեսական, քաղաքական և հասարակական տրանսֆորմացիայի շարժիչ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում և ինչ-որ չափով Թուրքիայում: Միակ բանը, որ ուզում ենք եվրոպացի առաջնորդներից և Եվրամիությունից` այն է, որ թույլ տան, որ իրենց անդամակցելու գործընթացը լինի և մնա տրանսֆորմացիայի այդպիսի շարժիչ Թուրքիայի համար ևս: Այնպես որ, մեզ համար, ճանապարհը դեպի Եվրամիություն ավելի նշանակալից, իմաստալից և կարևոր է, քան բուն անդամակցությունը: Մենք անդամակցությունից բացի, որևէ այլ առաջարկ չենք ընդունի: Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի: Այո, մենք էլ Եվրոպայի կարիքն ունենք: Մենք հեռանկարի կարիք ունենք: Ես բրիտանական Spectator ամսագրի պատճենն ունեմ: Գիտեմ, որ ծիծաղելի է, բայց ամսագրում ասվում էր, որ եթե ծնելիության տեմպերը մնան նույնը, ապա մինչև այս հազարամյակի վերջ Եվրոպայում ընդամենը 500 մարդ կմնա: Մենք շատ երիտասարդ երկիր ենք: Մենք չափազանց արագ զարգացող տնտեսություն ունենք: Մենք ինքներս ենք քննադատաբար վերաբերվում շատ հիմնահարցերի: Եթե Եվրոպան ուզում է, որ Թուրքիայում առկա խնդիրներն արագ լուծվեն, պետք է իր կողքին պահի Թուրքիային: Եթե Եվրոպան անկեղծորեն հետաքրքրված է էներգետիկ անվտանգությամբ, ուրեմն Թուրքիայի կարիքն ունի: Եթե Եվրոպան անկեղծորեն հետաքրքրված է Արևմուտքի և Արևելքի միջև երկխոսությամբ, մի՞թե սա չէ այդ հետաքրքրվածությունը ցույց տալու լավագույն ձևը: Մենք եվրոպական փողի կարիքը չունենք: Մենք դրականորեն կազդենք եվրոպական բյուջեի վրա: Թուրքիան 6-րդ ամենամեծ տնտեսությունն է Եվրոպայում: Եթե հայացք գցենք վերջին 50 տարիներին, ապա դրանք մռայլ են եղել: Ինչու՞: Որովհետև, ինչպես գիտենք, կա քաղաքական կայունության խնդիր: Բայց ԵՄ-ն հենց դրա համար է: Ի՞նչ կկորցնի Եվրոպան, եթե թույլ տա Թուրքիային շարունակել իր անդամակցության գործընթացը, ձևափոխել իր իրավական համակարգը, ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները և հասնել Եվրոպայի ետևից: Եվրախորհրդարանի ընտրությունները մոտենում են, և եվրոպացի առաջնորդները (նրանցից ոմանք, ոչ բոլորը) ուզում են Թուրքիայի անդամակցության հիմնահարցն օգտագործել իրենց ներքին քաղաքական նպատակներով: Ես հասկանում եմ, թե ինչի համար է սա արվում: Խնդիրն այն է, որ տրանսֆորմացիայի եվրոպական գործընթացը հեշտ չէ: Փոփոխությունը երբեք հեշտ չէ: Եվ դա անելու համար նաև հանրության աջակցությունն է հարկավոր: Մենք կարող ենք իրականացնել այս բարեփոխումները: Սակայն, կարծում եմ, որ Եվրոպայի հետ, եվրոպական աջակցությունն ունենալով` դրանք ավելի համակարգված և ամուր կլինեն, քանի որ մենք բարդ պատմություն և քաղաքական համակարգ ունենք: Եվ այն, ինչ խնդրում ենք մեր եվրոպացի ընկերներից, մեծ բան չէ. պարզապես թույլ տալ մեզ օգտագործել եվրոպական տեսլականը` այս երկրում կառուցելու ավելի ժողովրդավար, ծաղկուն և աշխարհիկ հասարակություն: Մենք կարող ենք դժվարություններ ունենալ. կարող ենք ունենալ տարբեր մշակույթներ, կրոն, բայց մենք ցանկանում ենք ընդհանուր արժեքներ ունենալ մեր եվրոպացի ընկերների հետ: Եվ, իմ կարծիքով, միակ չափանիշը դա պետք է լինի: Մենք կատարյալ չենք: Այս երկիրը կատարյալ չէ: Դեռ շատ բան կա, որ պետք է անենք ավելի հանդուրժողական, ժողովրդավարական, ժամանակակից և ծաղկուն հասարակություն կառուցելու համար: Դեռ անցնելու երկար ճանապարհ կա:

-Ֆրանսիայի նախագահը խոսել է Միջերկրածովյան միության մասին: Արդյո՞ք դուք դեմ եք սրան, և արդյո՞ք ձեզ համար խնդիր է Եվրամիության փոխարեն Միջերկրածովյան միությանն անդամակցելը:

-Բացարձակապես ոչ: Մենք ուզում ենք առաջին կարգի անդամակցություն: Ի վերջո, որոշելու են եվրոպացի ժողովուրդը և թուրք ժողովուրդը: Գուցե x տարի հետո թուրք ժողովուրդն ասի. «Դե, մենք ունենք առաջին կարգի ժողովրդավարություն, տնտեսություն, ինստիտուտներ: Ինչների՞ս է պետք Եվրամիությանը միանալը»: Նկատի ունեմ, որ միջերկրածովյան տարածաշրջանում հետագա համագործակցությունը կարևոր բան է, բայց մենք այն չենք դիտարկում որպես այլընտրանք` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին:

-Արդյո՞ք կարծում եք, որ Թուրքիան կարող է ԵՄ անդամ լինել` հարևան Հայաստանի հետ փակ սահման ունենալով: Եվ ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացումից, քանի որ թեև դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց Թուրքիայի և Հայաստանի միջև կան առևտրային հարաբերություններ:

-Չեմ կարծում, որ կարող ենք ԵՄ-ին անդամակցություն ակնկալել այս կարգի հիմնախնդիրներ ունենալով: Հուսով եմ, որ այդ կարգի խնդիրները կլուծվեն` անկախ նրանից` դա առնչվում է ԵՄ-ին, թե ոչ: Թեև սկզբնապես Եվրամիությունը տնտեսական միություն էր, սակայն շատ ավելի հեռու է գնացել, ուստի, որոշ առումներով, խաղաղության հասնելու նախագիծ է: Չնայած սահմանը փակ է, բայց Ստամբուլում և մեր մյուս մեծ քաղաքներում մոտ 70 հազար մարդ է աշխատում Հայաստանից: Այո, մենք ունենք պատմական խնդիրներ, և կա մի բան, որին պետք է անդրադառնալ: Սակայն, ես կարծում եմ, որ եթե այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան միասին ճանապարհային քարտեղ կազմել` այն մասին, թե ինչպես են լուծելու հակամարտությունը, դա զգալիորեն կհեշտացներ մեր գործը:

-Եվրախորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր վերջին 10 տարիներին ասում են. «Մենք կողմ ենք Թուրքիայի անդամակցությանը, սակայն Թուրքիայում կան որոշ բաներ, որոնք հնարավոր չէ փոխել կարճ ժամանակում»: Երբ քննարկումներ են լինում տնտեսության, ֆինանսական ճգնաժամի մասին, բոլորս համաձայնում ենք, որ տրանֆորմացիայի համար շատ ժամանակ է պետք: Սակայն հարցականներ կան նաև խղճի ազատության, խոսքի ազատության, մամուլի ազատութան և նմանատիպ այլ խնդիրներում: Եվ եվրոպական կողմն ասում է, որ Թուրքիան պետք է շատ ավելի արագ առաջ շարժվի, քան հիմա է անում:

-Եղել են դեպքեր, երբ տպավորություն է ստեղծվում, թե ոչինչ տեղից առաջ չի շարժվում: Եկեք այսպես ձևակերպենք. Թուրքիայի նման երկրներում փոփոխությունը շատ դժվար է տեղի ունենում:

-Ինչու՞:

-Կոմունիզմից դուրս եկած արևելյան եվրոպացիների համար Եվրոպա գնալը շատ ավելի հեշտ բան էր, և այդ երկրներում շատ բան կարող էր փոխվել կարճ ժամանակում: Այս երկիրը կառուցված է օսմանյան ավերակների վրա: Վերջին 300 տարիներին այն շատ բարդ պատմություն և վախեր է ունեցել (խոսքը հենց մեր վախերի մասին է. ոչ միայն եվրոպացիներն են վախեր ունենում): Ի հավելումն այս ամենի` մենք երկրի ներսում նաև ունենք ուժեր, որոնք ուզում են պահպանել ստատուս քվոն, կան ուժեր, որոնք միայն աստիճանաբար են ուզում փոխվել: Ես համաձայն եմ մեր եվրոպացի ընկերների հետ, որ աստիճանականությունը առաջ գնալու միջոց չէ: Կարծում եմ` սա վերաբերում է և' տնտեսական, և' քաղաքական խնդիրներին: Վաշինգտոնի Կարնեգի կենտրոնի մի պարոն, Արևելյան Եվրոպայի շատ երկրներում որպես խորհրդական աշխատելուց հետո, մի գիրք է գրել: Ես հիշում եմ այդ գիրքը: Նա դիտարկել է 27 երկրի հետխորհրդային ժամանակաշրջանի փորձառությունը: Գիրքը փորձում է ներկայացնել այն իսկական պատճառները, թե ինչու որոշ երկրներ հաջողության հասան, իսկ որոշ երկրներ` ոչ, փորձում է բացատրել, թե ինչու Բելառուսը մնաց Բելառուս` ի տարբերություն Լեհաստանի: Նա 2-3 պարզ գործոն է ներկայացնում: Դրանցից մեկը փոփոխության արագությունն է: Արդյո՞ք դու որդեգրում ես աստիճանական փոփոխության մոտեցումը, թե՞ հավատում ես հիմնվեր փոփոխության: Ինչպես ասացի, մենք խնդիրներ ունենք: Երկրի ներքաղաքական համակարգը բարդ է, ինչպես նաև կան այլ խնդիրներ: Սակայն փոփոխություն տեղի է ունենում: Իմ մայրն ու հայրը կարդալ և գրել չգիտեին. նրանք անգրագետ էին: Նրանք թուրքերեն մի բառ անգամ չէին կարողանում ասել: Ես էլ չէի կարողանում թուրքերեն մի բառ անգամ ասել (նախարարն ազգությամբ քուրդ է-Լ. Ս.): Եվ 15 տարի առաջ եթե ինձ ասեին, որ Թուրքիայում կլինեն այսօրվա նախաձեռնությունները` քրդերենով 24-ժամյա հեռարձակում, ես կասեի. «Խենթություն է այդպիսի ակնկալիք ունենալը»: Այս բարդ պատմությունը, այս բարդ կառուցվածքները, հարևանների հետ խնդիրները պատրվակներ չեն: Համաձայն եմ իմ եվրոպացի ընկերների հետ, որ ամեն ինչ պետք է շատ ավելի արագ առաջ գնա: Սակայն ուղղակի փորձում եմ պատճառաբանել, թե ինչու ամեն ինչ այնպես է, ինչպես կա:

-Խնդրում եմ մեկնաբանել Ն. Սարկոզիի եւ Ա. Մերկելի հայտարարությունները, որոնք ասել են, որ չեն կարող ևս մեկ երկիր ընդունել Եվրամիության կազմում, չեն կարող Թուրքիային լիակատար անդամություն տալ, բայց կարող են նրան տալ բոլոր արտոնությունները: Ինչու՞ չեք ընդունում այս առաջարկը: Եվրախորհրդարանի որոշ անդամներ ասում են, որ Թուրքիայի միայն փոքր մասն է Եվրոպայում: Մնացածն Ասիայում է: Ինչու՞ եք ուզում լիիրավ անդամ դառնալ:

-Նախ և առաջ` արտոնյալ անդամակցության մասին: Նույնիսկ նրանք, ովքեր խոսում են արտոնյալ անդամակցության մասին, չեն կարողացել ներկայացնել, թե ինչ է արտոնյալ անդամակցությունը: 1996 թ.-ից ի վեր մենք Եվրամիության գնորդների միության լիիրավ անդամ ենք եղել: Այնպես որ, Թուրքիայում արտադրված բոլոր ապրանքները Եվրոպա են արտահանվում առանց հարկման: Եվրոպայից Թուրքիա բոլոր ապրանքները ևս արտահանվում են առանց հարկման: Սա հենց արտոնյալ անդամակցություն է: Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրոպա չլինելուն, ես վստահ չեմ` արդյո՞ք Կիպրոսն Անկարայից ավելի Արևելք է, թե՞ ոչ, երբ նայում ենք քարտեզին: Իրականում խոսքը ֆիզիկական վայրի մասին չէ: Խոսքն ընդհանուր արժեքներին համապատասխանելու մասին է: Ինչ վերաբերում է Հունաստանի հետ տնտեսական հարաբերություններին, ապա դրանք շատ արագ բարելավվում են: Մենք, անշուշտ, ողջունում ենք Եվրամիության ցանկացած բիզնես Թուրքիայում: Եվ ուղղակի օտար ներդրումների 80 տոկոսը, որը Թուրքիան ներգրավել է վերջին 3-4 տարվա ընթացքում, ծագումով Եվրամիությունից են:

Լուս. Տիբոր Մացակի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված