Հինգշաբթի, 20 հունիսի

Թավշյա ձեռնոցում հանգիստ ուժ է առկա



Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում հյուրընկալված քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ամփոփելով Սերժ Սարգսյանի նախագահության օրոք իշխանությունների վարած քաղաքականությունը, այն գնահատեց «պրոակտիվ»: Ըստ նրա` Հայաստանում իրավիճակը կայուն է, և այդ պայմաններում թավշյա ձեռնոցի մեջ հանգիստ ուժն է առկա: Իշխանությունները, Մարկարովի գնահատմամբ, ստեղծեցին համագործակցային դաշտ: «Կոալիցիայի ձևավորումը, որտեղ ներկա են ավելի շատ անդամներ, ավելի շատ գործակալներ, քան թե անհրաժեշտ է կոալիցիայի ձևավորման համար, փորձ էր` լեգիտիմացնել վարչակարգը, և մարտի 1-ից հետո ի հայտ է եկել պատրաստակամությունը` իշխանության կողմից մերձեցնել քաղաքացիական և քաղաքական հասարակությունները, որոշ նշանակությւոն կունենա նորաստեղծ մարմինը»,- ասաց նա` նկատի ունենալով Հանրային խորհուրդը: Քաղաքագետի մեկնաբանությամբ` Հանրային խորհուրդը մի մարմին է, որտեղ հավաքված են արտախորհրդարանական ուժերը, և օրակարգային խնդիրները նախ քննարկվում են այս մարմնում, չնայած այն չի կրում բուն քաղաքական նշանակություն: Ըստ Ալ. Մարկարովի` մարտիմեկյան առճակատումից հետո, այնուամենայնիվ, հնարավոր եղավ խուսափել բավականին լուրջ քաղաքական պայթյունից, և չեղան քաղաքացիական բախումներ: Բայց Մարկարովը համոզված է, որ իշխանությունների համար ավագանու և քաղաքապետի ընտրությունները լինելու են հաջորդ մարտահրավերը: Նրա խոսքերով` այդ ընտրությունների նշանակությունը հատկապես նրանում է, որ չնայած Երևանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները միշտ չէ, որ կրկնվում են Հայաստանի այլ մարզերում, բայց Հայաստանի բնակչության առնվազն կեսը կենտրոնացած է մայրաքաղաքում. «Արդյունքները ցույց կտան, որ մակրոիշխանությունը պետք է համապատասխան ձևով արձագանքի այն իրավիճակին, որը ստեղծվելու է Հայաստանի սրտի մեջ, և ես հուսով եմ` զարգացումները չեն բերի անցյալ տարվա մարտի 1-ի իրադարձություններին»: Ըստ նրա` ընդդիմության համար սա լավագույն փորձն է` տեսնելու, թե իրենք ինչ պոտենցիալ ունեն Երևանում մինչև նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ալ. Մարկարովը համոզված է, որ իշխանությունն էլ իրեն շատ ինքնավստահ է զգում Երևանում, և լինելու է համագործակցություն իշխանության տարբեր մակարդակների միջև, որը կարող է բերել դրական էֆեկտի ընդհանուր զարգացումների մեջ: Անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը` Ալ. Մարկարովը կարծիք հայտնեց, թե փոխկապակցվածությունը ներքին և արտաքին քաղաքականությունների մեջ անմիջապես երևում է, բայց իշխանությունների ամենահաջողակ քայլերն արտաքին քաղաքականության մեջ այս մեկ տարվա ընթացքում եղել են հայ-թուրքական, հայ-ռուսական, հայ- իրանական հարաբերություններում առկա տեղաշարժերը: Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ Ալ. Մարկարովը նշեց, որ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ձգտում ենք գտնել դուռը, որի միջոցով կարելի է մտնել մեկ հարևանից մյուս հարևանի տունը, իսկ այս միտումի իրական դառնալը կարող է տևել մեկ ամսից մինչև մեկ տարի: Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերություններում առկա ջերմացումը կարող է պայմանավորված լինել այն պոտենցիալ զարգացումներով, որոնք լինելու են Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ: Ամենաբացասական երևույթը, ըստ քաղաքագետի, այս մեկ տարվա ընթացքում կարելի է համարել տնտեսական ճգնաժամը: Ա. Մարկարովը հավելեց, որ իշխանությունները քայլեր են անում` նվազագույնի հասցնելու ռիսկերը: «Հետքի» այն հարցին`արդյոք կառավարական շենքերի դիմաց տարբեր սոցիալական խմբերի բողոքի անընդմեջ ակցիաների պայմաններում կարելի է խոսել բարձր լեգիտիմության և արդյունավետ քաղաքականության մասին, Ալ. Մարկարովը պատասխանեց. «Դա նորմալ է, քանի տարբեր ուժեր, ցուցաբերելով իրենց դժգոհությունը, պայքարում են իրենց շահերի համար, և կարևոր է այն հանգամանքը, որ նրանք առայժմ դիմում են լեգալ միջոցների և այդ դաշտից դուրս չեն գալիս»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված